Կեանքիս ամենադժբախտ օրը եւ երջանկութեանս րոպէն. Կարսի անկումը, Գարեգին Յովսէփեանի յուշերը

3994

Այդ օրը 1920 թուի Հոկտեմբերի 30ն էր։

Կարսի անկման օրը։

Հայաստանի տաղանդաւոր եւ մեծ ճարտարապետ [Ալեքսանդր] Թամանեանի եւ Աշխարբէգ Քալանթարի հետ մենք երրորդ անդամն էինք Հայաստանի Հանրութեանց Պահպանութեան Կոմիտէի, լինելով միեւնոյն ժամանակ նորաբաց համալսարանի պատմա-լեզուաբանական ֆակուլտէտի հայ արուեստի ուսուցչապետ։ Գիտական աշխատանքի մեծ ասպարէզ էր բացուած մեր առաջ։ Ամառը եղել էինք Անիում Թամանեանի հետ, կազմակերպել էինք հնագիտական արշաւի խմբեր, ծրագրել էինք ճարտարապետ-արուեստագէտ-հնախոյզ [Թորոս] Թորամանեացին նշանակել Անիի աւերակների հսկիչ, շինելով քաղաքի պարիսպներից դուրս ընդարձակ բնակարան եւ հիւրանոց գիտական աշխատաւորների եւ այցելուների համար։ Հայագէտ պրոֆ. [Նիկողայոս] Մառի, նորա աշակերտ [Հովսէփ] Օրբէլիի (ներկայ նախագահը Գիտութեանց Ճեմարանի Հայաստանի ճիւղի) եւ այլ աշխատակիցների օգնութեամբ պեղումներից հանուած իրերը դասաւորուած էին երկու շենքերի մէջ։ Թէեւ 1918 թուին հայ-տաճկական [թուրքական] պատերազմի ժամանակ Անի գիւղի թուրքերը մեծ վնաս էին պատճառել թանգարաններին, յատկապէս յախճապակեայ անօթները փշրելով եւ ձորը թափելով, բայց Աշխարբէգի աշխատութեամբ մասամբ հաւաքուած էին նրանք։ Նոր պեղումները նոր, մշակութային հարստութիւններ կը բերէին։

Այժմ Հայաստանը մե՛րն է մի կարեւոր մասով. դեռ յոյս ունինք, թէ աւելի պիտի ընդարձակուի…։ Գիտական ուժերը սկսում էին հաւաքուել համալսարանի շուրջը, որ առաջին կիսամեակի ժամանակավոր պանդուխտութիւնից՝ Ալեքսանդրապոլից՝ Երեւան պիտի փոխադրուէր, հետզհետէ ընդարձակուելով եւ ուրիշ գիտութիւնների ֆակուլտէտներով։

Անիում այդ ամառ երիտասարդ նկարիչ [Ստեփան] Թարխարարեանի ձեռքով արտանկարել էինք տուել Լուսաւորիչ եկեղեցու պատերից պատմական նշանակութիւն ունեցող եւ Լուսաւորչի կեանքի եւ աւանդութիւնների հետ կապուած որմնանկարներ, որպէս առաջին աշխատանք Երեւանում պատմա-հնագիտական-գեղարուեստական թանգարանի սկզբնաւորութեան, որի համար ժամանակի վարչապետ Հ[ամո] Օհանջանեանը խոստացել էր ամենայն օգնութիւն։ Էջմիածնում արդէն համեստ չափով սկսուած էր նման աշխատանք նոյնիսկ պատերազմի ընթացքում։ Սենեքերիմ Տ[էր] Յակոբեանի հետ յաջողուել էր մեզ հաւաքել եւ գնել ազգագրական եւ ժողովրդական արուեստի բաւականաչափ նիւթեր։ Նկարիչ Ֆեթֆաճեանի, [Վրթանէս] Ախիկեանի, [Յակոբ] Կոջոյեանի եւ այլոց ձեռքով այդ հաւաքած իրերից պատրաստել էինք տուել մօտ 65 գունազարդ պատկերներ, հայ տարազն ու զարդարանքը,- 1915-1916 թուերին Էջմիածնի պարիսպների տակ՝ պատերազմի եւ սովի հետւանքով ոչնչացած հազարաւոր թանկագին կեանքերի։

Հնագիտական արշաւներից մէկի ղեկավարը Աշխարբէգ Քալանթարն էր, որ պէտք է աշխատէր Տիկորի եւ Բագարանի շրջանում. Թորամանեանը յատուկ աշխատանք պիտի կատարէր Անիում, իսկ մենք ճարտարապետ Եղիազարեանի եւ ուրիշների հետ ընտրել էինք Կոտայքի շրջանը, մէկը Ուրարտական եւ քրիստոնէական յիշատակներով հարուստ վայրերից, Երեւանից դէպի արեւելք ընկած։ Բաւական է յիշել, որ այնտեղ ունէինք բեւեռագիր լաւ պահուած մի արձանագրութիւնը, թէեւ յայտնի, բայց ոչ լուսանկարած կամ էստամբաժով հանուած, Ուրարտական բերդերի մնացորդներ, Հռիփսիմէի տաճարի տիպի երկու աւերակներ, որոնցից մէկը Զ. դարի վերջերին կամ Է.-ի սկզբում Մովսէս կաթողիկոսի հակաթոռ Յոհան Կարնեցու ձեռքով շինուած գմբեթաւորի եւ բազիլիկայի միացման ամենահին յիշատակներից մէկը, որ բանալի էր հանդիսանում հայ ճարտարապետական արուեստի որոշ երեւոյթներ հասկանալու եւ բացատրելու։ Ունէինք բազիլիկ շէնքի հետ կապուած խոյակների մնացորդներ, Դանիէլը երկու առիւծների մէջ քանդակներով, կրկնայարկ եւ գմբեթաւոր եկեղեցիներ, բազմատեսակ խաչքարեր, բանասիրութեան դեռեւս անյայտ արձանագրութիւններ, եւն.։ Մեր արշաւը ընդհատուեցաւ Սեպտեմբերի 20-ից յետոյ, անակնկալ մի արկածի հետեւանքով, բայց գոհ՝ մեր ձեռք բերած արդիւնքով։

Մեր սիրտը խայտում էր ցնծութեամբ, լցուած մեր ժողովրդի մտաւոր, հոգեոր եւ մշակութային կեանքի վերածնութեան տեսիլքով։ Լայն եւ ընդարձակ էր հորիզոնը բոլոր մտաւոր, գիտական, գեղարուեստական աշխատաւորների համար։ Անմահ Խորենացու խօսքը յարմար էր եւ այս ուղղութեամբ. «Սահմանք քաջաց՝ զէն իւրեանց, որչափ հատանի՝ այնչափ ունի»։ Անցեալ վեցամսեակին, համալսարանում դասախօսել էինք Հայ Հնագիտութեան (Paleographie) մասին. այս սեմեստրում պիտի խօսէինք Հայ արուեստի պատմութեան, մասնաւորապէս հայ մանրանկարչութեան մասին։ Պէտք էր ամփոփուիլ եւ նախապատրաստուիլ մինչեւ դասախօսութիւների սկզբնաւորութիւնը։

Բ.

Բայց…

«Շաբաթը շուտ էր եկել, քան ուրբաթը»։

Մեզ համար բոլորովին անսպասելի էր Երեւանում լսել, թէ Հայաստանը պատերազմի մէջ է տաճիկների [թուրքերի] հետ։ Լեռներում, տարուած մեր աշխատանքով, կտրուած էինք կեդրոնների հետ հաղորդակցութիւն ունենալուց։ Յիշուած արկածի հետեւանքով, թէեւ ոչ բոլորովին կազդուրուած, բայց անկարող էինք հանգստանալ, իմանալով, որ մեր նորածագ ազատութեան եւ պետական կեանքով ապրել սկսած հայրենիքին նոր վտանգ է սպառնում տաճիկների կողմից եւ թէ բոլորովին յաջող չեն մեր գործերը Սարիղամիշի եւ Օլթիի շրջաններում։ Ուստի եւ առանց այլեւայլութեան ունկնդրութիւն խնդրեցինք Հայաստանի կառավարութեան նախագահ պ. [Ավետիք] Սահակեանից [վերջինս եղած է Հայաստանի խորհրդարանի նախագահ եւ ո՛չ կառավարութեան նախագահ՝ վարչապետ-խմբ. ԱՆԻ-ի], աւելի մանրամասնութիւններ իմանալու։ Նորա հաղորդած ընդհանուր եւ կցկտուր խօսքերից այն տպաւորութիւնն ստացայ, թէ կառավարութիւնը շատ մտահոգուած է ստեղծուած կացութեամբ, բայց անյոյս չէ լաւագոյն ելքի համար։ Հասկանալի էր այդ մտահոգութիւնը, որպէս հետեւանք Սեպտեմբեր 14-ի տաճկական յարձակման։ Սարիղամիշը, Օլթին, Մերդենեկը եւ Կաղզուանը անցել էին թշնամու ձեռքը. մերոնք յետ էին քաշուել նոր դիրքերի վերայ։ Այս առաջին անյաջողութեան տպավորութիւնը ավելի զօրացած էր Բասենի եւ Սարիղամիշի ժողովրդի փախստեամբ դէպի երկրի խորքերը։

Մենք առանց տատանուելու յայտնեցինք մեր պատրաստակամութիւնը ճակատ գնալու եւ խրախուսելու զօրքերին եւ ժողովրդին հայրենիքի պաշտպանութեան գործում, ինչպէս այդ կատարել էինք 1918 թուականի պատերազմին, յատկապէս Սարդարապատի ճակատամարտի մէջ։ Նա իւր ուրախութիւնը յայտնեց, խոստանալով խօսել այդ մասին կառավարութեան հետ։ Հետեւեալ օրն արդէն լուր էր տպուած թերթերում։ Բայց մեզ պէտք էր նախ Էջմիածին գնալ, մեր որոշումը յայտնել Տ. Գէորգ Ե. Կաթողիկոսին եւ նորա օրհնութիւնը խնդրել։ Մի քանի օրից արդէն Երեւան էինք եկել, այնտեղից Ալեքսանդրապոլ եւ ապա Կարս գնալու համար։

Ալեքսանդրապոլում տեսնուեցանք մեր բարեկամ գեներալ [Մովսես] Սիլիկեանի հետ, ծանոթացած անցեալ պատերազմի ժամանակ: Օգտակար համարուեցաւ ժողովրդի եւ այստեղ եղած զօրքի ոգին բարձրացնելու համար մի թափօր կազմակերպել, քաղաքի գլխաւոր փողոցներով, Աստուածածին մայր եկեղեցուց մինչեւ քաղաքային տունը։ Թափօրին մասնակից էին քաղաքի չորս եկեղեցիների քահանայութիւնը շուրջառներով, քշոցակիրներով եւ բուրվառակիրներով, որոնց գլուխն էինք անցած մենք եպիսկոպոսական լիակատար զգեստաւորութեամբ, գաւազանով եւ խաչը ձեռքներիս։ Եպիսկոպոսական շքանշանների հետ կուրծքիցս կախ էր եւ քաջութեան նշանի ժապաւէնը, որ ստացել էինք Սարդարապատի ճակատում մեր բերած մասնակցութեան եւ ծառայութեան համար։ Մեր յետեւից ընթանում էր զինուորական դասը գեներալ Սիլիկեանի գլխաւորութեամբ եւ զինուորական երաժշտութեամբ։ Համընթաց էր հազարաւոր ժողովրդի բազմութիւնը փողոցների երկու կողմից։ Քաղաքային տան առաջ կանգ առաւ թափօրը եւ մենք քահանայական դասի հետ անդաստան եւ մաղթանք կատարեցինք մեր յաղթութեան համար, որից յետոյ մի ճառով բացատրեցինք մեր պատերազմի էութիւնը, հայրենիքի պաշտպանութեան եւ փրկութեան իմաստով։ Թափօրի տպաւորութիւնը մեծ էր. Պարոյր Լեւոնեանը, աշուղ Ջիւանի երկրորդ որդին, Գարեգին Լեւոնեանի եղբայրը, որ ժամանակաւորապէս նահանգապետի պաշտօնն էր կատարում, եւ որին փոխարինեց Կ[արօ] Սասունին, իւր խորին գոհունակութիւնն էր յայտնում, խոստանալով զեկուցանել այս մասին կառավարութեան։

Գ.

Չենք յիշում ո՞ր օրը. Հոկտեմբերի առաջին օրերը ուղեւորուեցանք դէպի Կարս։ Միջանկեալ կերպով յայտնենք, որ ձեռքի տակ չունենալով մեր նկատողութեան տետրակը, բոլոր օրերն ու ամսաթուերը յիշել չենք կարող։ Ներկայ յօդուածի համար այդ կարեւոր էլ չէ. մենք պատմութիւն չենք գրում այստեղ, այլ դէպքերի հետ կապուած տպաւորութիւնները եւ հոգեկան ապրումներ, վերնագրի իմաստի համաձայն։ Ճանապարհին ուշացանք, եւ գիշեր էր, երբ Կարսի երկաթուղու կայարանը հասանք։ Չկամենալով գիշերանց անհանգիստ անել գեներալ [Դանիէլ-Բէկ] Փիրումեանին, որ բերդապահն էր եւ ճակատի գլխաւոր հրամանատարը, մանաւանդ բոլորովին անծանօթ քաղաքի եւ բերդի տեղագրութեան, մնացինք կայարանում, որ բաւական նեղութիւն եղաւ ցրտից եւ կայարանը լցուած մեծ բազմութեամբ, որպէս հետեւանք Սեպտեմբերի 29-ին Բէգլի-Ահմէտի եւ Նովո-Սելիմի կողմից թշնամու կատարած նոր յարձակման։ Բայց պարտաւոր էինք տոկալ ոչ միայն այդչափ, այլ եւ շատ աւելին մեր յանձն առած պարտաւորութեան բերմամբ։

Սակայն ի զուր չանցաւ այդ գիշերը, որ առիթ եղաւ շանօթանալու ժողովրդական կարծիքների եւ ճնշուած տրամադրութեան հետ։ Երկմտութեան եւ մասամբ յուսալքութեան ոգին փռել էր իւր թեւերը ժողովրդի բացասական հոգեբանութեան վերայ։ Ոմանք չէին քաշւում ասելու, թէ այս պատերազմը պիտի վերջանայ մեր պարտութեամբ։ Առաւօտեան միայն հեռախօսով իմաց տուինք գեներալ Փիրումեանին մեր գալուստը։ Կարճ ժամանակից յետոյ երեւեցաւ գնդապետ Վահան Տէր Առաքելեն, Էջմիածնի Ճեմարանի նախկին սաներից մէկը եւ մեր աշակերտը, ռուսական ճակատին արժանացած քաջութեան սպայական շքանշանին, եւ այժմ գեներալ Փիրումյանի սպայակոյտի (շտաբի) պետը։ Նորան ընկերացած էր գեներալի որդին, երիտասարդ սպայ պարուչիկի աստիճանով։ Մեր ջերմ ողջագուրանքից  յետոյ գեներալի հետ, նստեցինք նախաճաշելու. Ալեքսանդրապոլից դուրս գալուց սկսած, անօթի էինք։ Խօսակցութիւնը, բնականաբար, ճակատում տիրող կացութեան մասին էր։

Գեներալ Դանիէլբէգ Փիրումեանին մենք ոչ միայն ծանոթ էինք, այլ եւ բարեկամ։ Նա Ղարաբաղցի էր կամ հին Հայաստանի Արցախի նահանգից, Վարանդա գաւառակի Նախիջեւանիկ գիւղից, Շուշի քաղաքից ոչ հեռու։ Մէկն էր նա Փիրումեանների ազնուական ընտանիքի զաւակներից, որոնց յատուկ էր զինուորական ծառայութեան մէջ մտնել։ Գեներալի աստճան ունէր նորա եղբայրը կամ հօրեղբօր որդին՝ Պաւէլ Փիրումեանը. մի այլ ազգական գնդապետ էր, որին կը հանդիպենք մենք Սմբատի կամաւորների բանակի մէջ։ Զինուորական ծառայութեան մէջ էին եւ նորա երկու որդիքը։

Տաճիկների հետ մեր առաջին պատերազմի ժամանակ, 1918 թուին, նորան ծանօթացել էինք Իգդիրի ճակատում, բայց մտերմացել Սարդարապատում։ Նորա հռչակը բարձրացել էր, յատկապէս, այդտեղ տարած յաղթութեամբ. իսկ մենք ճառերով եւ խրախոյսներով ոգեւորել էինք զօրքին ճակատում եւ խրամատներում, եւ համարուել իբրեւ նպաստող յաղթութեան, արժանանալով քաջութեան Գէորգեւսկի շքանշանին, որի ժապավէնը կրում էինք  զօրքի մէջ երեւալիս։ Ժպիտով նա մեզ «Ղեւոնդ երէց» էր անուանում, իսկ մենք նորան «Վարդան սպարապետ»։ Սարդարապատի յաղթութեան հետեւանքով աւագ զօրավարութեան աստճան էր ստացել, եւ զինադադարից յետոյ՝ Կարսը մեր ձեռքն անցնելով, նշանակուած էր բերդապահ։ Դորա հետ այժմ, ստացել էր եւ Կարսի ճակատի հրամանատարի պաշտօնը, ենթակայ ունենալով Գեներալ Յովսէփեանին, որ կեդրոնական ճակատի անմիջական վարչն էր։

Երկու խօսքով, առանց մանրամասնութիւնների մէջ մտնելու, գաղափար տանք զինւորական կազմակերպութեան կարգաւորութեան մասին։ Զինուորական մինիստրից յետոյ, որ Ռուբէն Տէր Մինասեանն էր, ընդհանուր հրամանատարն էր կամ «սպարապետը», ինչպէս սկսել էին կոչել, Գեներալ Նազարբէգեանը, կեդրոն ունենալով Երևանը, եւ օգնական գեներալ Հախվերդեանը, շտաբի պետ գնդ. Վէքիլովը, որ զինուորական բարձր կրթութիւն ունէր, եւ հեղինակութիւն էր համարւում ամբողջ բանակում։ Երկրորդն էր գեներալ Փիրումեանը, Կարսի ճակատի վրայ։ Աջ թեւի կամ Սուրմալուի կողմերի հրամանատարն էր Դրոն իւր սպաներով, ձախ կողմինը գնդապետ Ղորղանեանը, ձեռքի տակ ունենալով Սմբատի կամաւորական գունդը, գնդ. Փիրումեանի օգնականութեամբ։ Այսպէս էր, գոնէ, երբ մենք Կարսի ճակատումն էինք։

Կարսում մեր առաջին գործն եղաւ մի քանի այցելութիւններ կատարել, նահանգապետ Ղորղանեանին, քաղաքագլուխ Նորհատեանին եւն.։ Իսկ առաջին Կիրակին հանդիսաւոր պատարագ մատուցինք պատմական [Առաքելոց] Մայր Եկեղեցում. մի եկեղեցի, որ փոփոխական կեանք է ունեցել իւր շինութեան օրերից սկսած, հայ ժողովրդի նման։

Տաճարի շինողն էր Աբաս՝ Կարսի թագաւորը, «վիմարդեան արձանօք, որձաքար պողովատաշ վիմօք՝ բոլորապէս գմբէթաւորեալ պայծառ զարդուք երկնանման խորան» ըստ Ասողիկ ժամանակակից պատմիչի։ Յիրաւի ուշադրութեան արժանի մի եկեղեցի իւր բոլորակ ձեւով, թէպէտ ոչ շատ մեծ, բայց մեծածաւալ գմբեթով։ Հազիւ վերջացրած շինութիւնը՝ Աբաս հեգնական լուր է ստանում Ափխազաց Բէր թագաւորից որ դէպի Հայաստան էր արշաւել, չօրհնել եկեղեցին «ըստ ուղղադաւան հաւատոյ սրբոյն Գրիգորի», որովհետև պիտի գար ինքը եւ «Քաղկեդոնական սահմանաւն» կատարէր օրհնութիւնը։ Բայց Աբաս՝ քաջաբար յարձակւում է նորա վրայ, գերի բռնում Կուր գետի ափին, Կարս բերում եւ ցոյց տալով եկեղեցին ասում է. «Տեսցես զգեղեցկաշէն եկեղեցիդ, զի այլ ոչ տեսանելոց ես», եւ փորել է տալիս նորա աչքերը։ Օսմանեան տիրապետութեան ընթացքում եկեղեցին փոխարկուել էր երկար ժամանակ մզկիթի, ռուսաց տիրապետութեամբ դարձել էր նրանց մայր եկեղեցին, եւ ապա նորից մզկիթի փոխարկուել տաճիկների 1918 թուի տիրապետութիւնից յետոյ, վերջապէս հայոց ձեռքն անցել զինադադարից եւ Կարսը մեր ձեռքը անցնելուց յետոյ։ Ահա պատմական այդ նշանաւոր եկեղեցու մէջ էր, որ հայ զինուորական եւ քաղաքացիական ամբողջ պաշտօնէութեան եւ ժողովրդի ներկայութեամբ պատարագ մատուցինք, պատշաճ քարոզ խօսեցինք, մտքերը յարմարացնելով եկեղեցու պատմութեան եւ ապա մաղթանք կատարեցինք հայ զօրքի յաղթութեան եւ հայրենիքի փրկութեան համար։

Գրեթէ երկու շաբաթ, Բէգլի-Ահմէդի տաճկական յառաջխաղացումից յետոյ, սկսել էր հանդարտել ժողովրդական յուզուած տրամադրութիւնը. քաղաքում մինչեւ իսկ խօսողներ կային, որ ոչինչ է թուրք զօրքի թիւը եւ չեն համարձակի քաղաքին մօտենալ։ Եթէ չենք սխալւում Հոկտեմբերի 10-ին էր, որ առաջին անգամ Կարսի կայարանում երեւեցանք զօրքին։ Զօրահաւաք էր նշանակուած մինչեւ 37 տարեկան հասակը, եւ հետզհետէ նորակոչիկները Կարս էին ուղարկում, այդտեղից ճակատի մէջ տեղաւորելու։ Կայարանի առաջ հաւաքուած էին վաշտերը իրենց սպաներով, զինուորական շարքով, եւ երբ կարգը մեզ հասաւ, ձիու վերայ նստած, վեղարը գլխներիս, խաչը ձեռքներիս, մեր խօսքն ասելու եւ օրհնելու ճակատ գնացող վաշտերին, նկատելի եղան փոքրիկ դէպքեր, որոնք չարագուշակ նշաններ պիտի համարուէին գալիք անյաջողութիւնների հասկացողութեան համար։

Զօրքի արտաքինը լաւ էր. մաքուր հագնուած եւ զինուած անգլիացիներից ստացած հագուստով եւ հրացաններով, բայց մի կարեւր մասը բոլորովին անվարժ գիւղացիներից կազմուած։ Ակնատես եղանք, թէ ինչպէս մեր խօսելու ժամանակ մի քանի զինուորների ձեռքից հրացանը վայր ընկաւ, ակնյայտի ապացոյցը նրանց անպատրաստութեան։ Կարսի անկումից յետոյ՝ խօսւում էր, թէ այդ զինուորներից շատերը առիթ չունեցան վարժուելու իրենց տրուած զէնքի գործածութեան մէջ, եւ թէ նոյն իսկ սպաներից ոմանք դեռ չէին թափանցել նոր զէնքի գործածութեան գաղտնիքներին, որպէսզի սովորեցնել կարողանային իրենց ենթարկեալ զինուորներին։ Գուցէ, այս չափազանցութիւն լինէր ընդհանրապէս, բայց իրողութեան հակառակ չէր որոշ մասերի համար։ Իհարկէ, կային եւ հին զինուորներ վաշտերի մէջ, թրծուած պատերազմի դաշտում, բայց նրանք էլ յոգնած նախընթաց պատերազմների եւ հայ-թուրքական տեղական, երկարատեւ ընդհարումների մէջ։

Երկու օր յետոյ անցանք Վլատիկարս ռուսական աւանը, որ գտնւում էր Կարսից Սարիղամիշ տանող խճուղու վերայ, մօտաւորապէս 10-12 մղոն դէպի արեւմուտք Կարսից։ Մենք տեղաւորուեցանք բժշկական կայանում, ուր ընդունւում էին ճակատում վիրաւորուածներին եւ առաջին օգնութիւնը հասցնելուց եւ վէրքերը կապելուց յետոյ, Կարս էին փոխադրում։ Ականատես եղանք այնտեղ մի քանի աղջիկների անձնուէր ծառայութեան վիրաւորների եւ հիւանդների հոգածութեան մէջ, յատկապէս նրանց գլխաւորը, որ Կարսի քահանաներից մէկի աղջիկն էր։

Հետեւեալ օրը եռ ու զեռի մէջ էր աւանը. զգալի էր, որ մի նախապատրաստութիւնը էր կատարւում մերձաւոր օրերի ընդհարման համար։ Այստեղ էլ մեր օրհնութիւնը տուինք եւ խրախուսեցինք դէպի անմիջական ճակատն անցնող զօրքին, որ ըստ ասութեան, մեծագոյն մասը Տփխիսի [Թիֆլիս, Թբիլիսի] եւ Լօռիի կողմերից էին եկած, եւ որպէս թէ նրանց մէջ խառն էին եւ բոլշեւիկներ, որ մտել էին զօրքի մէջ պրոպագանդ մղելու համար։ Հոկտեմբերի 14-ին որոշուած էր մերոնց յարձակումը, յուսալով, թէ այս անգամ կարող կը լինենք թշնամուն յետ մղել, մեր զօրքերի թուական առաւելութիւնն ի նկատի ունենալով, ինչպէս կարծւում էր, բայց ընդհակառակն եղաւ։

Սկզբում ամենքի տրամադրութիւնը լաւ էր։ Այստեղ եղած թուով քիչ զինուորականների եւ պատերազմի հետ կապուած ժողովրդականների հետ, մենք էլ երկու մղոնի չափ առաջ էինք գնացել եւ սրտատրոփ սպասում էինք բարի լուրի։ Մեր երկու օդանաւերից մէկն էլ ճախրում էր բլուրներից բարձր, որոնք ծածկում էին մեր աչքերից բուն ճակատի շարժումները, Բէգլի-Ահմէդի եւ Նովո-Սէլիմի կողմերը։ Երեկոյեան դէմ ընդհանուրի տրամադրութիւնը ճնշուած էր. չկար մէկը, որից լուր առնել կարողանայինք, ձի էլ չունէինք մեր տրամադրութեան տակ։ Ստիպուած էի, ոտքով, մի քանի մղոն, գրեթէ վազելով, դէպի երկաթուղու գիծը գնալ, ուր ղեկավարութեան կայանն էր։ Բայց ոչ ոքի չկարողացայ տեսնել, բացի մի երիտասարդ ռուս սպայից մեր ծառայութեան մէջ, որ մեզ չճանաչելով, տրամադիր չէր խօսելու. հազիւ միայն կարողացանք իմանալ, որ մեր գործը յաջող չէ։ Ճակատի ղեկավարողը գեներալ Յովսէփեանն էր, որ սպայի ասելով աւելի առաջ էր գնացել, գուցէ եւ այնտեղ էր, բայց այդ նեղ րոպէին չկամեցաւ մեզ ընդունել։ Ստիպուած էինք կրկին ոտքով Վլադիկարս գալ. Նկատում էի թէ ինչպէս մերոնք դաշտից դէպի մի բլուր էին բարձրանում ձախ թեւի վերայ, որ շատ հեռու չէր մեզանից։ Գրէթէ մութ էր, երբ աւանը հասանք եւ իմացանք. մերոնք փոխանակ դէպի յառաջ խոյանալու, դարձեալ տեղի են տուել թշնամուն։

Յետոյ միայն յայտնուեցաւ, որ մեղաւորը հինգերորդ գնդի երկու վաշտերն են եղել, որ առանց հրամանատարներին լսելու, յետ են քաշուել, շփոթութիւն յառաջ բերելով եւ եօթներորդ գնդի մէջ. մինչդեռ միւս մասերը իրենց դիրքն էին պահել, կամ թշնամուն յետ մղել բաւական տարածութեամբ։ Մեր հրամանատարութեան հազիւ յաջողւում է զօրքը կանգնեցնել Վլատիկարսում. սակայն թշնամին էլ չի համարձակւում առաջ շարժուել, անտեղեակ մերոնց գիշերուայ խուճապին, եւ յաջողւում է մեզ դարձեալ նախկին դիրքերը բռնել։

Դ.

Մի երկու օր Կարսում հանգիստ առինք եւ այցելեցինք հիւանդանոցներ, որբանոցներ եւ ամերիկեան առաքելութիւնը։ Պարտք ենք համարում այստեղ երախտագիտութեամբ յիշել ամերիկեան եղբայրական օգնութիւնը։ Առանց պակասութիւնների չէին նրանց ենթարկուած որբանոցները պատերազմի հետ կապուած պատճառներով, ուր ապաստան գտան հազարաւոր որբեր, կանայք եւ յետագայում նաեւ քաղաքացիներ, նրանց թւում եւ մենք. բայց չլինէին ամերիկացիները բոլորս զոհ կերթայինք թշնամու անգթութեան եւ սովին։

Զօրավար Փիրումեանին խնդրեցինք դէպի աջ թեւն ուղարկել մեզ, ընդառաջ գնալով խմբապետ Սմբատի նախօրօք յատուկ խնդրանքին։ Ճանապարհին մեզ ընկերացաւ գնդապետ Յարութիւնեանը մինչեւ մի որոշ տեղ մի պարոնի հետ, որ չարաչար գանգատւում էր մասամբ գեներալ Փիրումեանի, բայց առաւելապէս նորա սպայակոյտի պետ Վահան Տէր Առաքէլեանի դէմ, որպէս թէ զինուորական գործից ոչինչ է հասկանում, զինուորական դպրոցում չէ եղել եւ այսպիսի ծանր եւ դժուարին պայմանների մէջ նորա նման անձը անկարող է օգտակար ղեկավար լինել։ Իմանալով, որ գեներալի մօտ եմ իջած, խնդրեց, որ իւր կարծիքը յայտնեմ նորան եւ Տեր Առաքելեանին, որի համար առանց քաշուելու յայտնում էր, թէ ամէն ինչ կարող է լինել, բայց ոչ սպայակոյտի կամ շտաբի պետ։ Գուցէ, մասամբ իրաւունք ունէր, բայց Տէր Առաքէլեանն ունէր առաւելութիւններ, որ ռուսական բանակից եկած շատ սպաների յատուկ չէր։ Նա ստացել էր հայկական, ազգային կրթութիւն, քաջ էր, հայրենասէր եւ անձնէր իւր գործին։

Առհասարակ զինուորականների, բայց աւելի զինուորական եւ քաղաքացիական իշխանութեան ղեկավարների մէջ հասկացողութիւնների եւ կարծիքների մեծ տարբերութիւններ կային, եւ այդ հանգամանքը իւր ծանր հետեւանքն էր ունենում գործողութիւնների ժամանակ։ Կարսի նահանգապետն էր Ղորղանեան, փորձառու եւ վարչագէտ, ցարական ժամանակի նախկին գավառապետ, որ գիտէր վարւել ժողովրդի հետ, նաեւ մահմեդական ժողովրդի հետ, որ իւր նահանգում բաւական մեծ բազմութիւն էր, եւ գրաւել նորա համակրութիւնը։ Զինուորական իշխանութիւնը, յանձին Փիրումեանի եւ իւր ստորադասեալների կամ բարեկամների՝ կամենում էր իւր ձեռքի մէջ ամփոփել ամբողջ իշխանութիւնը, բայց Ղորղանեան էլ ունէր կառավարութեան մէջ իւր գնահատողներն ու պաշտպանները։ Եւ ահա այստեղից միշտ ընդհարումներ եւ միմեանց հակասական զեկուցումներ կառավարական կեդրոնի մէջ, որից եւ շատ անգամ տարտամ վիճակ։

Կարսի անկումից յետոյ՝ մեր ձեռքն անցաւ մի կարեւոր փասթաթուղթ, որ մեզ յանձնեց նահանգային կառավարութեան քարտուղարը, պատրաստուած նահանգապետի կողմից ներքին գործոց մինստրին ուղարկելու, որ մնացել էր պատերազմի անակնկալ ելքի պատճառով, առանց փոստին յանձնելու։ Այդ փաստաթղթի մէջ մանրամասնօրէն պարզուած էր այդ հակասական հասկացողութիւների եւ գործողութիւնների պատկերը եւ բացասական արդիւնքը։ Որքան գիտենք, նահանգապետ Ղորղանեանը, գրիչ ունեցող մի մարդ,պահել է եւ յատուկ յիշատակարան, որ շատ լոյս կարող է սփռել մեր գլխին եկած կատաստրոֆի բացատրութեան համար։

Ժողովրդի մէջ ընդհանուր խօսակցութեան եւ քննադատութեան առարկայ էր յատկապէս գեներալ Յովսէփյանը իւր մի քանի սպաների հետ. Նորան «թալանջի» եւ «անասունների վաճառական» էին անուանում, որ թուրք եւ քուրդ տարրերից յափշտակելով նրանց անասունները, որպէս խռովարարների պատժելու պատրուակով, վաճառում էր Վրաստանի վերայ։ Խօսում էր հէնց այդ օրերը, որ նա իւր եղբօր անասունների հետ, յափշտակուած նախիրներ էր ուղարկել Վրաստան, իւր իսկ զինւորների պաշտպանութեամբ։ Որքա՜ն ճշմրիտ էր, ասել չենք կարող, բայց հրդեհ չկայ առանց կայծի, ժողովրդական առածի համեմատ։ Հարկաւոր չէ բացատրել, թէ ինչ ներգործութիւն պիտի ունենար շարքային զինուորների վերայ իրենց գեներալի մասին այսպիսի զրոյցները, որ թռչում էին բերնէ բերան։

Մեր ճանապարհը տանում էր դէպի Արտահանի եւ Մերդենէկի կողմերը, որ հայերի ձեռքից անցել էր տաճիկներին։ Աջ թեւի մեր զօրքը կեդրոնացած էր մի ռուս գիւղում դէպի Մերդենէկ տանող խճուղու վերայ, գնդ. Ղորզանեանի հրամանատարութեան տակ. նորան էր ենթարկուած եւ Սմբատի կամաւորների գունդը աւելի աջ, գնդ. Փիրումեանի օգնականութեամբ։ Ձիաւոր միլիցիոների ուղեկցութեամբ հետեւեալ օրն անցանք Սմբատի բանակը, ուր հասանք երեկոյեան, երբ բոլորովին մթնել էր։ Սմբատի բանակը, ուր հասանք երեկոյեան, երբ բոլորովին մթնել էր։ Սմբատը բացակայ էր. մեզ ընդունեց գնդապետ Փիրումեանը։ Հսկող եւ հետազօտող պահակները բռնել էին մի երիտասարդ քրդի որ կարծում էին լրտես պիտի լինէր, եւ 8-10 տարեկան մի երեխայի, որ երիտասարդի աներձագն էր։ Գնդապետը հարց ու փորձ էր անում երիտասարդին. իսկ երեխային ես ինձ մօտ կանչեցի, ուտելու բան տուի եւ մի խնձոր, իսկ երբ յայտնեցի, թէ փոքրիկին հետս պիտի տանեմ, խմբապետների դէմքի վերայ զայրոյթ նկատեցի։ Խմբապետներից մէկը համարձակւեցաւ նկատելու, «եթէ երեխայ էք կամենում խնամել եւ պահպանել, հայ որբեր շատ կան»։ Խեղճ երեխայի բաղդն արդէն որոշուած էր երտասարդի հետ։

Հետեւեալ առաւօտ, երբ պէտք է կամաւորները դասաւորուէին եւ ես իմ խօսքն ասէի, նկատելի եղաւ դուրսը մի շարժում. բանից երեւեցաւ, որ վիրական մի փոքրիկ վաշտ մի սպայի ղեկավարութեամբ հետախուզութեան է եկել եւ իրաւունք է խնդրում երեւալու մեր զօրքի մէջ։ Ժամանակ էր հարկաւոր մինչեւ աւելի բարձր հրամանատարութեան կը յայտնւէր եւ թոյլտուութիւն կստացուէր նրանց ընդունելու։ Այդ օրերը վրացիք աւելի բարեկամաբար էին տրամադրուած դէպի հայերը։ Հարկաւոր քաղաքավարութեամբ ընդունուեցան եւ ճանապարհ դրուեցան նրանք, որից յետոյ միայն կարողացանք մեր քաջալերական խօսքն ասել եւ յաղթութիւն մաղթել։

Երբ վերադարձանք Ղորղանեանցի շտաբը, այնտեղ էին սպարապետ Նազարբէգեանը, գեներալ Սիլիկեանը, գնդապետ Վէքիլովը, որոնք եկել էին ճակատը դիտելու եւ հարկաւր կարգադրութիւններն անելու այն յարձակողականի համար, որ յետոյ պարզուեցաւ մեզ համար։ Հայ զօրքի մէջ տիրող մտայնութիւնը հասկանալու համար բնորոշ է հետեւեալը։ Բանակած տեղից փոքր ինչ դէպի յետ, բնական մի շատ գեղեցիկ, բարձր դիրք կար, կիսաբոլորակ բարձր ժայռերով պաշտպանուած եւ շատ յարմար թնդանօթային եւ այլ գործողութիւնների համար։ Գնդապետ Ղորղանեանցը խնդրեց սպարապետից եւ Սիլիկեանից, զօրքը յետ քաշել եւ այդ դիրքը բռնել։ Բայց նրանք արգիլեցին, ծանօթ լինելով մեր զինուորութեան մտայնութեան, թէ այդ էլ իբրեւ թուլութիւն կամ նահանջ կը նկատուի եւ շփոթութեան առիթ կու տայ: Սեպտեմբերի 29-ի եւ Հոկտեմբերի 14-ի դէպքերը որոշ բեկումն էին յառաջ բերել զօրքի մէջ, ուստի եւ բարձր հրամանատարները շատ զգոյշ էին իրենց կարգադրութիւնների մէջ:

Այդ օրը այնտեղ հասաւ եւ Սեպուհը, որ նոր հրամանատար էր նշանակուած այդ թեւի վրայ Գնդապետ Ղորղանեանի փոխարէն։ Նոր հրամանատարը մեզ սիրով ընդունեց եւ հարկաւոր կարգադրութիւնն արաւ, մեզ համար տեղ պահելու օմնիբուսի մէջ, որ դէպի Կարս պիտի գնար։ Անձրեւ էր եւ ցուրտ, կէս ճանապարհին գիշերեցինք մի պահականոցում. գրեթէ, ամբողջ գիշերը քնել չկարողացանք, մտահոգուած մեր ժողովրդի եւ հայրենիքի վիճակով, մանաւանդ երբ լռելեայն  ունկնդիր էինք յայտնուած բացասական կարծիքներին եւ մտայնութեան դէպի յաջողութիւն։

Հոկտեմբեր 15-17 մենք կեդրոնական ճակատում էինք, ուղեկից եւ առաջնորդ ունենալով մի միլիցիոներ որ շատ լավ ծանօթ էր տեղադրութեան եւ ինքն էլ կարսեցի էր։ Մեր չար բաղդից անձրեւային էր եղանակը եւ ռուսական X գիւղում, ուր մեր յետնապահ գունդն էր, կատարեցինք մեր պարտքը, զօրքերը շարքի կանգնելով փողոցում: Ապա անցանք Հարամ Վարդանից աջ գտնուած ձորի մէջ եւ անմիջապէս թշնամու դէմ կանգնած վաշտերը, բարձրացանք Հարամ Վարդանի բարձունքները, գրեթէ անմատչելի թշնամուն, եթէ մերոնք իրենց պարտքը կատարել կարողանային։ Այնտեղ կային զօրքի համար շատ յարմարութիւններ, պատրաստուած ռուսական ժամանակակից. զօրքը կարող էր հանգստանալ, պաշտպանուիլ անձրեւից, ցրտից հարկ եղած ժամանակ։ Երկու թնդանօթ պէտք է պաշտպանէին մեր զօրքի յառաջխաղացումը, որ պիտի կատարուէր հետեւեալ գիշեր։ Տեսանք սպաներին, անցանք խրամատներով, խօսեցինք մեր յորդորներն ու քաջալերական խօսքերը եւ ձախ կողմի զառիվայրերից արդէն մութն ընկած հասանք Դ. գնդի հրամանատարի, արի եւ քաջ գնդապետ Նարիմանեանի շտաբը։ Մենք ճակատի մեր զօրքերի կողքով, գրեթէ, որ խարոյկներ էին վառած, տաքնալու կամ կերակուր պատրաստելու համար։ Կը ցանկայինք գնալ նրանց մէջ, նրանց հետ լինել, բայց ամբողջ օրը ձիու վերայ, տեղից տեղ արշաւելով, յաճախ յորդ անձրեւի տակ, այնպէս էինք յոգնել եւ ջարդուել, որ ձիու վերայ մեզ պահել կարող չէինք։ Մեզ հազիւ ձգեցինք գնդապետ Նարիմանեանի խրճիթը եւ իբրեւ մսի գունդ ընկանք մեզ յատկացրած ճանապարհորդական մահճակալի վերայ, ընկղմուելով խոր քնի մէջ։

Հետեւեալ օրը Նարիմանեանի մօտ էին հավաքուած իւր սպաները: Հարկաւոր կարգադրութիւններն էր անում, գիշերուայ սկսուելիք յարձակաման համար։ Ամբողջ օրը մնացինք այնտեղ կէս հիւանդ վիճակում։ Նարիմանենը Դ. գնդի հրամանատարն էր եւ համարւում էր քաջ եւ խիստ հրամանատարներից մէկը։ Մենք նկատում էինք, թէ ինչպէս քաշւում էին նորանից նորան ենթակայ սպաները։ Մութ էր արդէն, երբ գնդապետը տելեֆոնով խօսում էր մի բունճկատի վաշտապետի հետ: Պէտք է գրաւել բարձունքը, ինչ որ էլ լինի, որից յետոյ մեր գործը յաջող կերթայ, դաշտային մասի վերայ իշխելով։ Մերոնք սկսել են արդէն  մագլցել դէպի բարձունքը։ Խիստ գնդապետն այժմ փաղաքշական խօսքեր էր ուղղում վաշտապետին, որ իրաւաբան էր եւ զինուորական ծառայութեան մէջ մտել պատերազմի ժամանակ։ Անցնում է մի ժամանակ եւ յանկարծ գնդապետը բացականչում.«Վա՜յ, ինչ կը լինի մեր հալը»։ Չեմ համարձակւում խօսել եւ բան հարցնել, ինքնին հասկանալի է։ Դարձեալ նոյն պատմութինը։ Չգիտեմ աջ թէ ձախ կողմից թշնամու գրոհի տակ յետ է քաշւում մեր զօրքը. նոքա էլ ստիպուած են նոյնպէս յետ քաշուել։

Միւս օրը իջնում ենք Վլատիկարս. մեզ լաւ ծանօթ մի սպայ խորհուրդ է տալիս Կարս իջնել: Շուտով կը սկսուի ամբողջ զօրքի նահանջը դէպի քաղաք։ Երեկոյան զինուորական խորհուրդ էր գեներալ Փիրումեանի սենեակում. այնտեղ էր գեներալ Արարատեանը, գնդապետ Վէքիլովը, եթէ չեմ սխալւում նաեւ մինիստր [Արտաշէս] Բաբալեանը, որ մի քանի շաբաթից ի վեր Կարսում էր եւ գերի ընկաւ յետոյ։ Կազմւած էր հակայարձակման նոր ծրագիր կարծեմ Հոկտեմբերի 29-ի համար, եւ գնդապետ Վէքիլովը ձեռքերը իրար էր շփում, թէ այս անգամ կարող կը լինենք թշնամուն շրջապատել եւ ջարդ տալ։

Ե.

Հոկտեմբերի 30-ն էր։ Գեներալ Փիրումեանի հետ միեւնոյն սենեակում էինք պառկած։ Ես փոքր ինչ դանդաղել էի անկողնից դուրս գալու, իսկ գեներալ Փիրումեանը պառկած էր իւր մահճակալի վերայ, անկարող տեղից շարժուելու։ Ժամը 10-ն է մօտաւորապէս։ Մի քանի օր առաջ մեծ դժբաղդտութիւն էր պատահել նորան: Դէպի ճակատ գնալիս, երկու աւտոներ հանդիպել էին իրար ճանապարհի մի ոլորապտոյտի վերայ, եւ կոտրուել էր գեներալի մի ոտքը։ Նա ստիպուած էր անկողնում մնալ ոտքը կապած եւ գիբսի մէջ դրած, պառկած էր կատարում իւր կարգադրութիւնները հեռախօսով։ Նկատեցինք, որ գեներալը այլայլւում է եւ յուզւում։ «Տէր Աստուած, այս ինչ բան է»։

– Ի՞նչ է պատահել, գեներալ, հարցրի ես։

Բայց նա չպատասխանեց։ Եւ տեսայ միայն, որ ոյժ է գործադրում, տեղից վեր կենալու։ Իսկոյն օգնութեան հասայ։ Ընթացուպերը թեւի տակ առնելով, կոտորուած ոտքը կախ, մի ոտքով ցատկելով, դուրս եկայ եւ ես։ Յետոյ իմացայ, որ տելեֆոնով, որ ամրոցի կամ պահականոցի հետ խօսում է, պատասխան չէ ստանում։ Ամէնքը թողել էին իրենց դիրքերը, թնդանօթները եւ փախել։ Յուսահատ գեներալը, զինուորական վարչատունն է գնում, ուր գտնւում էին շտաբի պետը եւ մի քանի առանց զօրքի մնացած սպաներ։ Այնտեղ էին եւ Արարատեան եւ Ղազարեան գեներալները. վերջինը երեք օր առաջ միայն նշանակուել էր գեներալ Յովսէփեանի փոխարէն, որ  համարւում էր անընդունակ գործը ղեկաւարելու։ Թափվում էին եւ զինուորներ խմբերով, խմբապետներ իրենց ձիաւորներով։ Խռնւում էր եւ քաղաքից փախչող սարսափած ժողովուրդը։ Երեւեցաւ եւ նահանգապետ Ղորղանեանը սպիտակ ձիու վերայ նստած, մեզ էլ առաջարկեց փախչել, կեանքերնիս ազատելու համար, յայտարարելով, թէ մի քանի րոպէ յետոյ կը փակուի խճուղին եւ անկարելի կը լինի Ալեքսանդրապոլ գնալ բերդի յետեւի կիրճից։ Բայց ես ոչ ձի ունէի եւ ոչ մտքովս անցնում էր փախուստի դիմել։ Ընդհակառակը՝ մի քանի սպաների հետ փորձեցինք զինուորներին ի մի խմբել եւ հակայարձակում գործել, բայց հազիւ քիչ առաջացած, ցրուեցան զինուորները ժողովրդի մէջ։ Կատաղութիւնից եւ յուսահատութիւնից  ձեռքիս եղած հաստ փայտով մի քանի հարուած տուի փախչող զինուորներին։ Այդ ժամանակ երեւեցաւ օդաչու սպան, որ բերդից ցած էր իջած, եւ յայտնեց թէ թուրքերը արդէն տիրապետել են բերդին։ Եւ յիրաւի, սկսեցին արագահարուածների խլացուցիչ որոտմունքները դէպի ձորը թափած քաղաքի բնակչութիւնը։ Ընթերցողին հասկանելի դարձնելու համար երկու խօսքով տանք տեղադրութիւնը։

Կարսի բուն բերդը մի լեռնաշղթայ է, որ հիւսիս-արեւելքից ձգվում է դէպի արեւմուտք-հարաւ եւ կտրւում է Կարս գետով։ Քաղաքն ընկնում էր հարաւ-արեւմտեան ստորոտի վերայ, տարածուելով դէպի դաշտը, 40,000-ի չափ գրեթէ զուտ հայ ազգի բնակչութեամբ։ Թուրքերի թիւը շատ չէր։ Այդ շղթայի բարձունքներում դէպի գետը յառաջացած թեւի վերան էր բուն բերդը, Լազրեւի եւ Կարադաղի ամրութիւնները։ Բերդի արեւմտեան կողմն ընկած բարձունքների վերայ էին ուրիշ մարտկոցներ, մինչեւ Հարամ Վարդանի կեդրոնական ամրութիւնը, որոնք պաշտպանում էին Կարսից դէպի Վլադիկարոս, եւ արեւմտեան՝ դէպի Սարիղամիշ տանող խճուղին եւ երկաթուղին։ Կարսի գետը հոսելով քաղաքի արեւմտեան կողմից ոլորւում է դէպի բերդի արեւմտեան ձորը, որ շարուակւում է մի քանի մղոն եւ դուրս գալիս դաշտ, որտեղից կարելի էր դէպի Ալեքսանդրապոլ գնալ։ Զինուորական գեղեցիկ պողոտան քաղաքից անցնում է դէպի գետի ոլորապտոյտը եւ համընթաց նորան շարունակւում, մի ճիւղը դէպի Ալեքսանդրապոլ, միւսը դէպի Մերդէնիկ ուղղուած։ Շտաբի շէնքերը այդ ձորումն էին, այդտեղ էին հաստատուած նաեւ ամերիկեան հսկողութեան տակ եղած որբանոցները։ Ժողովուրդը յանկարծակի եկած մեր զօրքի դէպի քաղաքը փախչող զօրամասերով, ենթարկւում է անասելի խուճապի. ով ինչով կարող էր, կառքերով, ձիաններով, էշերով, ազատում է ամենակարեւորը՝ ընտանիքները: Շատերը բեռներ ու երեխաներն թիկունքներն առած, փախչում են դէպի շտաբի ձորը, այնտեղ որպէս թէ պաշտպանութիւն գտնելու կամ դէպի Ալեքսանդրապոլ փախչելու։

Տաճիկների այս յաջողութիւնն ու յարձակումը Կարսի վերայ, բոլորովին անակնկալ էր. անակնկալ էր նոյնիսկ զինուորական բարձր իշխանութեան համար։ Արդէն յիշեցինք, թէ զինուորական խորհուրդը 29-ին որոշած էր նոր յարձակում գործել Վէզինքէոյի եւ Եագնիների բարձունքները յետ խլելու. շտաբում գիտէին նաեւ Մազմանեանի նոյն երեկոյեան կատարած չարագուշակ ինքնասպանութիւնը յուսահատութիւունից, բայց դարձեալ անակնկալ էր Կարսի այդպիսի անփառունակ անկումը։ Ո՞վ   կարող էր մտածել, թէ մի երկու ժամում դաշտից յարձակուող  տաճիկները լեռնաշղթայի բարձունքը կը հասնեն, եւ գրեթէ, առանց կռուի կը տիրանան առաջնակարգ ամրութիւն ունեցող բերդին։ Եթէ Կարադաղի ամրութիւններից մեր թնդանօթները միայն գործէին, ոչ միայն քաղաքը պաշտպանուած կը լինէր, այլ նոքա չէին կարող բերդին իսկ մօտենալ։ Բայց մեր թնդանօթաձիգներն ու զօրքը թողել էին ու փախել, իսկ թշնամին  մագլցել էր հինավուրց բերդի բարձունքները առանց ընդիմութեան հանդիպելու:  Ազգերի պատմութեան մէջ դժուար է գտնել այնպիսի խայտառակ պարտութիւն, ինչպէս մերն էր այդ օրերին։ Միայն թաթարների արշաւանքների ժամանակ պատահել են այդպիսի անհասկանալի երեւոյթներ, ընդդիմութեան կատարեալ բացակայութիւն թշնամու դէմ։ Լաւ կհամարէինք մի քանի հազար կոտորուէինք բերդի տակ, բայց պաշտպանելով մեր հայրենիքը, մեր պատիւն ու ընտանիքը, քան անարգ փախստեամբ փրկէինք մեր կաշին։

Ու՞մ մեղադրել եւ վերագրել այս երեւոյթը. ժամանակի կառավարութեա՞ն, զօրքի ղեկավարների՞ն, ժողովրդի անտարբերութեա՞ն եւ հայրենասիրութեան պակասութեա՞ն, բալշեւիկների քարոզչութեա՞ն, ինչպէս պնդում են ոմանք, թուրքերի զօրութեան թերագնահատութեա՞ն, պատմական ձախորդ պայմանների՞ն, որին ենթարկուած էր մեր ժողովուրդը նախընթաց պատերազմի վերջին տարիներից սկսած, ռուսական յեղափոխութեան հետեւանքով յառաջ եկած վիճակի՞ն…։ Մի բարդ խնդիր է այս, կարօտ անաչառ եւ մանրազննին ուսումնասիրութեան, որպէսզի մեղադրող դատախազի պաշտօն չառնենք շտապով։

***

Բայց շարունակենք  մեր պատմութիւնը։

Պուլեմեոտների [գնդացիրներ] որոտմունքը բերդի բարձունքներից  այլեւս  յուսոյ ամենափոքր նշոյլ անգամ չէր թողել մեր փրկութեան համար։ Ընդհակառակը հաւատացած էինք, թէ տաճիկները կոտորում են ձորը թափուած քաղաքացիները, անպաշտպան կանայք, երեխաներ։ Մօտեցայ գեներալ Փիրումեանին

– Գեներալ, որեւէ յոյս ունի՞ք ինքնապաշտպանութեան։

– Ոչ, կորած ենք, պատասխանեց նա։

– Ապա ինչո՞ւ մարդիկ չէք ուղարկում անձնատուութեան մասին հաղորդելու եւ կրակը դադարեցնելու։

Խեղճ գեներալը, յուսահատութիւնից, ոտքի ցաւից, գլուխը կորցրած, կորցրել էր եւ մտածողութիւնը։ Իսկոյն կարգադրուեցաւ երկու սպայ, գնդապետ Տէր Առաքելեանի գլխաւորութեամբ ուղարկել քաղաք, յայտնելու, թէ անձնատուր ենք լինում եւ դադարեցնել տալու կրակը։ Բայց կարճ ժամանակից յետոյ, վերադարձան նրանք, յայտնելով, թէ համազարկերով չեն թողնում առաջ գնալ եւ քաղաքը մտնել։ Յուսահատոըթիւնը իւր գագաթնակէտն էր հասել։

Այդ ժամանակ գեներալը դեարձաւ ինձ եւ ասաց.

«Սրբազան, մի բան պէտք է դուք փորձէք, անձամբ պիտի բերդի գլուխը բարձրանաք եւ յայտնէք մեր անձնատուութիւնը։ Այդ պիտի կատարէք ժողովրդի կեանքը փրկելու համար»։

Մենք առանց տատանուելու յայտնեցինք մեր պատրաստակամութիւնը, խնդրելով միայն, որ մի սպայ ուղեկից լինի ինձ։ Տէր Առաքելեանը պատրաստ էր ինձ ընկերակցելու։ Մտայ սենեակս, հանգուեցայ, վեղար դրի, կախեցի եպիսկոպոսական պանագիան, նոյնիսկ քաջութեան ժապաւէնը կախեցի եւ դուրս եկայ գեներալի պատրաստ երկձի կառքը նստելու։ Կողքիս նստեց Տէր Առաքելեանը։ Մեզ ընկերացաւ եւ օդաչու սպան, որի անունը այժմ, տարաբաղդաբար չեմ յիշում։ Մի սպիտակ սաւան կապեցինք ձողի վերայ, երեսներս խաչ հանեցինք եւ ճանապարհ ընկանք։  Պէտք է ասեմ, որ այդ օրը ջրհեղեղի նման անձրեւ էր տեղում եւ արդէն երրորդ օրն էր, որ տեղում էր։ Ձորից, ուր մենք դէպի բերդի գլուխը, լեռնաշղթայի բարձունքը պիտի ելնէինք, ռուսական ժամանակներից կային խճուղիներ, որ ձորը կապում էին բարձունքների հետ։ Մէկով բարձրացանք մենք. Հազիւ մինչեւ բարձունքի կէսը ելած, յանկարծ շրջապատուեցանք մի քանի տասնեակ ասքեարներով մի սպայի ղեկավարութեամբ։ Նա կանգնեցրեց մեր կառքը եւ հարց ու փորձ արաւ, թէ ի՞նչ մարդիկ ենք եւ ու՞ր ենք գնում։ Տուինք հարկաւոր պատասխանը։ Ի դէպ, մեր թարգմանն էր օդաչու սպան, որ կատարելապէս տիրապետում էր տաճկերէնին։ Այն ժամանակ սպան բարձրացաւ կառքի պատուանդանի վերայ, մեզ ուղեկցելու։ Այլեւս ապահով էինք, որ մեզ չեն գնդակահարել։ Երբ լերան ողնաշարը բարձրացանք, ուր բուն բերդն էր, տեսանք, թէ ինչպէս մի խումբ հայ զինուորներ, շրջապատուած թուրք ասքեարներով, կողոպտում էին: Հանում էին մերոնց մաքուր, զինուորական հագուստը, կօշիկները, խփում էին ոմանց, երեւի, ընդիմացողներին։ Եւ անցանք նրանց մօտից, առանց կարեկից լինել կարողանալու։ Լեռնաշղթայի դէպի ձորը նայող շրթունքներին ցած պատուած էր քաշուած, որոնց յետեւը պատսպարուած, թուրք զինուորները համազարկեր էին տալիս դէպի ձորը։ Ճակատի վերայ կարգադրող սպան, ձիու վերայ նստած, դէպի մեզ եկաւ, իմանալու մեր ով լինելը։

Փոքրիկ ճառով դիմեցի նորան.

– Փաշա՛ (գնդապետի աստիճան ունէր կարծեմ), պատերազմի մէջ ենք, յաղթել կայ եւ յաղթուել. Մենք յաղթուած ենք, եւ եկել ենք յայտնելու, թէ մենք անձնատուր ենք լինում։ Ահա այնտեղ մեր հայ զինուորներին շրջապատել են ձերոնք, կը սպանէ՞ք, գերի կը վերցնէ՞ք, ձեր գիտնալիքն է։ Բայց ձորը, տեսնում էք լցուած է հասարակ քաղաքացիներով, կանայք, անմեղ երեխաներ: Այնտեղ են մեր որբանոցները։ Զինուորականը որքան քաջ, նոյնչափ վեհանձն, գթոտ պիտի լինի։ Դիմում ենք ձեր մարդասիրութեան եւ խնդրում դադարեցնել կրակը։

Գնդապետը մի փոքր մտածեց եւ ձեռքով նշան արաւ։ Պուլեմեոտները ցած թափուեցան, եւ դադարեց կրակը։ Սիրտս տեղն ընկաւ։ Այն ժամանակ դիմեցի նորան եւ խնդրեցի մեզ հետ մեր շտաբը իջնել։

– Մի տոմս գրեցէք եւ կառապանի ձեռքով ուղղարկեցէք ձեր գեներալին, որ ինքը գայ եւ ներկայանայ մեր հրամանատարին։

Բացատրեցիք , որ գեներալը շարժուել չէ կարող, ոտքը կոտրել է։ Առաջարկեցի ինձ պատանդ պահել բերդում, եւ առանց երկմտելու գնդապետ Տէր Առաքելեանի հետ մեր շտաբը գնալ, չհամոզուեցաւ։ Ստիպուած եղաք պահանջուած տոմսակը գրել, կառապանին էլ բացատրել մանրամասնութիւնները որ հաղորդէ գեներալին։

Կառքը հեռանալուց յետոյ, մեզ իրավունք տուաւ ոտքով դէպի շտաբը գնալ։ Հաւանորէն սկզբում մտածեց մեզ պահել եւ միայն կառքն ուղարկել, ապա միտքը փոխեց, աւելորդ համարելով մեզ պահելը։ Երկուսով էինք մնացել գնդապետ Տէր Առաքելեանի հետ. Օդաչուն մեզնից բաժանուել էր իւր իրերն ու հագուստը ձեռք բերելու համար, որ թողել էր այստեղ կամ առել էին ձեռքից։ Մի փոքր յառաջանալուց  յետոյ պ. Վահանը դարձաւ ինձ.

– Սրբազա՛ն, ես ուզում եմ սարն ի վար ուղղակի իջնել, դուք ճանապարհով եկեք, եթէ պիտի սպանեն, կը սպանեն, երկուսով լինենք թէ առանձին։

Համաձայնեցայ. եւ շուտով անհետացաւ աչքիցս Վահանը եւ մնացի բոլորովին մինակ։ Վեղարս գլխիս, ձմեռուայ երկար եւ ծանր վերարկուս հագիս, անձրեւը թափում է հեղեղի նման, որից թրջուել եւ ծանրացել է հագուստը։ Խորապէս համոզուած եմ, որ կեանքիս վերջին րոպէն… եւ ահա գնդակը կը գայ, մոլեռանդ ասքեարի կամ քրդի մէկը «ջաննաթին» արժանանալու գործ կը համարէ, գետին տապալել գեւուրների հոգեւոր պետին։ Այլեւս գիտութիւն, մանրանկարչութիւն, կեանքի քաղցրութիւն եւ երազներ, ի սպառ անհետացել էին հոգուս միջից։ Կեանքիս վերջին րոպէն է, պիտի մեռնիմ, բայց երջանիկ եմ: Երջանիկ եմ, որ մեռնում եմ կեանքիս ամենանուիրական րոպէին, երբ իմ պարտքն եմ կատարում դէպի իմ հայրենիքը, դէպի իմ ժողովուրդը։

Մի քաղցր յուզում պատմում է սիրտս: Երջանիկ եմ եւ աչքերիցս հոսում է խաղաղութեան արցունքը։ Դորա հետ էլ մի յոգնութիւն կարծես, հոսում է նեարդերիս միջով։ Ճանապարհի եզերքին մի մեծ քար կայ, ժայռի կտոր, նստում եմ հանգստանալու: Մէկ չէ՞. քալելիս կը հասնի գնդակը, թէ նստած։

Բայց գնդակը չէ գալիս։ Վեր եմ կենում, շարունակում ճանապարհս։ Եւ ահա դէմս է գալիս գեներալ Փիրումեանը իւր կառքով, փաթաթուած ոտքերով, ատիւտանտը կողքին նստած։

– Ի՞նչ ունիք հաղորդելու։

Կրկնում եմ այն, ինչ որ տոմսակով յայտնել էի։ Հասնում եմ շտաբը։

Զ.

Ժողովուրդը խռնուել է աւելի մեծ չափով։ Մեծացել է նաեւ փախած զինուորների թիւը, ամբողջ հինգերորդ գունդը։ Լալիս էին կանայք, մատաղահաս օրիորդներ, նաեւ տղամարդիկ, ճչում էին երեխաներ։ Ծայրէ ծայր լցուած էին շտաբի սենեակներն ու դահլիճները եւ բակը։ Այնտեղ էին եւ գեներալ Արարատեանն ու Ղազարեանը, որոնց զինուորները փախել էին։ Իմ երեւալս բացարձակ լռութիւն ստեղծեց։ Սպասում էին լուրի։ Յայտնեցի ինչ որ գիտէի, եւ գեներալի գնալը Կարաբէքիրին։ Տեսնելով ժողովրդի յուսահատ եւ սրտաճմլիկ վիճակը, հարկ համարեցի մի քանի քաջալերութեան խօսք աւելացնել.-

«Մենք պարտուած ենք. արինք, ինչ որ կարող էինք անել մեր նորածիլ պետութիւնն ու անկախութիւնը պաշտպանելու համար, բայց չյաջողուեցաւ։ Անորոշ է մեր այստեղ հաւաքուածներիս վիճակը, գուցէ, թշնամին կամ նորա հետեւող ամբոխը կը յարձակուին մեզ եւս կոտորելու։ Լինենք քաջ եւ արի, նաեւ դժբաղդութեան մէջ։ Ընդառաջ գնանք նոյնիսկ մահուան, եթէ այդ պիտի վիճակուի մեզ»…։

Բայց խօսքս դեռ չվերջացրած՝ մտան մի քանի տաճկական սպաներ քաղաքի կողմից։ Ստիպուած էինք ընդունել նրանց քաղաքավարութեամբ զրոյց սկսել։ Երկու գեներալների հետ մէկն էլ մենք էինք մեր «հիւրերին» զբաղեցնողներից։ Գեներալ Արարատեանը մի շատ հրաշալի թուր ունէր կողքից կախ, ամբողջն արծաթապատ եւ գեղեցիկ զարդարուած ոսկերչական արուեստի կատարելութիւններով։ Նկատում էի, թէ ինչպէս թուրք սպաների աչքերը այդ թրի վերայ էին։ Արդեօք նրանցից որի՞ն բաժին ընկաւ գերի գեներալի թուրը։

Մինչ այս մինչ այն վերադարձաւ գեներալ Փիրումեանը։ Բանից երեւցաւ, որ կարգադրուած է քաղաքացիներին վերադառնալ իրենց տները։ Զինուորականները իրենց գեներալներով եւ սպաները պէտք է հաւաքուէին որոշ վայրում եւ սպասէին կարգադրութեան։ Գեներալ Փիրումեանի եւ գնդապետ Վահան Տէր Առաքելեանի հետ մենք էլ կամենում էինք տեղաւորելու նորա կառքի մէջ. Բայց Տէր Առաքելեանը դարձաւ ինձ.

«Սրբազան, ինչո՞ւ էք գալիս: Մենք պատերազմական գերի ենք, պարտաւոր ենք գնալու, դուք մնացէք քաղաքում, անտէր ժողովրդին, գուցէ, օգտակար կը լինէք»։ Բանաւոր համարելով առաջարկութիւնը, կառքից ցած իջայ. պէտք է խառնուէինք ժողովրդին քաղաք գնալու։ Հազիւ կարողացայ մի ճամբրուկ վերցնել, որի մէջ զետեղուած էին եպիսկոպոսական պատարագի զգեստները, Ս. Աթոռի սեպականութիւն, որ արժէքաւոր էին եւ չկամեցայ թշնամու ձեռքը թողնել յուսալով, թէ կը յաջողուի ազատել, եւ միայն վերայիս հագուստով դուրս եկայ բակը, ժողովրդին խառնուելու:

Բակը դատարկ էր: Մի սպայ ինքնասպան էր եղած բակում: Մի ուրիշի սպայի փաթաթուել էր իւր մատաղահաս կինը եւ չէր կամենում բաժանուել նրանից: Ի զուր սպան համոզում էր, որ ինքն էլ խառնուի ժողովրդին եւ քաղաքը գնայ, ապա թէ ոչ իրեն կսպաննեն եւ կնոջը կառեւանգեն: Երբ սպան տեսավ ինձ, կնոջ թեւերից դուրս պրծաւ, յայտնելով ինձ. “Սրբազան, կինս է, ձեզ եմ յանձնում”: Իսկոյն բռնեցի յուսահատ կնոջ թեւից, եւ յորդորեցի, որ ինձ հետ քաղաք գայ: Խառնուեցանք մենք էլ ժողովրդի խռնուած հոսանքին: Ճանապարհի վերայ միմեանցից բաւական հեռու կանգնած էին ասքերներ, որպէս թէ կարգ պահելու համար, բայց իրապէս կողոպտում էին ժողովրդին: Հոսանքի հետ դժուարութեամբ գնում էի եւ ես, մի թեւս երիտասարդ կնոջը առած, որ յուսադրում էի, թէ քանի շունչ ունիմ պիտի պաշտպանեմ նորան, միւս ձեռքիս էլ ինձ համար բաւական ծանր ճամբրուկը, դորա վերայ աւելացած թրջուած հագուստս, ցեխոտ ամերիկեան, զինուորական կօշիկներս: Յանկարծ հանդիպում ենք տիկնոջ  կրտսեր եղբօր, 15-ամեայ մի պատանիի: Ճամբրուկս տալիս ենք նորան: Բայց ուր ենք գնում, չգիտեմ: Քաղաքում բարեկամ չունիմ: Մինչդեռ խորասուզուած իմ այս մտքերի մէջ, մօտենում է մի լաւ հագնուած երիտասարդ:

“Սրբազան, ո՞ւր էք գնում”:

– Չգիտեմ, պատասխանում եմ:

– “Գնանք մեր տունը”:

Աստո՞ւած էր ուղարկել նորան:

Ճանապարհին հանդիպում ենք տիկնոջ միւս եղբօրը, որին մի զինուոր կամենում էր կողոպտել: Մօտեցայ նորան եւ յայտնեցի, որ իմ մարդն է: Բարեբաղդաբար զինուորը կամենում էր կողոպտել: Մօտեցայ նորան եւ յայտնեցի, որ իմ մարդն է: Բարեբաղդաբար զինուորը թոյլ տուաւ իւր զոհին մեզ ընկերանալու: Հասել ենք քաղաքը, շարունակ հրացանաձգութիւն է: Ամէն րոպէ սպասում ենք, որ մեզ վերայ էլ յարձակուողներ կը լինին: Վերջապէս հասնում ենք պարոնի տունը: Բայց դռները փակ են, լոյս չի երեւում տանը: Ջարդում ենք դրան գլխի ապակիները եւ տիկնոջ փոքր եղբօրը ներս մտցնում, որ դուռը բանայ ներսից: Մտնում ենք սրահը: Նորից պարոնը կանչում է մօրը, քրոջը: Վերջապէս լսում են ձայնը, եւ գալիս են դուռը բանալու: Բանից երեւում է, որ երկիւղից մտել են ներքնատունը եւ այնտեղ թագնուել:

Թէյ են պատրաստում եւ ընթրիք: Ամբողջ օրը ոչինչ չեմ կերել: Մարմնական եւ հոգեկան աննկարագրելի տագնապներից յետոյ, մարմինը իւր հարկն է պահանջում: Բայց մի վերջին պարտաւորութիւն էլ ունինք կատարելու այսօրուայ համար: Տանտիրոջ եօթանասուն տարեկան մայրը խնդրում է ինձ խոստովանեցնել եւ հաղորդութիւն տալ: Նորա հետ ծունկ են չոքում պառաւի աղջիկը, սպայի երիտասարդ իւր եղբայրներով: Հաղորդութիւն եմ տալիս, ինքս էլ տարուելով նրանց բարեպաշտական զգացումով: Նեղութիւնն ու տառապանքը մարդուն դարձնում է աւելի զգայուն բարեպաշտութեան առ Աստուած հաւատոյ մէջ: Ինձ յատկացնում են մի մահճակալ, որի վերան ենք ընկնում առանց հանուելու: Ամէն րոպէ սպասում ենք անակնկալների:

Վաղը ի՞նչ պիտի բերէ մեզ: Պիտի կողոպտւի՞նք և անարգուի՞նք, գերի պիտի տարուի՞նք, սպանուի՞նք պիտի…: Տաճկահայերի կրած տառապանքն ու նահատակութիւնը առիթ է ընծայում վատթարագոյնը սպասել: Բայց յոգնածութիւնը, օրուայ ընթացքում կրած հոգեկան յուզումներն ու տառապանքները անզգալի կերպով թմրութիւն եւ քու են բերում աչքերիս:

Եւ վարագոյրն իջնում է գիտակցութեանս առաջ՝ այսօրուայ ողբերգութեան տեսարանից յետոյ:

Ահա մեր կեանքի ամենադժբաղդ օրուայ համառօտ նկարագրութիւնը, երջանկութեան մի վայրկեանի հետ: Իսկ այնուհետեւ ի՞նչ պատահեցաւ քաղաքում, մեր օթեւանած ընտանիքի եւ հիւրերի հետ, ինչպէ՞ս հրաշհքով ազատուեցանք մահուանից, ապա մերձ ի մահ հիւանդացանք եւ առողջացանք, փախչելու փորձ արինք եւ բռնուեցանք ոստիկանական պաշտօնեայի ձեռքով, որ նախկին հայ կաթոլիկ վարդապետ էր եւ ապա մեր եկեղեցու մէջ էր մտել եւ Տրապիզոնի առաջնորդական տեղապահ նշանակուել: Մահմեդականութիւն ընդունելով, այժմ էլ չարագործ ոստիկանի պաշտօն էր կատարում: Հետաքրքրական են մեր անցրած օրերը ոստիկանատանը, բանտ տարուելն ու ազատուելը անակնկալ կերպով, ամերիկեան որբանոցներում անցրած կեանքս, ի վերջոյ Ալեքսանդրապոլ եւ այնտեղից Երեւան գնալս:

Մեր կեանքի արկածալից այս հատուածը, գուցէ, առիթ կունենանք մի այլ անգամ նկարագրելու:

Գարեգին Կաթողիկոս Յովսէփեան, “Կեանքիս ամենադժբախտ օրը եւ երջանկութեանս րոպէն”, Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս-Լիբանան, 1982