Անավարտ հոդվածներ

2099

Վերջին ամիսներին գրել չեմ կարողանում: Հուսամ, ժամանակավոր է: Նոր գրքերի, ֆիլմերի վրա աշխատում եմ, ստացվում է, շատ գոհ եմ, բայց հոդված չի ստացվում: Ուրեմն, 8 անգամ փորձել եմ, բոլոր 8 դեպքերում առաջին նախադասությունից հետո էլ չի ստացվել: Մտածում եմ՝ կարող է՞ ճիշտը հենց մեկ նախադասությամբ հոդվածներն են:

Ահա դրանք.

ա/Ազատագրված տարածքների մասին խոսողները ազատագրված տարածքներում երբեք չեն ապրել, լավագույն դեպքում՝ ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտե են ստեղծել ու յոլա գնացել:

բ/Հայ դատի մասին խոսողները նախընտրել են հայդատական ինդուստրիայի մաս կազմել ու երկու կոպեկ փող աշխատել, քան թողնել լուսավոր տունը և նոր կյանք սկսել ավերակների մեջ:

գ/Ընտանեկան արժեքների մասին խոսողները սովորաբար ամուսնալուծված են լինում կամ սիրեկան պահում, երբեմն՝ մի քանի:

դ/Պատերազմով հայրենիքը ընդարձակելու մասին խոսողները և ոչմիթիզական հայրենասերները պատերազմ չեն մեկնում, քանի որ միշտ ավելի կարևոր անձնական գործեր են ունենում:

ե/Ստամբուլը արյան բաղինք սարքողները խիստ մտահոգված են թուրք-հայկական սահմանի բացման սպառնալիքով, քանզի թշնամու աճեցրած լոլիկը կխեղդի հայրենական արտադրության վարունգին:

զ/Դիմացինին թուրք լինելու պիտակ կպցնող ռասիստները կյանքում առնվազն մեկ անգամ Անթալիայի արևայրուքն են վայելել, հիացել թուրքի սերվիսով ու թուրքական խոհանոցով:

է/Բանակի մասին բարձրաձայն խոսողները սովորաբար իրենց երեխաներին բանակից ազատում են ապօրինի ճանապարհներով, քանի որ նրանց երեխաները որակյալ կրթության կարիք ունեն:

ը/Հայ առաքելական եկեղեցուն Ստամբուլյան կոնվենցիայից պաշտպանողները հաճախ աթեիստական/կոմունիստական անցյալ ունեն:

Թաթուլ Հակոբյան

19 հունվարի, 2024թ