Հացի խնդիրը և հերթերը 1920-ին

1731

Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) շրջանում Միացյալ Նահանգները անգնահատելի օգնություն է տրամադրել սոհավար հայ ժողովրդին: Դժվար է երևակայել անգամ, թե ինչ դժոխային վիճակում կլիներ հանրապետությունը, եթե չլիներ ամերիկյան օգնությունը, այդ թվում՝ ցորենի և ալյուրի մատակարարումը: 1920-ի օգոստոսից դադարեցվեց ամերիկյան ալյուրի առաքումը, որի պատճառով Հայաստանում առաջացան հացի հերթեր: Եվ դա այն օրերին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր միանգամից երեք ճակատում: Հացի հերթերն ու հացի խնդիրը այնպիսի կարևորություն են ունեցել, որ ՀՅԴ Բյուրոյի ՅԱՌԱՋ օրաթերթը խմբագրական է նվիրել այդ թեմային, ինչպես նաև առաջին էջում զետեղել մի հոդված:

ԱՆԻ կենտրոն

—–

ՊՈՉԵՐԸ. խմբագրական ՅԱՌԱՋ-ի

Մայրաքաղաքի ազգաբնակութիւնը ապրում է դժոխային պայմաններ:

Հացի և մսի պակասութեան պատճառով նա ստիպւած է կազմել երկար պոչեր [հերթեր]՝ իր բաժինն ստանալու համար:

Այդ երևույթը շատ վատ կերպով է ազդում մեր հասարակության հոգեբանութեան և մեր կառավարութեան հիմնարկութիւնների աշխատանքների վրա:

Հաւաքված ամբոխը, մանաւանդ հացի համար, պատրաստ է ենթարկւելու ամեն տեսակ պրօվակացիայի և ամեն երևոյթ ենթադրելու խիստ քննադատութեան:

Առաւօտեան ժամը 3-ից սկսած սպասել մինչև 9-ը, 10-ը և աւելի, կանգնել այն էլ հացի խանութի առաջ՝ երբ սոված է, չունենալ կարդալու և կամ հանգստանալու որևէ միջոց-այդ այնքան էլ ցանկալի երևոյթ չէ և չի կարելի թոյլ տալ, որ այդպէս շարունակւի՝ երկար ժամանակ:

Սպասել ժամերով, շատ անգամ հերթի համար կռւելու, մօտենալ խանութին, ներս մտնել և… փողը վճարելու ժամանակ մերժում ստանալ, որովհետև դրամը հին է և կամ մի տեղից պատռված՝ այդ անհանդուրժելի և ոչ մի բարեխիղճ և գաղափարական վերաբերմունք ունեցող քաղաքացի չի կարող տանել:

Պոչերն այդպիսով, առաջ են բերում որոշ հոգեբանութիւն, ստեղծում մի թունոտ մթնոլորտ, որ կարող է վարակել շատ առողջ մտածողութիւններ և տարածւել արագօրէն:

Բացի այդ պոչերը խանգարում են նաև պետական հիմնարկութիւններում ծառայողների նօրմալ աշխատանքներին:

Հացի և մսի խանութների առաջ, ամեն օր, դուք կտեսնէք ամեն տեսակի և դասակարգի մարդկանց՝ պաշտօնեաներ, զինւորականներ, ուսուցիչներ և այլն, որոնք ստիպւած են, ծառայող չունենալու պատճառով, անձամբ հետևել և ստանալ իրենց բաժինը:

Եւ որովհետև նրանք անկարող են բոլորից առաջ գալ և առաջին հերթը գրաւել, այդ պատճառով էլ ստանում են բաւական ուշ և գործատեղին են գալիս՝ նոյնքան և աւելի ուշ:

Կաղում է պետական գործը: Աշխատանքը կանոնաւորության սահմանների մէջ դնել չես կարող՝ սովորական նկատողութիւններով, որուհետև նա արտասովոր փաստ ունի իր ձեռքում հակառակը պնդելու:

Այս դրութիւնը երկար տևել չի կարող:

Քաղաքային ինքնավարութիւնը և կամ համապատասխան օրգանները պէտք է լրջօրէն մտածեն և արմատական միջոցների դիմելով՝ պոչերը կրճատեն:

Այդ անհրաժեշտ է:

Այդ օրւայ հրամանական պահանջն է:

Պէտք է աւելացնել բաշխման խանութների թիւը և նրանց յարմարեցնել զանազան թաղերի:

Հացը կարելի է թխել գոյութիւն ունեցող փուռերում, բայց պատրաստը կարելի է բաժանել աւելի փոքր շրջանների վրա՝ ինքնավարության պատկանող խանութներում:

Պէտք է շատացնել աշխատաւորների թիւը, որպէսզի կարողանան արագ կերպով և ժամանակին  բաւարարել յաճախորդներին:

Ինչ որ կարևոր է հնարաւոր, այդ այն է, որ բաշխման համար եղած խանութները պէտք է անպայման երկու դուռ ունենան՝ մտնելու և ելնելու, այլապէս ստեղծում են բազմաթիւ անպատեհութիւններ:

Պաշտօնեանների համար էլ հնարաւոր է ստեղծել մի ուրիշ յարմարութիւն՝ իրենց գրասենյակների միջոցով, երբ և դրսի բաշխման գործը մեծապէս կը թեթևանայ:

Սրանք միջոցներ են, որոնք հնարաւոր են և որոնց օժանդակութեան կարելի է և պետք է դիմել անմիջապէս:

Հասարակութիւնը, հաւատացած ենք, անկարելին չի պահանջում:

Բայց նա իրաւունք ունի պահանջելու, որ իրագործեն հնարաւորը և կարելին՝ ստեղծելու համար երկու կողմերին էլ հաւասարապէս անհրաժեշտ դիւրութիւնը:

Պոչերը պէտք է վերացնել:

Այդ պոչերի մէջ թագնված խոշոր ոյժ կայ, որը կարող են շահագործել շատ հասարակական տականքները:

Պոչերը ոչ միայն առօրեայ ընթացիկ կեանքի, այլ և մեր քաղաքական վիճակի համար նշանակութիւն ունեցող երևոյթ է:

Այդ սովորական և փոքրիկ խնդիր է, որ իր մէջ պարունակում է խորութիւն և վրդովմունքի անսպառ պատճառներ:

Կտրուկ միջոցներ են պէտք:

Եւ եթէ համապատասխան մարմիններն այս կարելին դարձնեն անհնար՝ յանցաւոր են իրենց պաշտօնի թերացման մեղադրանքով:

Մեր անմիջական պարտականութիւնը պիտի լինի.-

Վերջ տալ պոչերին և ստեղծել ազգաբնակութեան համար նորմալ պայմաններ:

Յառաջ, ՀՅԴ, թիւ 199, Չորեքշաբի, 15 Սեպտեմբեր, 1920թ.

—–

ՎԵՐՋ ՏԱԼՈ՞Ւ Է ՔՄԱՀԱՃ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՆ

Երեւանի տեղական մամուլը վերջին մի քանի շաբաթւայ ընթացքում բաւականաչափ զբաղւեց հացի և մսի խանութների առջև կանգնած անվերջ «օչերեդների» խնդրով: Մսի խանութների առջև կանգնած օչերեդները այժմ վերացել են, մնում են հացի փռների օչերեդները, որոնք ոչ թէ վերջանում են, այլև անտանելի և դժոխային կերպարանք են ստանում:

Ամեն օր կէս գիշերից յետոյ, ժամը 3-ից սկսած, դուք ականատես կլինէք այն անվերջ շարքերին, որոնք ի խնդիր մի կտոր փայտից, աւազից, քարից բաղկացած հացի, կանգնում են ժամերով ու սպասում են հերթի քաղաքային փռների առջև, այսպէս և մասնաւոր փռների առջև:

Այդ բաւական չէ կարծես, և ահա դուք կը նկատէք մի քմահաճ վերաբերմունք, որը թոյլ են տալիս իրանց մասնաւորապէս քաղաքային փռների գանձապահները (կասսիր): Նոքա յաճախ ժամերով հերթի կանգնած փոքր տղաներին, աղջիկներին, պառաւ կանանց և տղամարդկանց ձեռնունայն յետ են վերադարձնում, որուհետև նրանց ներկայացրած փողը մի քիչ պատառոտւած կամ կեղտոտված է լինում: Եւ ահա խեղճերը, որոնք ժամերով իրենց հերթին են սպասել, յետ պիտի դառնան և պատառոտւած փողերը փոխելուց յետոյ, նորէն պիտի գան օչերեդ կանգնելու:

Պատահում են նաև այս հողի վրա անտեղի միջադեպէր, ծեծ. Նման դէպքեր յաճախ պատահում են մանաւանդ Էկօնօմիա խանութիւն պատկանող հացի փուռի գանձապահի կողմից: Ամսիս 12-ին օրինակ, մի պառավ խիստ կոպիտ վերաբերմունքի է ենթարկվել այնտեղ:

Պէտք է վերջ տալ այդ և նման վերաբերմունքին:

Մարգօ

Յառաջ, ՀՅԴ, թիւ 199, Չորեքշաբի, 15 Սեպտեմբեր, 1920թ.

Լուսանկարում՝ 1990-ական թթ. սկզբի հացի հերթերից պատկեր