Կողբ (Կուլբի) և Բերդավան (Ղալաչա) գյուղերի պատմությունից դրվագ. 1770-ական թվականներ

3465

Գերմանացի գիտնական, երկրաբան Գիլդենշտետդը, որը ծառայության էր անցել Ռոմանովների Ռուսաստանում, 1770-ական թվականներին այցելել է տարածաշրջան և այսօրվա Նոյեմբերյանի շրջանով անցնելիս գրել Բերդավան և Կողբ գյուղերի, ինչպես նաև մի շարք այլ տեղանունների մասին:

Գերմանացի երկրաբանը Կողբը անվանում է Կուլբի, ինչը տարօրինակ չէ, հաշվի առնելով, որ մյուս Կողբը ևս՝ Արաքսի աջ ափին, այսօր՝ Թուզլուջան Իգդիրի շրջանում, ռուսերենում և եվրոպական լեզուներում կոչվել է Կուլբ/Կուլպ կամ Կուլբի ձևով:

Ի դեպ, հայ նշանավոր ժողովրդագիր Զավեն Կորկոտյանը ևս Կողբի այլ անվանում է նշում Կուլբի ձևը: 1831 թվականի մարդահամարի տվյալներով Կողբն ունեցել է 592 բնակիչ, բոլորը՝ հայեր:

Գիլդենշտետդը գրում է, որ Ղալաչա գյուղի բնակիչները կողբեցիներ են, որոնք առանձնացել են ու ամռանը քոչել են սարեր։ Գերմանացի երկրաբանը նկարագրում է բերդավանցիների գետնատները գյուղում, որոնք ամռանը դառնում են անմարդաբնակ, և վրանները՝ սարերում:

Ղալաչան Բերդավան է վերանվանվել 1982 թվականին: Զավեն Կորկոտյանը գրում է, որ 1831 թվականին գյուղն ունեցել է 1.078 բնակիչ, բոլորը՝ հայեր: Կորկոտյանի հատորում նշվում է, որ Ղալաչան մտել է Կողբի գյուղխորհրդի մեջ:

Ուշագրավ է, որ 1831-ին Կողբից գրեթե կրկնակի բնակչություն ունեցող Ղալաչան չի ունեցել առանձին գյուղխորհուրդ և մտել է Կողբի մեջ:

Լուսանկարում՝ Կողբը 1946 թվականին