Կարդացի Տիգրան Պասկեւիչյանի «Նի վերյու» վավերագրական երգիծավիպակը։ Ինքն է երգիծավիպակ անվանել։ Ինքս այն երգիծանք չէի անվանի։ Կան, իհարկե, ժպիտ ու ծիծաղ առաջացնող դրվագներ, բայց երգիծանք չէ, բոլորովին։ Խորհրդային իրականության լավ, շատ լավ, շատ սահուն, շատ գեղարվեստական ու շատ ռեալիստական նկարագրություն է։
Ընթերցանության ողջ ընթացքում Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպն է մտքումս պտտվել։ (Ժամանակին ես անդրադարձել եմ «Բամբակե պատեր»-ին։ Ահա այն․ https://hetq.am/hy/article/109964 )։ Երկու գործերն էլ խորհրդային երկրի մասին են։ «Բամբակե պատեր»-ի հերոսը գործում է 1970-ականների ու 80-ակաների սահմանագծին, իսկ Տիգրան Պասկեւիչյանի հերոսները 1986-ից հետո են։ Թվում է՝ նույն երկիրն է, նույն կանոններն ու նույն օրենքներն են, նույն՝ ոչինչ չասող կարգախոսներն են, բայց բոլորովին տարբեր իրականություններ են։ «Բամբակե պատերի» հերոսը, եթե շարունակի ապրել այնպես, ինչպես ապրում է, անկասկած, որպես հակախորհրդային երեւույթ կհայտնվի կալանավայրում կամ հոգեբուժարանում, իսկ «Նի վերյու» վիպակի հերոսներին նման ապագա չի սպառնում։ Այս մասին, բայց, նրանք դեռ չգիտեն։
Երկու գործերի հերոսներին իրարից մի 5-6 տարի է բաժանում։ «Բամբակե պատերի» հերոսն ապրում էր Բրեժնեւի ժամանակներում, իսկ «Նի վերյուի» հերոսները՝ Գորբաչովի։ Թվում է՝ չնչին ժամանակահատված է՝ 5-6 տարի ընդամենը, բայց այս 5-6 տարիներն էապես փոխել են խորհրդային երկիրը։ Բոլորովին այլ ժամանակներ են։ Ազատությունների ու հնարավորությունների բոլորովին այլ սահմաններ են։ Բայց դեռ կա Խորհրդային Միությունը։ Փլվելու, վերանալու միտումներ դեռ ցույց չի տալիս։ Նույնքան հավերժ է թվում, որքան թվում էր «Բամբակե պատերի» հերոսի ժամանակներում, բայց, կրկնվեմ, ազատությունների այլ սահմաններ են։
Վիպակի հեղինակը՝ Տիգրան Պասկեւիչյանը, վիպակի երեք հերոսներից մեկն է, լրագրող է, Սարահարթ գյուղ պետք է գնա՝ գյուղական կյանքի, խոտհնձի ու գյուղ բերված չեխական հնձիչի մասին նյութ պատրաստելու։ Չեխական հնձիչը հատուկ երեւույթ է։ Այդ մասին չգրել չի կարելի։ Այն չեխ ու խորհրդային ժողովուրդների անխախտ բարեկամության խորհրդանիշ է։ Գյուղական բարիքներից օգտվելու, մի քանի օր գյուղում հանգստանալու նպատակով նրան են միանում նրա երկու ընկերները՝ Վահեն ու Արտոն։ Արտոն որոշում է՝ հընթացս իր բնագավառի՝ գյուղական թատրոնի մասին հաշվետվություն կպատրաստի, իսկ Վահեն, դե, Վահեն էլ հենց այնպես՝ կղեկավարի արշավախումբը։
Դեպքերը զարգանում են շրջկենտրոնում, գյուղում, ապա՝ Երեւանում։ Գյուղում ու շրջկենտրոնում հերոսները բախվում են այդ օրերի խորհրդային իրականությանը։ Քարտեզը բացելու եւ գյուղը փնտրելու կարիք չկա բոլորովին։ Հեղինակից հարցնելու կարիք չկա նույնպես։ Խորհրդային Հայաստանի բոլոր շրջկենտրոններում ու բոլոր գյուղերում էլ, չնչին տարբերությամբ, նույն պատկերն էր լինելու։
Այստեղ սուտ է ամբողջը։ Ողջ շրջանը (հանրապետությունը, երկիրը) ապրում է աչքակապությամբ, սուտ հաշվետվություններով, հավելագրումներով։ Բոլորը սա գիտեն։ Փոխելու ցանկություն ու նպատակ, սակայն, չկա։ Լսել են Գորբաչովի հայտարարած հրապարակայնության ու վերակառուցման մասին, բայց չեն խորանում։ Չեն էլ ցանկանում հասկանալ, թե ինչ են դրանք իրականում ու ինչի են հանգեցնելու։ Վախենում են փոփոխություններից։ Հարմարվել են։ Այլ կյանք չեն էլ պատկերացնում-ցանկանում։
Երկիրն ինչպես աղքատ եղել է՝ այնպես էլ կա։ Երբ «Նի Վերյուի» հերոսները ուտելիք գնելու թույլ հույսով խանութ են մտնում՝ այնտեղ տեսնում են նույն դատարկությունը, ինչ մի 5-6 տարի առաջ տեսել էր խանութ մտած «Բամբակե պատերի» հերոսը։ Տարբերությունը միայն այն է, որ առաջին դեպքում խանութը մայրաքաղաքում էր՝ մայրաքաղաքային աուրայով, իսկ երկրորդ դեպքում՝ գյուղում՝ գյուղական աուրայով։
Վիպակի հերոսները ազատամիտներ են։ Նրանք տեսնում են երկրի արհեստականությունը, ուզում են, որ փոփոխությունները լինեն արագ, ուզում են շատ ավելի լավ երկրում ապրել, թույլատրված ազատությամբ չեն բավարարվում, ավելին են ցանկանում։ Խոսում են, քննարկում են, գիտեն, որ ինչ որ բան անել է պետք, բայց դեռ չեն պատկերացնում, թե ինչ է պետք եւ ինչ կարող են անել։ Բեկումնային է դառնում «ինչ անել»-ը իմացող մեկի հետ պատահական հանդիպումը Երեւանում։
Գրքի ավարտը հերոսների նոր կյանք սկիզբն է։ Նրանք սպասվող ցույցի համար պաստառներ են պատրաստում։ Չգիտեն, թե ցույցի օրն ինչ է պատահելու։ Կկալանավորվե՞ն, կհայտնվե՞ն պետական անվտանգության կոմիտեի մեկուսարանում, թե՞ կշարունակեն իրենց ազատ կյանքը, բայց գիտեն հաստատ, ինչ էլ որ իրենց սպասի՝ ցույցի, անպայման, դուրս են գալու ու պաստառներ են բարձրացնելու։ Այսօրվա չափորոշիչներով՝ անմեղ պաստառներ են՝ «Մաքուր օդ, առողջ երկիր», «Մեր երեխաներն ապրելու իրավունք ունեն» ու նման այլ մտքեր։ Քաղաքականություն չկա, էկոլոգիական ցույց է լինելու։ Բայց հերոսներից Վահեն առաջարկում է եւս մեկ պաստառ, որի վրա կլինի գրված «Անկախություն»։ Բոլորն են հասկանում՝ սադրիչ է ու վտանգավոր։ Անգամ ցույցի մասնակիցները սա չեն ընդունի։ Սա հրապարակայնության ու վերակառուցման համատեքստ ոչ մի կերպ չես խցկի։ Լուծումն առաջարկում է մյուս հերոսը․ «իմ ընկեր Կայծը ԿԳԲ-ի աչքում գժի իմիջ ունի, միտինգի թեժ պահին ինքը կարա բարձրացնի էդ պլակատը»։ Լավ լուծում է՝ ե՛ւ ԿԳԲ-ի, ե՛ւ ցուցարարների գործը հեշտանում է։ Կասեն՝ գիժ է ու՝ վերջ։ Ոչ մի պատասխանատվություն։ Այդ շրջանում միայն գիժը կարող էր խոսել անկախության մասին ու նման պաստառ բարձրացնել։ Անկախությունը խելագարություն էր։ Ավելին՝ անիրականանալի էր։ Էլ ավելի ավելին՝ թվում էր ոչ անհրաժեշտ․ ապրում ենք, էլի, ի՞նչ վատ է, հսկայական երկիր է՝ մենք էլ էդ մեծ երկրի մի մասը՝ ոչ հոգս ունենք ոչ էլ պարտավորություն։
Չգիտեին ցուցարարները, չգիտեին ցույցի կազմակերպիչները, չգիտեր խորհրդային իշխանությունը՝ մինչեւ անկախություն, քիչ, անչափ քիչ ժամանակ էր մնացել։
Ցույցի նախապատրաստական աշխատանքներով էլ ավարտվում է վիպակը։ Նոր ժամանակները դեռ պետք է գան։ Կարճ ժամանակ անց խորհրդային երկիրը փոթորկվելու է։ Հերոսները դեռ չգիտեն, թե ինչ դարակազմիկ իրադարձությունների մասնակից ու ականատես են լինելու։ Դեռ չգիտեն, թե ինչ մեծ հանրահավաքներ ու ինչ մեծ պայքար է լինելու։ Չգիտեն, որ իրենց հետ նույն հարթակին է հայտնվելու Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատերի» հերոսը։ Ավելին՝ տարբեր ժամանակահատվածներից եկած այլ հերոսներ նույնպես այնտեղ են լինելու։
․․․ Խորհրդային իրականության մասին պետք է գրվի։ Այն մեր անցյալն է։ Մենք բոլորս այնտեղից ենք գալիս, բերում ենք մեզ հետ դրա ազդեցությունը, կրում ենք դրա ծանրությունը։
Խորհրդային իրականության ստալինյան հատվածի վերաբերյալ շատ հրապարակումներ կան։ Կան փայլուն հուշագրություններ ու նաեւ գեղարվեստական գործեր։ Այսօր էլ այդ ուղղությամբ շատ գործ է արվում։ Հետստալինյան շրջանը, բայց, 1960-70-80-ական թվականները, որ մեր երեկվա օրն են, շատ ավելի քիչ են լուսաբանվել։
Պարույր Հայրիկյանն է հրապարակել իր շատ արժեքավոր հուշագրությունները՝ «Ազատության ճանապարհի բանտերում» վերնագրով, որոնք ներառում են 1965-1977 թվականները՝ պայքարի ու մաքառման մի հսկայական ժամանակահատված։ Հուսանք՝ կլինի շարունակությունը։ Իմ երկու՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն» գրքերն էլ են հետստալինյան շրջանն ընդգրկում։ Հայրիկյանի եւ իմ գրքերի հերոսը, (եթե կարելի է, իհարկե, այս դեպքում օգտագործել «հերոս» ձեւակերպումը) խորհրդային իրականության դեմ լուրջ ու հետեւողական պայքար ծավալած մեկն է, որը հայտնվել է խորհրդային կալանավայրերում ու նկարագրում է խորհրդային գուլագը։ Այս «հերոսն» իր անցյալին անդրադառնալիս խորհրդային կենցաղը չի հիշում, այդ մասին չի գրում։ Չի պատկերում խորհրդային քաղաքներն ու գյուղերը, չի պատմում դատարկ խանութների ու կենցաղային դժվարությունների մասին։ Նրա պատմությունը քաղաքական պայքարի մասին է, որ ընդհատակում է եղել ու կալանավայրերն են։ Սա խորհրդային կյանքի խիստ «նեղ մասնագիտական» բնագավառ է։ Սա միլիոնների մասին չէ։ Լավագույն դեպքում՝ մի քանի հարյուր մարդու մասին է։
Իսկ ահա Տիգրան Պասկեւիչյանի վիպակը, Վահրամ Մարտիրոսյանի վեպը միլիոնների մասին են։ Նկարագրում են խորհրդային երկիրն ու խորհրդային մարդուն, որ իր ամենօրյա հոգսերով ապրում էր այդ երկրում։ Նկարագրում են այն թշվառությունը, որ ամենուր էր։ Նկարագրում են ազատությունների այն նեղ սահմանները, որոնց մեջ խցկվել էր սովետական մարդն ու իրեն՝ աշխարհից կտրված լինելու պատճառով, այլ կյանքից ու այլ հնարավորություններից անտեղյակ լինելու պատճառով, երջանիկ էր զգում։ Ավելիի մասին պատկերացում չունենալով՝ ավելիին չէր ձգտում։ Սա էլ հենց սովետական մարդն էր՝ հոմոսովետիկուսը, որի հետ նույն ճանապարհով քայլել չեն ցանկանում «Բամբակե պատերի» ու «Նի վերյուի» հերոսները։
Պետք է հիշել ու պետք է հիշեցնել։ Մոռացկոտներին է պետք հիշեցնել, որ վերհիշեն իրենց տխուր անցյալը, որ սուտ գույներով չգունավորեն այն եւ մոլորության մեջ չգցեն սովետ չտեսած երիտասարդներին։ Պետք է սովետ չտեսած երիտասարդներին պատմել, թե որտեղից ենք գալիս մենք, ինչ ենք բերում մեզ հետ եւ ինչու ենք այդչափ խեղված։
Հենց սա էլ շատ գեղարվեստորեն արել է Տիգրան Պասկեւիչյանը։ Կարդալ եմ առաջարկում։
Վարդան Հարությունյան
իրավապաշտպան, խորհրդային տարիների քաղբանտարկյալ (1980-1988)












