Բաքվից հայկական ուժերի դուրս բերման թեման՝ Բաթումում․ 3-4 հունիս, 1918թ

3621

1918 թվականի մայիսի 28-ից հունիսի 5-ը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի պատվիրակությունը՝ Ալեքսանդր Խատիսյան (ՀՅԴ), Հովհաննես Քաջազնունի (ՀՅԴ) և Միքայել Պապաջանյան (Հայ ժողովրդական կուսակցություն), Բաթումում՝ թուրքերի պահանջով, բանակցություններ վարեց Օսմանյան կայսերական կառավարության պատվիրակության հետ (Հալիլ բեյ, Վեհիբ փաշա)։ Հունիսի 4-ին ստորագրվեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև։

Առաջիկա օրերին ԱՆԻ կենտրոնը կներկայացնի բանակցությունների մանրամասներ, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր, որոնք քիչ են ծանոթ հանրությանը։ Փաստաթղթերը վերցվել են Հայաստանի ազգային արխիվից, որտեղ 1918-1920 թթ․ հայ-թուրքական հարաբերությունների մասին նյութերը հիմնականում ֆրանսերենով, ռուսերենով, հայերենով և արաբատառ օսմաներենով են։

ԱՆԻ կենտրոն

*****

ԽԱՏԻՍՅԱՆԻ նամակը ՎԵՀԻԲ փաշային

Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 23, թերթ 79

Հայաստանի հաշտության պատվիրակություն, հունիսի 3, 1918, Բաթում

Պարոն գլխավոր հրամանատար

Բաքվից հայկական ջոկատների էվակուացիայի ենթարկելու և քաղաքի արդյունաբերական մասերը հնարավոր պատահարներից զերծ պահելու նպատակով, որը հետաքրքրում է թե մուսուլմաններին, թե հայերին, և վերջապես այդ հարցի վերջնական ու կատարյալ լուծման համար, պատիվ ունեմ Ձերդ գերազանցությանը խնդրելու, որ նախքան Բաքու թուրքական զորքեր ուղարկելը բարեհաճի իր աջակցությունը մեզ ընձեռնել, թույլ տալով Հայաստանի կառավարության հատուկ հանձնաժողովին ազատորեն և ապահով ճանապարհ դնելու մինչև Բաքու, որպեսզի միջոցներ ձեռք առնի և արագորեն հաջողացնի հայկական ջոկատների էվակուացումը այդ քաղաքից, ինչպես նաև օգնել այն հայերին, որ ցանկանում են Հայաստան գալ։

Ընդունեք պարոն գլխավոր հրամանատար խորին հարգանացս հավաստիքը

Հայաստանի պատվիրակության նախագահ

Նորին գերազանցություն գեներալ-լեյտենանտ Վեհիբ փաշային

Կովկասի ճակատի Օսմանյան զորքերի ընդհանուր հրամանատար

թարգմանությունը [ֆրանսերենից]՝ Սեղբոսյան

*****

ՎԵՀԻԲ փաշայի պատասխանը ԽԱՏԻՍՅԱՆԻՆ

Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 23, թերթ 149

Հունիսի 4, 1918, Բաթում

Պարոն նախագահ

Ես կտրականապես համաձայն եմ Հայաստանի կառավարության կողմից հատուկ հանձնաժողով ուղարկելու Բաքու՝ հայկական զորքերը էվակուացիայի ենթարկելու և քաղաքն ու նրա արդյունաբերական մասերը պաշտպանելու պատահական դեպքերից։

Որպեսզի հիշյալ հանձնաժողովը կարողանա ապահով կերպով ճամփորդել մինչև Բաքու, ես անհրաժեշտ ձեռնարկումներ եմ կատարել Ադրբեջանի կառավարության խաղաղության պատվիրակության մոտ։

Եթե Դուք անհրաժեշտ եք գտնում, ես պատրաստ եմ մի սպա տրամադրել այդ հանձնաժողովին, որը կընկերակցի նրան մինչև այնտեղ, որտեղ պետք է։

Ընդունեք պարոն l’expression de ma haute considération

Վեհիբ

Կովկասի ճակատի Օսմանյան զորքերի ընդհանուր հրամանատար

Հայկական հանրապետության հաշտության պատվիրակության նախագահ

Բաթում

թարգմանությունը [ֆրանսերենից]՝ Սեղբոսյան

Լուսանկարում՝ Բաթումը 20-րդ դարի սկզբին