Այրում, Դեբեդավան, Պտղավան, Դեղձավան. խորհրդային ժամանակ Նոյեմբերյանի շրջանում հիմնված գյուղեր

10491

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի 4 բնակավայրեր հիմնադրվել են խորհրդային ժամանակներում: Դրանք են Այրում քաղաքը և երեք գյուղեր՝ Դեբեդավանը, Պտղավանը, Դեղձավանը:

ԱՅՐՈՒՄ

Այրումը հիմնադրվել է 1937 թվականին՝ պահածոների գործարանի կառուցման հետ միաժամանակ՝ որպես բանավան։ Գտնվում է Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու վրա՝ Դեբեդ գետի աջ ափից ոչ հեռու: Քաղաքի կարգավիճակ ունի: Բնակչության թվաքանակը 2500-ի սահմաններում է: Դեբեդ գետի ձախ ափին է գտնվում Այրում երկաթուղային կայարանը: Սահմանակից է Վրաստանին:

Այրումը Հայաստանի ամենացածրադիր քաղաքն է՝ ծովի մակերևույթից մոտ 500 մետր:

Այրում անունով երկու բնակավայր կա նաև քաղաքից ոչ հեռու, բայց Լոռու մարզում՝ Փոքր Այրում և Մեծ Այրում: Դրանց մասին կգրենք, երբ անդրադառնանք Լոռու մարզի բնակավայրերին: Այրում անունով բնակավայրեր կան նաև Ադրբեջանում՝ Նոյեմբերյանի շրջանին սահմանակից Ղազախի շրջանում: Մեկը կոչվում է Ղուշչու Այրում և սահմանակից է հայկական Ոսկեվան գյուղին, մյուսը՝ Բաղանիս-Այրում: Այս վեջինը սահմանակից է հայկական Բաղանիս գյուղին և 1990-ից գտնվում է հայկական վերահսկողության տակ:

ԴԵԲԵԴԱՎԱՆ

Դեբեդավանը գտնվում է Հայաստանի ծայր հյուսիս-արևելքում՝ Դեբեդ գետի աջ ափին: Նախկինում Դեբեդավանը կազմում էր Լալվար սովխոզի գործարանի մի մասը և մտնում էր Բագրատաշենի վարչական ենթակայության տակ: Դեբեդավան է վերանվանվել 1978-ին։ Բնակեցված էր ադրբեջանցիներով: 1988թ. ազգամիջյան դեպքերի պատճառով ադրբեջանցիները հեռացան, նրանց փոխարեն գյուղում հաստատվեցին Ադրբեջանից գաղթած հայ փախստականներ, ինչպես նաև՝ ուդիներ:

Դեբեդավանը Հայաստանի ամենացածրադիր գոտին է, ծովի մակերևույթից բարձր է 375-ից 400 մետրով: Գյուղը սահմանակից է Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերին: Բնակչության թիվը 700-ի սահմաններում է:

ՊՏՂԱՎԱՆ

Պտղավանը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին, սահմանակից է Վրաստանի ադրբեջանաբնակ Բուրմա և Թազաքենդ գյուղերին: Հիմնվել է 1948 թվականին՝ Այրումի պահածոների գործարանին կից պտղաբուծական և Արարատ տրեստին կից խաղողագործական սովխոզների միացումից: Նախքան 1988-ը բնակչության հիմնական մասը ադրբեջացիներ էին: Այսօր բնակչության գերակշիռ մասը հայ փախստականներ են Ադրբեջանից: Բնակվում են նաև ուդիներ: Բնակչության թիվը 900-ի սահմաններում է:

ԴԵՂՁԱՎԱՆ

Դեղձավանը գտնվում է Հայաստանի ծայր հյուսիս-արևելքում, սահմանակից է Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերին: Գյուղը հիմնադրվել է 1973թ. Նոյեմբերյանի շրջանի Արճիս գյուղի հողատարածքներում: Բնակիչները հիմնականում այստեղ են եկել Վրաստանի Ծալկայի շրջանից: Բնակչության թիվը մոտ 400 է:

Լուսանկարում՝ Պտղավան, հեռվում՝ Արճիս, լուսանկարը՝ Վահան Աբրահամյանի

Դիտել նաև՝