Եթե գարնանը Ադրբեջանը չհարձակվի, «մեր առաքելությունն արդեն հաջողված է». Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

3099

Եթե գարնանը Ադրբեջանը չհարձակվի, «մեր առաքելությունն արդեն հաջողված է», Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի այս հայտարարությունը Բաքվում մեծ դժգոհություն է առաջացրել, հաղորդում է Ազատությունը։

Անցած հոկտեմբերից կարճաժամկետ, իսկ այս փետրվարից արդեն երկարաժամկետ՝ երկու տարով Հայաստանի սահմաններին դիտորդություն իրականացնող եվրոպացի մասնագետները մինչև այս ձեռնպահ էին մնում մեկնաբանություններից, և ահա գերմանական Դոյչե Վելեն հրապարակեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունը։

«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանի կողմից գարնանային հարձակում կլինի: Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է։ Մենք չենք կարող միջամտել, մենք ունենք միայն հեռադիտակներ ու տեսախցիկներ մեր տրամադրության տակ»,- ասել է նա։

Չնայած Եվրամիության առաքելության ղեկավարը ոչ թե անձամբ իր անունից էր խոսել, այլ հղում արել հայաստանցիներին, բայց առաքելության գործունեության երկարաձգումից դժգոհ Բաքուն շտապեց հայտարարել: «Մենք խստորեն դատապարտում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը, հիմնվելով հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն իբր պատրաստվում է հարձակման»,- ասել է արտգործնախարարության խոսնակը։