Բաքվում Հայաստանի դեսպան Մարտիրոս Հարությունյանը՝ բանտարկված․ 26 մայիս, 1920թ

2328

Երևանից՝ Բաքու, Ադրբեջանի արտաքին գործերի ժողկոմ Հուսեյնովին, պատճեն՝ Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինին

26 մայիս, 1920թ

Իմ կառավարության ստացած տեղեկությունների համաձայն՝ Բաքվում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Մարտիրոս Հարությունյանը բանտարկված է։

Միևնույն ժամանակ, Ձեր զորքերի մի զորախումբ, առանց որևէ առիթի անօրեն հարձակվել է Հայաստանի Հանրապետության անվիճելի հողամասի վրա գտնված քաղաքների վրա։ Այդ զորքերը, որոնք Հայաստանի Հանրապետության սահմանները թողին միայն այն ժամանակ, երբ Հայաստանի զորքերը մոտեցան, հեռանալիս իրենք իրենց թույլատրել են Քարվանսարայում ձերբակալել և ուժով Ադրբեջան տանել Հայաստանի ներքին գործերի նախարարի օգնական Ս․ Մանասյանին, զորավար Բաղդասարյանին, Դիլիջանի գավառային ինքնավարության նախագահ Ն․ Ջաղեթյանին, գավառային կոմիսար Սարատիկյանին, գավառամասային կոմիսար Մելիք Իսրայելյանին և գավառային ինքնավարության ծառայող Տեր-Ղուկասյանին։

Ձեր կառավարության և զորքի վերոհիշյալ գործողությունները, որոնք անթույլատրելի են միջազգային օրենքի տեսակետից, միանգամայն անբացատրելի են այն վայրկյանին, երբ իմ կառավարությունը տվել է իր համաձայնությունը Ձեր առաջարկի համաձայն երկու դրացի հանրապետությունների միջև եղած բոլոր վիճելի հարցերը խաղաղությամբ լուծելու մասին, և այն ժամանակ, երբ այս երկու հանրապետությունները միմյանց հանդեպ պատերազմական դրության մեջ չեն։

Իմ կառավարության անունից կտրականապես բողոքելով Հայաստանի պաշտոնական անձանց անօրեն ձերբակալման և Ձեր զորքերի ագրեսիվ գործողությունների դեմ, խնդրում եմ Ձեզ վերը հիշված բոլոր անձանց անմիջապես արձակել և նրանց անձի անձեռնմխելիության երաշխիքով ճամբորդել Հայաստանի սահմանները։

Ձեր կառավարության հետագա քայլերի մասին խնդրում եմ տեղեկացնել ինձ։

Հայաստանի արտգործնախարար՝ Հ․ Օհանջանյան

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 109, հինգշաբթի, 27 մայիս, 1920թ

Լուսանկարում՝ Բաքուն մոտ 100 տարի առաջ