Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը արևելահայերենով հրատարակության է պատրաստում ՀԵՐՈՍՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ հատորը, որի մեջ ներառվել են երկու հուշագրություններ՝ Եղիշե Քաջունու ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՎԱԾՈՂ ԶՈՐԱՄԱՍԸ և Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներից, վանեցի ՎԱՂԱՐՇԱԿ ՇԱՀԻՆՅԱՆԻ հարցազրույցը: Այս հատորը արդեն հրատարակվել է անգլերենով, ունեցել է երկու հրատարակություն:

Առաջիկա ամիսներին այն հասանելի կլինի նաև արևելեհայերենով:
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ սեպտեմբեր-հոկտեմբեր օրագրությունից:
Բավական ժամանակ ի վեր Շուշիի Հայոց Ազգային խորհուրդը ինքն իրեն վերածել էր պետական կազմակերպության և հռչակել էր անկախ, որովհետև թուրքական Ադրբեջանը իրենն էր համարում այդ շրջանը:
Այդ անկախությունը զենքով պաշտպանելու համար, սակայն, ռազմամթերքի կարիք կար: Շուշիի Ազգային խորհուրդը գիտեր, որ Շուշիի և Գանձակի շրջանի համար բավական ռազմամթերք կար ճանապարհին, հետևաբար փափագում էր ժամ առաջ այդ ռազմամթերքը փոխադրել Շուշի: Իսկ ռազմամթերքը օրեցօր ավելի անհրաժեշտություն էր դառնում Շուշիի համար: Շուշիից Գորիս, կամ ավելի ճիշտ Տեղ գյուղ ճանապարհը 70 վերստ է և կա միայն Ղարաղշլաղ հայկական մեծ գյուղը, որի բնակիչները նշանավոր են իրենց քաջությամբ:
Արդ, շուշեցիները, օժանդակությամբ ղարաղշլաղցիների, փոխադրական միջոցներ են բերում դեպի Զաբուղ՝ ձորը անցնելու և ռազմամթերքը փոխադրելու համար: Թուրքերը, սակայն, օգտվելով Թերեքեմենի (խաշնարած թուրքեր) ներկայությունից, հարձակվում են Ղարաղշլաղի և դեպի ձորը իջնող տրանսպորտի վրա և այրում Ղարաղշլաղը, որի բնակիչները քաշվում են Շուշի:
Ձորի մյուս՝ Զանգեզուրի կողմից, Ղարաղշլաղի օգնության մեկնելու փորձը ձախողվում է, լավ կազմակերպված չլինելու պատճառով:
Այս փորձից քաջալերված, թուրքերը հարձակվում են Գորիսի (Զանգեզուրի) շրջանի վրա զանազան ուղղություններով՝ Կոռնիձորի, Խոզնավար-Խանածախի: Բայց հայոց ինքնապաշտպանության և Անդրանիկի զորամասի՝ դեպի Զանգեզուր շարժվելու հետ միաժամանակ, թուրքերը հեռանում են:
Ղարաղշլաղի քանդումով՝ Շուշիի և Գորիսի միջև ընկած հայկական կայանը վերանում է:
Սեպտեմբերի 30, հոկտեմբերի 1-10
Դրությունն անորոշ է: Ճիշտ է, որ թուրքերը դադարեցրել են իրենց հարձակողական ընթացքը, բայց որևէ երաշխիք չկա, որ վաղը չեն վերսկսելու: Պետք է կազմակերպել ինքնապաշտպանությունը: Այդ բանի համար պետք է նախ իմանալ, թե շրջանը ինչ քանակությամբ զենք ու զինամթերք ունի, ինչքանը՝ անհատական, ինչքանը՝ սեփական, պետք է ռազմամթերքի բոլոր պահեստները միացնել, մեկ իշխանության ենթարկել, պետք է տեղի երիտասարդությանը զորակոչի ենթարկել և կազմել կանոնավոր վաշտեր, պետք է դիրքերը որոշել և պատրաստել: Բացի այդ, կա և զինված ուժերի ուտեստի և նրանց ձիերի կերի հարցը: Սրանք խնդիրներ են, որ լուծման և կարգադրության կարիք ունեն, դրանք կարգադրելու համար ահագին ժամանակ, եռանդ ու կամք է պետք:
Գորիսի Ազգային խորհուրդն ու ժողովուրդը սակայն, կարծես չեն հասկացել վայրկյանը, անտարբեր են և անշարժ: Ձգձգումը, խուսափումը կարծեք առաքինության կարգ է անցել զոհաբերության փոխարեն:
Ձմեռը մոտ է: Շուտով Երևանից դեպի Դարալագյազ ու Ղարաբաղ տանող ճանապարհները կծածկվեն ձյամբ: Շատ զինվորներ չորս տարի շարունակ եղել են ճակատում և փափագում են տուն վերադառնալ: Երբեմն-երբեմն այդպիսի զինվորականներ կամ գաղթականներ են գալիս Երևանից, ամենատարօրինակ պատմություններ, առասպելներ են նրանք բերում իրենց հետ, որոշները թերթ են բերում: Եկել են երեք զինվորականներ և երկու ուրիշ ծանոթ գործիչներ՝ Ստեփան Սարգսյանը և Կոստիան, որոնք հետները նաև թերթ են բերել: Թերթերից տեղեկանում ենք, որ օգոստոսի 15-ին թուրքերն արդեն գրավել են Բաքուն: Ուրեմն, անհավատալին իրականացել է: Մեր ամենամեծ հույսը Բաքուն էր, ուրեմն այն էլ ընկել է: Բացի այդ, Միանեն և Թավրիզը գտնվում են թուրքերի ձեռքում: Անշուշտ, այս լուրերը մեծ ազդեցություն թողեցին ժողովրդի և զինվորի վրա: Բայց մեր մեջ միս ու արյուն կտրած լավատեսությունը թույլ չէր տալիս վհատվել և միշտ հավատում էինք, թե ինչքան էլ որ ճիշտ լինեն այդ ամենը, այնուամենայնիվ, այդ օրերից ի վեր շատ բան անցած պիտի լինի և դրությունը անպայմանորեն պետք է փոխված լինի ի նպաստ մեզ:
Եւ հետո, այդ թերթերի գրածների ստույգ լինելու մասին շատ վաղուցվանից է, որ հավատներս փոխել ենք: Չէ՞ որ այդ թերթերը, օրերից մի օր գրել էին, թե հայոց նշանավոր խմբապետ Անդրանիկը Ղարաբաղում մի հայի ձեռքով սպանվել է, այնինչ Անդրանիկը ողջ-առողջ գործում էր Ղարաբաղում և ոչ մի ժամանակ որևէ թեթև փորձ չէր նշմարված իր դեմ:
Այդ բոլոր վատ լուրերը լսելով հանդերձ, ներքին ձայնն ասում էր, թե մոտ է մեծ վայրկյանը, երբ արդեն դրությունը փոխված պետք է տեսնենք և նույնիսկ ուշացել ենք գործելու համար:
Սիսիանի շրջանի զանազան կոմիսարներից ստացված նամակները մանավանդ չափից ավելի վստահեցնող և ստույգ էին թվում: Դարպասի շրջանային կոմիսար Դավիթ Մկրտչյանը գրում է, թե շրջանի հարևան Շխլարի թուրքերը հեռանում են շրջանից և հայերից խնդրում են օգտվել իրենց ցանքերից և տներից, միայն թե չվառեն դրանք: Ուրիշները հավատում էին, թե Նորսի սարերից արդեն լսելի էին թնդանոթի ձայները: Այլք, թե թուրքերը քաշվում են Նախիջևանի շրջանից և այրում են հայկական գյուղերը: Ուրեմն, ենթադրում ենք, թե անգլիացիները Թավրիզով առաջանում են դեպի Ջուլֆա-Նախիջևան: Մյուս կողմից, երբեմն-երբեմն, Ղափանից և Մեղրիից լուր ենք ստանում, թե թնդանոթի ձայներ են լսվում Պարսկաստանի ուղղությամբ:
Ուրեմն, զորամասի համար անհրաժեշտ էր գտնվել Նախիջևանի մոտ՝ Սիսիան, և հետևել այդ շրջանի անցուդարձին:
Բացի այդ, վերջերս Սիսիանի տեղական զորամասերում մի շարք անկարգություններ են պատահել, որոնք անհրաժեշտ են դարձնում զորամասի Սիսիան մեկնելը:
Հոկտեմբերի 10-ի երեկոյան Անդրանիկը որոշեց անցնել Սիսիան: Այդ ուղղությամբ տրվեցին հրահանգներ:
Հոկտեմբեր 11
Արդեն պատրաստություններ են տեսնվում Սիսիան մեկնելու համար: Հանկարծ կեսօրին Տեղ գյուղից հեռախոսով հաղորդում են, թե Շուշիից պատվիրակություն է եկել այնտեղ: Շուշիի և արտաքին աշխարհի մասին լուր ստանալու անհամբեր՝ հեռախոսով հաղորդված լուրերը լավատեսական են թվում: Դաշնակիցները գրավել են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան, բուլղարները անջատ հաշտություն են կնքում, հույները պատերազմին մասնակցում են ի նպաստ դաշնակիցների: Դաշնակիցները պաշարել են Մեցը: Բայց այս լուրերից զատ զգում էինք, որ առանձին նշանակություն ունեցող դեպքեր են սպասվում: Միայն այն պարագան, որ նրանք Շուշիից են գալիս, թուրքերի միջոցով, ֆայտոնով և սպիտակ դրոշակով, արդեն ցույց էր տալիս, թե խորհրդավորություն կար նրանց գալու մեջ: Նախատրամադրություն կար, թե անհանգստացնող, կարևոր լուր ունեն նրանք:
Շուշիից եկողները իրիկվա դեմ հասնում են Գորիս: Նրանք երեք հոգի են՝ Մուշեղ Զալուրքարյան, Արսեն Բակունց և Սերգեյ Բաղիրով, երեք կուսակցություններից՝ Դաշնակցական, Սոցիալ-Դեմոկրատ և Ժողովրդական:
Գիշերով, շատ նեղ շրջանակում՝ զորավար Անդրանիկի և Ազգային խորհրդի անդամների մոտ նրանք հայտնում են, թե արդեն անցյալ ամսի՝ սեպտեմբերի 25-ին, թուրքերը գրավել են Շուշին: Թուրքերի ուժի մասին ստույգ տեղեկություն չունեն, բայց թուրքերը Ասկերանի շրջանի մի քանի գյուղեր ռմբակոծելուց հետո կարողացել են արագ կերպով հասնել Շուշի և քաղաքը գրավել առանց դիմադրության, որ հայերը, և մանավանդ մի մասը, փառավոր ընդունելություն է արել թուրքերին, որ երիտասարդության զինված մասը հեռացել է քաղաքից և որ իրենք, որպես զանգեզուրցիներ, Շուշիում կազմված հայ և թուրք հանձնաժողովի կողմից ուղարկվել են Գորիս՝ «հայտնելու այն, ինչ որ տեսել են»: Թուրքերը գրավել են Շուշին:













