Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918

2249

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Խատիսյանը Նասսիմի բեյին խնդրում է, որ Օսմանյան կառավարությունը Նուրի փաշայի միջոցով ազդի Ադրբեջանի վրա, որ Հայաստանին որոշ քանակությամբ ալյուր տան

Սեպտեմբերի 16-ին Ալ․ Խատիսյանը գնաց [Օսմանյան կայսրության] արտգործնախարարի [Նեսսիմի բեյ] մոտ, որպեսզի զեկուցի Հայաստանի դրության մասին և մի շարք խնդիրներ դնի, որոնց լուծումը մենք սպասում ենք։

Նա [Խատիսյան] մանրամասն նկարագրել է իրերի այժմյան դրությունը, ինչպես մենք տեղեկացանք բժիշկ [Արտաշես] Բաբալյանի զեկուցումից, հատկապես ցույց տալով զորքերի ապահով տեղափոխությունը, Անդրանիկի խմբի լուծարումը։

Հետո նա [Խատիսյան] պարզել է պարենավորման վիճակը Հայաստանում և խնդրել, որ Օսմանյան կառավարությունը Նուրի փաշայի միջոցով ազդի Ադրբեջանի կառավարության վրա, որ մեր կառավարությանը որոշ քանակությամբ ալյուր տան։

Վերջին խնդրի առթիվ Նեսսիմի բեյը ասել է, որ պետք է խոսել Էնվեր փաշայի հետ, թեև նա ինքն էլ առանձին ուշադրությամբ լսում էր և գրում բոլոր հարուցած խնդիրները։

Նախարարը [Նեսսիմի բեյ] հետո ասել է, որ Հայաստանի անկախության գաղափարը արդեն անցնում է թուրքական հասարակական շրջանակների մեջ և ոչ միայն կառավարական շրջանակների մեջ է։

Նա [Նեսսիմի բեյ] ասաց, որ Թալեաթը կվերադառնա 7-8 օր հետո, որ նրա գործերը հաջող չեն ընթանում և որ միայն նրա վերադարձից հետո կարելի կլինի շարունակել մեր բանակցությունները entente-ի մասին։

Երևանը գրավելու մասին տարածված լուրերի առթիվ նա ասել է, որ ոչ մի այդպիսի միտք չի եղել իրենց մեջ և Թուրքիան միշտ կհարգի Հայաստանի անկախությունը։

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 224։ 

——————————————————————

Հ․ Գ․ Հունիսի 25-ին Պոլսում պետք է սկսվեր մի խորհրդաժողով, որին սպասվում էր Գերմանիայի, Ավստրիա-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Բուլղարիայի մասնակցությունը: Հրավիրվել էին նաև անդրկովկասյան հանրապետությունները: Հայկական կողմը տպավորություն ուներ, թե Գերմանիան ուզում է վերանայել Բաթումի պայմանագիրը` համաձայն Բրեստ-Լիտովսկի պայմանների: Պոլիս մեկնած պատվիրակությանը հրահանգ էր տրվել ամեն ջանք թափել` ընդարձակելու Հայաստանի Հանրապետության սահմանները: Նրանք Պոլսում մնում են ավելի քան չորս ամիս` մինչև նոյեմբերի 1-ը, Խատիսյանի խոսքերով` փորձելով ցույց տալ ՙմեր անվիճելի իրավունքներն Ախալքալաքի, Լոռիի, Զանգեզուրի, Ղարաբաղի և Նախիջևանի վրա, որոնց նկատմամբ հավակնություններ ունեին մեր կովկասյան հարևանները՚:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/04/07/astvatsatur-khachatryan-book-september-3-1918-meet-talaat/

https://www.aniarc.am/2017/04/07/astvatsatur-khachatryan-book-september-6-1918-meet-sultan/