Ո՞վ է «Արցախը տանք՝ խաղաղ ապրենք» խոսքի հեղինակը և ովքեր են այն շահարկում

1526

Սոցիալական ցանցերում առաջին հերթին և հեղինակավոր անձանց կողմից է շրջանառվում «Արցախը տանք՝ խաղաղ ապրենք» խոսքը կամ՝ «Արցախը տանք՝ լավ ապրենք»:

Փորձել եմ գտնել, թե ո՞վ է առաջինը նման հայտարարություն արել, որտե՞ղ է արել, բայց չեմ գտել սկզբնաղբյուրը և կամ հեղինակին: Գրեթե վստահ եմ, որ դա ինչ-որ պետական, քաղաքական գործչի խոսքերի խեղաթյուրված, ենթատեքստից դուրս բերված վերագրում է՝ զուտ քաղաքական և քարոզչական նպատակներով:

Ովքեր են այս մտացածին խոսքը շահարկողները:

Առաջին. նրանք, ովքեր հեռացել են Հայաստանից, հարկ չեն վճարում Հայաստանին, հետևաբար նաև՝ Արցախին, քանի որ 1992-ից ի վեր Արցախի բյուջեի մինչև 70 տոկոսը ձևավորևվել է ՀՀ-ից տրված, անվերադարձ վարկի միջոցով: Դա եղել է Հայաստանի բոլոր ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ժամանակներում:

Երկրորդ. նրանք, ովքեր մատը մատին չեն տվել Արցախյան առաջին և երկրորդ՝ 44-օրյա պատերազմի օրերին և նրանց գործունեությունը դուրս չի եկել զրուցարանի կամ սոցիալական ցանցերի սահմաններից:

Երրորդ. նրանք, որոնց հանգիստ չի տվել այն, որ Հայաստանը անկախության ճանապարհով են տարել և Արցախյան առաջին պատերազմը հաղթանակել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա ռազմաքաղաքական թիմը Հայաստանում և Արցախում:

Չորրորդ. նրանք, ովքեր իրենց զավակներին փախցրել են Հայկական բանակից, բայց ճոխ սեղանների շուրջ խմել մեր նահատակված զավակների կենցածը:

Հինգերորդ. նրանք, ովքեր իրենց հայրենասիրությունը ապացուցում են Եռաբլուրում և կամ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի տակ ունեցած նկարներով:

Վեցերորդ. նրանք, ովքեր չեն մասնակցել հանուն Արցախի արված հանգանակություններին, բայց այսօր իրենց թույլ են տալիս իրենց չվճարված գումարները պահանջել և դա անում են գռեհիկ կերպով:

Հազարավոր, տասնյակ հազարավոր սփյուռքահայեր 1 դոլարից մինչև 1 միլիոն և 15 միլիոն դոլար են նվիրաբերել՝ օգնելով Հայաստանի/Արցախի ժողովրդին և այդ օգնությունը կենսական է եղել հատկապես 1990-ականն թվականների ծանր, բայց հաղթական տարիներին: Բայց այդ մարդիկ, կասկած չունեմ, երբեք չեն պահանջում հանուն հայրենիքի իրենց սրտաբուխ նվիրատվությունները, այն էլ՝ հրապարակավ ու գռեհիկ ոճով:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 31 մայիսի, 2023թ.

Լուսանկարում՝ Դադիվանքը