Հայաստանի տարածքային հավակնությունները 1919 թվականին

9019

Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918-1920/21 թթ.) իր հիմնադրման ժամանակ և ընթացքում հարևանների հետ հստակ սահմաններ չի ունեցել: Երբ 1918թ. հունիսի 4-ին Բաթումում Հայաստանը Օսմանյան կայսերական կառավարության հետ ստորագրեց Հաշտության և բարեկամության պայմանագիր, այդ փաստաթղթով հաստատվեց Հայաստան-Թուրքիա սահմանը:

Այդ սահմանը գործեց մինչև 1918թ. աշուն: Երբ Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց և ստորագրեց Մուդրոսի զինադադարը, թուրքական զորքերը քաշվեցին Հայաստանից, և հանրապետությունը սկսեց ընդարձակվել:

Արդեն 1919-ի սկզբին Հայաստանը հավակնում էր մի շարք շրջանների, որոնց նկատմամբ հավակնություններ ունեին նաև Ադրբեջանն ու Վրաստանը: Տարածքային վեճի պատճառով 1918-ի դեկտեմբերի երկրորդ կեսին երկշաբաթյա պատերազմ բռնկվեց Հայաստանի և Վրաստանի միջև:

Սա այն քարտեզն է, որը ցույց է տալիս Հայաստանի տարածքային հավակնությունները:

Հյուսիսում Հայաստանը հավակնում էր Ախալքալաքի և Քվեմո Քարթլիի՝ Բորչալուի, արևմուտքում՝ Սուրմալուի և Կարսի մարզի նկատմամբ, որի մեջ էին մտնում Արդահանը, Օլթին ու Կաղզվանը:

Կարսի մարզը բրիտանացիների օգնությամբ Հայաստանի Առաջին Հանրապետությանը միացվեց 1919-ի գարնանը: 1920-ի աշնանը քեմալականները գրավեցին ոչ միայն Կարսի մարզը, Ալեքսանդրապոլը, այլ նաև Սուրմալուի գավառը, որ մաս է կազմել Երևանի նահանգի:

Նախիջևանը բրիտանացիների օգնությամբ 1919-ի գարնանը միացվեց Հայաստանին, սակայն հայկական կառավարությանը և զինված ուժերին միայն երկու ամիս հաջողվեց պահել այն:

Հայաստանը հարավում՝ Իրանի նկատմամբ, չէր ներկայացնում տարածքային պահանջներ:

Ամենից բարդը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն էին. երկկողմ տարածքային հավակնությունները ներառում էին՝ Նախիջևանը, Զանգեզուրը, Արցախը, նախկին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը:

Բրիտանացիները, որոնք ցարական Ռուսաստանի նահանջից հետո ամենահզոր ուժն էին Կովկասում, ամեն ինչ անում էին, որ Զանգեզուրն ու Արցախը մնան Ադրբեջանի կազմում:

Ադրբեջանցիները տարածքային հավակնություններ ունեին նաև այսօրվա Տավուշի մարզի նկատմամբ: Հայաստան-Ադրբեջան սահմանի Նոյեմբերյան-Ղազախ հատվածում տեղի են ունեցել պատերազմական գործողություններ:

Ադրբեջանցիները տարածքային հավակնություններ ունեին նաև Արարատյան դաշտավայրի մի շարք շրջանների՝ Վեդիի և Մասիսի նկատմամբ, որտեղ տեղի են ունեցել ադրբեջանական խռովություններ:

Չնայած հայ-ադրբեջանական հակասություններին ու հակամարտությանը, Բաքվում գործում էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունը, իսկ Երևանում՝ Ադրբեջանինը, այսինքն՝ երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում ներկայացված էին դեսպանների մակարդակով:

1919-ին Ադրբեջանը հավակնություններ ուներ նաև հետագայում Թուրքիայի մաս կազմած Կարսի մարզի և Սուրմալուի գավառի նկատմամբ:

Երևանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչը եղել է Աբդուռաման բեկ Հախվերդովը, նրա տեղակալ-խորհրդականը՝ Աղա Սալահ Մուսաևը:

Բաքվում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը նախ եղել է ՀՅԴ-ական Տիգրան Բեկզադյանը (Շուշիից)՝ ականավոր բոլշևիկ Ալեքսանդր Բեկզադյանի եղբայրը, ապա՝ Մարտիրոս Հարությունյանը:

1919-ին՝ Ադրբեջանի կոալիցիոն կառավարության կազմում, նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն:

Դաստակյանը զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի:

Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունների կազմում ադրբեջանցի, այն օրերի բառապաշարով՝ թաթար կամ մուսուլման նախարար չի եղել:

Քարտեզը՝ Richard G. Hovannisian, The Republic of Armenia, Volume II, from Versailles to London, 1919-1920