Ոսկեպար, Բաղանիս և Այրում

1899

Այս օրերին հետևում եմ պաշտոնյաների, պատգամավորների, քաղաքագետների, փորձագետների, այլ մասնագիտությունների տար մարդկանց մեկնաբանություններին ու կարծիքներին:

Ակնհայտ էր, որ ընդդիմադիր թե իշխանական, լավ չեն պատկերացնում տեղանունների տարբերությունը, աշխարհագրությունը և պատմությունը: Այս կարճ բացատրությունը հենց նրանց համար է:

Այսպիսով,

ա/ Հայաստանում կա Այրում անունով 5 բնակավայր/տեղանուն.

  1. Այրում քաղաք, որ սահմանակից է Վրաստանին ւ գտնվում է Դեբեդ գետի աջափնյա հատվածի սարալանջին,
  2. Այրում կայարան. սա Հայաստան մտնող և Հայաստանից դուրս եկող երկաթուղային առաջին/վերջին կանգառն է, որը անխափան գործում է Նիկոլայ Բ ցարի ժամանակներից՝ 1898 թվականից:
  3. Փոքր Այրում գյուղ. գտնվում է Ախթալա քաղաքի մոտ, Դեբեդի ձախ ափի դարավանդին,
  4. Մեծ Այրում գյուղ. գտնվում է Ճոճկան և Փոքր Այրում գյուղերի մոտ, Դեբեդի ձախ ափի դարավանդին,
  5. Բաղանիս-Այրում. այս բնակավայրը, որ ավերակ է 1990-ական թվականներից, հայկական ուժերի վերահսկողության տակ է, գտնվում է հայկական Ոսկեվան և Բաղանիս գյուղերի անմիջական հարևանությամբ՝ դեպի Ոսկապեր տանող ճանապարհին: Սա այն 4 գյուղերից մեկն է, որ վարչապետ Փաշինյանը համարում է ոչ ՀՀ կազմում և պատրաստվում Հայկական բանակը հետ քաշել դեպի Խորհրդային Հայաստանի սահմաններ:

բ/ Բաղանիսը և Բաղանիս-Այրումը տարբերվում են նրանով, որ առաջինը եղել է և է հայկական գյուղ Նոյեմբերյան համայնքում, իսկ Բաղանիս-Այրումը Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից է, այսօր՝ դատարկ:

գ/ Ոսկեպար անունով երեք բնակավայր կա.

  1. Ոսկեպար գյուղ, որը հայաբնակ է և ՀՀ մաս, Նոյեմբերյան համայնքի բնակավայրերից է,
  2. Ներքին Ոսկեպար՚ այս գյուղը 1990-ական թվականներից հայկական ուժերի վերահսկողության տակ է, խորհրդային տարիներին եղել է Ղազախի շրջանի գյուղերից, բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այս գյուղը սահմանակից է Բաղանիս-Այրում և Ոսկեպար գյուղերին, 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հենց հարևանությամբ է, Ոսկեպար գետի ձախափնյակում և նրա վտակ Բաղանիս գետի երկու ափերին: Այս գյուղը ևս Փաշինյանի ցուցակի մեջ է մտնում, 4 գյուղերից:մեկն է և ամենամեծը: Ադրբեջացիներն այս գյուղն անվանում են Aşağı Əskipara, թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար:
  3. Վերին Ոսկեպար. այս գյուղը գտնվում է Ոսկեպար գյուղից արևմուտք, անտառի մեջ, Ոսկեպար գետի աջ և ձախ ափերին: Վերին Ոսկեպարը Խորհրդային Հայաստանի կազմում երեք անկլավներից էր՝ ամենամեծը: Ադրբեջացիներն այս գյուղն անվանում են Yuxarı Əskipara, թարգմանաբար՝ Վերին Ոսկեպար:

Թաթուլ Հակոբյան, ԱՆԻ կենտրոն

21 մարտի, 2024թ

Լուսանկարում՝ Ոսկեպար գյուղի մի հատվածը, Սուրբ Աստվածածին եկեղեցին և Ներքին Ոսկեպար գյուղը աջ հատվածում