Զորքերի, ռազմագերիների հարցերը Բաթումում. Վեհիբի նամակը Խատիսյանին – 4 հունիս, 1918

2264

1918 թվականի մայիսի 28-ից հունիսի 5-ը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի պատվիրակությունը՝ Ալեքսանդր Խատիսյան (ՀՅԴ), Հովհաննես Քաջազնունի (ՀՅԴ) և Միքայել Պապաջանյան (Հայ ժողովրդական կուսակցություն), Բաթումում՝ թուրքերի պահանջով, բանակցություններ վարեց Օսմանյան կայսերական կառավարության պատվիրակության հետ (Հալիլ բեյ, Վեհիբ փաշա)։ Հունիսի 4-ին ստորագրվեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև։

Առաջիկա օրերին ԱՆԻ կենտրոնը կներկայացնի բանակցությունների մանրամասներ, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր, որոնք քիչ են ծանոթ հանրությանը։ Փաստաթղթերը վերցվել են Հայաստանի ազգային արխիվից, որտեղ 1918-1920 թթ․ հայ-թուրքական հարաբերությունների մասին նյութերը հիմնականում ֆրանսերենով, ռուսերենով, հայերենով և արաբատառ օսմաներենով են։

ԱՆԻ կենտրոն

*****

Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 23, թերթ 137

Թարգմանություն

Բաթում

4.6.1918

Պարոն նախահահ,

Ի պատասխան Ձեր 1918թ. հունիսի 3-ի գրած նամակի, սրանով Ձեզ տեղեկացնում ենք.

1. Հնարավորության սահմաններում, Օսմանյան զորքերի կողմից զբաղեցրած հայկական տերիտորիաների էվակուացումը, ինչպես նաև Օսմանյան հողում գտնվող հայկական զորքերի դուրս բերումը, իմ ամենաբուռն ցանկություններից մեկն է կազմում: Միայն թե նախ պետք է միջոցներ ձեռք առնել, որը մեր նամակի 6-րդ կետում նշված հանձնաժողովի գործն է: Ես Ձեզ խնդրում եմ ընդունել Ղարս քաղաքը, որպես այդ հանձնաժողովի հավաքման վայրը: Մեր երկու պատվիրակները, որ այդ հանձնաժողովի խորհրդակցությանը կմասնակցեն Հագուպ Շեֆիք փաշայի նախագահությամբ, արդեն Ղարսում են:

Խնդրում ենք տեղեկացնել հայկական պատվիրակների թիվը, անունները, ինչպես նաև նրանց Ղարս գալու թվականը:

2. Ես ոչ մի առարկություն չունեմ Նախիջևանից և Ջուլֆայից իրենց զենքերով ու զինամթերքով հայկական զորքերի անցման դեմ դեպի Երևան, ինչպես նաև Ջուլֆայի գծով Պարսկաստանից վերադարձող զորքերի դեմ: Նախ հնարավորության սահմաններում կարելի է գնացք կամ վագոն տրամադրել փոխադրման համար: Դուք կարող եք վստահ լինել, որ մեր կողմից Ձեզ համար ամեն ինչ կարվիփոխադրումները հեշտացնելու ուղղությամբ:

3. Ընդհանուր պատերազմի ընթացքում Օսմանյան զորքերի անցումը Հայաստանի խճուղիներով թույլատրելու մասին Ձեր արած հայտարարության համար շնորհակալություն եմ հայտնում: Երբ ժամանակը գա, օսմանյան զորքերը անշուշտ կօգտվեն դրանից, իսկ հանրապետական կառավարությանը, ըստ Ձեր ցանկության, ժամանակին տեղյակ կպահվի: Նախ, քանի որ Օսմանյան զորքերին շնորհված այդ իրավունքը սերտ կերպով կապված էպատերազմական վիճակի հետ, մի վիճակում, որում գտնվում էկայսերական կառավարությունն այժմ, ուստի այդ կետի անհրաժեշտությունը ակնբախ է, և քանի որ կայսերական կառավարության ու Հայկական հանրապետության միջև խաղաղության դաշինքը կնքված է, ապա հայկական զորքերի զորացրումը բնական է, ուրեմն և ոչ մի կարիք չկա, որ հայկական զորքերը նույնպես օգտվեն Օսմանյան ճանապարհներից և խճուղիներից: Ուստի, այդ կապակցությամբ կատարած մեր առաջարկությունները իրենց ուժը կորցնում են:

4. Ես պատրաստ եմ բանակցության մեջ մտնել գեներալ Կորգանովի հետ, որը Բաթում է գալիս և որին եթե Դուք անհրաժեշտ լիազորություններ տաք, որպեսզի որոշումը ընդունենք, թե հայկական կառավարությանը որտեղ և որքան զորք պետք է զենքի տակ պահի ամբողջ ընդհանուր պատերազմի ընթացքում:

5. Թուրքական և հայկական ռազմական գերիների փոխանակումը ըստ նախկին Անդրկովկասի կառավարության հետ կնքած պայմանագրի, համընկնում է մեր կնքած խաղաղության պայմանագրի հետ: Սրան կից ուղարկում ենք այդ վավերացված պայմանագրի պատճենը: Տվյալ հանձնաժողովը 1 հոդվածում փոխանակման պայմանները պետք է հաստատի:

6. Որովհետև ես Ձեզ հիշեցրի պայմանագրի առաջին հոդվածը, հետևաբար ես առաջարկում եմ Ղարս քաղաքում հավաքել մի հանձնաժողով՝ թուրքերից և հայերից հավասար չափով՝ ռազմական գերիների փոխանակման պայմանները մշակելու համար:

Վեհիբ

Կովկասի ճակատի Օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ լեյտենանտ

Ն. գ. Խատիսովին

Հայկական Հանրապետության հաշտության պատվիրակության նախագահ