Շուշիի անկումը. 44-օրյա աղետի ամենաողբերգական և չգրված մի դրվագ

5246

2020 թվականի 44-օրյա աղետալի պատերազմի ամենաողբերգական դրվագներից մեկը ոչ միայն Շուշիի անկումն էր, այլ քաղաքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը կորցնելուց հետո այն ազատագրելու հայկական կողմի ձախողված փորձը, որն ավարտվեց տասնյակ մարդկանց զոհվելու և խեղվելու գնով:

Շուշիի նկատմամբ վերահսկողությունը հայկական կողմը, ոչ ամբողջական, կորցրել է նոյեմբերի 5-ից 6-ն ընկած հատվածում: Քանի որ քաղաքում, փաստացի շրջափակման մեջ էին մնացել մի քանի «կարևոր մարդիկ», որոնց Բաքուն կցանկանար կենդանի գերել և մեծ շոու կազմակերպել, խնդիր էր դրված նրանց ամեն գնով ազատել:

Առաջադրանքը կատարվեց, «կարևոր մարդիկ» դուրս բերվեցին, բայց դրա գինը նորանոր զոհերն ու վիրավորներն էին:

Նոյեմբերի 7-ին, Շուշին արդեն ամբողջապես ադրբեջանական բանակի վերահսկողության տակ էր, թեև բերդաքաղաքի մերձակա հատվածներում ընթանում էին մարտեր, որոնց ընթացքում հայկական կողմը տվեց հարյուրավոր զոհեր ու վիրավորներ՝ երկրորդ ամենամեծ կորուստները 44-օրյա պատերազմի ընթացքում: Առաջինը հոկտեմբերի 5-6-ի՝ Ֆիզուլի-Ջեբրայիլ ուղղությամբ հայկական հակագրոհի ձախողումն էր, որի համար որևէ մեկը չցանկացավ ինքնակամ պատասխանատվություն կրել:

44-օրյա աղետալի պատերազմի և մեր սարսափելի պարտության բոլոր դրվագների մասին, որքան էլ դրանք լինեն ցավալի, մենք պետք է ունենանք ամբողջական պատկեր՝ հնարավորինս նվազեցնելու ապագա խեղաթյուրումներն ու մանիպուլյացիաները:

Այսօր ժամանակը չէ գրելու «կարևոր մարդկանց» անունները, քանի դեռ պաշտոնապես և կամ փաստական հավելյալ նյութերով չես կարող ապացուցել դաժան իրականությունը: Յուրաքանչյուր պատերազմ ունի դրվագներ, որոնց մասին ամբողջական ճշմարտությունը հասանելի է դառնում տարիներ ու տասնամյակներ անց:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարը`Gilad Sade-ի, արված Շուշիի մատույցներում՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ին