Կարմիր խաչի միջնորդությամբ մարտի 29-ին Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղադրվում է Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ

3671

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած հայերից մեկը՝ Սարգիս Գալստյանը, Հայաստան տեղափոխվելուց հետո ձերբակալվել է ենթադրաբար Ադրբեջանի օգտին լրտեսության մեղադրանքով, հաղորդում է Ազատությունը:

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատել է, որ նա արդեն կալանավորված է։ «Մարտի 30-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում նշված անձին ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննության շահերից ելնելով՝ հավելյալ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ»,- ասել է Աբրահամյանը։

Գալստյանն ու կինը Հայաստան են մուտք գործել անցած ուրբաթ, ամուսնուն ձերբակալել են Գորիսում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին առանց անուններ տալու հաստատել է, որ անցած ուրբաթ երկու քաղաքացու են աջակցել Արցախից տեղափոխվել Հայաստան։

«Անցյալ ուրբաթ օրը՝ մարտի 29-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղափոխվել է երկու քաղաքացիական անձ Հայաստան Ղարաբաղից։ Բնականաբար, այդ աջակցությունը մենք տրամադրել ենք՝ հիմնվելով այդ անձանց կամքի և ցանկության վրա։ Նման գործողություններ մենք իրականացրել ենք նաև նախկինում։ Ընդհանուր առմամբ 50-ից ավելի անձի հոկտեմբերից առայսօր օգնել ենք տեղափոխվել իրենց ցանկությամբ Հայաստան»,- նշել է Ամատունին։

Սարգիս Գալստյանի պատմությունը. Թաթուլ Հակոբյանը ճիշտ է