Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա մի մասի վրա առաջին մարդահամարը՝ հաշվառումը, կատարվել է այն բանից հետո, երբ ցարական Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց Անդրկովկասը: Համաձայն ռուս (ֆրանսիական ծագումով) պատմաբան, ազգագրագետ Իվան Շոպենի (ով 1829-1832 թթ. անցկացրել է Երևանում և հետագայում պատրաստել Հայկական մարզի մասին մի քանի կարևոր աշխատություններ)` 1832 թվականին Երևանի նախկին խանության ողջ տարածքում բնակչության ընդհանուր թիվը 115.106 էր, որից տեղացի հայերը`19.878, Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից` Օսմանյան կայսրությունից 1828-29թթ. տեղափոխված հայերը` 45.207, մահմեդականները` 49.872: Այսպիսով, 1832-ին նախկին Երևանի խանության տարածքում հայերի թիվը 65.085 էր, մահմեդականների թիվը` 49.872:
Ո՞վքեր էին այս մահմեդականները: Նրանք հիմնականում երեք ազգության ներկայացուցիչներ էին՝ պարսիկներ (շիա), քրդեր (սուննի և շիա) և թյուրքալեզու քոչվորներ կամ Անդրկովկասի մուսուլմաններ (շիա և սուննի):
Շոպենը առանձին ցուցակներով ներկայացնում է մահմեդականներին: Այսպես, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից՝ 1826-1828թթ. հետո, Երևանի խանության տարածքում մնացել են թյուրքալեզու քոչվոր 21 ցեղեր, որոնց ընդհանուր թվաքանակը կազմել է 18.287 հոգի:
Ահա թյուրքալեզու այդ ցեղերը և նրանց ընտանիքների թիվը և ցեղերի քանակները.
Կարափափախ 840 ընտանիք 4.619 բնակիչ
Այրումլու 631 ընտանիք 3.484 բնակիչ
Սեյիդլու-Ախսախլու 311 ընտանիք 1.754 բնակիչ
Մողանլու 200 ընտանիք 1.100 բնակիչ (մոտ)
Սաադլու 160 ընտանիք 1.004 բնակիչ
Շահդելու (Ղաջար) 164 ընտանիք 995 բնակիչ
Բյույուք Չոբանկարա 159 ընտանիք 988 բնակիչ
Սադարակլու (Ղաջար) 164 ընտանիք 940 բնակիչ
Ղաֆարլու 98 ընտանիք 652 բնակիչ
Թաշանլու 124 ընտանիք 565 բնակիչ
Սարաշլու 90 ընտանիք 541 բնակիչ
Քարիմ-Բեգլու 55 ընտանիք 357 բնակիչ
Չահիրլու 57 ընտանիք 308 բնակիչ
Շեյիխլար 34 ընտանիք 232 բնակիչ
Դամիրչիլու 31 ընտանիք 228 բնակիչ
Գյոդաքլու 24 ընտանիք 158 բնակիչ
Ջաֆառլու 16 ընտանիք 82 բնակիչ
Ալի-Շարուրլու 12 ընտանիք 75 բնակիչ
Գորջի-Բաշլու 13 ընտանիք 72 բնակիչ
Կարաբաղլու 12 ընտանիք 68 բնակիչ
Ջամ-Մելլի 10 ընտանիք 65 բնակիչ
Ընդամենը 3.190 ընտանիք 18.287 բնակիչ
Շոպենի տվյալներով՝ Պարսից տիրապետության շրջանում, նախքան ռուսական նվաճումը, Երևանի խանության տարածքում թյուրքալեզու քոչվորների ընդհանուր թվաքանակը անցել է 20 հազարից: Նա գրում, որ ռուսական նվաճումից հետո թյուրքալեզու քոչվորներից Երևանի խանության տարածքից հեռացել է 350 ընտանիք կամ մոտ 1800 քոչվոր, բոլորը Բյույուք Չոբանկարա ցեղից: Այս ցեղի 988 ներկայացուցիչներ շարունակեցին բնակվել Երևանի խանության տարածքում, որը արդեն 1828-ին անվանվում էր Հայկական մարզ և մաս էր կազմում ցարական Ռուսաստանի:
Թյուրքալեզու այս 21 ցեղերից բոլորին չենք կարող անվանել ժամանակակից ադրբեջանցիների նախնիներ: Կարափափախները՝ կարմիր գլխարկ կրողները, օսմանյան թուրքեր էին:
Այսպիսով, 1827-1828 թվականներին Երևանի խանության տարածքում այսօրվա ադրբեջանցիների նախնիների՝ թաթարների թվաքանակը կազմել է շուրջ 15 հազար: Սա այն դեպքում, եթե բոլոր թյուրքալեզու քոչվորներին, բացի օսմանյան կարափափախների, անվանենք թաթարներ: Այս նույն շրջանում տեղացի, բնիկ հայերի թիվը շուրջ 20 հազար էր, ևս 45 հազար հայեր ներգաղթեցին Օսմանյան կայսրությունից և Պարսկաստանից:
Ուշագրավ է, որ ռուսների գրավումից հետո Հայկական մարզը լքեցին մոտ 14.500 քրդեր, որոնք ներկայացնում էին յոթ հիմնական ցեղախմբեր: Շոպենը ներկայացնում է այսպես.
Զիլան 2.000 ընտանիք 11.000 բնակիչ (մոտ)
Բիլխինխանլի 184 ընտանիք 1.000 բնակիչ
Ղալիխանլի 146 ընտանիք 750 բնակիչ
Սաքենդլի 102 ընտանիք 500 բնակիչ
Ջամադինլի 100 ընտանիք 500 բնակիչ
Մեսր-Քենդլի 72 ընտանիք 400 բնակիչ
Ղըզըլ-Բաշ Ուշաղլի 60 ընտանիք 350 բնակիչ
Ընդամենը 2.664 ընտանիք 14.500 բնակիչ
Եվս 10.737 քրդեր, այդ թվում 6.435՝ շիա, 3.978՝ սուննի, և 324՝ եզդի, մնացին Երևանի խանության տարածքում ռուսների նվաճումից հետո:
Շիա քրդեր
Ղարաչորլի 646 ընտանիք 3.120 բնակիչ
Մելլի 349 ընտանիք 1.952 բնակիչ
Փիուսան 143 ընտանիք 719 բնակիչ
Կոլանի 63 ընտանիք 389 բնակիչ
Ալի-Խանլի 45 ընտանիք 255 բնակիչ
Ընդամենը 1.246 ընտանիք 6.435 բնակիչ
Սուննի քրդեր
Ջալալի 378 ընտանիք 1.824 բնակիչ
Բիրյուկի 277 ընտանիք 1.296 բնակիչ
Ռադիկանլի 72 ընտանիք 423 բնակիչ
Ղարաչորլի 20 ընտանիք 140 բնակիչ
Ազիզանլի 19 ընտանիք 80 բնակիչ
Դելխեյրանլի 10 ընտանիք 63 բնակիչ
Բանուկի 14 ընտանիք 57 բնակիչ
Գյոլթուրի 5 ընտանիք 38 բնակիչ
Շեյխբիզանլի 7 ընտանիք 32 բնակիչ
Միլանի
Սիբիկի
Ջունիկի 8 ընտանիք 25 բնակիչ
Խալեսանլի
Չակամանլի
Ընդամենը 810 ընտանիք 3.978 բնակիչ
Եզդիներ 67 ընտանիք 324 բնակիչ
Այսպիսով, նախքան ռուս-պարսկական երկրորդ պատերազմը, Երևանի խանության կազմում ամենամեծ ազգությունը եղել են քրդերը՝ ավելի քան 25 հազար հոգի, որին հետևել են հայերը՝ գրեթե 20 հազար, ապա թյուրքալեզու քոչվորները՝ այսօրվա ադրբեջանցիների նախնիները՝ շուրջ 15 հազար:
Երբ Երևանի խանությունը անցավ Ռուսաստանին, հայերը կազմեցին մեծամասնություն, քանի որ հեռացան շուրջ 15 հազար քրդեր: Բացի այդ, ևս 45 հազար հայեր ներգաղթեցին Օսմանյան կայսրությունից և Պարսկաստանից: Այսպիսով, ըստ ազգությունների, հայերը կազմեցին զգալի մեծամասնություն:
Թաթուլ Հակոբյան
Քարտեզ՝ Երևանի խանությունը նախքան Ռուսաստանի տիրապետության տակ անցումը՝ 1827-1828 թթ.












