Զորավար Անդրանիկի և Վաղարշակ Շահինյանի հուշերի հատորը առաջին անգամ հրատարակվում է արևելահայերենով

3657

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հրատարակության է պատրաստում Եղիշէ ՔաջունուԶօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” խորագիրը կրող հատորը արևելահայերենով, աբեղյանական ուղղագրությամբ: Այս գիրքը ներառում է նաև Սարդարապատի հերոսամարտի արևմտահայ ամենանշանավոր կամավորականներից Վաղարշակ Շահինյանի հուշերը:

2015 թվականին ԱՆԻ կենտրոնը զորավար Անդրանիկի հուշագրությունը վերահրատարակել էր արևմտահայերենով, դասական ուղղագրությամբ՝ ՏԱՇԻՐ բարեգործական հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ: Մինչ այդ գիրքը երկու անգամ հրատարակվել էր Սփյուռքում:

2021 և 2023 թվականներին այդ հատորը ԱՆԻ-ին հրատարակեց անգլերենով՝ ավելացնելով նաև Վաղարշակ Շահինյանի հուշերը, որ նա պատմել էր ընտանիքին և որը ձայնագրվել ու պահվել էր: Անգլերեն հրատարակությունը կրում է The Journeys of Heroes (Written and Compiled by Tatul Hakobyan and Paul Shahinian) խորագիրը:

Վաղարշակ Շահինյանը 1918-ին իր 1100-հոգանոց աշխարհազորային բանակով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Նա ծնվել էր 1889-ին, Վանում: 1910-ին մեկնել էր ԱՄՆ, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել, մտել զինվորական ծառայության և մասնակցել առաջին աշխարհամարտին:

Հետագայում նա կրկին մեկնել է ԱՄՆ՝ ծավալելով բիզնես գործունեություն: Մահից հետո՝ 1976 թվականին, նրա աճյունից մի բուռ հող բերվել և ամփոփվել է Սարդարապատի հուշահամալիրի արծիվների ճեմուղու առաջին արծվի մեծադիր քանդակի մերձակա հատվածում: Սարդարապատի հերոսամարտին մասնակից նա միակ զինվորականն է, ով արժանացել է նման պատվի:

Զորավար Անդրանիկի մասին գրվել են բազմաթիվ հատորներ, սակայն Եղիշե Քաջունու օրագրությունը, մեր կարծիքով, ամենից կարևորը, արժանահավատը, հետաքրքրականն է, որի բովանդակությանը ծանոթ չէ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը:

Զորավարը իր մի քանի հազար զինվորների և մի քանի տասնյակ հազար արևմտահայ գաղթականության հետ մեկ տարվա ընթացքում անցավ Գյումրի (Ալեքսանդրապոլ)-Տաշիր (Վորոնցովկա)-Ստեփանավան (Ջալալ Օղլի)-Դսեղ-Դիլիջան-Սևան (Ելենովկա)-Գավառ (Նոր Բայազետ)-Մարտունի (Ղարանլուղ)-Վարդենյաց լեռներ (Սելիմ) -Եղեգնաձոր (Քեշիշքենդ)-Նախիջևան-Ջուղա (Ջուլֆա)-Խոյ-Ջուղա-Նախիջևան-Քաջարան-Կապան-Գորիս-Բերձոր (Աբդալլար)-Գորիս-Սիսիան-Արարարտ (Դավալու)-Մասիս-Էջմիածին ճանապարհը։ Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։

Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը։

Այս գիրքը առաջին անգամ տպագրվել է 1921-ին Բոստոնում՝ ԱԶԳ-ի տպարանում։ Կյանքի վերջին շրջանում՝ 1976-ին, Քաջունին վերահրատարակել է այն “Անդրանիկի եւ Հայկական Առանձին Հարուածող Զօրամասի հետ” խորագրով։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ առաջին և երկրորդ հրատարակությունների միջև տարբերությունը զգալի է (ըստ էության՝ երկրորդ հրատարակությունը նոր գիրք է. այն ոչ այնքան և ոչ թե օրագրություն է, այլ արդեն հեղինակային գործ), ԱՆԻ-ին երրորդ հրատարակության համար հիմք է ընդունել 1921-ի հրատարակությունը։

Ինչպես անգլերեն թարգմանության, այնպես էլ արևելահայերենի համար մենք հիմք ենք ընդունել 1921թ հրատարակությունը:

Ինչպես արևելահայերեն, այնպես էլ անգլերեն երկու հրատարակությունները ֆինանսավորել է Փոլ Շահինյանը՝ Նյու Ջերսիից, ով Սարդարապատի հերոսամարտի ամենանշանավոր արևմտահայ կամավորներից Վաղարշակ Շահինյանի թոռն է:

Թաթուլ Հակոբյան, 31 հուլիսի, 2023թ

ԱՆԻ կենտրոն