Բաղէշը կամ Բիթլիսը Արեւմտեան (Օսմանեան) Հայաստանի Բիթլիսի նահանգի կենտրոնական քաղաքն էր, նաեւ համանուն գաւառի ու գաւառակի կենտրոնը: Որպէս պատմական Հայաստանի մաս` Բիթլիս քաղաքն ընկած էր Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի Սալնոձոր գաւառում, իսկ գաւառակի տարածքները ձգւում էին նաեւ Տուրուբերան աշխարհի Բզնունիք գաւառի վրայ [1]:
Վաղ միջնադարում Բաղէշը Հարաւային Հայաստանի նշանաւոր բերդերից էր, որը կարեւոր դեր էր խաղում Տաւրոսի լեռնաշղթայի վրայ գտնուող Ձորապահակ կամ Բաղիշոյ (Ռահվա) լեռնանցքով դէպի Հայոց Միջնաշխարհ ընթացող ռազմավարական եւ առեւտրական մայրուղու պաշտպանութեան համակարգում [2]: Բերդի շուրջ հետագայում սկսում է տարածուել եւ ծաղկում ապրել համանուն բնակավայրը: Հայկական մատենագրութեան մէջ Բաղէշի առաջին յիշատակմանը հանդիպում ենք VII դարում Սեբէոսի մօտ [3], իսկ Թովմա Արծրունին (IX դար) այն արդէն բնութագրում է որպէս շահաստան` հարուստ առեւտրաշահ քաղաք [4]:
Բաղէշը բաւականին վաղ է ընկնում օտարների տիրապետութեան տակ: VII դարի երկրորդ կէսին այնտեղ հաստատւում են արաբները, X դարում կարճ ժամանակով` բիւզանդացիները, XI դարում` թուրք-սելջուկները (յատկապէս նրանց տիրապետութեան շրջանում է սկսւում լայն տարածուել քաղաքի` Բիթլիս անուանումը), XV դարում` կարա-կոյունլու թուրքմենական ցեղը [5]: 1514 թ. Բիթլիսն անցնում է Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ` որպէս գաւառ ընդգրկուելով սկզբում Դիարբեքիրի, ապա Վանի նահանգի (1568-1738 թթ.) կազմում [6]:
XVI-XVIII դարերում Բիթլիսի նկատմամբ օսմանեան տիրապետութիւնը շատ առումներով անուանական էր, փաստացի իշխանութիւնը պատկանում էր ռուզակներ կամ ռոշկացիներ քրդական ցեղախմբին, որը քաղաքը դարձրել էր իր ցեղապետերի նստավայրը: Բիթլիսի քրդական իշխանութիւնը առաւելապէս հզօրացել է XVII-XVIII դարերում` ճանաչուելով օսմանեան սուլթանների կողմից որպէս առանձնաշնորհեալ հիւքիւմեթութիւն [7]: Օսմանեան կենտրոնական իշխանութիւնները յաջողեցին ընկճել Բիթլիսի քրդական ցեղապետերի դիմադրութիւնը եւ քաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողութիւն հաստատել միայն 1849 թուականին [8]:
Բաղէշի եկեղեցական թեմը շարունակութիւն էր հին եպիսկոպոսական աթոռի, որի առաջին կենտրոնը` եպիսկոպոսանիստ քաղաքը, Խլաթն էր (գտնւում է Բաղէշից մօտ 60 կմ դէպի հիւսիս-արեւելք` Վանայ լճի ափին): Խլաթի թեմը յիշատակւում է V դարից եւ ընդգրկում էր, բացի Բաղէշից, նաեւ Արծկէն [9], Խիզանը [10] եւ Դատվանը [11]:
Եպիսկոպոսական աթոռը Խլաթից տեղափոխւում է Բաղէշ 1437-1440 թթ. [12]: XVI-XVII դարերում թեմի հզօրացման մասին է վկայում Մշոյ Ս. Առաքելոց վանքի վանահայրութեան միացումը Բաղէշի առաջնորդութեանը [13]: XVII դարի 70-ական թթ. Բաղէշի եպիսկոպոսութիւնը Մշոյ Ս. Կարապետի հետ միասին յիշատակւում է որպէս Էջմիածնի կաթողիկոսութեան հոգեւոր իշխանութեանը ենթակայ թեմ [14]:
1860-72 թթ. Բաղէշի եւ Մշոյ թեմերը գործել են որպէս միացեալ` Երեմիա վարդապետ Տեւկանցի առաջնորդութեան ներքոյ [15]: 1868 թ. դրանց միացուել է նաեւ Քղին [16]:
1872-1915-ին Բաղէշի եկեղեցական թեմը գործել է որպէս առանձին եպիսկոպոսական վիճակ՝ ընդգրկելով Բիթլիսի նահանգի Բիթլիսի գաւառի Բիթլիսի եւ Խլաթի գաւառակների, ինչպէս նաեւ Մօտկանի գաւառակի Մօտկանի շրջանակի գիւղերն ամբողջութեամբ կամ դրանց մի մասը [17]:
1882-83 թթ. թեմի առաջնորդական տեղապահի պաշտօնը վարել է Գարեգին վարդապետ Սրուանձտեանցը, ով միաժամանակ Ակնայ թեմի առաջնորդն էր [18]:
1884-86 թթ. որպէս Բաղէշի թեմի առաջնորդական տեղապահ յիշատակւում է Մեսրոպ վարդապետ Մոկացեանը, որին 1886-ին յաջորդել է Մովսէս վարդապետ Կէօմրիւքճեանը [19]:
1895-1897 թթ. Բաղէշի թեմի առաջնորդական տեղապահն էր Յակոբոս վարդապետ Շահպաղլեանը [20]:
1897-1900 թթ. թեմի առաջնորդական տեղապահը, իսկ 1900-1901 թթ.` թեմի առաջնորդն էր Եղիշէ վարդապետ Չիլինկիրեանը [21], 1901-02 թթ.` առաջնորդական տեղապահն էր Պետրոս վարդապետ Շահինեանը [22]:
1902-1907 թթ. որպէս թեմի ընտրեալ առաջնորդ յիշատակւում է Եզնիկ ծայրագոյն վարդապետ Գալբաքճեանը, որպէս փոխանորդներ` Պետրոս վարդապետ Շահինեանը եւ Բարսեղ քահանայ Սարգիսեանը [23]:
1908-1910 թթ. առաջնորդական տեղապահն էր Եզնիկ վարդապետ Ներկարարեանը [24]:
Հայոց ցեղասպանութեան նախօրեակին թեմի առաջնորդն էր Սուրէն ծայրագոյն վարդապետ Գալէմեանը [25]: 1915 թ. յունիսի 22-ին նահանգապետի հրահանգով նա եւ Բիթլիսի հայ բողոքական համայնքի ղեկավար վերապատուելի Խաչատուր Վարդանեանը սպանւում են [26], ինչին հետեւում են քաղաքի եւ գաւառի հայ ազգաբնակչութեան կոտորածն ու տեղահանութիւնը: Բաղէշի թեմը դադարում է գոյութիւն ունենալուց:
Ըստ Մաղաքիա արք. Օրմանեանի տեղեկութիւնների` 1900-ական թթ. սկզբներին Բաղէշի թեմի տարածքում կար 80 հայաբնակ բնակավայր` շուրջ 50.000 առաքելադաւան, 500 կաթոլիկ եւ 1.000 բողոքական հայ բնակչութեամբ [27]:
Աւելի մանրամասն տուեալներ է պարունակում Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի 1913 թ. վիճակացոյցը, ըստ որի Բաղէշ քաղաքում կար 1.135 տուն, 7.241 շունչ հայ բնակչութիւն: Բաղէշի թեմի տարածքում հաշուառուել էին 95 հայաբնակ գիւղեր` 4.403 տուն, 33.902 շունչ հայ բնակչութեամբ, այդ թւում Բաղէշի գաւառակում` 46 հայաբնակ բնակավայր, 2.120 տուն, 14.573 շունչ, Խլաթի գաւառակում`22 հայաբնակ բնակավայր, 1.771 տուն, 13.860 շունչ, Բաղէշի թեմին պատկանող Մօտկանի շրջանակի գիւղերում` 27 հայաբնակ բնակավայր, 512 տուն, 5.469 շունչ հայ: Այսպիսով, Բաղէշի թեմի հայ բնակչութեան թիւն ըստ պատրիարքարանի 1913 թ. տուեալների` 5.538 տուն, 41.143 շունչ էր [28]:
1900-ական թթ. սկզբներին Բաղէշի թեմում հաշււում էր 11 կանգուն վանք եւ մօտ 100 գործող եկեղեցի [29] (ըստ Օրմանեանի` գործող եկեղեցիների ճշգրիտ թիւը 98 էր [30]):
Ըստ պատրիարքարանի 1913 թ. վիճակացոյցի տուեալների` Բաղէշի ու Խլաթի գաւառակների տարածքում կար 12 կանգուն վանք եւ 72 եկեղեցի [31], Մօտկանի շրջանակի գիւղերում` 4 կանգուն վանք եւ 26 եկեղեցի [32]: Այսպիսով, Հայոց ցեղասպանութեան նախօրեակին Բաղէշի թեմի տարածքում կար 16 կանգուն վանք եւ 98 գործող եկեղեցի:
Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 18/07/2023 (վերջին փոփոխութիւն՝ 18/07/2023)
Աղբյուրը՝ Յուշամատեան https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/bitlispagheshvilayet/bitlis/bitlisreligion/churches-and-monasteries-part-i.html
Հղումներ՝
- [1] Թադեւոս Յակոբեան, Պատմական Հայաստանի քաղաքները, Երեւան, 1987, էջ 99-100:
- [2] Գեղամ Մ. Բադալեան, «Արեւմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրէին. Մաս ութերորդ: Սասուն պատմաաշխարհագրական մարզը եւ Բաղէշ (Բիթլիս) քաղաքը», ՎԷՄ համահայկական հանդէս, Երեւան, 2017, թիւ 2 (58), Յաւելուած, էջ XLI:
- [3] Թադեւոս Խ. Յակոբեան, Ստեփան Տ. Մելիք-Բախշեան, Յովհաննէս Խ. Բարսեղեան, Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան, Ա հատոր, Երեւան, 1986, էջ 685:
- [4] «Բաղէշ», Հայկական սովետական հանրագիտարան, 2-րդ հատոր, Արգիշտի-Գեղերվան, Երեւան, 1976, էջ 255:
- [5] Յակոբեան, Պատմական Հայաստանի քաղաքները, էջ 100:
- [6] Andreas Birken, Die Provinzen des Osmanischen Reiches, Wiesbaden, Dr. Ludwig Reichert Verlag, 1976, S. 186, Tahir Sezen, Osmanlı Yer Adları, Ankara, 2017, S. 124.
- [7] Բաղէշի կառավարող քուրդ իշխանները կոչվում էին խան՝ իրենց հպատակութեան տակ ունենալով տեղացի ցեղապետերին, որոնք յայտնի էին բէյ անունով (տե՛ս Մկօ, «Բաղէշ գաւառը», Արձագանք, գրական եւ քաղաքական շաբաթաթերթ, Թիֆլիս, 17 հոկտեմբերի 1882, № 35, էջ 541:
- [8] «Բաղէշ», Հայկական սովետական հանրագիտարան, 2-րդ հատոր, էջ 254:
- [9] Արծկէ (Ադիլջեւազ), պատմական քաղաք Մեծ Հայքի Տուրուբերանի նահանգի Բզնունիքի գաւառում, Խլաթից դէպի արեւելք` Վանայ լճի հիւսիսային ափին:
- [10] Խիզան կամ Հիզան, քաղաք Մեծ Հայքի Մոկքի նահանգի Միւս Իշայր գաւառում, Բաղէշ քաղաքից մօտ 50 կմ հարաւ-արեւելք:
- [11] Արշակ Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», 1909 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1908, էջ 313:
- [12] Նոյն տեղում:
- [13] Նոյն տեղում, էջ 314:
- [14] Պիոն Յակոբեան, Հայագիտական ուսումնասիրութիւններ, Երեւան, 2003, էջ 103, 105, 208:
- [15] Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում, Գ. հատոր, Երուսաղէմ, 1927, էջ 4173 (§ 2776): Երեմիա Տեւկանցը թողել է գրական հարուստ ժառանգութիւն (օրագրութիւններ, ուղեւորական նօթեր, յիշատակարաններ եւ այլն), որոնց մի մասը հրատարակուել է (տե՛ս Ե. Տեւկանց, Ճանապարհորդութիւն Բարձր Հայք եւ Վասպուրական 1872-1873 թթ., ձեռագիրը հրատարակութեան պատրաստող եւ ծանօթագրող` Հայկազ Մ. Պօղոսեան, Երեւան, 1991, 343 էջ, Երեմիա Տեւկանց, Տոհմային յիշատակարան. Գիրք Ը. (1868-1872 թթ.), աշխատասիրութեամբ Հ. Ղ. Մուրադեանի, Երեւան, 2018, էջ XIX+440 էջ:
- [16] Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», էջ 314:
- [17] Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», էջ 314, Մաղաքիա արք. Օրմանեան, Հայոց եկեղեցին եւ իր պատմութիւնը, վարդապետութիւնը, վարչութիւնը, բարեկարգութիւնը, արարողութիւնը, գրականութիւնը, ու ներկայ կացութիւնը, Կոստանդնուպոլիս, 1911, էջ 262: Բաղէշի թեմի կազմում ընդգրկուած Մօտկանի բնակավայրերի ցուցակը տե՛ս Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարին, Բ. տպագրութիւն, Թեհրան, 2014, էջ 127: Ըստ աղբիւրներից մէկի տուեալների` Սասունի Ս. Աղբերիկ վանքի թեմի կազմում էին ընդգրկուած եւ դրանով համարուել են Մուշ-Տարօնի արքեպիսկոպոսական վիճակի մաս Մօտկանի շրջանի Գզեխ գիւղախմբի 14 հայաբնակ բնակավայրերը (տե՛ս «Անտէր գաւառ մը (Մօտկան)», Ազատամարտ, օրաթերթ, Կ. Պոլիս, թիւ 1445, 21 փետրուար (6 մարտ) 1914):
- [18] Էմմա Կոստանդեան, Գարեգին Սրուանձտեանց (կեանքը եւ գործունէութիւնը), Երեւան, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտ, 2008, էջ 28:
- [19] «Բաղէշէն լուրեր», Արմէնիա, լրագիր ազգային, քաղաքական, առեւտրական եւ այլն, Մարսէյ, թիւ 54, 20 փետրուար 1886, էջ 3:
- [20] «Թղթակցութիւնք «Հայրենիք»ի», Հայրենիք, օրագիր ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, թիւ 1309, 12 հոկտեմբեր 1895, էջ 1 (թերթում հաղորդւում է, որ նախքան Շահպաղլեանի նշանակումը, Բաղէշի թեմը «քանի մը տարիէ ի վեր» առանց հովիւի էր, ինչի պատճառով առաջնորդարանի գործերը տխուր վիճակի մէջ էին): Տե՛ս նաեւ Արարատ, ամսագիր, Վաղարշապատ, ապրիլ 1895, էջ 140:
- [21] 1900 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1899, էջ 345, 1901 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1900, էջ 407: Եղիշէ վարդապետ (հետագայում` եպիսկոպոս) Չիլինկիրեանը նաեւ յուշեր է թողել, որտեղ ներկայացրել է իր առաջնորդութեան շրջանում տեղի ունեցած որոշ դէպքեր (տե՛ս Եղիշէ եպիսկ. Չիլինկիրեան, Յիշատակներ սաղիմական, ուղեգրական, տեղագրական եւ նամականի, Աղեքսանդրիա, 1920, 118 էջ):
- [22] 1902 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1901, էջ 528:
- [23] 1903 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1902, էջ 335, ինչպէս նաեւ Ընդարձակ օրացոյցների հետագայ տարիների համապատասխան տուեալները:
- [24] 1909 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1908, էջ 323, 1910 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1909, էջ 538:
- [25] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., Բ. տպագրութիւն, Թեհրան, 2014, էջ 88:
- [26] Նոյն տեղում:
- [27] Օրմանեան, Հայոց եկեղեցին…, էջ 262:
- [28] Հաշուարկը մերն է` ըստ վիճակացոյցի գիւղացուցակի տուեալների (ՀԲԸՄ Նուպարեան Մատենադարանի արխիւ (ՆՄԱ), APC/BNu, DOR 3/3, ff. 49-52, 60): Տե՛ս նաեւ Ռոբերտ Թաթոյեան, Արեւմտեան Հայաստանի Պիթլիսի նահանգի հայ բնակչութեան թիւը Մեծ Եղեռնի նախօրեակին, տպարան Շիրակ, Պէյրութ, 2022, էջ 83-97:
- [29] 1903 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1902, էջ 337. տե՛ս նաեւ 1904 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1903, էջ 374:
- [30] Օրմանեան, Հայոց եկեղեցին..., էջ 262:
- [31] Հաշուարկը մերն է` ըստ վիճակացոյցի գիւղացուցակի տուեալների (ՀԲԸՄ ՆՄԱ, APC/BNu, DOR 3/3, ff. 49-52):
- [32] Հաշուարկը Ռեմոն-Յարութիւն Գէորգեանի` ըստ ՀԲԸՄ ՆՄԱ, APC/BNu, DOR 3/3, f. 60-ի (Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide, Paris, ARHIS, 1992, pp. 59, 477):












