Քոչարյան-Ալիև գաղտնի հանդիպումը 1993-ին. Ստեփանակերտ-Բաքու ուղիղ շփումները պատերազմի օրերին

9162

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

Պատերազմի տարիներին Հայաստանը փորձում էր միջազգային հանրությանը ներկայացնել, որ հակամարտությունը ԼՂ-ի և Ադրբեջանի միջև է: Թե ինչքանով էր հաջողվում այլ հարց է, բայց փաստ է, որ մինչև 1997թ. Ղարաբաղը ռազմաքաղաքական գործոն էր, որի հետ հաշվի էր նստում նաև Բաքուն, հատկապես պատերազմի դաշտում կրած անհաջողություններից հետո: Երբ Ադրբեջանը ստիպված էր լինում ուղիղ շփումների մեջ մտնել Ղարաբաղի հետ, ապա ձգտում էր պահել գաղտնի, որպեսզի միջազգային հանրության և հայկական կողմի մոտ դա չընկալվի որպես Ղարաբաղը թեկուզ անուղղակի ճանաչելու միտում:

Ստեփանակերտի և Բաքվի միջև առաջին ուղիղ, խորհրդապահական շփումները կայացել են 1992թ. սեպտեմբերի 15-ին Մոսկվայում. հանդիպել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Հիքմեթ Հաջիզադեն և ԼՂՀ ՊՊԿ ղեկավարի խորհրդական Արկադի Ղուկասյանը: 1993-ի ապրիլի կեսերին, կրկին Մոսկվայում, փակ դռների հետևում կրակի դադարեցման շուրջ քննարկումներ են ունեցել Հաջիզադեն, Շահնազարյանը և Ղուկասյանը:

Ռուսական կողմն Ադրբեջանին հորդորում էր ուղղակի շփումներ հաստատել ԼՂ-ի հետ, ինչին Բաքուն գնում էր դժկամությամբ: Սակայն բավական էր անհաջողությունը մարտական գործողությունների ընթացքում, և Ադրբեջանը, անգամ չտեղեկացնելով Ռուսաստանին, շփումների մեջ էր մտնում ԼՂՀ ղեկավարության հետ: Այս իմաստով ՙամենակառուցողականը՚ Հեյդար Ալիևն էր, հատկապես 1993-ի ամռանը, երբ խաղաղությունը նրան (իշխանությունը ամրապնդելու իմաստով) անհրաժեշտ էր օդի ու ջրի պես:

1993թ. հունիսի 27-ին, ինչպես գրում է Կազիմիրովը, տեղի է ունենում առաջին հեռախոսազրույցը. Սաֆար Աբիևը զանգահարում է Ստեփանակերտ` Սերժ Սարգսյանին: Աղդամի կորցնելու հաջորդ օրը հեռախոսազրույցներ են ունենում Աբիևի ու Բաբուրյանի, ինչպես նաև` Աբիևի ու Բաբայանի միջեւ.    պայմանավորվածություն է ձեռք բերվում երեք օրով դադարեցնել կրակը: Կողմերը պայմանավորվածությունը ձևակերպում են թղթի վրա և միմյանց ուղարկում ֆաքսով:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները ԼՂ իրենց գործընկերներին դիմում էին տարբեր ձևերով: Այսպես, Աբիևը առաջին ֆաքսը Բաբուրյանի անունով ուղարկում է` ստորագրելով հետևյալ կերպ. ՙՀՀ Գերագույն խորհուրդ, պարոն Կ. Բաբուրյանին՚: Ստեփանակերտից պատասխան ֆաքսում գրվում է, որ առաջիկա երեք օրերի ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի ՙԱդրբեջանի և  Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հանդիպման ընթացքում՚: Հուլիսի 25-ին Բաբայանին ուղարկած ֆաքսում Աբիևը այլ բառեր է օգտագործում. ՙԼեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարություն, բանակի հրամանատար Ս. Բաբայանին՚:

Հուլիսի 28-ին Մարտակերտի հատվածում տեղի է ունենում ՙԼեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց՚ հանդիպումը` գլխավորությամբ Աբիևի և Ս. Սարգսյանի: Բանակցությունների ընթացքում որոշվում է երկարաձգել հրադադարը, կարգավորել ռազմագերիների և երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր: Ստեփանակերտ և Բաքու վերադարձից հետո, կրկին ֆաքսի միջոցով, ստորագրվում է կրակի դադարեցումը երկարաձգելու փաստաթուղ, որն անվանվում է ՙհամաձայնագիր՚, իսկ Աբիևի և Սարգսյանի ստորագրությունների տակ գրված էր համապատասխանաբար ՙԱդրբեջանի կողմից՚ եւ ՙԼեռնային Ղարաբաղի կողմից՚:

Աբիևը, ով մայիսյան հրադադարից հետո դարձավ ամենառազմատենչ ադրբեջանցի պաշտոնյան, 93-ի օգոստոսի 4-ին հերթական ֆաքսն էր ուղարկում ՙԼեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին՚` առաջարկելով ևս տասն օրով երկարաձգել կրակի դադարեցման պայմանավորվածությունը և նախապատրաստվել ՙԱդրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հանդիպմանը՚:

Նույն տարվա սեպտեմբերին, երբ Բաքուն արդեն կորցրել էր վեց շրջան, Ալիևը խորհրդարանի փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլովին լիազորեց ՙԱդրբեջանի եւ ԼՂՀ ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու շուրջ բանակցություններ վարել՚: Կազիմիրովը կարդալով ՙԼՂՀ՚ ձևակերպումը, անմիջապես զանգահարում է Ալիևին և տեղեկացնում ավելորդ ՙՀ՚ տառի մասին: Քիչ անց ռուս միջնորդը ֆաքսով ստանում է նոր թուղթ, որի վրա արդեն գրված էր ՙԼՂ՚: ՙՍխալ՚` ՙԼՂՀ՚ ուղղագրությամբ ֆաքսը արդեն ուղարկվել էր նաև Ստեփանակերտ, սակայն ղարաբաղյան ղեկավարությունը դա չշահարկեց:

Սեպտեմբերի 12-13-ին Ռուսաստանի ԱԳՆ շենքում տեղի է ունենում հանդիպում Ջալիլովի և  Ղուկասյանը միջև, բանակցությունների արդյունքում ընդունվում է համատեղ հուշագիր: Կողմերը պայմանավորվեցին կրակը դադարեցնել մինչև հոկտեմբերի 5-ը: Հրադադարը պահպանվեց, ապա երկարաձգվեց ևս մեկ ամսով, սակայն հոկտեմբերի 21-ին ռազմական գործողությունները վերսկսվեցին: Այսպես, հրադադարը պահպանվեց ամբողջ հիսուն օր:

Մոսկվայում սեպտեմբերի 25-ին կայացան բանակցություններ Տեր-Պետրոսյանի և Ալիեւի, ապա խորհրդապահական հանդիպում` Ալիևի ու Քոչարյանի միջեւ: ՙԱյդ հանդիպմանը մենք պատրաստվում էինք գաղտնի: Հենց այդ ժամանակ սկսվում են արևմտյան մեր գործընկերների մանր խարդավանքները: Իմանալով, որ Մոսկվայում նախատեսված է նման հանդիպում, նրանք այդ օրերին Մինսկի խմբի հանդիպում են նշանակում Փարիզում: Քոչարյան-Ալիև հանդիպման միայն վերջին րոպեներին եմ ներկա եղել: Հետո Քոչարյանն ինձ ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները՚,- ասում է Կազիմիրովը:

1994թ. մայիսյան հրադադարից հետո Կազիմիրովն Ալիևի հետ հանդիպումներում վեց անգամ առաջարկում է վերսկսել Քոչարյանի հետ խորհրդապահական հանդիպումները: ՙԱլիևը, նախապես տալով սկզբունքային համաձայնություն, ամեն անգամ փաստարկներ էր բերում, որ հայերը դա օգտագործում են իրենց քարոզչական նպատակներով: Ասում էի` կփորձեմ Քոչարյանից ստանալ գրություն, որ նրանք խոստանում են չհրապարակել: Ես շարադրեցի նման թուղթ և ուղարկեցի Ալիևին ու  Քոչարյանին: Քոչարյանը պատասխանեց, որ պատրաստ է ստորագրել, եթե ստորագրի Ալիեւը: Բայց Ալիևը չստորագրեց: Վեց անգամ խոսք եմ բացել երկկողմ հանդիպումներից, իսկ յոթերորդ և ութերորդ անգամ Ալիևն ինքը խոսակցություն բացեց: Այնպես որ, ութ անգամ պայմանավորվել ենք՚,- հումորով հիշում է Կազիմիրովը:

Ալիևի իշխանության օրոք Ադրբեջանը կորցրեց հինգ շրջան` Ջեբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը` ամբողջությամբ, Աղդամը և Ֆիզուլին` մասամբ: Բայց նրան ոչ պակաս մտահոգում էր դիրքերի ամրապնդումը Բաքվում: 1993թ. օգոստոսի 29-ին անցկացվեց Էլչիբեյին անվստահություն հայտնելու հանրաքվե: Ծննդավայր Քելեքի գյուղ տեղափոխված Էլչիբեյը հայտարարեց, որ չի ընդունում հանրաքվեի կեղծ արդյունքները և ժողովրդավարական մեթոդներով կպայքարի` ՙվերացնելու պետական հեղաշրջման արդյունքները և հետեւանքները՚: Հոկտեմբերի 3-ին կայացան նախագահական արտահերթ ընտրություններ. Ալիևը ստացավ քվեների բացարձակ մեծամասնությունը:

Լուսանկարում՝ Քոչարյանը և Ալիևը 2001-ին Սադարակում

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

Փափուկ կազմ, 520 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
երրորդ հրատարակություն,
2011, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-146-7,