Հին Ջուղայի նկարագրությունը Եղիշե Քաջունու «Զորավար Անդրանիկ» օրագրության մեջ. 1918թ հունիս

2248

Ներկայացնում ենք հատված Եղիշե Քաջունու «Զորավար Անդրանիկ. հայկական առանձին հարվածող զորամասը» օրագրությունից, որտեղ նկարագրվում է նաև Նախիջևանն ու հին Ջուղան: Այս հատորի անգլերեն և արևմտահայերեն տարբերակները հրատարակել է ԱՆԻ կենտրոնը: Առաջիկա ամիսներին գիրքը հասանելի կլինի նաև արևելահայերենով:

—-

Հունիսի 19

Երեկոյան հասնում ենք Կզնուտ գյուղ և գիշերում դրսում, արտերում:

Հունիսի 20

Ճանապարհ ենք ընկնում վաղ առավոտյան: Ամբողջ ճանապարհին, մինչև Ջուլֆա, խոտ, կանաչ չկա, հետևաբար՝ հանձնարարված է, որ ամեն մի ձիավոր իր ձիու համար կեր վերցնի:

Զորամասը շարժվում է տաքի, փոշու միջով, առանց ջրի: 3-4 ժամը մեկ շատ սակավ ջրի ենք հանդիպում, այն էլ՝ պղտորված: Ջուլֆայի մոտ ճանապարհը սկսում է բարձրանալ: Քարքարոտ, անհրապույր ճանապարհ է: Միայն աջ կողմում, հեռվում, Արաքսը եզերող խորհրդավոր բարձրություններն են:

Հանկարծ սակայն առջևում պարզվում է բավական ընդարձակ, թեև չոր հովիտ, մեջտեղում գետն է իր վրայի կամարաձև, պատմական կամրջով և դիմացը պարսկական լեռնաշղթան և Ջուլֆայի մոտի բլուրը: Վերջապես քաղաքն է, կայարանը, պահեստները: Տեսնելով այդ կայարանը, պահեստները, որտեղ ժամանակին կյանքը եռում էր ռուսական մականի տակ և այսօրվա թափուր, անտեր վիճակը, մարդ ակամա խորհում է այն ուժի, ոգու մասին, որը լցրել էր այդ ամայի, անհրապույր երկրամասը և ափսոսանք է զգումայդ երանելի ժամանակների հանդեպ: Ի՜նչ օրեր են տեսել Ջուլֆան, Արաքսի կամուրջը:

Քաղաքը հայերի ձեռքում է, որոնք ունեն փոքրաթիվ զորամաս:Կան նաև մի քանի ռուս պաշտոնյաներ և երկաթուղու ծառայողներ, որոնք ընդհարումների սկզբից, ճանապարհների փակ լինելու պատճառով, մնացել են:

Զինվորական պահեստները արդեն քանիցս թալանվել են, այնպես որ, պիտանի ոչինչ հնարավոր չէ գտնել: Միայն կա ռազմամթերք և մի քիչ ուտելիք, որից օգտվեց զորամասը:

Արաքսի կամուրջը սահման է: Այն Կովկասը բաժանում է Պարսկաստանից: Կամրջի երկու կողմերում երկու Ջուլֆաներն են՝ ռուսական և պարսկականը: Ռուսականը հայերի ձեռքում է, պարսկականը՝ թուրքերի, որոնք այնտեղ ուղարկել են պահակախումբ՝ կամուրջը պահելու համար: Ջուլֆայի կամրջի մի կողմում հայերը պահակ ունեն, իսկ մյուս կողմում թուրքերը՝ կանոնավոր զորք:

Ջուլֆայի կամուրջն անցնելը Անդրանիկի համար ամենամեծ մտահոգության նյութն էր: Արդյոք պաշտպանված է՞, թուրքերը ինչքա՞ն ուժ ունենպարսկական Ջուլֆայում, հնարավոր չէ՞ մի հնարքով և առանց ընդհարումի անցնել:

Թուրքերի ուժի մասին ոչ ոք ստույգ տեղեկություն չունի: Պարսիկների տված տեղեկության համաձայն՝ 1000-ի չափ կլինեն: Հայերը ոչինչ չգիտեն:

Բայց պետք է շտապել գրավել կամուրջը, քանի թշնամին չի նկատել հայկական ուժերի գալը և կամրջի պաշտպանությունը ուժեղացված չէ: Մյուս կողմից, սակայն, Ջուլֆա է հասել զորամասի ձիավորների միայն մի մասը՝ մեկ կամ երկու հարյուրյակ: Այդ ուժով կամուրջը կռվով վերցնելը արկածախնդրություն է:

Այդ դրության մեջ, ահա, Անդրանիկի հնարագետ և վճռական միտքը գտնում է հնարքը:

Ինքը ձիավոր հարյուրյակի առաջն անցած՝ շարժվում է դեպի կամուրջը՝ թուրքական դիրքը: Ձիավորների հետ կա ջութակ և սրինգ, որ նվագում է թուրքական եղանակներ: Առանց վարանելու, զորավար Անդրանիկն անցնում է կամուրջը: Թուրք պահակապետը հարցնում է, թե ով եք և որ չի կարելի անցնել: Անդրանիկը պատասխանում է, որ ինքը հայ զինվորական X-ն­ է, որ ար­դեն հաշտություն է կնքվել հայերի և թուրքերի միջև և ինքը պաշտոն ունի թուրքական ճակատի հրամանատար Վեհիբ փաշայի և հայկական կառավարության կողմից, գաղթականությունը այդ գծով տանել իրենց երկիրը՝ Թուրքիա, և որ ինքը զարմանում է, որ Վեհիբ փաշան այդպիսի կարևոր խնդրի մասին հեռագիր չի տվել Ջուլֆայի հրամանատարին:

Պահակապետը ժամանակ է խնդրում հեռախոսով հարցնելու համար: Սակայն մինչ այդ արդեն ձիավորները անցել են կամուրջը և շրջապատել պահակներին: Անմիջապես, բոլորն էլ, մոտ 20 հոգի, զինաթափ անելով, ուղարկում են ռուսական Ջուլֆա: Հետո միայն հասկացվեց, որ Ջուլֆայում թուրքերի ունեցած զինվորների թիվը 80-ը չի անցնում:

Լուսանկարում՝ Ջուղայի խաչքար, գերեզմանատունը ամբողջությամբ հողին է հավասարեցվել 2005-2006թթ