Ներքին Հանդ-Զանգելան հատվածում չկան Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքեր, բայց կան Սյունիքի այլ հատվածներում. ինչու

495

Ներքին Հանդում վերջերս տեղի ունեցած հերթական արյունալի միջադեպի՝ ադրբեջանական դիպուկահարների արձակած կրակոցների զոհ դարձան 4 հայեր, ևս 1-ը վիրավորվեց:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ինչպես նաև տեղի բնակիչները հայտարարել են, որ ռուսները թույլ չեն տալիս եվրոպացի անզեն դիտորդների մուտքը Ներքին Հանդ:

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), ի հակադրություն Արմեն Գրիգորյանի, Մարկուս Ռիտերի և տեղացիների հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում ռուս սահմանապահները եվրոպացի դիտորդներին չեն խոչընդոտում։

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ-ադրբեջանական պայմանական (ընդգծումը ԱԱԾ-ինն է) սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան»,- նշել էր ՀՀ ԱԱԾ-ն:

Մի կողմ ենք թողնում այն հանգամանքը, թեև դրանք շատ կարևոր են, թե ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել Ներքին Հանդի վերջին սրացումը, թե իրավական ի՞նչ հիմքով են ռուսները հաստատվել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Ոսկեպարից մինչև Ներքին Հանդ-Ծավ խաչմերուկ, արդյոք ռուսները խոչընդոտում ե՞ն եվրոպացիների մուտքը Ներքին Հանդ և այլ էական հարցեր:

Այսօր մեկ հարց եմ ուզում ուղղել ՀՀ կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 44-օրյա աղետալի պատերազմում մեր կրած պարտությունից հետո, երբ առաջնագիծը մոտ 100 կիլոմետր հետ եկավ և ունեցանք նոր (գրեթե հին՝ 1991 թվականի) սահման Ադրբեջանի հետ, ինչու Ներքին Հանդում չեն հաստատվել ՀՀ ԱԱԾ սահմանապահ ուժեր, բայց մյուս հատվածներում ԱԱԾ սահմանապահ ուժերն են:

Օրինակ, Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ ուժերն են և այդ հատվածում 2020-ի նոյեմբերից սկսած գրեթե միջադեպ չի արձանագրվել: ԱԱԾ սահմանապահ ուժերն են տեղակայված նաև Ուժանիս-Եղվարդ-Ագարակ-Սյունիք-Կապանի օդանավակայան հատվածում, որտեղ նույնպես միջադեպեր չեն արձանագրվել վերջին տարիներին:

Իրավիճակն այլ է Ներքին Հանդում:

Նախ, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ադրբեջանական ուժերը զավթեցին ամենամեծ հողաշերտը հենց Ներքին Հանդում, ինչպես նաև՝ հայկական 14 դիրքերը: Հայկական բանակը տվեց շուրջ 70 զոհ:

Ռուսները որևէ ձևով չմիջամտեցին, իսկ դրանից հետո հետ են քաշվել և հաստատվել Ծավ-Ներքին Հանդ խաչմերուկում, հենց միջպետական մայրուղու հարևանությամբ և, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ դիտարկում այդ հատվածում չեն անում, քանի որ մի քանի կիլոմետր հեռու են առաջնագծից:

Հարցը հետևյալն է՝ ինչու Ներքին Հանդ-Զանգելան հատվածում չկան ո՛չ ԱԱԾ սահմանապահ զորքեր, ոչ էլ ռուս դիտորդներ/խաղաղապահներ:

Արդյոք կարո՞ղ ենք մտածել, որ հենց Ներքին Հանդի հատվածում է, որ Ադրբեջանն ունի տարածքային նոր հավակնություններ՝ ի հավելումն 2022 թվականի սեպտեմբերին զավթած հայկական հողաշերտի:

Թաթուլ Հակոբյան, ԱՆԻ կենտրոն

24 փետրվարի, 2024թ