Կարսից Ղարաքիլիսա. Սիմոն Վրացյան

1930

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը: 

Գլուխ ԺԱ

Անդրկովկասը դարձավ անկախ հանրապետություն և Չխենկելին՝ նրա կառավարության նախագահ: Այս հանգամանքը հայերի համար ունեցավ ճակատագրական հետևանքներ:

Կառավարությունը կազմվեց հետևյալ անձերից. վարչապետ և արտաքին գործոց նախարար՝ Չխենկելի, ներքին գործոց նախարար՝ Ն. Ռամիշվիլի, զինվորական՝ Գ. Գեորգաձե, ելևմտական՝ Ա. Խատիսյան, հաղորդակցության՝  Խ. Մելիք-Ասլանով, արդարադատության՝ Ֆ. Խան-Խոյսկի, երկրագործության՝ Ն. Խոմերիկի, հանրային կրթության՝ Ն. Ուսուպբեկով, առևտրի և արդյունաբերության՝ Հ. Գաջինսկի, պարենավորման՝ Ավ. Սահակյան, խնամատարության՝ Հ. Քաջազնունի, աշխատանքի՝ Ար. Երզնկյան, պետական վերահսկիչ՝ Ի. Հայդարով:

Այս կազմով Չխենկելին ներկայացավ Սեյմի ապրիլի 13-ի նիստին, կարդաց կառավարական հայտարարությունը, որի հիմնական միտքն էր Թուրքիայի հետ հաշտություն կնքելու անհրաժեշտությունը, և ստացավ Սեյմի վավերացումը: Չխենկելու հայտարարության առթիվ խոսեցին կուսակցությունների ներկայացուցիչները՝ Ծերեթելի, Ռասուլ Զադե, Կարճիկյան և ուրիշներ: Ծերեթելին նորից վեր հանեց անկախության և կովկասյան ազգերի համերաշխության գաղափարը, «եթե քայքայվի անդրկովկասյան ժողովուրդների ներքին միությունը, մենք ոտքի տակ կերթանք, այլևս տեղ չի մնա, ուր հնչի անդրկովկասյան դեմոկրատիայի ազատ ձայնը»: Ռասուլ Զադեն շեշտեց, որ Դաղստանն էլ մտնում է անդրկովկասյան հանրապետության մեջ, և պահանջեց, որ Հյուսիսային Կովկասն էլ մտցվի: Թուրքերը շատ էին մտահոգված մահմեդական երկրների ազատությամբ ու հավաքումով…

Հայերին հուզողը գլխավորապես պատերազմի ու հաշտության, թուրքական վտանգի հարցն էր: Եվ այդ մտահոգությունները արտահայտեց Կարճիկյանը: Անդրկովկասի անկախությունը նրա աչքին արտաքին ուժերից բռնադատված մի քայլ էր. «Այդ արտաքին ուժերի գոյությունը փաստ է՝ Խորհրդային Ռուսաստանի և արտաքին թշնումու (թուրքերի) կողմից, և այդ արտաքին ուժերը հարկադրեցին հայտարարել Անդրկովկասի անկախությունն ու տատանում մտցրին անդրկովկասյան ժողովուրդների մեջ: Մինչև որ անդրկովկասյան ժողովուրդները չմիանան ու համերաշխ չգործեն, ոչ մի ուժ չի փրկի նրանց, և կառավարության խոստումներն էլ կմնան դատարկ հնչյուններ»:

«Կառավարության առջև կանգնած երկրորդ կարևոր խնդիրը հաշտություն կնքելն է: Այն հանգամանքը, որ նոր կառավարության գլուխը նախկին հաշտարար պատվիրակության նախագահն է՝ ինքնին ասում է, որ նոր կառավարությանը կներկայացվեն շատ խիստ պահանջներ: Տրապիզոնից վերադարձած պատվիրակությունը լի էր հավատով, թե կարելի է կնքել հաշտություն, որը կփրկի Անդրկովկասը: Պատվիարկությունը ոչ միայն հավատով վերադարձավ, այլ իր այդ հավատը ներշնչեց նաև զանգվածներին: Այդ պարտավորեցնում է ոչ միայն պատվիրակությանը, այլև կառավարությանը. այդ մուրհակով կառավարությունը ստիպված կլինի հաշիվ ներկայացնել»:

Հայերը համոզված էին, որ թուրքերի հետ անկարելի է տանելի հաշտություն կնքել, և այդ համոզումն էր Կարճիկյանի խիստ զգույշ ճառի իմաստը: Նա չէր հավատում, որ Չխենկելուն կհաջողվի կատարել իր խոստումը, մանավանդ որ տեսնում էր շուրջը գտնվող մահմեդական գործիչների մտայնությունը: Չէ որ նույն նիստում սոց.-հեղափ. Լորդիկիպանիձեն, Սեյմի ամբիոնից հայտարարում էր, թե «ոմանք այստեղ, ա՛յս դահլիճում, Սեյմի պատգամավորների շարքում ու լրագրողների օթյակում, արդեն խոսում են այն մասին, թե՝ քանի որ անկախությունը հայտարարված է, պետք է օգնության կանչել թուրքական զորքերի և թուրք սվիններով պաշտպանել Անդրկովկասի անկախությունը հյուսիսից արշավող բոլշևիկների դեմ»:

Այո՛, խոսում էին, և հենց Ռասուլ Զադեն իր ճառում շատ թափանցիկ ակնարկներով հրավիրում էր Սեյմի ուշադրությունը Սուխումի և Բաքվի վրա, որոնք «տառապում էին խորհրդային իշխանության գաղափարների ջատագով համարող ավազակների լծի տակ»:

Այսպես, ուրեմն, պաշտոնապես Չխենկելու կառավարությունը սկսեց գոյություն ունենալ ապրիլի 13-ից, բայց ապրիլի 9-ից արդեն Գեգեչկորիի դահլիճը, բոլորովին ապօրինի կերպով և աններելի անփությամբ, քաշվել էր գործից և իշխանության ղեկը փաստորեն անցել էր Չխենկելու ձեռքը: Այս վերջինը անմիջապես անցավ գործի և արեց մի շարք ինքնագլուխ քայլեր:

Ապրիլի 10-ին Չխենկելին հեռագրով իմացրեց բոլոր պետություններին Անդրկովկասի անկախության հայտարարությունը: Ապա Փոթիի ու Բաթումի գծով նույնը հեռագրեց և Վեհիբ փաշային՝ ավելացնելով, որ Անդրկովկասյան սեյմը ընդունել է Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և որ ինքը կարգադրել է բոլոր ճակատների հրամանատարներին՝ կանգնեցնել պատերազմական գործողությունները և նույնը խնդրում է նաև թուրք հրամանատարությունից: Չխենկելին ավելացնում էր, որ ինքը հրաման է տվել, որ Կարսի պարպման պայմանները մշակելու համար բերդապետը պատվիրակներ ուղարկի թուրքական հրամանատարության մոտ, և խնդրում էր տալ բավարար ժամանակ, որպեսզի կարելի լինի պարպել բերդը:

Հետո, հայկական և վրացական կորպուսների պետերին, զինվորական նախարարի պաշտոնակատար զորավար Օդիշելիձեի միջոցով, արեց հետևյալ հեռագրական հրամանը. «Հաղորդում եմ ի գիտություն ձեզ, որ Անդրկովկասյան սեյմը իր ապրիլի 9-ի նիստում հայտարարեց Անդրկովկասի կատարյալ անկախությունը: Կազմված է նոր կառավարություն Չխենկելու գլխավորությամբ, որը լիազորված է շարունակելու հաշտության բանակցությունները թուրքերի հետ: Կառավարությունը հրամայում է ձեզ՝ անմիջապես հասկացողության գալ ձեր առջև գտնվող թուրք զինվորական իշխանությունների հետ՝ դադարեցնելու համար պատերազմական գործողությունները ամբողջ ճակատի վրա՝ սկսած այսօրվա ժամը 17-ից: Հեռագրեք անմիջապես ինձ այս հրամանի գործադրության ու թշնամությունների դադարեցման մասին և մի պատճեն էլ ուղարկեցեք գլխավոր հրամանատարին: Այս հեռագրից հետո անմիջապես կուղարկեմ ձեզ մի հեռագիր Վեհիբ փաշայի անունով, որը զորավար Նազարբեկյանը պետք է հաղորդի ըստ պատկանելվույն անթելի միջոցով և զորավար Գաբաևը մի ներկայացուցչի միջոցով՝ հեռագրաթելով՝ Բաթումից Տրապիզոն»:

Այս հեռագրին հաջորդեց Օդիշելիձեի մեկ ուրիշ հեռագիրը, որը «անհապաղ» պետք է հաղորդվեր թուրք հրամանատարությանը. «Կովկասյան ճակատի թուրքական բանակների ընդհանուր հրամանատար Ֆերիկ Մեհմեդ Վեհիբ փաշային. պատիվ ունեմ ծանուցանելու ձերդ գերազանցության, որ, համաձայն վարչապետ Չխենկելու 1918 թ. ապրիլի 10-ին Փոթիի և Բաթումի վրայով ձեզ ուղարկված և հավանորեն արդեն ստացված հեռագրի, ես հաճույքն ունեցա հաղորդելու Անդրկովկասի գործող զորքերին անդրկովկասյան նոր կառավարության հրամանը՝ ապրիլի 10-ի ժամը 17-ից սկսած ամբողջ անդրկովկասյան ճակատի վրա դադարեցնել պատերազմական գործողությունները՝ համաձայնության գալով հանդիպակաց թուրքական իշխանությունների հետ: Հույս ունեմ, ձերդ գերազանցություն, որ հանուն հաշտության առաջիկա բանակցությունների հաջողության և մեր երկու ժողովուրդների ապագա բարեկամության, դուք ևս կհրամայեք ձեր զորքերին անմիջապես դադարեցնել պատերազմական գործողությունները»:

Այս բոլոր հրամաններն ու կարգադրությունները կատարվեցին կովկասյան բանակի ընդհանուր հրամանատար Լեբեդինսկուց անկախ, Սեյմից և հրավիրված նոր նախարարներից գաղտնի, միայն Չխենկելու անձնական պատասխանատվությամբ: Ոչ ոք տեղեկություն չուներ Չխենկելու արած քայլերի մասին: Եվ, ինչ-որ պակաս տարօրինակ չէ, հեռագրական սովորական կապն էլ հայկական կորպուսի և Հայոց ազգային խորհրդի միջև կտրված էր, և Թիֆլիսում ոչ ոք չգիտեր, թե ի՞նչ էր կատարվում հայկական ռազմաճակատում, մինչ այնտեղ զարգանում էին հայ ժողովրդի համար ողբերգական հետևանքներ ունեցող դեպքեր:

Ապրիլի 10-ին հայկական զորամասերը բռնում էին հետևյալ ռազմական դիրքերը-Սամավաթ-Հարամ Վարդան-Բեյուք Թեփե բարձունքը-Գիվնեյ բարձունքը-Աղբաբա բարձունքը-Կանը Քեոյ գյուղը: Բերդային հրետանին կազմ ու պատրաստ վիճակի մեջ էր: Զորքի ոգին ու բարոյական կորովը բարձր էր: Հայկական բանակը պատրաստ էր դիմադրության, և հրամանատարությունը վստահ էր, թե Կարսը ցույց կտա համառ դիմադրություն, կդիմանա առնվազն երկու շաբաթից մեկ ամիս: Թուրքերը ավելորդ զոհեր չտալու համար՝ ստիպված պիտի լինեն զիջումներ անել Անդրկովկասյան կառավարությանը՝ բերդը առանց կռվի ստանալու համար:

Այսպես էր կացությունը, երբ իրար հետևից սկսեցին հասնել Չխենկելու հեռագրերը, որոնք խիստ բարոյալքող տպավորություն [գործեցին] դիրքերում կանգնած զինվորների վրա: Քանի որ որոշված է կնքել զինադադար, էլ ինչո՞ւ կռվել՝ այս բնական միտքը կայծակի արագությամբ տարածվում էր ամեն կողմ, և զորաշարքերը արագորեն քայքայվում էին: Հայկական կորպուսի պետ զորավար Վեշինսկին, ապրիլի 11-ին գլխավոր սպայակույտին արած հաղորդագրության մեջ, զորավար Նազաբեկյանի հանձնարարությամբ, հետևյալ բնորոշումն էր տալիս ստեղծված դրությանը. «Բեգլի-Ահմեդի զորամասի կողմից գրավված առաջավոր դիրքի բախտը որոշվել էր երեկ զորավար Օդիշելիձեի կարգադրությամբ՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու և բանագնացներ ուղարկելու մասին: Այդ կարգադրությունը բացասական տպավորություն թողեց զորքերի վրա: Սակայն, Կարսի բերդապահ զորքին չշոշոփեց. հավանական է, որ Կարսը դիմանար երկու շաբաթից ոչ պակաս, գուցե և ամբողջ ամիս: Եթե ժամանակին մերժվեին թուրքական պայմաններն այսօր առավոտ ընդունելու առաջարկը, այդ դեռ կարող էր փրկել կացությունը, և Կարսի բերդը, անտարակույս, հետ կմղեր թուրքերին. այսօր էլ դեռ բերդը շատ լավ պաշտպանվում էր, մինչև որ ստացվեց վարչապետ Չխենկելու և զորավար Օդիշելիձեի կարգադրությունը, որ բանագնացներ ուղարկվեն՝ ճշտելու համար բերդի դատարկման պայմանները: Այս բանը բերդապետին հայտնելուց հետո կռիվը դադարեց: Զորքերը, ենթարկվելով հրամանի, հեռացան Աղաջ-Աղբաբ-Հարամ Վարդան առաջավոր դիրքերից»:

Այսպիսով, Չխենկելու կարգադրությունը կոտրեց հայկական բանակի դիմադրական թափը և պատճառ դարձավ սարսափելի աղետի:

Չխենկելու հրամանը ստանալուց հետո զորավար Նազարբեկյանը և Ս. Մանասյանը ապարդյուն կերպով աշխատեցին ուղիղ հեռագրաթելով կապվել Թիֆլիսի Ազգային խորհրդի հետ: Կապը խզված էր: Դրանից հետո, Նազարբեկյանը հրամայեց Էջմիածնի շրջանում գործող հայկական 2-րդ դիվիզիայի պետ զորավար Սիլիկյանին և Կարսի բերդապետ զորավար Դեևին ապրիլի 10-ին ժամը 17-ից սկսած դադարեցնել պատերազմական գործողությունները, և թուրքական հրամանատարության հետ սկսվեցին բանակցությունները երկու կողմերը զատորոշող գիծը ճշտելու համար: Թուրքական առաջավոր մասի հրամանատարը հայտնեց հայերի բանագնաց գնդապետ Մորելին, որ ինքը զինադադարի կարգադրություն չի ստացել, հայերի դիմումը կուղարկի բարձր հրամանատարությանը, բայց մինչ այդ, Վեհիբ փաշայի հրամանի վրա, ապրիլի 11-ին պիտի շարունակի առաջխաղացումը, ուստի առաջարկում է, որ իզուր ընդհարումներ չունենալու համար, հայկական զորքերը քաշվեն բերդային ամրությունների մոտ:

Հաջորդ առավոտ թուրքական առաջավոր զորքերի հրամանատարից ստացվեց մի նամակ, որով հաղորդվում էր, որ զինադադարի առաջարկը ընդունված է, թուրք պատվիրակներն արդեն նշանակված են, բայց մինչև բանակցությունների սկսումը հայկական զորքերը պետք է նահանջեն ու կանգնեն բերդի ամրություններից երկու վերստի վրա: «Մեր զորքերի մոտենալու միջոցին ձերոնք չպետք է կրակեն, հակառակ դեպքում մենք ուժ կգործադրենք»: Եվ, իրոք, ապրիլի 11-ին, թուրքերը դիմեցին ընդհանուր հարձակման և աշխատում էին գրավել Կարս-Ալեքսանդրապոլ երկաթուղագիծը՝ հայերի նահանջի ճանապարհը կտրելու նպատակով, բայց բերդի մարտկոցներից բացված ուժեղ կրակը կանգնեցրեց նրանց, թեև կռիվները դադարեցին:

Նուն օրը Թիֆլիսից ստացվեց և զորավար Օդիշելիձեի հեռագրական հրամանը՝ «ընդունելու թուրքերի պայմանները և դադարեցնելու պատերազմական գործողությունները՝ համաձայն այդ պայմանների»: Այս հրամանը հավասար էր բացարձակ անձնատվության, բարոյալքված ու գազազած զորքը անկարող պիտի լիներ պաշտպանվել թշնամուց, և Կարսը, բոլոր զորքերով ու ժողովրդով, պիտի անցներ թուրքերի ձեռքը: Այդ պատճառով, հայկական հրամանատարությունը նորից փորձեց զինադադարի ավելի նպաստավոր պայմաններ ստանալ:

Ապրիլի 11-ին և 12-ին կռիվները շարունակեցին անընդհատ: Թուրքական զորամասերն ու քրդական հրոսախմբերը աշխատում էին կտրել դեպի հյուսիս տանող երկաթուղին ու խճուղին և անվերջ հարձակումներ էին գործում հայկական զորքերի վրա: Թնդանոթները գոռում էին բերդի ամրություններից: Հայկական զորքը ցույց էր տալիս կատաղի դիմադրություն: Իսկ նույն այդ ժամանակ հայերի բանագնաց գնդապետ Մորելը իրար հետևից գնում-գալիս էր թուրքական հրամանատարի մոտ, բանակցություններ վարում Կարսի հանձնման պայմանների մասին: Թուրքական զորքերի հրամանատար Քյազիմ բեյը Վեհիբ փաշայի կողմից դրեց ու մինչև վերջն էլ պնդեց հետևյալ երեք պայմանները. 1. Մինչև ապրիլի 12-ի կեսօրը թուրքերին հանձնել Կարս գետի ձախ ափին գտնվող բերդային ամրությունները, իսկ մնացյալ ամրությունները հանձնել մինչև նույն օրվա երեկո: 2. Ապրիլի 12-ի ընթացքում անդրկովկասյան զորքերը պետք է հեռանան Կարսից: 3. Բերդից դուրս գալուց հետո, 3 օրվա ընթացքում, այդ զորքերը պետք է անցնեն Ախուրյան գետի մյուս ափը:

Գնդապետ Մորելը պնդում էր պայմանաժամի երկարաձգման վրա, բայց թուրքերը մնացին մինչև վերջ անզիջող և սպառնում էին, որոշյալ ժամանակը լրանալուց հետո, բերդը գրավել զենքի ուժով: Մյուս կողմից էլ Թիֆլիսի կառավարությունն էր շտապում թուրքական պայմանների ընդունումը. ապրիլի 11-ի գիշերը զորավար Նազարբեկյանը ստացավ գլխավոր հրամանատարի հետևյալ հեռագրական կարգադրությունը, թե՝ քանի որ Կարսի «պարպման խնդիրը բացարձակ կերպով որոշված է կառավարության կողմից, հրամայում եմ ձեզ իրավունք տալ բերդապետին զորքերը փոխադրելու Ալեքսանդրապոլի կողմը»:

Այս հեռագրի վրա, հայկական հրամանատարությունը մի անգամ էլ՝ չորրորդ անգամ, գնդապետ Մորելին ուղարկեց թուրք հրամանատարի մոտ՝ խնդրելով պայմանաժամը գեթ մեկ օրով երկարաձգել: Պատասխանը եղավ կտրուկ մերժում: Եվ մինչև ապրիլի 12-ի ժամը 2-ը Կարսը պարպվեց: Հեռացան զորքերը: Հեռացավ բնակչությունը՝ մոտ 20 000 մարդ նախօրոք այրելով քաղաքի լավագույն շենքերը: Բերդում մնացին միայն բերդապետ զորավար Դեևը, կոմիսար Մ. Արզումանյանը, գնդապետ Մորելը և սպայակույտի ու վարչական հիմնարկությունների սպաների ու պաշտոնեության մի մասը… բերդի գույքերը փոխադրելու համար: Չխենկելին միամտորեն հավատում էր, որ թուրքերը թույլ կտան իրեն բերդի պաշարն ու ռազմամթերքը տեղափոխել Թիֆլիս…

Ապրիլի 12-ին, երեկոյան ժամը 9-ին Կարս մտավ թուրքական 11-րդ դիվիզիայի առաջապահ մասը:

Կարսից հեռանալու պահին զորավար Նազարբեկյանը Թիֆլիսից ստացավ հետևյալ հեռագիրը. «Հայտնում եմ ձեզ ի գիտություն, որ Կարսի նահանգը մինչև Ախուրյան գետի երկարությամբ անցնող սահմանը պետք է պարտվի մեր զորքերից: Ալեքսանդրապոլի՝ Ախուրյանի աջ ափին գտնվող ամրությունները պետք է ոչնչացվեն: Կառավարությունը հարց է հարուցել, որ Թուրքիան մեկ ամիս ժամանակ տա մեզ՝ դուրս տալու համար Կարսի բերդի ամբողջ գույքը և մեկ շաբաթ՝ մեր զորքը Կարսի նահանգից հեռացնելու համար: Անդրկովկասի վարչապետ՝ Չխենկելի: Պատերազմական նախարարի պաշտոնակատար՝ Օդիշելիձե»:

Սակայն, հակառակ, որ թուրքերի բոլոր պայմաններն ընդունվել էին, թուրքական բանակը չդադարեցրեց զինվորական գործողությունները, և մեր զորքերը կռվով նահանջեցին մինչև Ալեքսանդրապոլ: Ապրիլի 15-ին, հայկական բանակը ամբողջովին անցավ Ախուրյանի ձախ ափը՝ նախօրոք պայթեցնելով աջ ափի ամրությունները:

Քիչ հետո, ապրիլի 17-ին, Կարսից հեռացվեց և զորավար Դեևը իր ընկերների հետ, ինչպես նաև մնացած բնակչությունը: Թուրքերը վճռականորեն մերժեցին Կարսի գույքից որևէ բան հանձնել: Զինվորականներին ազատ թողին՝ դրա համար էլ պետք էր շնորհակալ լինել…

Կարսի կռիվներում ընկան շատ քաջ մարտիկներ: Ապրիլի 9-ին, խիզախ գրոհի ժամանակ, սպանվեց սպա Սուրեն Թադևոսյանը՝ հայտնի հասարակական գործիչ Արշակ Թադևոսյանի որդին: Ապրիլի 12-ին, Մազրայի մոտ, նահանջի ճանապարհը պաշտպանելիս, հերոսի մահով մեռավ Կարսի քաղաքագլխի որդին՝ կամավոր Գևորգ Նորհատյանը:

Կարսի դեպքերի լուրը Թիֆլիսում ստացվեց միայն ապրիլի 11-ի կեսօրից հետո: Հայկական կորպուսի կոմիսար Ս. Մանասյանին մեծ դժվարությամբ հաջողվել էր ուղիղ հեռագրաթելի մոտ կանչել Սեյմի անդամ Սիմոն Վրացյանին ու հաղորդել Չխենկելու հեռագրերի և ստեղծված կացության մասին, ինչպես նաև խնդրել, որ Ազգային խորհուրդը միջոցներ ձեռք առնի՝ երկարաձգելու Կարսի պարպման ժամանակամիջոցը:

Այս տեղեկությունը ռումբի պես պայթեց հայկական շրջաններում: Ազգային խորհուրդը գումարեց արտակարգ նիստ: Խաչատուր Կարճիկյանը և Ստ. Մամիկոնյանը անմիաջպես հեռագրաթելով կապվեցին զորավար Նազարբեկյանի հետ՝ կամենալով փրկել Կարսը: Նազարբեկյանի պատասխանը եղավ կարճ. այլևս ուշ է: «Ես զինվորական նախարար Օդիշելիձեի միջոցով ստացա կառավարությունից բացորոշ հրաման՝ դադարեցնել Կարսի մոտ պատերազմական գործողությունները և թույլ տալ, որ թուրքական զորամասերը մինչև երկու վերստ մոտենան Կարսի ամրություններին: Այժմ տեղի են ունենում բանակցություններ Կարսը պարպելու մասին»:

Կարսի պարպումի լուրը ահագին փոթորիկ առաջ բերեց և Սեյմի ու նորակազմ կառավարության շրջաններում: Դաշնակցական նախարարներ Ա. Սահակյանը, Քաջազնունին ու Խատիսյանը՝ բողոքելով Չխենկելու ապօրինի վարմունքի դեմ՝ հրաժարակն տվեցին: Դաշնակցական խմբակցությունը պահանջեց հեռացնել Չխենկելիին վարչապետությունից: Նրա արարքը համարվում էր դավաճանություն. անհանդուրժելի էր դավաճանի վարչապետությունը:

Սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը, երկար խորհրդակցություններից հետո, Ժորդանիայի ու Ծերեթելիի բերանով, պատասխանեց, որ ինքը ևս վրդովված է պատահածից, դատապարտում է Չխենկելու վարմունքը, պատրաստ է վերացնել Չխենկելու թեկնածությունը, բայց այդ դեպքում վարչապետությունը պետք է ստանձնի հայերից մեկը, օրինակ, Քաջազնունին:

Այս առաջարկի անհեթեթությունը պարզ էր ամենքի համար: Ստեղծված պայմաններում ի՞նչ կարող էր անել հայ վարչապետը: Նման քայլը միայն կփութացներ Անդրկովկասի քայքայումը, և Դաշնակցությունը, բնականաբար, հրաժարվեց այդ «պատվից»: Հանգամանքները ստիպեցին նրան համակերպվել նաև Չխենկելու վարաչպետության հետ, որովհետև վրացիները բացե ի բաց մերժեցին ուրիշի թեկնածությունն առաջ քաշել. կա՛մ Չխենկելին, կա՛մ մենք կհրաժարվենք կառավարություն կազմելուց:

Չխենկելին մնաց կառավարության գլուխը և շարունակեց սկսած գործը: Սեյմի որոշման հիման վրա նա մտավ թուրքերի հետ նոր բանակցությունների մեջ, և, փոխադարձ համաձայնությամբ, որոշվեց հաշտության նոր խորհրդաժողովը նշանակել Բաթումում: Կազմվեց Անդրկովկասյան նոր պատվիրակություն, այս անգամ փոքրաթիվ կազմով: Պատվիրակության մեջ մտան՝ Ա. Չխենկելին՝ նախագահ, Ն. Նիկոլաձեն, Խատիսյանը, Քաջազնունին, Մ. Գաջինսկին, Խան-Խոյսկին և մի շարք խորհրդականներ ու քարտուղարներ՝ զոր. Օդիշելիձե, զորավար Ղորղանյան, Ռասուլ Զադե, Սաֆիքուրդսկի, Մ. Բունիաթյան, Վրացյան, Զ. Ավալով և ուրիշներ:

Պատվիրակությունը Թիֆլիսից մեկնեց մայիս 5-ին և հաջորդ օրը, ուշ երեկոյան, արդեն Բաթումում էր: Մայիս 11-ին տեղի ունեցավ Բաթումի խորհրդաժողովի հանդիսավոր բացումը:

Ներկա էին Անդրկովկասյան պատվիրակությունը իր ամբողջ կազմով, թուրքերի կողմից՝ Խալիլ բեյը, Վեհիբ փաշան, Նուսրեթ բեյը, Օրխան բեյը և այլն, Գերմանիայի կողմից՝ զորավար Ֆոն Լոսովը, կոմս Շուկենսբուրգը և Օ. Ֆոն Վեզենդոկը: Նիստի սկզբում դրվեց և Լեռնականների հանրապետության մասնակցության հարցը, և Հայդար բեկ Բամմատը ընդունվեց իբրև նրա պատվիրակ:

Ստանձնելով նախագահությունը՝ Խալիլ բեյը արտասանեց թուրերեն լեզվով մի ճառ, որով ողջունում էր «ազատության գեղեցիկ աստղի» ծագումը Կովկասի գլխին: Չխենկելին պատասխանեց համապատասխան արտահայտություններով:

Նիստի գործնական մասում Չխենկելին Անդրկովկասյան պատվիրակության անունից հայտարարեց, որ բանակցությունների իբրև հիմք ընդունվում է Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Բայց Խալիլ բեյը վճռական կերպով մերժեց այդ տեսակետը: Տրապիզոնի բանակցությունների խզումից ի վեր նոր դեպքեր էին պատահել, պատերազմ էր եղել Թուրքիայի և Անդրկովկասի միջև, արյուն էր հոսել, հետևաբար, անկարելի էր այլևս գոհանալ Տրապիզոնում ներկայացված պայմաններով: Թուրքիան իրավունք էր համարում դնել նոր պահանջներ, որոնք ամփոփված են հաշտության նոր նախագծում: Եվ որպեսզի բանակցությունները ձգձգվեն, Խալիլ բոյը տեղն ու տեղը հանձնեց Չխենկելուն կնքված մի ծրար, որի մեջ գտնվում էր նախագիծը «հաշտության և բարեկամության դաշնագրի Թուրքիայի և Անդրկովկասյան Հանրապետությունների համադաշնակցության միջև»: Սրանով էլ վերջացավ խորհրդաժողովի առաջին և վերջին նիստը:

Հաշտության նախագիծը  բաղկացած էր 12 հոդվածներից և 3 հավելվածներից և սարսափելի ծանր պայմաններ էր պարունակում ամբողջ Կովկասի, մանավանդ, Վրաստանի, բայց ավելի ևս Հայաստանի համար: Վրաստանից առնվում էր Բաթումի շրջանը՝ նավահանգստով հանդերձ, Ախալցխայի գավառը: Հայաստանից խլվում էին Ալեքսանդրապոլը, Ախալքալաքը, Շիրակի և Էջմիածնի գավառի մեծ մասը, Սուրմալուն, Ալեքսանդրապոլ-Կարս և Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղագիծը: Հայաստան փաստորեն չէր մնում. հայերին թողնվում էր հազիվ 11 000 քառակուսի վերստ լեռնոտ տարածություն Արագածի և Սևանի լճի միջև: Հողային պայմաններից զատ դրվում էին և չափազանց ծանր տնտեսական, առևտրական, ռազամգիտական և այլ պահանջներ:

Այսպիսով, Թուրքիան հախուռն թափով մուտք էր գործում Կովկաս և իր ազդեցության տակ առնում Կովկասյան լեռնաշղթայից հարավ գտնվող բոլոր հողամասերը: Կարս-Սուրմալու-Նախիջևան-Զանգեզուր-Ղարաբաղի վրայով միանում էր Պարսկական և Ռուսական Ադերբեջաններին, և Բաքվից նրա առջև բացվում էին շշմեցնող հեռանկարներ դեպի Անդրկասպյան թուրք-թուրանական ցեղերն ու Կենտրոնական Ասիայի իսլամական աշխարհը: Էնվերների համիսլամական ցնորքները իրականություն էին դառնում…

Թուրքական պահանջները զարմանք ու զայրույթ առաջ բերին ո՛չ միայն վրացիների ու հայերի, այլև գերմանացիների մեջ: Մայիս 12-ին զորավար Ֆոն Լոսովը հեռագրում էր իր կառավարությանը. «Թուրքական ամեն չափ ու սահման անցած պահանջները՝ անջատելու զուտ հայկական գավառները, որպիսիք են Ախալքալակը, Ալեքսանդրապոլը և Երևանի նահանգի մասերը, աղաղակող կերպով խախտում են Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և նպատակ ունեն բնաջնջել հայերին Անդրկովկասում: Այսօր երեկոյան թուրքերը վերջնագիր ներկայացրին, որ թույլ տրվի իրենց զորքերին Ալեքսանդրապոլի վրայով անցնելու Ջուլֆա և այդ մասին ոչինչ չհաղորդեցին ինձ: Ես բողոքեցի նման ընթացքի դեմ»:

Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երակթուղագիծը իրենց տրամադրելու պահանջը թուրքերը հետապնդում էին շատ խիստ կերպով: Եվ մինչ երկու պատվիրակությունների միջև սկսվեց օրեր տևող գրավոր վեճը Բրեստ-Լիտովսկի շուրջ, երկու կողմից կազմված մի հատուկ զինվորական հանձնախումբ քննում էր այս պահանջը: Թուրքերը պնդում էին, որ երկաթուղին տրվի իրենց, որպեսզի օր առաջ զորք հասցնեն անգլիացիների դեմ: Անդրկովկասի ներկայացուցիչները՝ զորավար Օդիշելիձեն և զորավար Ղորղանյանը հակառակում էին՝ առարկելով, որ այդ հարցը կարող է վճռվել միայն ընդհանուր դաշնագրի ստորագրությամբ:

Հուսահատված խաղաղ միջոցով երկաթուղին ստանալու մտքից՝ մայիս 14 լույս 15-ի գիշերը թուրքերը ներկայացրին վերջնագիր, որ մայիս 15-ի առավոտյան ժամը 7-ին Ալեքսանդրապոլը հանձնվի իրենց, և հայկական զորքերը քաշվեն 25 կիլոմետր դեպի արևելք: Եվ առանց պատասխան ստանալու, մայիսի 15-ի առավոտյան ժամը 2-ին, Ալեքսանդրապոլի դեմ գործող թուրք զորքերի հրամանատարը վերջնագրի թուրքերեն պատճենը ուղարկեց Ալեքսանդրապոլի հրամանտարին՝ պահանջելով մինչև ժամը 6-ը դատարկել քաղաքը: Հազիվ մինչև ժամը 6 ու կեսը կարելի եղավ թարգմանել թուղթը, այնինչ ժամը 6-ից սկսվեց քաղաքի ռմբակոծումն ու թուրքերի հարձակումը: Հայկական բանակը հանկարծակիի եկավ և շտապով նահանջեց: Ալեքսանդրապոլն անցավ թուրքերի ձեռքը:

Հայկական զորքերի նահանջը, զորավար Նազարբեկյանի կարգադրությամբ, կատարվեց երկու ուղղությամբ, հայկական առաջին դիվիզիան և 2-րդ դիվիզիայի 7-րդ և 8-րդ գնդերը անցան դեպի Գյոք-Յողուշ-Բեքյանդ-Ավդիբեկ-Փամբ գյուղագիծը: Ձիավոր բրիգադը, իբրև հետսապահ, մնաց Չրախլու գյուղում: Առաջին և երկրորդ բրիգադները 2-րդ ձիավոր գնդի հետ շարժվեցին Սարդարապատի ուղղությամբ՝ զորացնելու համար Երևանի զորամասը: Անդրանիկին, որ մայիս 1-ից ի վեր գրավում էր Գիվլլի Բուլաղը, հրամայվեց պահպանել Ախալքալաք և Վորոնցովկա տանող ճանապարհները, սակայն, նա չմնաց այնտեղ և քաշվեց-գնաց Ջալալ-Օղլի:

Այսպիսով, տարածված լայն ճակատով, հայ զորքերը պաշտպանում էին հայկական շրջանները: Թուրքերը քայլ առ քայլ առաջանում էին և մայիս 22-ին գրավեցին Համամլու կայարանը, որով բացվում էր Երևանի ճանապարհը: Երևանից շտապով նրանց դեմ Բաշ-Ապարան ուղարկվեց մի զորամաս Դրոյի գլխավորությամբ: Բացի այդ, միջոցներ ձեռք առնվեցին ամրացնելու Ղարաքիլիսայի ճակատը: Զորավար Նազաբեկյանը մի կոչ ուղղեց զորքին, որով դիմում էր նրա հայրենասիրական զգացմունքներին և հրավիրում կատարել իր պարտականությունները ժողովրդի հանդեպ: Կարելի եղավ կանգնեցնել ու կարգի բերել նահանջող զորամսերը: Հուսալքումը տեղ տվեց ոգևորության:

Զորավար Նազարբեկյանը օգտագործեց այս տրամադրությունը և մայիսի 24-ին տվեց հարձակման հրաման: Նույն օրը Ղարաքիլիսայի մոտ տեղի ունեցավ հաջող ճակատամարտ. թուրքերը ջարդված՝ խուճապով քաշվեցին դեպի Համամլու: Սակայն, թշնամին սպառնում էր մեր աջ թևին. Անդրանիկը հեռացել էր Ջալալ-Օղլիից դեպի Դսեղ՝ բանալով ահագին տարածություն թուրքերի առջև:

Տաք և մեզ համար հաջող հարձակողականը շարունակվեց և մայիս 25 ու 26-ին: Այդ երկու օրվա ընթացքին տեղի ունեցան համառ և արյունահեղ ճակատամարտեր: Մայիս 26-ի երեկոյան թշնամին քշված էր Գյադա-Մայմեխ սարից. հայերը գրավել էին Հաջի-Ղարա գյուղը, Բեզոբդալը: Թուրքերը տվին ահագին զոհեր:

Ստանալով օժանդակ նոր ուժեր ու թնդանոթներ՝ մայիս 27-ին թուրքերը դիմեցին հակահարձակման և արյունահեղ կռիվներից հետո նորից գրավեցին Բեզոբդալը: Աջ թևից սպառնացող հարվածի պատճառով՝ ստիպված նահանջեցին և հայերի կենտրոնական ուժերը ու մայիս 28-ին դիրքեր բռնեցին Բոզիգյուղ և Նիկիտինո գյուղերի մոտ՝ փակելով Երևանի ճանապարհը: Անդրանիկը մայիս 30-ին Դսեղից անցավ Դիլիջան:

Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ զինվորը երևան բերեց ռազմական բարձր կարողություն և անսահման հայրենասիրություն: Բազմաթիվ զոհեր տվեց նա: Շատերը ընկան հերոսական մահով: Դրանց մեջ էր թնդանոթային մարտկոցի հրամանատար հերոս Տեր-Մովսիսյանը: Դրանց մեջ էր և Հայաստանի ապագա վարչապետ Համո Օհանջանյանի անդրանիկ զավակը՝ Մոնիկը, որ մի խումբ գաղափարական ուսանողների հետ գտնվում էր առաջավոր դիրքերում, մասնակցել էր բազմաթիվ ճակատամարտերի, ստացել քաջության նշան և որ անհետ կորավ Ղարաքիլիսայի կռիվներում:

Ղարաքիլիսայի ճակատամարտը և նույն օրերին Սարդարապատ-Բաշ-Ապարանում տեղի ունեցող կռիվները ահագին տպավորություն թողեցին Բաթումում: Դրանից հետո էր, որ Վեհիբ փաշան, Էնվեր փաշայի կողմից զինակցություն առաջարկեց հայ պատգամավորներին:

***

Ղարաքիլիսան գրավելուց հետո, թուրքերը արշավեցին դեպի հյուսիս՝ Թիֆլիսի ուղղությամբ: Միաժամանակ ոտքի ելավ և Սադախլու-Սանդարի շրջանի մահմեդականությունը, որը կտրեց երկաթուղային հաղորդակցությունը և թալանում ու կոտրում էր փախստական հայերին: Մայիսի 22-ին Անդրկովկասյան կառավարությունը որոշեց խնդրել Դաշնակցությանը և Մուսավաթին՝ ուղարկել երեքական ներկայցուցիչներ այդ շրջանի թուրքերին հանգստացնելու համար, բայց ալեկոծված տարերքը զսպելու հնարավորություն չէր մնացել այլևս: Հարավից ջարդում ու կոտորում էին թուրք ասկյարները, հյուսիսից՝ զինված թուրք գյուղացիները: Հայ գաղթականությունն ու նահանջող զորամասերը թալանում ու կոտորվում էին ամեն կողմ:

Թուրքերի հյուսիս շարժվելու հետևանքով անասելի իրարանցում առաջ եկավ և Թիֆլիսում՝ վրաց և հայկական շրջաններում: Վրացիները սկսեցին պատրաստվել դիմադրության: Թիֆլիսը հայտարարվեց պաշարման վիճակում. զորաշարժի ենթարկվեց կարմիր գվարդիան: Քաղաքի շուրջը, բարձրունքների վրա, դիրքեր փորվեցին, նշանակվեցին պահակներ:

Անտանելին, սակայն, հայ ժողովրդի, Թիֆլիսում խռնված կարսեցի, շիրակցի, արևմտահայ բազմահազար գաղթականության վիճակն էր: Մանավանդ, շատ էին ջղայնանում արևմտահայերը, որոնք, հասկանալի պատճառներով, ավելի էին սարսափում թուրքական արշավից: Նրանց դրությունը ահռելի էր: Ի՞նչ անել: Ո՞ւր գնալ: Եվ ահա ծայր տվեց մի խուճապային փախուստ դեպի Հյուսիսային Կովկաս: Հազարավոր մարդիկ, ծեր ու երեխա, գյուղացի ու քաղաքացի, աշխատավոր ու մտավորական՝ ով ինչով կարող էր, խուժեցին դեպի ռազամավիրական ճանապարհը: Հոսանքի մի ծայրը հասել էր արդեն Վլադիկավկազ ու Արմավիր, մինչ մյուսը դեռ նոր էր դուրս գալիս Թիֆլիսից: Օրեր անընդհատ, Թիֆլիսից շարժվում էին հազարավոր սայլեր, կառքեր, ինքնաշարժեր, գրաստներ, ֆուրգոններ՝ բեռնավորված տնային իրերով, կանանցով ու երեխաներով: Շատերը իրենց ունացքվածքը չնչին գնով ծախում էին Թիֆլիսի փողոցներում՝ գորգ, կարպետ, բարձ, անկողին, վերմակ, կարասներ, ամանեղեն… Վլադիկավկազ գնացող փոխադրության միջոցների սակագինը բարձարնում էր տասնյակ ու հարյուրավոր անգամներ: Մի մարդու տեղը ֆուրգոնում արժեր մինչև 10 000 ռուբլի: Մարդիկ վերջին կոպեկն էին տալիս, միայն թե կարողանային հեռանալ:

Թիֆլիսից Հյուսիսային Կովկաս մեկնեց և Ապահովության խորհուրդը ամբողջ կազմով: Այս պարագան ավելի ևս սաստկացրեց ընդհանուր խուճապը: Գաղթը կատարվում էր անկազմակերպ, տարերային կերպով: Պարենավորման գործը ճանապարհին չափազանց անբավարար էր, ապահովություն չկար, և հարձակումները գաղթականների վրա սովորական էին: Այսպես, մայիս 23-ին Լարսից հեռագրում էին Հայոց ազգային խորհրդին. «Այսօր ինգուշները Նոր Լարս կայարանում պահեցին ավելի քան 10 000 գաղթականներ, թույլ չտվին գնալու Վլադիկավկազ և վերադարձրին Կազբեկ, ուր նրանց սպասում է սովն ու ցուրտը»:

Մայիս 25-ին Ազգային խորհրդի ներկայացուցիչը հեռագրում էր Դուշեթից. «Հարյուր հազար սոված ու մերկ գաղթականներ հավաքվել են Մցխեթի և Դուշեթի միջև և ավելի հեռուները: Ո՛չ մի օգնություն և ո՛չ մի տեղից: Փախստականների մեջ սկսվում են հիվանդություններ: Կան մահվան դեպքեր: Գիշերելու տեղ չկա, և ամենքը գիշերում են բաց երկնքի տակ, ցրտին: Չկա ո՛չ հաց, ո՛չ եռացրած ջուր, չկան սննդատու կայաններ՝ ամենքը թողնված են ճակատագրի կամքին: Մարդիկ հազարներով գնում են ոտքով, առանց օգնության որևէ հույսի… կացությունը հուսահատական է»:

Թե ինչ կլիներ հետևանքը այս տնաքանդ փախուստի, դժվար է ասել, եթե մեջտեղ չգար արտաքին միջամտություն. մայիսի 24-ից Թերեքի ժողովրդական կառավարությունը փակեց գաղթականների առջև Հյուսիսային Կովկասի ճանապարհը, որով հոսանքը կանգ առավ, և գաղթել ցանկացողների մեծ մասը մնաց Անդրկովկասում: Թուրքական յաղթանակից ազատվածները Հյուսիսային Կովկասում ընկան բոլշևիկյան դժոխքը: Այնտեղ նրանց սպասում էին նոր զրկանքներ, նոր տառապանքներ ու նոր հիասթափություններ: