Հայկական զորքերը մտնում են Արտաշատ և Իգդիր. 1918-ի դեկտեմբերի 4

4365

1918 թվականի վերջերին, երբ Օսմանյան կայսրությունը պարտված ճանաչվեց Առաջին աշխարհամարտում, թուրքական զորքերը հեռացան նաև Հայաստանի գրավյալ հողերից: 1918-ի դեկտեմբերի 6-ին թուրքական զորքերից մաքրվել էր Արաքսի ձախ ափը՝ Ալեքսանդրապոլը՝ Գյումրին, Սարդարապատը, Ղամարլուն՝ Արտաշատը: Մեկ տարի անց՝ 1919-ի դեկտեմբերի 6-ին, Հայաստանում նշվել է Հայաստանը թուրք զինվորներից մաքրելու առաջին տարեդարձը, որի առիթով ճառ է ասել վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը: 11 ամիս անց թուրքերը, այս անգամ՝ քեմալականները, կրկին անցան Արաքսը և նոյեմբերի 6-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Մինչ այդ գրավել էին Կարսն ու Սուրմալուն:

ԱՆԻ կենտրոն

Նոր գավառների գրավումը

Դեկտեմբերի 4-ին մեր զորքերը գրավել են Էջմիածնի և Սարդարապատի միջև ընկած տարածությունը, ինչպես և Ուլուխանլու [Մասիս] կայարանը:

Մյուս օրը մեր զորքերը շարունակելով իրենց առաջխաղացումը, գրավել են Ղամարլուն [Արտաշատ]:

Իգդիրի ուղղությամբ մեր զորքերը գրավում են Մարգարայի շրջանը և Արաքսի կամուրջը: Մյուս օրը Մարգարայի ուղղությամբ անցնում են կամուրջը և գրավում Իգդիրը:

Այսպիսով, մեր զորքը թուրքերին կրնկակոխ անելով գրավեց Հայաստանի Հանրապետությանը պատկանող հողամասերը:

Դեկտեմբերի 6-ին մեր հանրապետության հողի վրա չկա թուրք և ոչ մի ասկյար:

Տեղական թուրքերը սիրով են ընդունում հայ զորամասերին՝ բաշխելով նրանց ամեն տեսակ մթերքներ:

Ժողովուրդ, թիվ 42, կիրակի, դեկտեմբերի 8, 1918

Լուսանկարում՝ Հայաստանի Հանրապետության մոտավոր տարածքը 1918-ի հունիսին