Զանգեզուրը Ադրբեջանի հողամաս համարելու իրավական և փաստական որևէ հիմք չկա. Օհանջանյան, 4 մայիսի, 1920թ

1761

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պատասխանը

Բաքու, Ադրբեջանի խորհրդային հանրապետության արտաքին գործերի կոմիսարի պաշտոնակատար Հուսեյնովին, պատճենը՝ [Բաքվում] Հայաստանի ներկայացուցիչ Մ. Հարությունյանին, Մոսկվա՝ Լենինին, Չիչերինին և Կովկասյան ճակատի՝ զինվորա-հեղափոխական խորհրդի նախագահ Օրջոնիկիձեին

Երևան, 4 մայիսի, 1920թ

Ի պատասխան ապրիլ 30-ի Ձեր վերջնագրի, որ մենք ստացել ենք մայիսի 1-ին, Հայաստանի կառավարության անունից հաղորդում ենք հետևյալը.

Առաջին կետի առթիվ՝ Ադրբեջանի տերիտորիայի վրա հայկական զորք չկար և չկա: Ընդհակառակը, Ձեր իսկ ձեռքով տապալված մուսավաթական կառավարության զորքերը և կազմակերպված բանդաները մինչև այժմ շարունակում են մնալ Հայկական Ղարաբաղի շրջաններում ու դեռևս քիչ առաջ հայ աշխատավոր գյուղացիության ջարդն էին անում և այրեցին Շուշի քաղաքի հայկական մասը ու բազմաթիվ գյուղեր:

Լիովին համաձայնելով Կովկասյան ճակատի զինվորա-հեղափոխական խորհրդի նախագահ Օրջոնիկիձեի՝ Ձեր կողմից Ռուսաստանի Խորհրդային իշխանության արած դիմումի հետևանքով մեզ ուղարկված վերջնագրում արտահայտվածի հետ, մենք նույն այդ հարցի մասին հայտարարում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած սահմանային վեճերը պիտի լուծվեն աշխատավորության կամքի համաձայն, և որ Ղարաբաղի գյուղացիությունը իր անխախտ կամքը ութ համագումարներում արտահայտել է՝ լինել Հայաստանի Հանրապետության կազմում:

Ինչ վերաբերում է Զանգեզուրին, այն ժամանակ պիտի հայտնել, որ Ադրբեջանը երբեք իր իշխանությունը այդ հողամասի վրա չի տարածել և այդ պատճառով ոչ մի թե իրավական և թե փաստական հիմունք չկա Զանգեզուրը համարել Ադրբեջանի հողամաս: Զանգեզուրը համաձայն իր գյուղացիության կամքով կառավարվում էր և այժմ էլ կառավարվում է իր Խորհրդով և իրեն համարում է Հայաստանի Հանրապետության անբաժան մասը:

Երկրորդ կետի առթիվ՝ Հայաստանի զորքերը համաձայն կառավարության բազմիցս հայտարարություններին, երբեք չեն անցել դրացի հանրապետությունների, ինչպես նաև Ադրբեջանի սահմանները:

Երրորդ կետի առիթով՝ Հայաստանի սահմաններում ազգամիջյան կոտորած չկա, իսկ անցյալի ընդհարումները առաջացել էին մուսավաթական կառավարության և թուրքական էմիսարների ձեռքով կազմակերպված մահմեդական ազգաբնակության ապստամբությամբ հայկական հողամասերի վրա Հայաստանի Հանրապետության դեմ, որի կառավարությունը պարտական էր ձեռք առնել նախազգուշական միջոցներ եկվոր պրովոկատորների հանդեպ:

Ընդհակառակը, Ղարաբաղի դեպքերի առթիվ Ադրբեջանի ամբողջ տերիտորիայի վրա հայերի մասսայական կոտորած էր տեղի ունենում և այրված են հայկական տասնյակ գյուղեր:

Վիճելի բոլոր հարցերի խաղաղ լուծման տեսակետի վրա կանգնած լինելով և որևէ ռազմական գործողության դեմ լինելով, Հայաստանի կառավարությունը Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների վերոհիշյալ կարծիքին համաձայն է, նոր ընդհարումների ծագման հնարավորությունները վերացնելու համար առաջարկում է Ձեր կառավարությանը.

առաջին՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները,

երկրորդ՝ սահմանների վերջնական որոշման ու դրացի հանրապետությունների միջև նորմալ հարաբերություններ ստեղծելու համար Հայաստանի կառավարության հետ բանակցություններ սկսել:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար՝ Հ. Օհանջանյան

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 91, չորեքշաբթի, 5 մայիսի, 1920 թ