Արցախի հարցում՝ հնարավորը և ոչ ցանկալին

1829

Արցախի և, ընդհանրապես, հայկական հողերի հարցում, հայ քաղաքական միտքը վերջին հարյուրամյակում առաջնորդվում է ոչ թե հնարավորը, այլ ցանկալին ու երազայինը ստանալու ակնկալիքով, արդյունքում՝ մենք չենք ստանում ցանկալին ու երազայինը և զրկվում ենք հնարավորից՝ մեր ժողովրդին տանելով աղետի ու անլուր տառապանքների:

Այդպես է նաև այսօր, երբ Արցախը կանգնած է դժոխային ընտրության առաջ: Մեծ հաշվով, սա ընտրություն էլ չէ: Ադրբեջանը փորձում է փաստաթղթային ձևակերպմամբ հասնել նրան, որ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը, լուծարվի Ադրբեջանի կազմում:

Հայկական դիվանագիտության գերխնդիրը այսօր պետք է լինի՝

ա/ հասնել նրան, որ եթե ոչ Ադրբեջանը, ապա միջազգային հանրությունը ճանաչի ԼՂԻՄ կամ Լեռնային Ղարաբաղ վարչաքաղաքական միավորը,

բ/ հասնել նրան, որ Արցախի հայ ժողովուրդը կարողանա ապրել իր պատմական հայրենիքում, ինչպես հազարամյակներ ապրել է՝ լինի դա Մեծ Հայքը, Պարսկաստանը, Ռոմանովների Ռուսաստանը…

Սրան պետք է ուղղել մեր ողջ դիվանագիտական ներուժը, այլ ոչ թե հավատալ անպատասխանատու արտգործնախարարների, դիվանագետների ու հանրային-քաղաքական գործիչների, փորձագետների մտավարժանքներին՝ մեկը Շուշին ու Հադրութն է հետ բերում, երկրորդը՝ հանուն փրկության Արցախը անջատում Ադրբեջանից, երրորդը՝ համակարգչի դիմաց խիզախաբար առաջարկում ճեղքել Լաչինի միջանցքը և ուժով բացել, չորրորդը՝ Արցախի խորհրդարանի դեօկուպացիայի օրենքը արժևորում…

Լեռնային Ղարաբաղ վարչաքաղաքական միավորի ընդունումը շատ բարդ, գրեթե անլուծելի խնդիր է, հատկապես հաշվի առնելով իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը, առայժմ բանավոր, ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, մյուս կողմից՝ Արցախի ընտրված իշխանությունները չեն համարձակվում ստանձնել պատասխանատվություն և ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ:

Պետք է ստանձնել պատասխանատվություն և խոսակցության մեջ մտել ադրբեջանցիների հետ, քանի որ, հակառակ դեպքում, Ադրբեջանը՝ Արցախի հրաժարումը բանակցություններից կարող է օգտագործել առիթ՝ հարձակվելու և՛ Արցախի, և՛ Հայաստանի վրա: Պատրաստ ե՞նք պատերազմի: Ուրեմն, բանակցելով Արցախը նաև օգնում է և ժամանակ տալիս Հայաստանին:

բ/ բանակցելը ինքնին անուղղակի նշանակում է կարգավիճակ:

գ/ հենց բանակցելով է հնարավոր ստեղծել միջազգային մեխանիզմ:

դ/ չբանակցելը առաջին հերթին բխում է Ադրբեջանի ու Ռուսաստանի և չի բխում Արցախի ու Հայաստանի շահերից:

ե/ հասկանալի է, որ Ադրբեջանը խոսելու է վերջնագրերի լեզվով, ինչպես խոսում է Հայաստանի հետ:

զ/ արժե գնալ ու խոսել, իսկ հրաժարվել միշտ էլ կա ու կարելի է, եթե տեսնում ես, որ ոչինչ չես ստանում: Գուցե այդ ընթացքում իրավիճակ փոխվի Հայաստանում, Արդրբեջանում, տարածաշրջանում, աշխարհում…

է/ Ադրբեջանը և Ռուսաստանը փորձում են ջրել Նոյեմբերի 9-ի տեքստը և ավելի սարսափելի տեքստ դնել մեր առաջ, դրա համար պետք է գնալ բանակցելու և պահել Նոյեմբերի 9-ի դավաճանական ու անընդունելի համարված տեքստը, քանի որ նորը՝ Նոյեմբերի 9-ի համեմատ, ավելի վատն է լինելու:

Եթե պատմության այս փուլում հայկական դիվանագիտությանը հաջողվի հասնել նրան, որ Արցախը, թեկուզ փոքր տարածքով, ունենա վարչա-քաղաքական ուրվագիծ և այնտեղ հայ ժողովուրդը շարունակի բնակվել անվտանգության որոշ երաշխիքներով, ապա դա կլինի մեծագույն ձեռքբերում այսօրվա անել պայմաններում:

Այո, շատերը այդպես էլ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ և կամ ուղղակի չեն ուզում հավատալ, որ մենք սարսափելի պարտություն ենք կրել ինչպես 1920-ին Կարսում և պետք է փորձենք անել հնարավորը՝ Կարսի ու Սուրմալուի նման չկորցնելու Արցախը:

1988-ին, երբ սկսվեց ղարաբաղյան շարժման նոր փուլը, Մոսկվան առաջարկեց ԼՂԻՄ-ին տալ ինքնավար հանրապետության կարգավիճակ, ինչպես Աբխազիան՝ Խորհրդային Վրաստանի կազմում: Խորհրդային Հայաստանի առաջնորդ Սուրեն Հարությունյանը և ԼՂԻՄ ղեկավար Հենրիխ Պողոսյանը, թվում է, կողմ էին քննարկելու առաջարկը, սակայն տեղի տվեցին ղարաբաղյան շարժմանը՝ փողոցին, որտեղ հնչում էին համահայկական խոստումներ ու երազներ:

1993-ի ամռանը, թվում է, հնարավորություն կար Քարվաճառը վերադարձնելով հասնել կայուն զինադադարի ու խաղաղության, բայց Երևան-Ստեփանակերտ հակասությունների, նաև՝ Արցախում իշխանության հասնելու ձգտումը խափանեցին հնարավորությունը:

1997-1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ու թիմը փորձեցին համոզել հայ ժողովրդին, որ Արցախի անկախության հարցում մենք չունենք դաշնակիցներ և որ պետք է ԼՂԻՄ գումարած Լաչինի շրջան՝ ավելի քան 6000 քառակուսի կիլոմետր, առանց կարգավիճակի, բայց ոչ Ադրբեջանի կազմում, հասնել միջանկյալ կարգավորման ու երկարատև խաղաղության:

Իշխանության մոլուցքն ու հարստանալու տենչը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի, Վարդան Օսկանյանի ու ռազմապետական հեղաշրջման մյուս հանցակիցների համար ավելի կարևոր էին, քան Արցախի ու Հայաստանի խաղաղ գոյատևման ապագան:

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և հատկապես Նիկոլ Փաշինյանի ոչմիթիզականությունը, գավառամտությունը, մեծ պատկերը չտեսնելը Արցախին ու Հայաստանին կանգնեցրին մեծագույն աղետի առաջ և այս երեք անպատասխանատու պատասխանատուները զբաղված են միմյանց մեղադրելու գործով, զուտ անձնական մի բան, որ որևէ կապ չունի այսօր Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի առաջ կանգնած մարտահրավերների ու սպառնալիքների հետ:

2020-ի աղետից հետո, փոխանակ կարևորելու Նոյեմբերի 9-ի տեքստը որպես չարյաց փոքրագույն, այն համարեցինք կապիտուլյացիա՝ չգիտակցելով, որ մի օր էլ դրան ենք երանի տալու: Այդ օրը եկել է: Այդ օրը երեկ էր:

Այսօր Արցախը հնարավորություն ունի ուղիղ բանակցելու Ադրբեջանի հետ և ստանալ որևէ բան: Ավելի ճիշտ՝ ուներ: Վաղը դա էլ չենք ունենալու:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 31 հուլիսի