Բաթումի դաշնագրի նախագիծը․ 11 մայիս, 1918

3585

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը («Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010), որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

Աստվածատուր Խաչատրյանի օրագրությունը ԱՆԻ կենտրոնը մեսրոպյանից վերածել է աբեղյանական ուղղագրության։ Այն ներկայացնում ենք մաս առ մաս։ Ներկայացվող մասերի խորագրերը ԱՆԻ կենտրոնն են։

———————————————————

Բաթումի հաշտության բանակցությունները. մայիս 11-հունիս 5, 1918 թվական

Կովկասի անկախ հանրապետությունը շուտով համոզվեց, որ իր ներքին պառակտումներով չի կարող պատերազմ շարունակել, ուստի [1918-ի] ապրիլի 23-ին նոր վարչապետ Չխենկելին հաղորդում է Վեհիբ փաշային, որ Կովկասյան Հանրապետությունը ընդունում է Բրեստի դաշնագրությունը և պատվիրակներ է ընտրում Տրապիզոնում ընդհատված բանակցությունները շարունակել Բաթումում:

Ապրիլի 28-ին փաշան պատասխանում է, որ Օսմանյան կառավարությունը ընդունում է Կովկասի անկախությունը և որ Պոլսից պատվիրակներ պետք է գան բանակցելու:

Կովկասյան հանրապետությունը մայիսի 1-ից սկսած զբաղված էր իր բանակցությունների ծրագիրը կազմելով: Նրանք չէին կասկածում, որ Բրեստի դաշնագիրն ամբողջությամբ ընդունելով, թուրքերը, անտարակույս, վերջնական հաշտություն են կնքելու Կովկասի հետ, ուստի ընդունում են Կովկասի հանրապետության անկախությունը և Բրեստի դաշնագրությունը, այսինքն՝ հաշտություն:

Նոր պատվիրակությունը, իր նախկին նախագահ Չխենկելու նախագահությամբ, մայիսի 6-ին մտնում է Բաթում, որը արդեն թուրքական քաղաք էր: Նույն երեկոյան Վեհիբ փաշան մեծ ընտրիք է տալիս, տեղի է ունենում շատ սիրալիր խոսակցություն:

Պաշտոնական բանակցությունները սկսվում են մայիսի 11-ին:

Խալիլ բեյը օսմանյան համար պարտավոր չի գտնում Բրեստի դաշնագրությունը, թե այժմ ոչ թե Տրապիզոնում ընդհատված բանակցություններն են, որ կշարունակվեն, այլ Կովկասի անկախ հանրապետությունն իր նոր սկսած պատերազմը պարտվելով, նոր բանակցություններ է վարում և պայմանները բոլորովին փոխվել են: Խալիլը ավելացնում է, որ ինքը արդեն պատրաստել է դաշնագրի նախագիծ … բաղկացած 12 հոդվածից.

  1. տևական և բարեկամության հաշտություն,

2. Օսմանյան կառավարությունը խոստանում է զենքով միջամտել, ապահովությունը վերահաստատել Կովկասում, երբ իրեն կառաջարկվի,

3. Կովկասի Հանրապետությունը պարտավորվում է ազդու կերպով արգելել իր շրջանում կազմված կամ կազմվելիք ավազակախմբերը ճնշելու և պետք եղած դեպքում զորեղ օգնություն տալ օսմանյան կառավարությանը՝ ապազինելու և ցրելու դրանք,

4. երկաթուղային հաղորդակցության դյուրություն՝ փոխադարձաբար, Կովկասի երկաթուղին բաժանել դաշնակցող կողմերի միջև գրաված գծերի երկարության համեմատությամբ,

5. այս հոդվածը ընդգրկում է Օսմանյան պետության և Կովկասի Հանրապետության նոր սահմանները,

6. Կովկասյան Հանրապետությունը պարտավորվում է ժողովել ռուսական բոլոր նավերը իր նավահանգներում, զինաթափ անել և պահել մինչև ընդանուր հաշտությունը: նույնը կատարել նաև օսմանների նավերի վերաբերյալ,

7. տնտեսական, առևտրական, հյուպատոսական դաշնագրեր կազմել, իսկ մինչև 1919 դեկտեմբերի 31 հանրապետության համար պարտավորիչ պետք է լինի օսմանների Ա հավելվածով առաջարկած պայմանները,

8. դաշնակցող պետությունների բնակիչներին թույլ է տրվում շահագործել կամ ծախել իրենց կալվածքները. ազատ երթևեկություն երկու կողմերի միջև,

9. երկու կողմերի միջև հաստատել սուրհանդակային և հեռագրական հաղորդակցություն,

10. Բրեստի դաշնագրի այն կետերը, որ հակառակ չեն ներկա դաշնագրին, ընդունելի էին երկու կողմերի համար,

11. Կովկասում բնակվող իսլամները պիտի վայելեն կրոնական ազատություն, իսլամները պիտի հիշատակեն Սուլթանի անունը հասարակական աղոթքներում. ուսումն իրենց լեզվով նույն քաղաքացիական իրավունքն է. կարող են ընկերություններ կազմել՝ հիմնելու ամեն տեսակի կրոնական և բարեգործական հաստատություններ:

12. ներկա դաշնագրությունը պետք է վավերացվի և փոխանակվի Պոլսում, մեկ ամսվա ընթացքում:

Այս բուն դաշնագրի հարակից էին 3 բացատրական և մեկ հավելածական դաշնագիր, որով պահանջվում էր Կովկասյան Հանրապետության բանակի զինաթափումը: Արգելք չլինել կամավորներին, որոնք ուզում են մտնել Կովկասյան գործող թուրք բանակ: Կովկասի սահմաններից հեռացնել օսմանյան թշնամի ազգերի զինվորական և քաղաքական պաշտոնյաներին: Կովկասյան Հանրապետության երկաթուղային գծերով փոխադրել օսմանյան բանակը և նրան վերաբերող ամեն բան: Նույն արտոնությունը տրվում է նաև օսմանյան դաշնակից պետություններին: Կովկասյան Հանրապետությունը պարտավորվում էր օսմանների տրամադրել փոխադրական բոլոր միջոցները, Բաքվի բոլոր նավերը, որոնք կան Կասպից ծովում, ոչ մի քաղաքական հարաբերություն օսմաններին թշնամի պետությունների հետ:

Մայիսի 11-ի հաշտության առաջին նիստում օսմանյան պատվիրակության նախագահ Խալիլ բեյի առաջարկած դաշնագրի նախագիծն իր հարակից հավելվածներով ու լրացուցիչով այնպիսի անակնկալ էր Կովկասյան Հանրապետության պատվիրակության համար, որ կարող էր սարսափեցնել բոլորին, ինչպես և իրապես եղավ։

Պետք է ավելացնել, որ ինչպես Տրապիզոնի բանակցությունների ընթացքում, այնպես էլ Բաթումի, զինադադար հայտարարելով հանդերձ, օսմանյան բանակը երբեք չկասեցրեց առաջխաղացումը դեպի Կովկասի ներսերը․․․ Դաշնագրի նախագիծը Կովկասյան պատվիրակությանը հանձնելուց մինչև մայիսի 25-ը պատվիրակությունը մի քանի հուշագրեր ներկայացրեց, մասնավոր տեսակցություններ կատարվեցին մի կողմից Չխենկելու և Խալիլի միջև, մյուս կողմից պատվիրակության հայ անդամներ Խատիսյանի ու Քաջազնունու և Խալիլի ու Վեհիբի հետ՝ փոխելու առաջարկված ծանր պայմանները և մեղմելու թուրք զորքի խիստ վերաբերումը, բայց այդ բոլորը՝ իզուր։ Թուրք պատվիրակությունը մնաց անդրդվելի իր պահանջներում։ Այս շրջանում էր, որ հանկարծակիի բերելով, գրավեցին Ալեքսանդրապոլը և այնուհետև, բանակը երկու ճյուղի բաժանելով, մեկը պիտի առաջանար դեպի Երևան, իսկ մյուս՝ բռնում է Ղարաքիլիսայի ճամբան։

Լուսանկարում՝ Բաթումը 20-րդ դարի սկզբին