Խատիսյանի նամակը Հալիլ բեյին․ 3 հունիսի, 1918թ, Բաթում

2354

1918 թվականի մայիսի 28-ից հունիսի 5-ը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի պատվիրակությունը՝ Ալեքսանդր Խատիսյան (ՀՅԴ), Հովհաննես Քաջազնունի (ՀՅԴ) և Միքայել Պապաջանյան (Հայ ժողովրդական կուսակցություն), Բաթումում՝ թուրքերի պահանջով, բանակցություններ վարեց Օսմանյան կայսերական կառավարության պատվիրակության հետ (Հալիլ բեյ, Վեհիբ փաշա)։ Հունիսի 4-ին ստորագրվեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև։

Առաջիկա օրերին ԱՆԻ կենտրոնը կներկայացնի բանակցությունների մանրամասներ, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր, որոնք քիչ են ծանոթ հանրությանը։ Փաստաթղթերը վերցվել են Հայաստանի ազգային արխիվից, որտեղ 1918-1920 թթ․ հայ-թուրքական հարաբերությունների մասին նյութերը հիմնականում ֆրանսերենով, ռուսերենով, հայերենով և արաբատառ օսմաներենով են։

ԱՆԻ կենտրոն

*****

Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 23, թերթ 76

Հայաստանի հաշտության պատվիրակություն, հունիսի 3, 1918, Բաթում

Պարոն նախագահ

Հայաստանի հաշտության պատվիրակությունը, Ձերդ գերազանցության հետ անձնական բանակցության հիման վրա և Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև հաշտության և բարեկամության պայմանագրի կնքման կապակցությամբ պատիվ ունի հաստատելու հետևյալը․

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է ամբողջ ընդհանուր պատերազմի ընթացքում ոչ մի դիվանագիտական հարաբերություն չունենալ Օսմանյան կայսրության հետ պատերազմական վիճակում գտնվող պետությունների հետ։

Պատվիրակության նախագահ

Անդամներ

Նորին գերազանցություն Հալիլ բեյին, Արդարադատության մինիստր Օսմանյան կայսրության, պատվիրակության նախագահ

թարգմանությունը [ֆրանսերենից]՝ Սեղբոսյան

Լուսանկարում՝ Բաթումը 20-րդ դարի սկզբին