Հայաստան-Թուրքիա. հանդիպումներ եւ փոխադարձ այցեր 1918-ից ի վեր

955

Հունիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Նրան ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը: Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Սա Փաշինյանի առաջին այցն էր Թուրքիա:

Հայաստանի բոլոր երեք նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել իրենց թուրք գործընկերների հետ Ստամբուլում, Երեւանում, աշխարհի այլ քաղաքներում: Հայաստանի նախագահները, վարչապետներն ու արտգործնախարարները այցելել են Թուրքիա, հանդիպել թուրք վարչապետների եւ արտգործնախարարների հետ:

1918-1921 թվականներ

Առաջին պետությունը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, եղել է Օսմանյան կայսրությունը՝ 1918-ի մայիսին:

Առաջին պետությունը եղել է Օսմանյան կայսրությունը, որի հետ Հայաստանը ստորագրել է դիվանագիտական փաստաթուղթ. 1918-ի հունիսի 4-ին Բաթումում հայերն ու թուրքերը կնքեցին Հաշտության եւ բարեկամության պայմանագիր, ինչպես նաեւ կից, լրացուցիչ փաստաթղթեր:

Օսմանյան կայսրությունը առաջին պետությունն էր, որ Երեւանում բացեց դեսպանություն, այն ժամանակ՝ դիվանագիտական ներկայացուցչություն, եւ առաջին պետությունն էր, որ ուղարկեց դեսպան՝ ի դեմս Մեհմեդ Ալի փաշայի, որ Հայոց ցեղասպանության պատասխանատուներից Էնվեր փաշայի բարեկամն էր:

Երեւանում թուրքական դեսպանությունը այսօրվա Սախարովի հրապարակում էր եւ դադարեց գործելուց 1923-ի հոկտեմբերին, երբ Հայաստանը խորհրդայնացվել ու Անդրֆեդերացիայի հետ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) մաս էր կազմում ԽՍՀՄ-ի: Ալեքսանդրապոլում գործող թուրքական հյուպատոսությունն իր գործունեությունը դադարեցրել է 1925-ին:

Khatisyan & Karabekir

Թուրքական հյուպատոսությունն այն շենքում էր, որտեղ Ալեքսանդր Խատիսյանն ու Քյազիմ Կարաբեքիրը 1920-ի դեկտեմբերի 2-3-ին ստորագրել են Ալեքսանդրապոլի դաշնագիրը:

Առաջին թուրք պաշտոնյան, որն այցելել է Հայաստան, եղել է Խալիլ Կուտ փաշան, որ հայտնի է Հայոց ցեղասպանության տարիներին անողոք կերպով արեւմտահայերի ջարդեր իրականացնելու մեջ:

1918 թվականի օգոստոսին Խալիլը Թիֆլիսից Երեւան է եկել, հանդիպումներ ունեցել վարչապետ Հովհաննես Քաջազնունու, ներքգործնախարար Արամ Մանուկյանի, Մայր Աթոռում Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդի հետ:

Շուտով Հայաստանը Պոլսում բացեց դեսպանություն, որը նշանավոր Թոքատլյան պանդոկում էր, իսկ դեսպան նշանակվեց Ֆերդինանդ Թախթաջյանը:

1918 թվականի սեպտեմբերին Երեւան է ժամանել թուրք դեսպան Մեհմեդ Ալի փաշան: Նրան դիմավորել է ներքգործնախարար Արամ Մանուկյանը:

1918 թվականի հունիս-հոկտեմբերին տեղի են ունեցել հայ-օսմանյան բարձր մակարդակի բազմաթիվ շփումներ: Արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը եւ Պոլիս մեկնած հայկական պատվիրակությունը, որը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Էնվեր եւ Թալեաթ փաշաների, սուլթանի, այլ պաշտոնյաների հետ:

Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո՝ 1918-ի աշնանը, հայերի եւ թուրքերի պաշտոնական շփումները դադարեցին:

Բարձր մակարդակի հայ-թուրքական շփումները սկսվեցին 1920-ի աշնանը, երբ քեմալական Թուրքիան զավթեց Հայաստանի տարածքները՝ Կարսը, Սուրմալուն, Շիրակի դաշտը: 1920-ի նոյեմբերի վերջին սկսվեցին Ալեքսանդրապոլի բանակցությունները, որոնք Հայաստանի կողմից գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, քեմալականների կողմից՝ Քյազիմ Կարաբեքիր փաշան:

Հայ-թուրքական շփումներ կային նաեւ 1921 թվականի փետրվար-մարտին, երբ բոլշեւիկացված Հայաստանի մի հատվածում՝ Երեւանում ու շրջակայքում, իշխանության եկավ Հայրենիքի փրկության կոմիտեն: Ընդդեմ բոլշեւիկյան զորքերի Սիմոն Վրացյանի գլխավորած կոմիտեն ռազմական օժանդակություն խնդրեց քեմալականներից:

Խորհրդային տարիներին

1922-1991 թվականներին Հայաստանը նախ որպես Անդրֆեդերացիայի (1922-1936), ապա որպես առանձին միութենական հանրապետություն եղել է ԽՍՀՄ-ի կազմում:

Խորհրդային տարիներին Հայաստան են այցելել մի քանի թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ: 1920-ականներից մինչեւ 1939-ը Խորհրդային Միությունը եւ Թուրքիան համարվում էին դաշնակիցներ:

1935-ի ամռանը, երբ հայկական կողմում կառուցվում էր Սարդարապատի ամբարտակը, մի քանի ժամով Հայաստան այցելեցին Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը: Վարչապետ Իսմեթ Ինոնյուի եւ արտգործնախարար Թեւֆիկ Ռյուշթյու Արասի Հայաստան կարճատեւ այցը ինչպես թուրքական, այնպես էլ հայկական լրատվամիջոցները համարեցին խորհրդային-թուրքական բարեկամության հաստատման օրինակ: Այցի ընթացքում՝ Արաքսի ափին, հայ եւ թուրք պաշտոնյաները խմեցին Ստալինի ու Աթաթուրքի կենացը:

ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Ֆահրի Քորություրքը, որ հետագայում դարձավ երկրի նախագահ (1973-1980), 1964-ի մարտին տասն օրով այցելել է Հայաստան:

Մատենադարանի հուշամատյանում Քորություրքը գրել է. «Շատ ճոխ տպավորություններ ունեմ: Զարմացա տեսնելով Երեւանի Մատենադարանի կողմից եւ Հայաստանի գիտական աշխատություններից ներս արձանագրված բարձր զարգացումներն ու ժողովրդի բարձր մշակույթը: Ինձ վրա ամենալավ տպավորությունը թողեցին մասնավորաբար այն պարզ ու խոնարհ մարդիկ, որոնք ինձ ջերմ ընդունելություն ցույց տվեցին»:

Vulkan Vural1990-ի մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վախճանվել էր Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք Արք. Գալուստյանը: Նրա մարմինը Ստամբուլ տեղափոխելու նպատակով Մայր Աթոռը հրավեր էր ուղարկել Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալին:

Մոտ մեկ տարի անց՝ 1991-ի ապրիլին, Վուրալը կրկին Հայաստանում էր: Նա այցելեց Մայր Աթոռ, զրույց ունեցավ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի հետ: Թուրք դեսպանը շրջել էր Վեհարանում, տեսել գանձարանը:

Վեհափառը Վուրալին նվիրել էր հայ եկեղեցու մասին ալբոմ, իսկ դեսպանը Սուրբ Էջմիածնի հուշամատյանում թողել էր բարեկամական ջերմ տողեր: Վուրալին ընդունեց նաեւ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դեսպանն այցելեց Հայաստան-Թուրքիա սահման:

Հայաստան-Թուրքիա շփումները 1991-ից հետո

1991-ին, երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, վերսկսվեցին հայ-թուրքական շփումները:

Levon Ter-Petrosyan & Demirel
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել վարչապետ, ապա նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ, այցելել Թուրքիա: 1993-ի ապրիլին, երբ հայկական ուժերը դուրս էին եկել Քարվաճառ, Տեր-Պետրոսյանը մասնակցեց նախագահ Օզալի թաղման արարողությանը Անկարայում:

Հայաստանի արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը բազմիցս այցելել են Թուրքիա, իրենց գործընկերների հետ հանդիպել ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում:

1999-ին հոկտեմբերի վերջերին՝ Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչությունից հետո, Երեւան ժամանեց Թուրքիայի պետնախարարը՝ մասնակցելու սպանված վարչապետի, Ազգային ժողովի նախագահի եւ մյուս վեց պաշտոնյաների սգո արարողությանը:

Robert Kocharyan & Demirel

լուս․ Anadolu Agency/Getty Images

Մի քանի շաբաթ անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ստամբուլում մասնակցեց ԵԱՀԿ գագաթնաժողովին, հանդիպում ունեցավ նախագահ Դեմիրելի հետ: Մինչ այդ Քոչարյանը եւ Դեմիրելը հանդիպել էին Յալթայում: Արտգործնախարար Վարդան Օսկանյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել թուրք գործընկերների, այդ թվում՝ հետագայում նախագահ դարձած Աբդուլլահ Գյուլի հետ:

Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան Գյուլն է, ով 2008-ի սեպտեմբերի 6-ին ընդամենը 6-7 ժամով այցելեց Երեւան եւ իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ դիտեց Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:

Հայ-թուրքական դիվանագիտական շփումների գագաթնակետը 2009-ի հոկտեմբերի 14-ն էր, երբ Սերժ Սարգսյանը այցելեց Բուրսա եւ Գյուլի հետ դիտեց Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպումը: Բուրսայում տեղի ունեցան նախագահների մակարդակով բանակցություններ: 2009-ին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը երրորդ երկրում:

Ֆուտբոլային դիվանագիտության շրջանում՝ 2008-2010 թվականներին, Հայաստան են այցելել նաեւ Թուրքիայի արտգործնախարարներ Ալի Բաբաջանն ու Ահմեթ Դավութօղլուն:

Երեւան այցելած վերջին բարձրաստիճան թուրք պաշտոնյան եղել է հենց Դավութօղլուն, որը 2012-ի դեկտեմբերի 12-ին Հայաստանում մասնակցեց Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների հերթական խորհրդաժողովին:

Հինգ տարի անընդմեջ՝ 2008-2012 թվականներին, Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը փոխադարձաբար շնորհավորել են Հայաստանի եւ Թուրքիայի ազգային տոները:

Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Թուրքիա են այցելել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 3 հունիսի, 2023թ