Ադրբեջանը պահանջում է անհապաղ վերադարձնել Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլիի գյուղերը

1765

Պաշտոնական Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Մեկնաբանելով երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ին կայացած նիստի արդյունքները, հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը։

«Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի, ենթակա են անհապաղ ազատման», նշվում է Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Պաշտոնական Բաքուն պնդում է նաև, որ «սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը»։ Ըստ Մուստաֆաևի գրասենյակի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու,ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) բնակավայրերը։

Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը կտրականապես հերքում է Հայաստանի կառավարության՝ այս շաբաթ հրապարակված պնդումը, ըստ որի՝ Հայաստանի 31 բնակավայրերի տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական ուժերի օկուպացիայի տակ։ «Անհիմն է հայտարարել, թե Հայաստանին պատկանող 31 բնակավայրերի հողերը զավթված են Ադրբեջանի կողմից», ասվում  է Մուստաֆաևի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Լուսանկարում՝ Ոսկեպարի հայկական թաղամասի հատված, Սուրբ Աստվածածին եկեղեցին և հարևանությամբ գտնվող Աշաղը Աքսիփարա գյուղը