Հայաստանի կառավարության դիմումը Անկարա. 3 նոյեմբեր, 1920թ

4379

1920թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի խորհրդարանը նրա նորընտիր ղեկավարի՝ Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ, հրավիրում է արտակարգ նիստ, որի ընթացքում ելույթ է ունենում վարչապետ Համո Օհանջանյանը:

«[Թուրք-հայկական] Ռազմական գործողությունները այնպիսի ընթացք ստացան, որ հայկական բանակի հրամանատարությունը ստիպված եղավ տաջիկ հրամանատարությանը զինադադարի առաջարկ անելու. հակառակորդի կողմից այդ առաջարկն ընդունվեց: Ռազմական գործողություններին զուգընթաց կառավարությունը չդադարեց դիմելու նաև դիվանագիտական միջոցների: Նախքան զինադադարի առաջարկ անելը կառավարությունը նոյեմբերի 3-ին հատուկ գրությամբ դիմում ուղարկեց Անգորայի կառավարությանը՝ առաջարկելով բանակցություններ սկսել և վերջնական հաշտություն կնքել Տաջկաստանի [Թուրքիա] և Հայաստանի միջև: Տարօրինակ զուգադիպությամբ, Անգորայի կառավարությունը նոյեմբերի 2-ին դիմել է [Հայաստանին], բայց կառավարությունը այդ գրությունը ուշ է ստացել: Որպեզի միանգամայն պարզվի ձեր առաջ դիվանագիտական բանակցությունների և զինադադարի ընթացքը, ես կկարդամ այն բոլոր գրություններն ու հեռագրերը, որոնք փոխանակվել են Հայաստանի կառավարության  և Անգորայի կառավարության ու տաճկական [թուրքական] ուժերի հրամանատարության միջև»:

Օհանջանյանը մեկ առ մեկ խորհրդարանին ու նախարարներին կարդալով ներկայացնում է Հայաստանի և քեմալականների միջև փոխանակված գրությունները:

—-

Տաճկաստանի ազգային մեծ խորհրդի կառավարությանը Անգորայում

3 նոյեմբեր, 1920թ

Տաճիկ և հայ ժողովուրդների բազմադարյա հարևան լինելը, Տաճկաստանի և Հայաստանի հանրապետության սահմանների ընդհանրությունը անպայման պահանջում են այդ պետությունների միջև խաղաղ հարաբերություններ, որոնց համար հիմք պիտի ծառայեն փոխադարձ հարգանքը և յուրաքանչյուր երկրի կենսական շահերը:

Իր բոլոր հարևանների հետ Հայաստանը ձգտում է այդպիսի հարաբերությունների և բոլորի հետ էլ գտնվում է խաղաղ հարաբերությունների մեջ:

Հայաստանի կառավարությանը և ժողովրդին հայտնի է Ազգային Մեծ ժողովի հայտարարություններից, որ և տաճիկ ժողովուրդը  և Ազգային Մեծ ժողովը ընդունելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, մյուս քաղաքակիրթ ժողովուրդների հետ ճանաչել են Հայաստանի հանրապետության խաղաղ և անկախ գոյության իրավունքը:

Այդ բոլորը աչքի առաջ ունենալով՝ Հայաստանի ժողովրդի և կառավարության համար միանգամայն անհասկանալի և անսպասելի է ձեր զորքերի առաջխաղացումը դեպի Հայաստանի սահմանները, առանց բացատրելու պատճառները և նպատակները, մանավանդ ձեր կառավարության կատեգորիկ հայտարարությունից հետո՝ չանցնել օսմանյան պետության սահմանները: Իբրև առաջխաղացման արդյունք կատարվում է անօգուտ արյունահեղություն:

Ստեղծված կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությամբ, Հայաստանի կառավարությունը դեռ հոկտեմբերի 8-ին յուր լիազորի միջոցով Պոլսում աշխատել է ձեզ մոտիկ տաճկական շրջաններում իմանալ սկսած արշավանքի պատճառները և գտնել փոխադարձ համաձայնության ուղի: Այժմ նույն զգացումներից դրդված , Հայաստանի կառավարությունը անմիջապես դիմում է Ազգային Մեծ ժողովին  գալ փոխադարձ համաձայնության և հասկացողության ուղու վրա:

Համոզված լինելով, որ այդպիսի ճանապարհը կարող է և պիտի գտնվի, Հայաստանի կառավարությունը խնդրում է ձեր կառավարությանը նշանակել մեր և ձեր ներկայացուցիչների տեսակցության տեղն ու ժամանակը, որոնք կարող պիտի լինեն պարզել ընդհարումների պատճառները և գտնել խաղաղ համաձայնության ուղիները:

Սպասելով ձեր պատասխանին, ընդունեք հարգանքներիս հավաստիքը:

Արտաքին գործերի նախարար՝ Համո Օհանջանյան

Յառաջ, ՀՅԴ, թիւ 250, Կիրակի, 14 Նոյեմբերի, 1920թ.

Լուսանկարում՝ Հայաստան-Թուրքիա փակ սահմանը Մարգարա-Ալիջան հատվածում այսօր