1915-ի ոգեկոչում-հոգեհանգիստ Կարսի Առաքելոց տաճարում․ 12 ապրիլի, 1920թ

4308

ՆԱՄԱԿ ԿԱՐՍԻՑ

(Սեփ. թղթ.)

Երեկ Զատիկի տոնին քաղաքիս ս. Առաքելոց տաճարում հանդիսավոր պատարագից հետո, որ մատուցեց վիճակիս փոխանորդ Կորյուն վարդապետը, տաճարի ընդարձակ հրապարակում երկսեռ քաղաքացիների և զինվորականների խուռն բազմության ներկայությամբ կատարվեց հոգեհանգիստ 1915թ Կ. Պոլսում և Հայաստանի գավառներում նահատակված հոգևորականների և մտավոր գործիչների հիշատակին, որոնց թիվը, ինչպես հայտնեց հայր Կորյունը հասնում է 760-ի: Հոգեհանգստի կեսին հայր փոխանորդը գեղեցիկ կերպով բացատրեց օրվա տոնի նշանակությունը:

Ապա խոսելով կատարած հոգեհանգստի մասին՝ կարդաց նահատակված հայտնի հոգևորականների և մտավոր հեղափոխական գործիչների անունները, որոնք սպանված, կախաղան հանված, բանտերում խեղդամահ եղած անհետ կորսված էին:

Անդրադառնալով հայրենիքի ազատությանը՝ նա ոգևորված խրախուսեց ժողովրդին սիրել անպայման հայրենիքը, թանկ գնահատել ազատությունը, որ ձեռք է բերված բյուրավոր նահատակների արյունով և աշխատանքով, և մինչև արյան վերջին կաթիլը պաշտպան կանգնել ազատված հայրենիքին, հայ օջախին և ընտանեկան պատվին։

Հոգեհանգիստը կատարվեց Վեհափառ կաթողիկոսի հրամանով. պետք է խոստովանել, որ մինչև այժմ եղած փոխանորդների մեջ նախկին Եղիշե վարդապետ Մուրադյանից հետո ներկայում Հայր Կորյունն է, որ վայելում է լայն ժողովրդականություն թե՛ գյուղացիների և թե՛ արևմտահայ հայրենակիցների շրջաններում իր պարզությամբ և անշահասեր բնավորությամբ:

Վանանդեցի

Ղարս, 12 ապրիլի

Ժամանակ, թիվ 64, ուրբաթ, 23 ապրիլի, 1920թ․