1921 թվականի ապրիլի 2-ը՞ համարել Հայաստանի Հանրապետության անկման օր

4224

Պատմությունը ճշգրիտ գիտություն չէ: Այն միշտ էլ վերանայումների և նոր շեշտադրումների կարիք ունի:

Բոլշևիկյան և խորհրդահայ պատմագրության մեջ ընդունված էր, որ Հայաստանի խորհրդայնացումը տեղի է ունեցել 1920-ի նոյեմբերի 29-ին, ինչը փաստական սխալ է, քանի որ կառավարության ղեկին գտնվող ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով բոլշևիկներին փոխանցել է դեկտեմբերի 2-ին:

Դեկտեմբերի 2-ից մինչև 1921-ի փետրվարի 18-ը խորհրդայնացված անկախ Հայաստանում (իշխանությունից ՀՅԴ-ի հեռացումը դեռ չէր նշանակում Հայաստանի Հանրապետության անկախության կորուստ. երկու տարի` մինչև 1922թ. դեկտեմբեր, Խորհրդային Հայաստանը թեև ձևականորեն, բայց անկախ էր) իշխանության ղեկին Հայհեղկոմն էր՝ Սարգիս Կասյանի գլխավորությամբ:

Փետրվարի 18-ին ՀՅԴ-ն կրկին եկավ իշխանության՝ Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ:

Բոլշևիկյան և խորհրդահայ պատմագրությունը փետրվարի 18-ը որակում էր դաշնակցական ավանտյուրա: Իրականում, սակայն, դա ժողովրդային ապստամբություն էր Հայաստանի քաղաքացիների համար կարճ ժամանակում ատելի դարձած Հայհեղկոմի քաղաքականության հանդեպ:

Պատճառը բոլշևիկների իրականացրած հալածանքներն ու բռնություններն էին զինվորականության, մտավորականության, հատկապես` դաշնակցական գործիչների նկատմամբ: Բանտարկվեցին ավելի քան 1500 սպաներ, որոնց թվում՝ զորավարներ Նազարբեկյանը, Սիլիկյանը, Հախվերդյանը: Ապա ոտքով, ձյան վրա, ցուրտ ձմռանը առանց տաք հագուստի, բոլորին քշեցին Ռուսաստան: Նրանց մի մասը մահացավ ցրտից: Բանտերում իրականացվեցին գնդակահարությունների և կացնահարությունների դեպքեր:

1921թ. փետրվարի լույս 10-ի գիշերը Երևանում ձերբակալվում են 200-ից ավելի դաշնակցականներ, և այս դեպքը եղավ վերջին կաթիլը, որից հետո պայթեց ժողովրդական զայրույթը:

Այսպես, 1921-ի փետրվարյան ապստամբությունը սկսվեց ժողովրդական շարժմամբ, որից հետո Սիմոն Վրացյանն  ու Հայաստանում մնացած մյուս երևելի դաշնակցականները ստանձնեցին ղեկավարությունը՝ հայտարարելով Հայրենիքի փրկության կոմիտեի մասին:

Իշխանությունից բոլշևիկների հեռացման և Հայրենիքի փրկության կոմիտեի իշխանության գալու մասին հեռագրեր հղվեցին Լենինին, Չիչերինին, հարևան երկրներին, այդ թվում՝ քեմալականներին:

Հայրենիքի փրկության կոմիտեն իշխանության մնաց մինչև 1921 թվականի ապրիլի 2-ը, երբ կրկին ռուսական բանակի օգնությամբ հայ բոլշևիկները, այս անգամ ժողովրդի համար ավելի ընդունելի գործիչներով՝ Ալեքսանդր Մյասնիկյանի դեմքով, եկան իշխանության:

Հայաստանում բոլշևիկյան և կոմունիստական իշխանությունը շարունակվեց շուրջ յոթ տասնամյակ:

1921թ. ապրիլի 2-ին Հայրենիքի փրկության կոմիտեն բոլոր կռվող ուժերի և գրեթե ողջ մտավորականության հետ` շուրջ 10 հազար մարդ ոտքով, ուժասպառ և հյուծված հասավ Զանգեզուր, այնտեղից մի քանի ամիս անց Արաքսի վրայով անցան Պարսկաստանի տարածք:

Գուցե արդարացվա՞ծ է հենց ապրիլի 2-ը համարել Հայաստանի Հանրապետության անկման օր: Գուցե արդարացվա՞ծ է համարել, որ Հայաստանի Հանրապետության կյանքը տևեց գրեթե երեք տարի (1918-ի մայիսի 28-ից մինչև 1921-ի ապրիլի 2):

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն