Առուստամյանների բազմանդամ ընտանիքը Մարտակերտի Վաղուհաս գյուղից սեպտեմբերի 19-ի գիշերը անտառներով հասել է հարևան Հարությունագոմեր, այնտեղից՝ Ստեփանակերտի օդանավակայան: Սեպտեմբերի 25-ին դուրս են եկել Արցախից, երեք օր անց հասել Նոյեմբերյանի Ոսկեվան գյուղ:
Արամը 20 տարեկան է, Սիրունը՝ 18, Անին՝ 16, Մերին՝ 14, Արմանը՝ 7: Ավագ որդին՝ Վարդանը, 25 տարեկան է: Նա Հաթերքի դիրքերում էր, երբ Ադրբեջանը սկսեց պատերազմական գործողությունը: Ընտանիքի 7-րդ զավակը՝ 23-ամյա Սաթենիկը, ամուսանացած է Ճարտար գյուղում:
«Տնից տկլոր ենք դուրս եկել, ոչինչ չենք վերցրել: Նիվա մեքենա ունեմ, չհասցրեցի վերցնել: Տունն ենք թողել: Ոչխարներ, խոզեր ունեինք, ամեն ինչ թողել ենք: Ում հագին ինչ եղել է, դրանով դուրս ենք եկել տնից»,- ասում է Սամվելը:
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար ժողովրդից մոտ 100 ընտանիք ժամանակավորապես կամ մշտական բնակություն է հաստատել Տավուշի Նոյեմբերյան համայքնում, նրանցի 7-ը՝ Ոսկեվան գյուղում:
Ոսկեվանի վարչական ղեկավար Սերյոժա Գրիգորյանը առաջին գիշերը այս ընտանիքին տարել է իր տուն, իսկ հաջորդ օրը նրանց տեղավորել Մարտիկ Ալեքսանյանի տանը: Այս տան տերը և հարևանը՝ Մայրանուշ Ալեքսանյանը, Առուստամյանների ընտանիքի կողքին է: Գյուղացիները Արցախից բռնի տեղահանվածներին օգնում են՝ ով ինչով կարող է: Մեկը իր տան երկրորդ հեռուստացույցն է տրամադրել, մյուսը՝ կահ-կարասի, ամանեղեն ու վերմակ, երրորդը այգուց միրգ է քաղել ու բերել նորեկ համագյուղացիներին:
Անին, Մերին և Արմանը արդեն հաճախում են Ոսկեվանի դպրոց: Անին պատմում է, որ Վաղուհասի դպրոցի իր դասարանում 16 հոգի էին սովորում, այստեղ՝ Ոսկեվանում՝ 14-ն են: Թեև միայն 4 օր է գնացել դպրոց, բայց արդեն ընկերացել է: «Այստեղ մեզ լավ են ընդունել, բայց մեր գյուղը չեմ կարող մոռանալ: Մեր գյուղի անտառները…»,- ասում է Անին:
Եղբայրը՝ Վարդանը և ծնողները չեն մտածում Արցախ վերադարձի մասին: «Ոնց կարող եմ գնալ թուրքի հետ ապրել: Ամոթ է, որ գնանք»,- ասում է Վարդանը:
Նրա մայրը՝ Արշալույս Առուստամյանը, ուրախ է, որ ընտանիքը և բոլոր 7 երեխաները ողջ-առողջ կարողացել են դուրս գալ Արցախից, բայց տխուր է, որովհետև եղբոր երկու որդիներից լուր չկա: Երկուսն էլ զինծառայողներ են, եղել են դիրքերում, երբ Ադրբեջանը սկսել է հարձակումը:
Առուստամյանները երկրորդ անգամ են գաղթի ճանապարհ բռնում: 1992-ի ամռանը ադրբեջանական զինուժը գրավեց և մեկ տարի վերահսկողության տակ պահեց Վաղուհասն ու Մարտակերտի գրեթե ամբողջ շրջանը: 1993-ին նրանք վերադարձան գյուղ: Այսօր նրանք հետդարձի ճանապարհ չեն տեսնում:
Ոսկեվանում Վաղուհասից ևս մեկ ընտանիք է հաստատվել: Աննա Ասլանյանը երեք որդիների հետ՝ 20, 18 և 16 տարեկան, բնակվում են գյուղի դատարկ տներից մեկում:
Ռիտա Լալայանը որդու և թոռնիկի հետ Ոսկեվան է եկել Դրմբոնից: Նա պատմում է, որ Դրմբոնի գյուղապետ Աշոտ Հակոբյանը օգնել է բոլորին, որ անվտանգ դուրս գան գյուղից և վերջինն ինքն է դուրս եկել 5 երեխաների հետ: Օդանավակայանում 3 օր մնալուց հետո տեղափոխվել են Ստեփանակերտի 6-րդ դպրոց, հաջորդ օրը՝ ճանապարհվել դեպի Հակարիի կամուրջ:
«Վայքում գրանցվեցինք, ասացին Նոյեմբերյան ենք ձեզ տանելու, ասացի՝ ո՜ւր ուզում եք տարեք՝ մենակ թուրքից հեռու»,- ժպտալով պատմում է Լալայանը:
Երբ ասացի, որ այսօրվա քո հաստատված տունը ադրբեջանական դիրքերից մի քանի կիլոմետր է հեռու, սկսեց ծիծաղել:
«Ոսկեվանի գյուղապետը մեզ շատ է օգնում: Բոլոր գյուղացիները օգնում են: Իսկականից ոսկի ժողովուրդ են»,- ասում է Լալայանը:
Արցախից բռնի տեղահանված երկու ընտանիքներ՝ երկու եղբայրներ՝ Գրիգորյաններ, ժամանակավորապես հաստատվել են Բաղանիս-Ոսկեվան խաչմերուկում կառուցված Արագ սննդի համալիրում: Գրիգորյան եղբայրները տունը կորցրել են 2020թ հոկտեմբերին, երբ Շուշի շարժվող ադրբեջանական զորքերը գրավեցին Թաղավարդից Շուշի հատվածի գյուղերը, այդ թվում՝ Ավետարանոցը: Եղբայրները գյուղը կորցնելուց հետո հաստատվել էին Ասկերանում:
Արմենը երեք երեխա ունի՝ 7-ամյա Մարիամը, 5-ամյա Մարին և 3-ամյա Վասիլին: Մյուս եղբայրը՝ Մուշեղը, մեկ տարի առաջ է ամուսնացել: Ութ հոգով բնակվում են մի շենքում, որը շատ մոտ է ադրբեջանական դիրքերից: Մտածում են Սիսիանի շրջան տեղափոխվելու մասին:
Նելյա Բաբայանը Ոսկեվան է եկել Ննգի գյուղից: Ամբողջ կյանքում միայնակ է ապրել:
«65 տարեկան եմ: Հարևանս օգնեց, որ դուրս գամ գյուղից: Երեք օր եկանք՝ Ստեփանակերտից Հակարի, Կամազի թափքում, երեք օր»,- ասում է Բաբայանը:
Տիկինը դիմացի հարևանի տուն էր գնացել: Թեև ընդամենը մեկ շաբաթ է, որ արցախցիները հաստատվել են այստեղ, բայց արդեն հասցրել են շփվել ոսկեվանցիների հետ, հարևանություն անել:
Ղարաբաղի հարցը լուծված է. անձնական հուշ մոտիկ անցյալից
Այսօր՝ կիրակի, հոկտեմբերի 8-ին, մեր կողմերում հրաշալի աշնանային եղանակ էր: Այցելեցի Ոսկեվանում հաստատված 7 ընտանիքների, որոնք բռնի տեղահանվել են Արցախի տարբեր գյուղերից: Ընկերներիցս մեկը՝ Բեյրութից, օգնություն էր ուղարկել:
Այսօր Ոսկեվանում հիշեցի մի բան, որ 10 տարվա պատմություն ունի: Ուրեմն, քեռուս տանն եմ, քեռիս այս գյուղից է: Քեռուս տղան 1990-ական թթ սկզբին ամուսնացել է Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից 1992-ին բռնի տեղահանված մի ընտանիքի աղջկա հետ: 2013 կամ 2014 թվականն էր, գուցե՝ 2015, լավ չեմ հիշում, նրա բարեկամները, որ հաստատվել էին Շուշիում, եկել էին Ոսկեվան: Սեղանի շուրջ նստած ենք և խոսում ենք Ղարաբաղյան հակամարտության մասին:
Դե, ես սկսեցի իմ մշտական երգը, որ քանի հաղթած դիրքում ենք, պետք է գնալ կարգավորման, փոխզիջումների, որ պատերազմ չլինի: Դրանք այն ժամականերն էին, երբ չափավոր հայերը Քուռ-Արաքսյան էին ծրագրում, իսկ առավել հայրենասերները՝ Բաքվում թեյ խմում ու հիմնահատակ կործանում արհեստական Ադրբեջանը:
Էս մեր շուշեցիները շատ նեղվեցին, թե ի՜նչ զիջումներ՝ Ղարաբաղի հարցը լուծված է: Բարեկամաբար բանավիճեցինք՝ խորովածի սեղանի շուրջ: Քիչ անց, նրանք ասացին, որ մեկնում են: Հրաժեշտ տվեցին: Զարմացա, որ Ռուսաստան են տեղափոխվում՝ մշտական բնակության:
Այո, նրանց համար Ղարաբաղի հարցը լուծված էր: Նրանք կարող էին հեռանալ Ռուսաստան, ինչպես շատ այլ հայաստանցիներ ու արցախցիներ: Շատերի համար էր լուծված:
Այսօր, Ոսկեվանում հանդիպեցի տունուտեղը կորցրած 7 ընտանիքների՝ երկուսը՝ Վաղուհասից, մեկը՝ Դրմբոնից, չորրորդը՝ Ննգիից, հինգերորդը՝ Ասկերանից, վեցերորդը և յոթերորդը՝ Ավետարանոցից:
Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի
ԱՆԻ կենտրոն
Լուսանկարում՝ տունը, որտեղ հաստատվել են Առուստամյանները
Ոսկեվան, 8 հոկտեմբերի, 2023թ













