Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918-1920/21 թթ.) Ադրբեջանի հետ չի ունեցել հստակ սահմաններ:
Չնայած Բաքվում գործում էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունը, իսկ Երևանում՝ Ադրբեջանինը, այսինքն՝ երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում ներկայացված էին դեսպանների մակարդակով, երկու հարևանները երկու տարիների հարաբերությունների ընթացքում ունեցել են տարածքային վեճեր, պահանջներ միմյանց նկատմամբ, որը երբեմն վերածվում էր սահմանային ընդհարումների:
Այս քարտեզում հստակ երևում են Ադրբեջանի տարածքային հավակնությունները ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի, մասնավորապես Բաթումի, Ախալցխայի, Քվեմո Քարթլիի նկատմամբ:
1919-ին Ադրբեջանը հավակնություններ ուներ հետագայում Թուրքիայի մաս կազմած Կարսի մարզի և Սուրմալուի գավառի նկատմամբ:
Կարսի մարզը բրիտանացիների օգնությամբ Հայաստանի Առաջին Հանրապետությանը միացվեց 1919-ի գարնանը: 1920-ի աշնանը քեմալականները գրավեցին ոչ միայն Կարսի մարզը, Ալեքսանդրապոլը, այլ նաև Սուրմալուի գավառը, որ մաս է կազմել Երևանի նահանգի:
Ադրբեջանը հավակնություններ ուներ նաև Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ:
Նախիջևանը բրիտանացիների օգնությամբ 1919-ի գարնանը միացվեց Հայաստանին, սակայն միայն երկու ամիս հաջողվեց պահել այն:
Մյուս կողմից, բրիտանացիները ամեն ինչ անում էին, որ Զանգեզուրն ու Արցախը մնա Ադրբեջանի կազմում:
Ադրբեջանցիները տարածքային հավակնություններ ունեին նաև այսօրվա Տավուշի մարզի նկատմամբ: Հայաստան-Ադրբեջան սահմանի Նոյեմբերյան-Ղազախ հատվածում տեղի են ունեցել պատերազմական գործողություններ:
Ադրբեջանցիները տարածքային հավակնություններ ունեին նաև Արարատյան դաշտավայրի մի շարք շրջանների՝ Վեդիի և Մասիսի նկատմամբ, որտեղ տեղի են ունեցել ադրբեջանական խռովություններ:
Երևանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչը եղել է Աբդուռաման բեկ Հախվերդովը, նրա տեղակալ-խորհրդականը՝ Աղա Սալահ Մուսաևը:
Բաքվում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը նախ եղել է ՀՅԴ-ական Տիգրան Բեկզադյանը (Շուշիից)՝ ականավոր բոլշևիկ Ալեքսանդր Բեկզադյանի եղբայրը, ապա՝ Մարտիրոս Հարությունյանը:
1919-ին՝ Ադրբեջանի կոալիցիոն կառավարության կազմում, նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն:
Դաստակյանը զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի:
Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունների կազմում ադրբեջանցի նախարար չի եղել:
Քարտեզը՝ Richard G. Hovannisian, The Republic of Armenia, Volume II, from Versailles to London, 1919-1920












