Երևանի «պաշարումը» և զորավար Անդրանիկի զորքով վերադարձը Էջմիածին՝ 1919թ ապրիլ. Սիմոն Վրացյան

1183

Այս գրությունը, որպես տողատակ, տեղ է գտել ՀՀ չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» հատորում:

Բաթումի դաշնագրից հետո Անդրանիկը, ունենալով իր հետ մոտ 3000 հետևակ, 700 ձիավոր, 150 թնդանոթաձիգներ, 80 գնդացիրավորներ, 1 դաշտային և 3 լեռնային թնդանոթ, 40 ուղտ, 15 սայլ և մի քանի տասնյակ հազար գաղթականներ՝ Նոր Բայազետի, [բնագրում՝ Դարալագյազի] ու Ջուլֆայի վրայով անցել էր Խոյ՝ անգլիական բանակի հետ միանալու հույսով: Հունիսի 21-ին, թուրքերի հետ կռվի բռնվելով Սեյդավար գյուղի մոտ ու մոտ 150 սպանված ոը գերի տալով՝ նահանջել էր Ջուլֆա, ապա Նախիջևան, որտեղ փորձել էր կազմակերպել հայկական ինքնապաշտպանությունը: Այստեղից էլ, սովից, հիվանդություններից ու թուրքերից նեղված՝ Ողջիի հովտով [բնագրում՝ Օխչի չայ], անցել էր Ղափան:

[1919թ] ապրիլին Անդրանիկը մտավ Երևանի գավառը: Հայաստանի կառավարությունը նրան ընդառաջ ուղարկեց ներքին գործոց նախարարի օգնական Ս. Մանասյանին և Երևանի զորամասի պետ Դրոյին՝ բարի գալուստ մաղթելու և Երևան հրավիրելու համար: Անդրանիկը ջղայնացած ու լուտանքներ թափելով կառավարության գլխին՝ մերժեց մտնել «թուրքերի ձեռքով ստեղծված Հայաստանի» մայրաքաղաքը և, ինչպես գրված է իր հրատարակած «Կովկասյան ճակատի պատմական օրագրության» մեջ (էջ 137), «առանց Երևան մտնելու և դավաճանների երեսները տեսնելու», անցավ Էջմիածին:

Ապրիլի 19-ը Զատկի նախօրյակ էր, և Երևանի շուկան լիքն էր գյուղացիներով, քաղաքի բնակիչներով, զինվորներով: Մեկ էլ, կշեռքի տակ, ինչ որ վեճ ու կռիվ է սկսվում Անդրանիկի կամավորների ու երևանցի զինվորների միջև: Անդրանիկի զինվորներից մեկը վիրավորվում է, մեկ ուրիշը շտապում է Էջմիածին՝ հաղորդելու «փաշային», թե Երևանի կառավարությունը հրաման է տվել կոտորելու կամավորներին, որոնցից մի քանիսն արդեն սպանվել են Երևանի շուկայում:

Անդրանիկը կրակ է կտրում: Հրամայում է անմիջապես հավաքել բոլոր զինվորներին, դասավորում է և հետևակով, ձիավորով, թնդանոթով ու գնդացիրով արշավում Երևանի վրա: Կեսօրին Երևանի բլուրներին, այգիների հետևում երևում են Անդրանիկի առաջապահները: Շուտով հասնում է և ինքը: Բլրի գլխին տնկում է դաշնակիցների դրոշակները, թնդանոթների բերեններն ուղղում մայրաքաղաքի վրա, դիրքեր բռնում և պատգամավորների միջոցով կառավարությունից բավարարություն ու հանցավորների պատիժ է պահանջում, հակառակ պարագայում սպառնալով ռմբակոծել քաղաքը…

Կարելի է երևակայել, թե ինչ զայրույթ ու վրդովում առաջ եկավ կառավարական ու զինվորական շրջաններում ու քաղաքի բնակչության մեջ: Զորավարներ Նազարբեկյանն ու Հախվերդյանը արտոնություն խնդրեցին՝ զենքի ուժով վերջ տալու խայտառակությանը: Կառավարությունը, սակայն, տատանվում էր: Չէր ուզում եղբայրասպան ընդհարումների տեղիք տալ: Եւ միայն ամերիկյան ներկայացուցչի ու հայ հոգևորականներին մեջտեղ բերելով, երեկոյան դեմ, Երևանի «պաշարումը» վերացվեց, և Անդրանիկը իր զորքով վերադարձավ Էջմիածին:

Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», 1958, Բեյրութ, էջ 329-330