44-օրյա աղետից չգրված մի դրվագ

3572

44-օրյա պատերազմն այնպիսի արագ ու ողբերգական ընթացք ուներ, որ բազմաթիվ իրադարձություններ ուղղակի ստվերվում կամ երկրորդ պլան էին մղվում:

Պատերազմական իմ օրագրում այս գիշեր հանդիպեցի մի երկտողի, որի մասին ոչինչ չեմ գրել: Եթե գրեի, կլինեի դավաճան, թուրքի ջրաղացին ջուր լցնող մեկը:

Նոյեմբերի 5-ից 7-ն ընկած օրերին, երբ արդեն ադրբեջանցիները կտրել էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Զարսլուի հատվածը, մոտեցել և մասամբ արդեն մտել Շուշի, մոբ/աշխարհազորը ուղղակի ճողոպրում էր Արցախից:

Պատերազմի հենց առաջին շաբաթից կարելի էր ամենուր տեսնել հետ նահանջող մոբ/աշխարհազորի հարյուրավոր ավտոմատավորների, որոնք ճանապարհներով քայլում էին դեպի Ստեփանակերտ և Արցախի խորքեր:

Մարտակերտի շրջանի Գետավան-Չարեքտար հատվածում հսկիչ կետ էր դրվել, որտեղ պատերազմից փրկվող մոբ/աշխարհազորը բառիս բուն իմաստով նետում էր Կալաշնիկով ինքնաձիգը և Քարվաճառ-Ազատ-Վարդենիս ճանապարհով հասնում Հայաստան:

Դեռ պատերազմի առաջին օրերից ինձ համար ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք ռազմի դաշտում, բայց այն, ինչ տեղի էր ունենում Գետավան-Չարեքտար հատվածում, ճնշող տեսարան էր և ամրագրում էր մեր պարտության վերջին արարը:

Այսօր, աղետից գրեթե երեք տարի անց, ափսոսում եմ, որ գոնե ձեռքի հեռախոսով չեմ նկարահանել այդ խուճապը:

Այսօր որոշ շրջանակներ խոսում են, որ պետք էր շարունակել պատերազմը, հետ քաշվել դեպի Մարտակերտ, Քարվաճառ և լեռնային հատվածում բեկում մտցնել:

Հոգեբանական այն վիճակը, որում հայտնվել էր զորքը, դժվար էր պատկերազցնել որևէ բեկում: Անգամ չեմ ուզում քննարկել առավել կարևոր հանգամանքը՝ Ադրբեջանը Թուրքիայի ռազմական օգնությամբ և Ռուսաստանի քաղաքական լռությամբ մեզ հաղթում էր ռազմի դաշտում:

Պատերազմում բեկում գուցե հնարավոր էր մտցնել, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար կամ գոնե կազմվեր ռազմական խորհուրդ: Անշուշտ, չպետք է բացառել, որ Հայաստանում իշխանափոխությունը կարող էր ավելի ողբերգական հետևանքներ ունենալ, բայց իմ համոզումը (որի հիմքում ստատուս-քվոյի ամենօրյա փոփոխությունն էր) այն էր, որ Փաշինյանն ու Հայաստանի/Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չեն կարողանում կառավարել պատերազմը, ամենուր քաոս է:

Ի դեպ, նոյեմբերի 5-ից 7-ը այն հատվածն էր, երբ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Արցախի կառավարությունը Ստեփանակերտից տեղափոխվել էր Գանձասար և փաստացի, մայրաքաղաքում շատ քիչ մարդ էր մնացել: Հենց այդ օրերին տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ իրենց ավտոմեքենաներով նույն Գետավան-Չարեքտար-Քարվաճառ-Ազատ-Վարդենիս ճանապարհով հեռանում էին դեպի Հայաստան:

Այս պայմաններում պատերազմ շարունակելը դժվար թե լավագույն լուծումը լիներ: Պատերազմը, անգամ Ստեփանակերտը կորցնելուց հետո, հնարավոր էր շարունակել և բեկման հույս ունենալ, եթե Հայաստանում և Արցախում տեղի ունենար իշխանափոխություն՝ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հեռանային:

Անշուշտ, պետք է նաև միշտ մտքում պահել, որ ռազմական գործողությունների օրերին իշխանափոխությունը կարող է ավելի ծանր ու անդառնալի հետևանքներ ունենալ, ինչպես եղավ Ադրբեջանում Էլչիբեյ-Ալիև տեղափոխություն/իշխանափոխությունից հետո:

Թաթուլ Հակոբյան

8 օգոստոսի, 2023թ, ԱՆԻ կենտրոն

Լուսանկարում՝ Քարվաճառ-Ազատ ճանապարի հատված, նոյեմբերի 6 կամ 7, տասնյակ հազարավոր մարդիկ հեռանում են դեպի Վարդենիս