Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը սուտ և ատելության խոսք է տարածում

1912

Ֆեյսբուքի իմ ընկերներից մեկը այսօր ինձ ուղարկեց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրությունը, որտեղ հարգարժան պատգամավորը ատելության և սուտ խոսքեր է հնչեցրել ՉՈՒԿՉԱ ժողովրդի և իմ հասցեին:

Քանի որ ես և պարոն Մանուկյանը ընկերներ չենք (ես և Մանուկյանը միմյանց ճանաչում ենք մոտ 30 տարի), չէի տեսել այդ ստատուսը:

Տարիներ առաջ ես պատգամավոր Մանուկյանին հեռացրել եմ իմ ընկերների ցանկից՝ համարելով, որ նա անպարկեշտ, անվայել բառապաշար է օգտագործում:

Պարոն Մանուկյանը ստատուսը վերնագրել է՝ ՉՈՒԿՉԱՆ և Թաթուլ Հակոբյանը, ինչը ատելության խոսք է Ռուսաստանում բնակվող այդ ազգային փոքրամասնության հասցեին:

Հարգարժան պատգամավորը գրում է, թե իբր ես փորձում եմ «Նիկոլի ծոցը» մտնել:

Ես չեմ կարող մտնել որևէ մեկի ծոցը, հատկապես՝ երբ նրան՝ ՀՀ վարչապետին, անդադար մեղադրում եմ 44-օրյա աղետի մեջ, նրան համարելով թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն: Հենց վարչապետ Փաշինյանն է 44-օրյա աղետի պատասխանատուն:

Պարոն Մանուկյանին ուզում եմ հիշեցնել, որ իր կուսակցությունն է եղել Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս 2018 թվականին, Մանուկյանի սիրելի բառապաշարով՝ «Նիկոլի ծոցում», բայց իմ կրթությունը, դաստիարակությունը և լրագրողի հանգամանքը թույլ չի տալիս գրել, թե ով և քանի անգամ է եղել տարբեր ուժերի ծոցում վերջին 130 տարիներին, քանի որ ունեմ բավարար գիտելիքներ ու ինստիտուցիոնալ հիշողություն:

Հարգարժան պատգամավորը կորցնելով ամոթի տարրական զգացումը գրել է, որ Երկիր Մեդիայում ես ֆիլմ եմ նկարել և այդ ֆիլմի համար գումար եմ ստացել, իսկ Երկիր Մեդիան՝ ոչ մի կոպեկ:

Ուրեմն, 2000-ական թթ Լիբանանի ԱՐՑԱԽ ֆոնդը հատկացրել է 2.000 դոլար բյուջե, որպեսզի ես որպես լրագրող ֆիլմ նկարեմ, ինչը արել եմ և այդ ֆիլմը՝ ՄՌԱՎԻՑ՝ ԱՐԱՔՍ վերնագրով, Երկիր Մեդիան ցուցադրել է բազմաթիվ անգամ:

Այդ 2000 դոլար ընդհանու գումարը բաշխվել է 3 մարդու միջև՝

  1. լրագրող Թաթուլ Հակոբյան – ֆիլմի հեղինակ, սցենարի հեղինակ,
  2. Ջիվան Ավետիսյան, ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ – ֆիլմի ռեժիսոր- ՎՃԱՐՎԵԼ Է
  3. Հրաչյա Հարությունյան – ֆիլմի օպերատոր, ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ- վճարվել է:

Մոտ մեկ շաբաթ ես, Ջիվանը և Հրաչը շրջել ենք Մռավից Արաքս և ֆիլմ նկարել ընդամենը 2000 դոլարով: Այո, ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՆ մոնտաժի համար փող չի վերցրել, բայց հեռուստաընկերության 2 աշխատակիցներ՝ Ջիվանը և Հրաչը իրենց բաժինն են ստացել այդ 2.000 դոլարից: Հիմա արխիվս Երևանում է և հավանաբար թղթերիս մեջ պահած կլինեմ, թե ինչքան են վճարվել Ջիվանը և Հրաչը, որոնք շատ լավ գործ արեցին, ինչի համար իրոք շնորհակալ եմ:

Սա է իրականությունը և ցավալիորեն, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը սուտ է տարածում: Այդ ֆիլմը ՁՐԻԱԲԱՐ տրամադրվել է ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ-ին և դա եղել իմ և ԱՐՑԱԽ ֆոնդի պայմանավորվածությունը:

Ցավում եմ, որ ԱԺ պատգամավորը՝ մեր երկրի համար այս մղձավանջային օրերին զբաղվում է լրագրողի հասցեին անբարո ստեր և ՉՈՒԿՉԱ ժողովրդի նկատմամբ ատելության խոսք տարածելու մեջ:

Թաթուլ Հակոբյան

4 հունիսի, 2023թ, Ծաղկաձոր

Արխիվային լուսանկար, 1918թ մայիս, Նիկոլ Փաշինյանը և ՀՅԴ ղեկավար կազմի անդամները