Հայ-հնդկական շփումների մոռացված մի էջ՝ ինչպես հնդկական (բրիտանական) գումարտակները մտան Կարս. ապրիլ, 1919թ

1920

1918թ հոկտեմբերի 30-ին Հունաստանի Լոմնոս կղզու Մուդրոսի ծովախորշում՝ բրիտանական «Ագամեմնոն» ռազմանավի վրա կնքվեց պայմանագիր Օսմանյան կայսրության և Անտանտի ներկայացուցիչների միջև, որով ազդարարվեց թուրքերի պարտությունը Առաջին աշխարհամարտում:

1918թ Մուդրոսի զինադադարի 11-րդ հոդվածը պահանջում էր օսմանյան բանակների անհապաղ դուրսհանումը ամբողջ Անդրկովկասից, բացառությամբ Կարսի մարզի և Բաթումի մարզի մի հատվածի՝ վերապահումով, եթե Դաշնակիցները այդպես պահանջեն տեղում իրադրությունը հետազոտելուց հետո:

Կարսի մուսուլմանները, սակայն, և նրանց առաջնորդները, չէին պատրաստվում տեղի տալ:

Մինչ Հայաստանը պաշտոնյաներ էր ընտրում Կարսի մարզի վարչության համար, 1919թ հունվարի 17-18-ին ավելի քան 100 պատգամավորներ հավաքվեցին Կարսում՝ նախագծելու միացյալ դիմադրության ծրագիրը՝ ընդդեմ հայ-բրիտանական մտադրությունների: Իթթիհադական կողմնորոշում ունեցող խորհրդաժողովը նախագահում էր Չըլդըրից դոկտոր Էսադ Օքթայը, որի գլխավորությամբ հիմնադրվեց Հարավ-Արևմտյան Կովկասյան Հանրապետությունը: Նոր հանրապետությունն ընդգրկելու էր մի միացյալ տարածք Աջարիայից՝ Սև ծովից մինչև Նախիջևան սահմանը: Զեյնալ աղա-օղլի Զեյնալովը մեկնեց Թիֆլիս՝ պաշտպանելու ինքնահռչակ հանրապետության դատը Դաշնակից տերությունների և անդրկովկասյան պետությունների ներկայացուցիչների առջև, իսկ արտգործնախարար Ֆահրեդդին բեյը անցավ Օսմանյան կայսրության արևելյան և կենտրոնական հատված՝ ուղղակի կապ հաստատելու և համոգործակցելու ծնունդ առնող ազգայնական շարժման հիմնադիրների հետ:

Ինքնահռչակ այս հանրապետությանը առաջին և միակը ճանաչեց Ադրբեջանը: Վարչապետ Խան-Խոյսկին հայտարարեց, որ թշնամությունը այդ հանրապետության դեմ կդիտվի թշնամություն Ադրբեջանի դեմ: Բաքվից Երևանը 1919-ին ստանում էր սպառնական հեռագրեր: Ադրբեջանը, քաղաքական և բարոյական աջակցություն հայտնելով, նպատակ ուներ Հարավ-Արևմտյան Կովկասյան Հանրապետությունը միավորել իր տարածքներին:

Ախուրյանի մյուս ափին, 1919թ խստաշունչ ձմռանը հավաքվել էին 60 հազար հայեր Կարսի մարզից և սպասում էին տունդարձին: Հայաստանի կառավարությունը՝ բողոքելով բրիտանացիներին, հայ փախստականներին հայտնեցին, որ նրանք պետք է ևս մի քանի ամիս սպասեն: Բրիտանացիները որոշել էին Կարսի ինքնահռչակ հանրապետության մարմինները ցրել և մինչև ապրիլի 30-ը մարզը միացնել Հայաստանի Հանրապետությանը:

Ապրիլի առաջին շաբաթվանից բրիտանական ուժերը մտան Կարս: Անդրկովկաս տեղափոխված բրիտանական ուժերը գերազանցապես հնդիկ զինվորներ էին: Գուրխա և Սիկհ հնդկական գումարտակները օժանդակ բժշկական, կապավոր, ինժեներական և հրետանային խմբերի հետ միասին մեծացրին Կարսի բրիտանական կայազորը մինչև 2.500 հոգի: Հնդկական գումարտակներից յուրաքանչյուրի թվաքանակը մոտավորապես 800 մարդ էր:

Սրա հետ մեկտեղ, Ալեքսանդրապոլում՝ Ախուրյանի ձախ ափին, կուտակվում էին Հայկական բանակի ուժերը, մոտ 2.000-անոց զորք:

Կովկասում բրիտանական ուժերի զորավար Միլնը Լոնդոն տեղեկացրեց, որ ինքը Կարս է ուղարկել Գուրխա և Սիկհ գումարտակները՝ հրամայելով ձերբակալել տեղի շուրան և թաթար սպաներին: Հնդիկ զինվորները ձերբակալեցին ինքնահռչակ Հարավ-Արևմտյան Կովկասյան Հանրապետություն տասնյակ ներկայացուցիչների՝ լինեն նախարարական խորհրդի՝ շուրայի կամ օրենսդիր մարմնի՝ մեջլիսի անդամներ: Նրանց մեջ էր շուրայի նախագահ Իբրահիմ բեյը, ներքին գործերի, ռազմական, պարենավորման և փոստ-հեռագրի նախարարները: Նրանք Կարսի կայարանից նստեցվեցին գնացք, որը ապստամբներին Ալեքսանդրապոլով և Թիֆլիսով հասցվեցին Կոստանդնուպոլիս և ապա աքսորվեցին Մալթա կղզի:

Երեք ամսվա գոյությունից հետո ինքնահռչակ Հարավ-Արևմտյան Կովկասյան Հանրապետությունը խորտակվեց: Բրիտանացիները հիմնադրեցին նոր շուրա՝ կազմված 4 թաթարից, 2 հույնից, 1 քրդից, 1 ռուսից և 1 մոլոկանից: Շուրան պաշտոնապես գումարվեց ապրիլի 15-ին՝ լուծարված մեջլիսի նախագահ Էսադ Օքթայի գլխավորությամբ:

Այս հրապարակումը պատրաստվել է Ռիչարդ Հովհաննիսյանի Հայաստանի Հանրապետություն կոթողային քառահատորյակի հենքով:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը