Սարդարապատ-Բաշ Ապարան. Սիմոն Վրացյան

2541

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը: 

Գլուխ ԺԳ

Այսպես էր կացությունը Արարատյան դաշտում, երբ, Ալեքսանդրապոլի անկումից հետո, հայկական բանակի մի մասը նահանջեց Երևանի ուղղությամբ և կռվով հասավ Սարդարապատ մայիս 19-ին: Թուրքերը նրանց հետապանդեցին երկու ճանապարհով՝ երկաթուղու ուղղությամբ և Արագածի հյուսիս-արևելյան փեշերով:

Դրանից առաջ արդեն, Արարատյան դաշտում համախմբված էին և Վանի ու Ալաշկերտի շրջաններից նահանջած զորամասերը: Ապրիլի կեսերին երևանյան նահանգում, հայկական 2-րդ դիվիզիայի պետ զորավար Սիլիկյանի հրամանատարության տակ, գտնվում էին 5-րդ և 6-րդ գնդերը, 4-րդ գնդի մեկ գումարտակը և Վանի առաջին 2-րդ գնդերը 28 թնդանոթով:

Վանի երկու գնդերը, որոնք գրավում էին Բարթողյան բարձրունքները, ապրիլի 27-ին ենթարկվեցին հարձակման թուրքերի կողմից, որոնք, հակառակ կնքված զինադադարի, փորձեցին ա՛յս կողմից խուժել Արարատյան դաշտը: Հայկական զորքերը ցույց տվին ուժեղ դիմադրություն: 2-րդ գունդը նահանջեց մինչև Օրգով և Արհաջ, բայց հաջորդ օրը անցավ հակահարձակման և արյունահեղ ճակատամարտից հետո՝ հետ շպրտվեց թշնամուն: Սակայն, թուրքերը ստացան օգնական ուժեր և հետ մղեցին հայկական զորամասը, որը ամրացավ Խալֆալու-Սուլթանապատ գծի վրա: Կռիվները տևեցին մոտ երկու շաբաթ: Այս կռիվներում մերոնք ունեցան մի քանի տասնյակ սպանված և 80 վիրավոր: Մայիսի 9-ի ճակատամարտում, հերոսական մահով մեռավ և Վանի 2-րդ գնդի հրամանատար, սիրված գնդապետ Լևոն Չարուխչյանը՝ հայ լավագույն զինվորականներից մեկը:

Ի վերջո, անդրկովկասյան կառավարության եռանդուն բողոքի վրա թուրքերը նորից քաշվեցին Չինգիլի մյուս կողմը: Հայկական զորքերը տեղավորվեցին Իգդիրում՝ Օրգովում ունենալով առաջապահներ: Մյուս թևը Սարդարապատ կայարանում էր՝ Կողբի առաջապահներով: Մի մասն էլ դրված էր Արաքս կայարանում: Այսպես մնաց դրությունը մինչև մայիս 15, երբ թուրքերը դիմեցին ընդհանուր հարձակման Ալեքսանդրապոլի և Չինգիլի վրայից՝ Երևանի ուղղությամբ, և հետ մղեցին մեր զորքերը Իգդիրից ու Կողբից մինչև Արաքս: Միաժամանակ, ոտքի ելան տեղական թուրքերը ու քրդերը, և 1918 թ. մայիսի կեսերին Արարատյան դաշտը ամեն կողմից շրջապատվեց թշնամիներով:

Կացությունը առանձնապես ծանրանում էր և ընդհանուր դժոխային պայմաններով. Կարսի և Ալեքսանդրապոլի անկումից հետո, երկիրը բոլորովին կտրված արտաքին աշխարհից՝ խճողված էր բազմահազար գաղթականներով, որոնք թափված էին գյուղերում ու քաղաքներում և ճանապարհների վրա: Էջմիածին-Երևան, Երևան-Դիլիջան խճուղու վրա խռնվում էին աննպատակ շարժվող գաղթականներ, սայլեր և անասուններ: Երկաթուղին չէր գործում: Պարենավորման տանգապը օրեցօր սրվում էր. հացն ու ապրուստի այլ միջոցները դժվարությամբ էին ճարվում: Այստեղ ու այնտեղ երևում էին համաճարաակյին հիվանդություններ: Ժողովրդի և զորքի հոգեկան վիճակը ընկճված էր անսահման:

Այսպիսի դրության մեջ թուրքերի ընդհանուր հարձակումը մի պահ Երևանում առաջ բերեց անասելի իրարանցում և սարսափ: Հաղթության վստահություն չէին ներշնչում և մինչև այդ բանակից հասնող տեղեկությունները. զորավար Սիլիկյանի հաղորդագրությունները մռայլ գույներով էին ներկայացնում զորամասերի դիմադրական կարողությունը: Բնակչությունը պատրաստվում էր փախուստի:

Բայց ո՞ւր փախչել: Ճանապարհները դեպի Թիֆլիս ու Բաքու փակված էին ամուր: Պարսկաստան տանող երկաթուղին չէր գործում, Շարուր-Նախիջևանը մահմեդականների ձեռքին էր: Իսկ հարավից և արևմուտքից թուրքն էր գալիս՝ կոտորելով հանդիպող հային: Փախուստը այս պայմաններում հավասար էր մահվան, ինչպես և անձնատուր լինելը: Ելք չկար: Եվ ահա կատարվում է հրաշքը՝ մեկը այն հրաշքներից, որոնք գալիս են բոլորովին չսպասված և փրկում անհույս համարված կացությունները: Ժողովուրդը, նրա առաջնորդները, զորքը, ամենքը համակվում են մեկ գիտությամբ՝ հաղթել կամ մեռնել:

Եվ Արարատյան դաշտի ժողովուրդը մի մարդու պես ոտքի է կանգնում: Գործում են ամենքը: Ազգային խորհուրդը վարում է բանակի լրացման, կազմակերպման ու մատակարարման գործը: Հրամանատրությունը կարգավորում ու բարձրացնում է զորքի մարտական ուժը: Զորավար Սիլիկյանը մի շարք հրամաններով ու կոչերով խրախույս է ներշնչում զինվորներին ու հասարակությանը: Ամենքը լծվում են թիկունքային աշխատանքի: Կանայք, օրիորդները ուտելիք, ծխախոտ, վիրակապեր են պատրաստում: Հոգևորականությունը խաչ ու քարոզով մտնում է ժողովրդի ու զորքի մեջ: Գարեգին եպիսկպոս Հովսեփյանը շրջում է մի մասից մյուսը և իր հրաշունչ ճառերով բարձրացնում է զորքի տրամադրությունը: Կրկնվում էին Վարդանաց պատմական օրերը…

Երբ մայիս 21-ին երկաթուղու ընթացքով շարժվող թուրքերը երևացին Սարդարապատի մոտ, այլև իրենց առջև գտան հաղթելու վճռականությամբ տոգորված հայ զինվորին: Մոտավոր հաշվով, զորավար Սիլիկյանի զորքի քանակը, այդ օրերին, հասնում էր 10 000 հոգու՝ բաղկացած հետևյալ մասերից. 4-րդ գունդը՝ 1500 սվին, Երզնկայի գունդը՝ 700, Մակուի գունդը՝ 300, սպայակույտի պարետի գումարտակը՝ 200, Վանի առաջին և երկրորդ գնդերը՝ 2500 սվին, 2-րդ ձիավոր գունդը՝ 700, Զեյթունի ձիավոր գունդը՝ 500, պարտիզանական ձիավոր գունդը՝ 800, հատուկ ձիավոր գունդը՝ 500, Սմբատի, Դալի Ղազարի, Մուրադի խմբերը՝ 500 ձիավոր, և 4 մարտկոց 16 թնդանոթներով:

Այս ուժերը բաժանված էին երկու մասի. մի մասը Դրոյի հրամանատարության տակ Բաշ-Ապարանի ճակատում, մյուսը՝ զորավար Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարության տակ Սարդարապատի դաշտում: Զորքերի ընդհանուր հրամանատարն էր զորավար Սիլիկյանը, սպայակույտի պետ՝ գնդապետ Վեքիլյանը, որ և գծել էր կռվել ընդհանուր հատակագիծը:

Թուրքերի կողմից, Սարդարապատի ճակատում, գործում էր 5-րդ դիվիզիան և բազմաթիվ անկանոն խմբեր, իսկ Բաշ-Ապարանի ուղղությամբ՝ 3-րդ դիվիզիան:

Կռիվները սկսվեցին Սարդարապատում, ուր մեր զորքերը գրավել էին Ղարախանլու-Քյորփալու-Զեյվա գյուղերի գիծը: Մայիս 21-22-ին տեղի ունեցան մասնակի ընդհարումներ: Թշնամին որոնում էր հակառակորդի թույլ տեղը՝ վճռական գրոհի դիմելու համար: Մայիս 23-ին զորավար Սիլիկյանը տվեց հարձակման հրաման: Հայկական ուժերը նետվեցին առաջ: Բռնկվեց կատաղի ճակատամարտերի երկար մի շարք: Թուրքերը ցույց տվին համառ դիմադրություն՝ անցնելով բազմաթիվ հակահարձակումների: Ամբողջ օրը, առավոտից մինչև երեկո, որոտում էին թնդանոթները, որոնց գոռոցը հասնում էր մինչև Երևան, ուր նույնպես տիրում էր տենդոտ եռուզեռ: Թիկունքից սայլերով, էշերով, ձեռքերով ռազմամթերք էին հասցնում կռվողներին, հաց, ծխախոտ, խմելու ջուր… Բազմաթիվ կամավորներ՝ ծեր ու երիտասարդ, որոնց թվում էր և Էջմիածնի միաբան գիտնական Գարեգին եպսիսկոպոս Հովսեփյանը, իբրև նոր ժամանակների Ղևոնդ Երեց, ռազմաճակատ էին շտապում: Ճակատի զինվորը չէր միայն՝ ամբողջ երկիրը մի մարդ, մի շունչ դարձած՝ կռվում էր թշնամու դեմ՝ «ազատություն կամ մահ» վճռական կամքով:

Մայիսի 24-ին թուրքերը դիմեցին փախուստի: Մերոնք հալածեցին ոգևորված: Թշնամին հուսահատական դիմադրություն էր ցույց տալիս և աշխատում դիրքեր գրավել, բայց մերոնց շեշտակի հարվածների տակ շարունակեց փախուստը: Հաղթությունը մերն էր:

Այդ հաղթանակի առթիվ, նույն օրը երեկոյան, զորավար Սիլիկյանը ժողովրդին ուղղեց հետևյալ սրտառուչ կոչը.

«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու:

Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ՝ մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի՝ հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք է գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարվածելու համար:

Մենք չէինք ուզում կռվել. հանուն խաղաության ու հաշտության, պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ: Գուցե, հաջողվի մեզ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը:

Իսկ որ մեք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզնից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի առաջ:

Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթայթել իրենց օրվա ապրուստը:

Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու. ես պահանջում եմ ամենքից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով հայերնիքի պաշտպանության համար:

Հայուհինե՛ր, հիշեցե՛ք հինգերորդ դարու փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին դեպի Մեծ գործը, անմահ Վարդանի կռիվների ժամանակ: Հետևեցե՛ք նրանց օրինակին, եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնակոխ լինի, խրախուսեցե՛ք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գալուց: Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ և ուրիշ մթերքներ…

Ես խորապես համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, և երկու-երեք օրվա ընթացքում կկազմակերպվի մի այնպիսի քաջարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայերի հողի սահմաններից և ապահովել հայ ժողովրդի գոյությունը:

Հանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության,

Հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտության՝

Ոտքի՛ կանգնեցեք: Դեպի՛ սրբազան պատերազմ:

Բոլոր զենքի ընդունակ տղամարդիկ պարտավոր են ներկայանալ Երևանում զորավար Բեժանբեգին, իսկ բոլոր հավաքված մթերքները պետք է հանձնել տեղական Ազգային խորհուրդներին»:

Իսկապես որ հինգերորդ դարը հիշեցնող այս կոչը անարձագանք չմնաց: Զորավար Սիլիկյանը ստացավ իր պահանջածը:

Մայիս 23-ին թշնամին, խոշոր ուժերով, հարձակման դիմեց և Բաշ-Ապարանի ճակատում: Սկսվեցին արյունահեղ կռիվներ: Դրոյին հաջողվեց կանգնեցնել նրա առաջխաղացումը՝ զգալի կորուստ պատճառելով նրան:

Ստանալով օժանդակ ուժեր, թուրքերը նորից անցան հարձակման՝ հանդիպելով մերոնց համառ դիմադրությանը: Կռիվները տևեցին մի քանի օր: Այստեղ էլ մեր զորքերը երևան բերին արտակարգ տոկունություն ու քաջություն: Դրոյի հմուտ ղեկավարության տակ նրանք հետ շպրտեցին թշնամու բոլոր գրոհները և մայիսի 28-ին, մի խիզախ հակագրոհով փախուստի մատնեցին թշնամուն: Այդ ճակատամարտում հերոսական մահով ընկավ հայ լավագույն հայդուկներից մեկը՝ ձիավոր խմբի հրամանատար Զեմլյակը:

Մայիսի 28-ին ամբողջ ճակատի վրա, թուրքերը նահաջում էին անկարգ: Մեր սպայակույտի այդ օրվա հաղորդագրությունը ասում է այդ մասին. «Թուրքերը երեք օրվա կռիվներից հետո, ջարդված են և նահանջում են հապճեպով: Նրանց զորամասերը բաժանված են երեք խմբերի: Առաջինը՝ Ալագյոզ կայարանից նահանջում է դեպի Անի կայարանը, երկրորդը՝ Ղրմլզու և երրորդը՝ Աղջա-Կալա: Մեր զորամասերը քայլ առ քայլ հետապնդում են նրանց: Ոգևորությունը աներևակայելի է»:

Եվ, իրոք, ոգևորությունը շատ մեծ էր: Զորավար Սիլիկյանն այլևս մտածում էր ավելի լայն գործողությունների մասին՝ շարժվել դեպի Ալեքսանդրապոլ: Իր մտքում նա օրորում էր ուրիշ ծրագիր, որ միայն մտերիմներին էր հայտնում՝ մի կողմ թողնել Ալեքսանդրապոլը և հարձակվել Կարսի վրա: Եվ համոզված էր, որ կգրավի Կարսը, իսկ Կարսի գրավումով անխուսափելիորեն կգրավվեր և Ալեքսանդրապոլը, թիկունքից կտրված թուրքերը չէին մնա Շիրակում:

Սարդարապատի հաղթության հաջորդ օրը, մայիսի 29-ին, զոր Սիլիկյանը, դիմեց հայ ժողովրդին հետևյալ կոչով.

«Հայե՛ր: Մեր քաջարի զորքերի հերոսական գործունեությունը շարունակվում է, և թուրքական զորքերը նահանջում են:

Մենք պետք է հետ առնենք Ալեքսանդրապոլը, որը այնպես նենգորեն գրավեցին թուրքերը:

Մեր բոլորիս մտքերը ամբողջովին պետք է սևեռած լինեն դեպի Ալեքսանդրապոլը. մենք պետք է հետ առնենք այն և ապա միայն թուրքերի հետ բանակցության մեջ մտնենք հաշտություն կնքելու համար:

Մեզ բոլորիս շատ լավ պետք է հայտնի լինի, թե որ աստիճանի գրգռվել է անկուշտ ու միաժամանակ թույլ թուրքական կառավարության ախորժակը: Նա պահանջում է ամբողջ Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառները՝ էջմիածին վանքի հետ միասին և Երևանի, Նախիջևանի գավառների մեծ մասը:

Մի՞թե մենք պետք է տանենք այդպիսի անարգանք: Մի՞թե հեշտ ու հանգիստ սրտով պետք է տանք թշնամուն մեր հայրենի հողերը, որ կերակրել, կերակրում են և պիտի կերակրեն մեզ, և մեր սրբատեղին՝ Սուրբ Էջմիածինը:

Ո՛չ, երբեք, հա՛յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք:

Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ:

Քի՛չ է մնացել մինչև Ալեքսանդրապոլ: Հարկավոր է միայն օգնել խրամատներում գտնվող մեր քաջերին, և մի երեք-չորս օրից հետո մենք կհասնենք մեր նպատակին:

Արդ, ուրեմն, մի՛ դանդաղեք, հայե՛ր. շտապով խմբվեցեք խիտ ու համերաշխ շարքերով, վռնդեցե՛ք թշնամուն մեր հայրենի արյունաներկ հողից, և թո՛ղ ձեզ հետ լինի ձեր հետնորդների օրհնությունը:

Դեպի՛ զենք բոլորդ:

Դեպի՛ Ալեքսանդրապոլ»:

Դեպի՛ Ալեքսանդրապոլ… Այս մարտակոչը հարազատ էր ամենքի սրտին՝ և՛ հաղթական ու հպարտ զորքին, և՛ անխուսափելի մահից ազատված ժողովրդին: Ոգևորված՝ ամենքն ապրում էին Ալեքսանդրապոլը վերագրավելու հեռանկարով: Եվ մինչ զորավար Սիլիկյանը պատրաստվում էր ընդհանուր առաջխաղացման, հեռագիր ստացվեց, որ Բաթումում ստորագրվել է հաշտության դաշնագիր: Զորավար Նազաբեկյանը հրամայում էր կնքել զինադադար…

Կարելի է երևակայել, թե այս լուրը ի՜նչ տպավորություն գործեց Երևանում ու բանակի մեջ: Հուսահատությունը անսահման էր: Ազգային խորհուրդը անընդհատ նիստեր էր գումարում, բայց որոշ եզրակացության չէր կարողանում հանգել, մեծամասնություն չէր կազմում: Արամը գրեթե չէր մասնակցում այդ նիստերին, նա ամփոփվել էր իր մեջ և սպասում էր զորավար Նազարբեկյանին: Ազգային խորհուրդն ալեկոծվում էր առանց նրան՝ ոմանք առաջարկում էին հաշտվել կացության հետ և ընդունել Բաթումի դաշնագրի պայմանները, ուրիշները՝ գլխավորապես դաշնակցականները, պահանջում էին չեղյալ համարել զորավար Նազարբեկյանի հեռագիրը հաշտության մասին, զորքերի ընդհանուր հրամանատար նշանակել զորավար Սիլիկյանին և շարունակել պայքարը: Այս առաջարկի կողմնակիցներին թև էր տալիս զորքի խիստ բացասական վերաբերումը դեպի Բաթումի դաշնագիրը: Առաջավոր դիրքերից հեռագրեր էին տեղում, որոնք բողոքում էին այդ դաշնագրի դեմ և խնդրում էին Ազգային խորհրդին շարունակել պատերազմը: Այս տրամադրությանը ուժ էր տալիս, մանավանդ այն հանգամանքը, որ, ըստ դաշնագրի պայմանների, երկրի ամենահարուստ մասերը հանձնում էին թշնամուն, և Ղամարլուն, որ դեռ գրավված չէր թուրքերի կողմից, բայց դաշնագրով պիտի անցներ նրանց, հարյուրավոր ներկայացուցիչներ էր ուղարկել Երևան, որոնք ցույց արեցին Ազգային խորհրդի առջև՝ պահանջելով մերժել Բաթումի դաշնագիրը: Ցուցարարները՝ կանայք ու օրիորդներ, դրոշակները ձեռներին կանգնում էին Ազգային խորհրդի շենքի առջև և ներկայացուցիչների բերանով հայտարարում, թե իրենց շրջանը ամբողջ ունեցվածքն ու կռվող ուժերը տրամադրում է Ազգային խորհրդին, միայն թե թշնամու պայմանները չընդունվեն:

Վճիռ տալը անչափ դժվար էր, վտանգը՝ շատ մեծ: Հայկական զորքերի ընդհանուր քանակը այդ օրերին հասնում էր 30 ոչ լրիվ գումարտակների, մինչդեռ Թուրքիան շարժման մեջ էր դրել 5 դիվիզիա (3-րդ, 5-րդ, 9-րդ, 11-րդ և 36-րդ), այսինքն՝ 50 գումարտակ և ի վիճակի էր նորանոր ուժեր հասցնելու: Հայ զինվորների թիվը 12 000-ից չէր անցնում, թուրքերը առաջ էին քաշել 35 000 կռվող:

Ազգային խորհուրդը չկարողացավ միակամություն երևան բերել, և զորավար Սիլիկյանին մնաց ենթարկվել զորավար Նազաբեկյանի հրամանին: Պատերազմը վերջացավ: Ղամարլուի շրջանի բնակչության մի մասը անմիջապես գաղթեց, մյուսը հեռացավ թուրքերի գալուց հետո:

Բաթումի դաշնագրի հետ կապված խնդիրները կարգադրելու համար Ազգային խորհուրդը Ալեքսանդրապոլ ուղարկեց հատուկ պատվիրակություն՝ բաղկացած Մ. Մուսինյանից, Թամամշյանից, բժ. Մելիքյանից, զոր Տեր Հակոբյանից, գնդ. Քիշմիշյանից և գնդապետ Վեքիլյանից: Պատվիրակությանը հանձնարարվեց բանակցել թուրքական  հրամանտարության՝ Քյազիմ Կարաբեքիրի հետ Բաթումի դաշնագրից բխող հետևյալ հարցերի մասին.

1) Գաղթականության վերադարձը իրենց տեղերը,

2) Գերիների փոխանակումը,

3) Թուրքական զորքի Հայաստանից անցնելու պայմանները,

4) Երկաթուղու փոխանցման խնդիրը,

5) Ղարաքիլիսայի պարպումը և հանձնումը հայերին:

Պատվիրակությունը Ալեքսանդրապոլում ընդունվեց պատշաճ քաղաքավարությամբ: Սկսվեցին բանակցությունները, բայց հայերի դրած հարցերից և ո՛չ մեկը չընդունվեց թուրքերի կողմից: Նրանց զբաղեցնողը Հայաստանի վրայով զորք փոխադրելու իրավունքն էր և Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղագծի անմիջական փոխանցումը: Եվ ա՛յս պահանջներին էր, որ ամենից ավելի հակառակում էին հայերը:

Տեսնելով հայերի համառությունը, առանց ընդհատելու Ալեքսանդրապոլի բանակցությունները, հուլիսի 7-ին, թուրքերն անցան առաջխաղացման Սարդարապատի ճակատում: Զորավար Սիլիկյանը հրամայեց մեր զորքերին թողնել երկաթուղին և դիրքեր գրավել Էջմիածնի շրջանում: Հուլիսի 6-ին թուրքերը մեծ ուժերով հարձակվեցին Քյորփալու-Զեյվա գծի վրա, բայց հետ շպրտվեցին 5-րդ գնդի և կամավորական խմբերի ուժգին հակահարվածով: Թողնելով այս կետում պահակ զորամասեր՝ թուրքերը շարժվեցին դեպի արևելք: Հուլիսի 9-ին գրավեցին Խաթունարխ գյուղը Էջմիածնից 10 կիլոմետրի վրա, հուլիս 9-ին մտան Չոբանքյարա, Նեջերլու, Թազաքենդ և Աղհամզալու գյուղերը: Այսպիսով հաստատվեց Բաթումի դաշնագրի սահմանագիծը:

Թուրքերը դիրքեր գրավեցին Երևանից 7 կիլոմետր հեռու՝ թնդանոթների բերաններն ուղղելով դեպի Հայաստանի մայրաքաղաքը: