Թուրքերը և ռուսները 1920-ի օգոստոսի 10-ից նոյեմբերի 6-ը զավթեցին Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը, Սուրմալուն, Կարսը, Շիրակը

4711

1920 թվականի օգոստոսի 10-ից մինչև նոյեմբերի 6-ը Հայաստանի Հանրապետությունը՝ ռուս բոլշևիկների և թուրք քեմալականների հարվածների, սպառնալիքների տակ, կորցրել է իր տարածքների (մի մասը հետագայում հետ է բերվել հազարավոր մարդկային կյանքերի գնով) մեծագույն մասը:

Օգոստոսի 10-ին, երբ Սևրում ստորագրվեց դաշնագիր, որը Հայաստանին խոստանում էր Մեծ Հայաստան, նույն օրը Թիֆլիսում ՀՀ վարչապետ Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարության ներկայացուցիչներ Արշակ Ջամալյանը և Արտաշես Բաբալյանը Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանի հետ ստորագրեցին համաձայնագիր, որով Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի համարվող Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը գրավվեցին ռուսական զորքերի կողմից:

1920 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր՝ 6 շաբաթվա ընթացում թուրք քեմալականները Հայաստանից զավթեցին Սուրմալուն՝ Մասիս սարով, Կարսը՝ Անիի ավերակներով, ինչպես նաև Շիրակի դաշտավայրը՝ Ալեքսանդրապոլ, այսօր՝ Գյումրի, քաղաքով:

Այսպիսով, օգոստոսի 10-ից մինչև նոյեմբերի 7-ը, երբ կնքվեց հայ-ռուսական համաձայնագիրը (Լեգրանի հետ) և Քյազիմ Կարաբեքիր հետ զինադադարը (նոյեմբերի 7), ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները Հայաստանից զավթեցին Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը, Սուրմալուն, Կարսը և Շիրակը: Այս շրջանները միասին կազմում են շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

1921 թվականին, Լեռնահայաստանի ժողովրդի դիմադրության շնորհիվ՝ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ, բայց նաև Խորհրդային Հայաստանի առաջնորդ Աեքսանդր Մյասնիկյանի ջանքերով, Զանգեզուրը մաս կազմեց Խոհրդային Հայաստանի:

Նախիջևանը Հայաստանը կորցրել էր դեռ 1919-ի ամռանը: 1920-ի ամռանը, մի քանի շաբաթ, այսօրվա Նախիջևանի մաս կազմող Շարուրը միացվեց Հայաստանին, բայց թուրքերը կրկին գրավեցին այն:

Հայ ժողովուրդը և Արցախի ու Հայաստանի իշխանությունները Արցախը ազատագրեցին 1991-1994 թթ արյունալի պայքարի արդյունքում, որը հայկական կողմից խլեց շուրջ 7.000 մարդկային կյանքեր:

Սուրմալուն՝ հայ ժողովրդի խորհրդանիշ Մասիսով, կորցրեցինք 1920-ի աշնանը: Այս ճակատում Դրոն և Կուռո Թարխանյանը հերոսական մարտեր մղեցին ներխուժող քեմալականների դեմ՝ կորցնելով զինվորների գրեթե կեսը:

Կարսի ճակատում և Ալեքսանդրապոլում զորքն ու ժողովուրդը, բացի մի քանի հաջող մարտերի, հիմնականում խուճապահար լքեց տարածքները և հեռացավ: Մենք կորցրեցինք նաև չքնաղ Անին:

Քեմալականները Շիրակի դաշտավայրում մնացին 6 ամիս, մինչև 1921 թվականի ապրիլ՝ սպանդ ու ավեր սփռելով ամենուր: Բոլշևիկների սպառնալիքների տակ միայն նրանք հեռացան Ախուրյանի մյուս ափ:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Կարսը մեր օրերում