Հայրիկիս հետ՝ Արարատյան դաշտում և Վայոց Ձորում

477

Կիրակի օրը, մարտի 24-ի առավոտյան, հայրիկիս հետ մեր մեքենայով ուղևորվեցինք դեպի Արարատյան դաշտ ու Վայոց Ձոր: Մենք այցելեցինք երեք գյուղ՝ Երասխ, Տիգրանաշեն և Արենի, հանդիպեցինք Արցախից տեղահանված ընտանիքների հետ:

Երասխը Արարատյան դաշտի գյուղերից է: Հայրս ցույց տվեց երեք ուղղություն՝ մեկը դեպի Թուրքիա, երկրորդը՝ Իրան, երրորդը՝ Նախիջևան: Երասխից շատ մոտ է երևում Արարատ սարը: Մեքենան կանգնեցրեցինք ճանապարհի եզրին, եռագույն դրոշի մոտ: Հայաստանի տարածքում՝ Երասխում է բարձրանում ամենամեծ եռագույնը:

Մենք այցելեցինք արցախցի երկու ընտանիքների: Հայրս հարցրեց նրանց կարիքները: Մենք նաև եղանք եզդիական տաճարում: Հայրս նույնպես չգիտեր, որ Երասխում հայերի կողքին եզդիներ են ապրում: Մենք տեսանք ադրբեջանական դիրքերը, որոնք շատ մոտ են հայկական տներին:

Երասխից ճանապարհը շարունակեցինք դեպի Տիգրանաշեն: Այնտեղ մենք այցելեցինք մեկ բազմազավակ ընտանիքի՝ հայրը, մայրը և յոթ երեխաները: Հայրիկիս ընկերներից մեկը իր խանութից հագուստ էր տվել, որ նվիրենք արցախցիներին: Մենք այդ ընտանիքի անդամներին նվիրեցինք տաք բաճկոններ և սպորտային հագուստ: Երեխաները շատ-շատ ուրախացել էին: Հայրս հարցրեց, թե էլ ինչի կարիք ունեն: Տան մայրը պատասխանեց, որ երեխաները ցեխերի մեջ հագնելու կոշիկներ չունեն: Հայրիկիս Ֆրեզնոյի ընկերները օգնություն են տրամադրել, այդ ընտանիքի համար մենք գնեցինք նաև երկու ոչխար և երկու գառնուկ:

Մենք ուղևորվեցինք դեպի Արենի: Այս գյուղում մեզ իր գինետանը հյուրընկալեց հայրիկիս ընկերներից գինեգործ Ռաֆիկ Սիմոնյանը: Մեզ հյուրասիրեցին ուրցով թեյ, հայկական գաթա և չիր: Հայրս բոլոր գյուղերում ունի ընկերներ և ծանոթներ: Ապա մենք գնացինք Արենիի գյուղապետարան: Հայրիկս այնտեղ ժողով արեց արցախցիների հետ: Արենիում կան 16 արցախցի ընտանիքներ: Մենք նրանց բաժանեցինք մեր ընտանեկան փոքր արտադրամասի մուրաբաներից: Բոլոր 16 ընտանիքները ստանալու են օգնություն՝ ընտանի կենդանիներ և թռչուններ:

Երեկոյան կողմ վերադարձանք Երևան: Ճանապարհին՝ Արմաշ գյուղում, մենք 3,5 կիլոգրամանոց պնդաճակատ անունով ձուկ գնեցինք: Ձուկ վաճառողը մաքրեց ձուկը, մասերի բաժանեց: Մեզ մնում էր հասցնել տուն և եփել:

Հիմա գարնանային դպրոցական արձակուրդներ են: Հայրիկիս հետ որոշել եմ ճամփորդել Սյունիք և հետո՝ Մոսկվա:

Սոնա Հակոբյան

Երևանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոց, 7-րդ Ա դասարան