Բռնի տեղահանված, տունը կորցրած արցախցիների համար. Բերդավան, Բարեկամավան, Չինարի, Դավիթ Բեկ
Չինարի գյուղում Արցախից բռնի տեղահանված Աղասի Հակոբյան ազգանունով երկու ընտանիք կա: Որպեսզի տարբերակում լինի, Աղասիներից մեկին կոչում են Լաչինսկի, ռուսերենից թարգմանաբար՝ Լաչինի բնակիչ: Անսահման ողբերգության մեջ անգամ մարդիկ պահել են հումորի զգացումը, ինչը նոր կյանքի ու նոր ապագայի հույսն է: Աղասի Լաչինսկի Հակոբյանը ծնվել է Բերձորում և տունը կորցրել նախքան 2023 թվականի սեպտեմբերյան տեղահանությունը: Նա չի օգտվում Հայաստանի կառավարության տրամադրած որևէ ծրագրից, քանի որ տեղահանվել է ոչ թե 2023 թվականի աշնանը, այլ երեք տարի առաջ:
Առաջին համակարգված օգնությունը 4 մանկահասակ երեխաների հայր Աղասին ստացել է Ֆրեզնոյի հայերի և Ֆրեզնոյի բժշկական առաքելության «Հույս» ծրագրով (Operation Hope): Նա ցանկանում էր կով պահել և գոմ ունենալ, որպեսզի 4 երեխաները կաթ և մածուն ունենան:
Չինարիում հաստատված մյուս Աղասի Հակոբյանը Մարտակերտի Գետավան գյուղում է կորցրել տունը: Աղասին 5 մանկահասակ երեխաների հայր է: «Հույս» ծրագրով նա արդեն ունի նոր բաղնիք և խոհանոց, տաք ջուր: Հինգ մանկահասակ երեխաներ ունի նաև Միխայիլ Բաբայանը՝ 2-ից 6 տարեկան: Նա տեղահանվել է Մարտունու Կարմիր Շուկա գյուղից:
Չինարիում, գյուղապետ Սամվել Սաղոյանի առաջարկով, որոշվեց վերանորոգել և տաք ջրով ապահովել այստեղ հաստատված 11 ընտանիքների բաղնիքները, որպեսզի նրանք նաև ունենան տաք ջուր: Քանի որ գյուղում կա մշտական, հոսող ջրի խնդիր, բոլոր ընտանիքների համար գնվել են ջրի տարաներ, որպեսզի ցանկացած ժամանակ մարդ կարողանա տաք ջրով լողանալ:

Արցախում 2023 թվականի սեպտեմբերյան մեկօրյա պատերազմին և դրան հետևած բռնի տեղահանության ու հայաթափման օրերին Հայաստանում էր Ֆրեզնոյի բժշկակական առաքելությունը: Անձամբ տեսնելով աղետի չափերը, անձնապես շփվելով տունը կորցրած արցախցիների հետ և վերադառնալով տուն՝ Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս, «Հույս» ծրագրի մտահաղացման հեղինակ Պերճ Աբգարյանը և բժիշկ Վաչե Վասիլյանը կապվեցին ինձ հետ՝ իրենց կողմից առաջարկելով ծրագիր և գործողությունների հստակ օրակարգ:
Այսպես մեկնարկեց «Հույս» ծրագիրը (Operation Hope), որից արդեն օգտվել են Արցախից բռնի տեղահանված և Ադրբեջանի հետ սահմանային 4 գյուղերում հաստատված արցախցի 30 ընտանիքներ՝ Բերդավան, Բարեկամավան, Չինարի և Դավիթ Բեկ: Առաջին երեք գյուղերը Տավուշի մարզում են, Դավիթ Բեկը՝ Սյունիքում: Առաջիկա օրերին ծրագիրը կարող է ներառել Նախիջևանի հետ սահմանային Վայոց Ձորի 2 գյուղեր՝ Սերս և Բարձրունի, որտեղ հաստատվել են Արցախից բռնի տեղահանված 7 ընտանիքներ, որոնցից մեկում 11 երեխա կա: Սա Հայաստանի ամենաբազմազավակ ընտանիքներից է:
«Հույս» ծրագրով գյուղերն ընտրվեցին հետևյալ սկզբունքով՝ դրանք պետք է լինեին Ադրբեջանի հետ սահմանային և ունենային ռազմավարական կարևոր նշանակություն: Առաջին կանգառը Բերդավանն էր:
2020 թվականի 44-օրյա պատերազմում Տավուշի մարզի Բերդավան գյուղը տվել է 6 զոհ և մեկ անհետ կորած: Հայաստան-Ադրբեջան-Վրաստան եռանկյունում գտնվող այս բնակավայրը, որ ընդհանուր սահմաններ ունի երկու հանրապետությունների հետ, Արցախի ողբերգական պատմությանը կապվեց ևս մեկ թելով՝ 2023թ սեպտեմբերյան բռնի տեղահանության հետևանքով 100 հազարից ավելի արցախահայությունից յոթ ընտանիք հաստատվել է այստեղ:
Գյուղացիները, համայնքի ղեկավար Արամ Զուրաբյանը, ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերում, այստեղ ևս օգնում են արցախցիներին՝ ինչով կարողանում են: Պետության, տեղական կազմակերպությունների և անհատ բարերարների աջակցությունը կարևոր է, սակայն արցախցիների կարիքները շատ-շատ են: Մարդիկ ստիպված են եղել թողնել տունուտեղը, հարազատների շիրիմները, կահ-կարասին, հողերը, ունեցվածքը և նոր տողից նոր կյանք սկսել Հայաստանի քաղաքներում, ավաններում, գյուղերում:
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի հայության օժանդակությունը Բերդավանում և մյուս երեք գյուղերում հաստատված ընտանիքներին էական է, շոշափելի և ճիշտ ժամանակին:
Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը վերջին 10 տարիներին անընդմեջ երկու շաբաթով եղել է Հայաստան և Արցախ (մինչև 2020 թվականը) և բժշկական սարքավորումներով, դեղորայքով ու տարբեր մասնագետ բժիշկներով օգտակար եղել Հայրենիքին՝ այցելություններ տալով Գյումրի, Գորիս և բազմաթիվ քաղաքներ ու ավաններ:
Բերդավանի յոթ նոր ընտանիքներից երեքը հարազատներ են: Վրեժ Հայրապետյանը տեղահանվել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից: Տունը կորցնելուց բացի, նա թողել է 3 կովը 3 հորթերի հետ: Ապրում է կնոջ և որդու հետ: Երեք հոգանոց այս ընտանիքը ցանկություն հայտնեց մասամբ վերականգնել այն, ինչ թողել է ծննդավայրում: Նրանք ստացան 2 խոզ, 15 հավ, առաջիկա մի քանի ամիսների համար՝ անասունների և թռչնի կեր, ինչպես նաև՝ գյուղատնտեսական գործիքներ: Ընտանիքին հասանելիք մնացյալ գումարից նրանք նախընտրեցին ունենալ խոհանոցի կահույք, փոքր սառնարարան և հաց թխելու համար վառարան (oven):
Վրեժ Հայրապետյանի որդին՝ Սասունը, հաստատվել է հոր տնից երկու փողոց այն կողմ: Չորս դպրոցական և մեկ մանկահասակ երեխաների հայր է: Մարիաննան 9 տարեկան է, Պավելը՝ 8, Վրեժը՝ 6, Մարկը՝ մեկուկես տարեկան: Սասունը կարճ ժամանակում ինտեգրվել է տեղացիների հետ, շուրջ 3000 բնակչություն ունեցող գյուղում հասցրել է ճանաչել մարդկանց: Սասունը աշխատասեր է և ցանկություն ունի Արցախի իր գյուղական կյանքն ու կենցաղը շարունակել Բերդավանում:
«Հույսի» ծրագրի շրջանակներում Սասունը ցանկություն հայտնեց և արդեն ստացել է 5 հատ խոզ, 35 հատ հավ, վերանորոգել է խոզերի և հավերի կացարանը: Բացի այդ, ընտանիքը ցանկություն հայտնեց ունենալ և արդեն ստացել է լվացքի մեքենա, փոշեկուլ, հաց թխելու վառարան, փայտ ջարդելու սղոց և գյուղատնտեսական գործիքներ:
Սասունի քույրը՝ Լիրան, որ ամուսնացել է Մարտակերտի Մոխրաթաղ գյուղում, ևս հաստատվել է Բերդավանում: Ապրում է ամուսնու՝ Նվեր Ալեքսանյանի և 3 դպրոցական երեխաների հետ: Նվերը ևս որոշել է զբաղվել անասնապահությամբ: Իր և կնոջ համատեղ ցանկությամբ նրանք արդեն ստացել են 6 հատ խոզ, 17 հատ հավ, անասունների կերակրելու համար 1 տոննա գարի, գյուղատնտեսական գործիքներ, լվացքի մեքենա և հաց թխելու վառարան:
Բերդավանում հաստատված բոլոր 7 ընտանիքների տների մեկ տարվա վարձերը հոգացել են տեղական հասարակական կազմակերպությունները, մի քանի տների համար տանտերերը վարձ չեն պահանջել և սիրահոժար տրամադրել են արցախցիներին: Առաջիկայում պետք է լուծում տրվի նաև արցախցիների՝ մշակելի հողեր ունենալու հարցին: Ճիշտ է, նրանք ունեն տնամերձ հաղատարածքներ, որտեղ կան բերքատու ծառեր, սակայն չունեն խաղողի այգի, ցորեն, գարի ցանելու հողակտորներ:
Բերդավանը հայտնի է իր խաղողի այգիներով: Խորհրդային ժամանակներում այստեղ գործում էր գինու և պահածոների գործարան: Բերդավանում հաստատված արցախցիները ճիշտ ընտրություն են կատարել: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 650 մետր բարձրության վրա, ձմեռը մեղմ է: Այստեղից մինչև Թբիլիսի հեռավորությունը 55 մղոն է: Բերդավանով է անցնում Երևանը Վրաստանին և Ռուսաստանին կապով մայր ճանապարհը:
Գյուղում հաստատված չորրորդ ընտանիքը Շուշիից է: Թումանյանների ընտանիքը 5 հոգանոց է՝ Էդգարը, նրա մայրը, կինը և երկու երեխաները: Ծրագրի շրջանակներում ընտանիքը ցանկություն հայտնեց և արդեն ստացել է 4 հատ խոզ, 15 հատ հավ, անասունների կեր, գյուղատնտեսական գործիքներ, նորածին երեխայի համար առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև՝ լվացքի մեքենա և սառնարան:
Վեցերորդ ընտանիքը եկել է Մարտունու Կարմիր Շուկա գյուղից: Արտակ Շահնազարյանը կնոջ և 5 երեխաների հետ է, որից 4-ը՝ դպրոցական՝ Վալերի, Արթուր, Աննա, Ավետ, մեկը՝ Աստղիկ, մանկահասակ: «Հույսի» ծրագրի շրջանակներում իր հասանելիք օժանդակությունը ուղղել է բաղնիքի և սանհանգույցի ամբողջական վերանորոգությանը: Արտակը 44-օրյա պատերազմում վիրավորվել է և ունակ չէ ծանր, գյուղական աշխատանքներ կատարել:

Բերդավանում հաստատված վեցերորդ ընտանիքը եկել է Ստեփանակերտից: Ասրյանները ուսուցիչներ են: Ընտանիքի հայրը՝ Վիլգենը, արդեն աշխատանք ունի Նոյեմբերյանի համայնքի Բագրատաշենի դպրոցում, իսկ կինը շուտով աշխատանք կունենա Բերդավանի դպրոցում: Նրանց հետ է նաև որդին՝ Վահեն, և դուստրը՝ Վեհանուշը 2 երեխաների հետ: Վիլգենը ցանկություն է հայտնել զբացվել ոչխարաբուծությամբ: Առաջիկա օրերին նա կստանա մինչև 10 ոչխար: Բացի այդ, Ասրյանները, ինչպես մյուս բոլոր ընտանիքները ստացել են գյուղատնտեսական գործիքներ, ինչպես նաև՝ լվացքի մեքենա, փոշեկուլ և հաց թխելու վառարան:
Բերդավանում հաստատված յոթերորդ ընտանիքը եկել է Մարտունու Բերդաշեն գյուղից: Մհեր Մովսիսյանը ապրում է տիկնոջ և մոր հետ: Նրանք ցանկացել են և արդեն ունեն հավեր, գյուղատնտեսական գործիքներ, սառնարան և լվացքի մեքենա:
Տավուշի մարզի երրորդ գյուղը, որտեղ հասավ «Հույս» ծրագիրը, Բարեկամավանն է: Այս բնակավայրը Հայաստանի ծերացող և վերացող գյուղերից է, որն Ադրբեջանի հետ ունի երկար սահման և շրջապատված է երեք ադրբեջանական գյուղերով: Մի քանի փաստ միայն նշենք. 45 տարի առաջ դպրոցում սովորում էր 300-ից ավելի աշակերտ, այսօր միան 25: Ընդ որում, այդ 25-ը նոր է, մինչև արցախցի 6 ընտանիքների ժամանումը, դպրոցում սովորում էր միայն 15 աշակերտ:
Բարեկամավանը նաև լավ օրինակ էր այն բանի, թե ինչպես են մարդիկ խանդավառվում Ֆրեզնոյի հայերի ծրագրով և իրենք նույնպես նվիրատվություններ անում: Այս պահի դրությամբ ձևավորվել է բյուջե, որով հնարավոր կլինի ևս 8 ընտանիքներ տեղափոխել Բարեկամավան և նրանց տրամադրել նվազագույնը 1000 դոլարի օժանդակություն՝ տան վերանորոգում կամ ընտանի կենդանիների տրամադրում: Աշխատանքները կատարվում են գյուղի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանի հետ:
Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում է ծնվել Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը: Այս գյուղում հաստատվել են բռնի տեղահանված 7 ընտանիքներ:
Արամ Իսրայելյանը Ասկերանի Պատարա գյուղից է: Ընտանիքը բազմանդամ է՝ կինը և 5 երեխաները: Ծննդավայրում Արամը գյուղական գործերով է երեխաներին կերակրել՝ ձի է պահել, հավ, ճագար, հող մշակել: Այս ամենը, նաև տունը, այգին, հիշողությունները, նա թողել է Պատարայում: Արամը, սակայն, շարունակում է պահել բարությունն ու լավատեսությունը և նոր էջից կյանք է սկսել սահմանային Դավիթ Բեկ գյուղում:
«Հույս» ծրագրով Արամը ստացավ կով, մինչև գարուն հանելու համար խոտ և 1 մայր խոզ: Ե՛ւ կովը, և՛ խոզը Արամը գնեց իր հարևանից՝ Արա Մելքումյանից: Արան ամեն օր օգնում է իր նոր հարևանին:
Պայծառ Ղարաբեկյանը ևս 5 երեխաների ծնող է, ավագը 16 տարեկան, կրտսերը՝ 6 տարեկան: Ասկերանի Դահրավ գյուղից է տեղահանվել: Նախ մեկնել է Գյումրի, ապա եկել Դավիթ Բեկ: Ցանկություն ունի այստեղ հաստատվել: Չի թաքցնում, որ դժվարություն ունի 5 երեխաներին կերակրելու հարցում, քանի որ միայնակ մայր է: «Հույս» ծրագրով նա այսօր ստացավ հավեր, խոզեր և մի քանի ամիսների անասնակեր: Այս ընտանիքի օգնությունը, սրանով չի սահմանափակվելու:
Հինգ երեխաների հայր է Կարեն Հակոբյանը: Կարենը տիկնոջ և երեխաների հետ Դավիթ Բեկ է տեղափոխվել Ստեփանակերտից: Նա նախընտրեց ստանալ կով և մինչև գարուն հանելու համար խոտ:
Սյունքի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանային Դավիթ Բեկ գյուղում հաստատված արցախցիների հավաքատեղին գյուղապետարանի հարևանությամբ գտնվող Մարիետա Ներսեսյանի տունն է: Մարիետան ևս տեղահանվել է Դահրավ գյուղից: Մի քանի համագյուղացիների հետ նա Ստեփանակերտից Գորիս է հասել նույն մեքենայով, բռնի տեղահանության ճանապարհը տևել է գրեթե երկու օր: Դավիթ Բեկի նոր տանը նա ապրում է հոր և երկու աղջիկների հետ: Որդին՝ Ալբերտը, նոր է ամուսնացել Գորիսի Շինուհայր գյուղից Լուսինե Ավանեսյանի հետ և այլ տուն տեղափոխվել:
Ալբերտը նախընտրեց ստանալ խոզ և անասնակեր, իսկ մայրը՝ Մարիետան, 80 հավ և մի քանի ամիսների համար թռչնի կեր: Դավիթ Բեկում հաստատված բոլոր 7 ընտանիքները ստացան իրենց նախընտրած ընտանի կենդանիները:

Արցախից բռնի տեղահանվածների համար ընտանի կենդանիները գնվում են այն գյուղերից, որտեղ նրանք հաստատվել են, ինչը նշանակում է ուղղակի ներդրումներ գյուղական, սահմանային այդ բնակավայրերում:
«Հույս» ծրագիրը, Ֆրեզնոյի հայության ջանքները, Պերճ Աբգարյանի ու Վաչե Վասիլյանի նվիրվածությունը վարակիչ են Սփյուռքում բնակվող այլ կազմակերպությունների և անհատների համար: Երկու ամիսների ընթացքում, երբ ընթանում էր «Հույս» ծրագիրը սահմանային 4 գյուղերում, մի քանի կազմակերպություններ և անհատներ իրենց նվիրատվություներով օգնեցին Հայաստանում հաստատված արցախահայերին: Այս պահին մենք ունենք բյուջե, որով կարող ենք Բարեկամավան տեղափոխել, անվճար բնակարակով ապահովել և ընտանի կենդանիներ տրամադրել ևս 8-ից 10 ընտանիքների:
Թաթուլ Հակոբյան
Լրագրող, ԱՆԻ կենտրոնի համակարգող և «Հույս» ծրագրի կամավոր
Գլխավոր լուսանկարում՝ Դավիթ Բեկում հաստատված Արամ Իսրայելյանը 4 երեխաների հետ












