31 տարի առաջ այս օրը մեր դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջեւ` խորհրդանշելով Հայաստանի պաշտոնական անդամակցությունը ՄԱԿ-ին: Այս երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարբեր ճգնաժամերի միջով է անցել, սակայն դիվանագետների եւ ԱԳՆ-ի առավել բարդ շրջանը եղել է 44-օրյա պատերազմից հետո: Հայ դիվանագետի օրը, թերեւս լավ առիթ է խոսելու հենց հայ դիվանագետի հետ կատարված եւ դեռ կատարվող մետամորֆոզների մասին:
2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի մոտեցումն այն էր, թե արտաքին քաղաքականությունը պետք է իրականացնել բացառապես պրոֆեսիոնալ` կարյերային դիվանագետների միջոցով: Մի կողմ թողնենք այն փաստը, որ դիվանագիտության ու պետականության լրջագույն ավանդույթներ ունեցող երկրներն անգամ (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Թուրքիա), կոնկրետ մայրաքաղաքներում, կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով դեսպանների քաղաքական նշանակումներ են ունենում: Հեղափոխության հարթակից, սակայն, հայտարարվել էր, որ իշխանափոխությունից հետո արտաքին քաղաքականությամբ են զբաղվելու բացառապես պրոֆեսիոնալները, դե, իսկ ինչպես գիտենք այդ հարթակից հայտարարվածը սրբության սրբոց էր:
Ինչեւէ, Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ դեսպանների քաղաքական նշանակումներ չեն լինելու, ուստի մեծամասամբ չէր խառնվում արտգործնախարարության ներքին գործերին` սահմանափակվելով Ռուբեն Ռուբինյանին այդ շենք գործուղելով, իսկ կադրային նշանակումները թողնելով առավելապես նախարար Զոհրաբ Մնացականյանի հայեցողությանը: Շուրջ երկու տարի, իսկ մասնավորապես մինչեւ 2020-ի Արցախյան պատերազմը, Հայաստանի ԱԳՆ-ն աննախադեպ մասշտաբների ներքին ինքնավարություն էր ստացել, ինչը կարող էր լրջորեն ուժեղացնել այդ կառույցը, սակայն` ցավոք, տեղի ունեցավ հակառակը:
Փաշինյան-ԱԳՆ հարաբերություններում անվստահություն առաջացավ 44-օրյա պատերազմից հետո: «Պատերազմն առաջին հերթին դիվանագիտության պարտությունն է» դասագրքային ճշմարտությունը չէր կարող չարտացոլվել հետպատերազմական իրավիճակի վրա, ուստի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունից օրեր անց աշխատանքից հեռացվեց արտգործնախարարը: Մնացականյանի գնալուն հաջորդած 8 ամիսները ճգնաժամային էին, սակայն Փաշինյանի կառավարությունը շարունակեց կարյերային դիվանագետների վրա հենվելու քաղաքականությունը` Արա Այվազյանին նախարար նշանակելով:
Հետպատերազմական ներքաղաքական ճգնաժամը մասնակի հանգուցալուծվեց 2021-ի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, այդ ընթացքում, սակայն, լրջորեն խորացավ Նիկոլ Փաշինյան-ԱԳՆ անվստահությունը: Արտահերթ ընտրություններից շաբաթներ առաջ հրաժարականի դիմում ներկայացրած նախարար Այվազյանին տեւական ժամանակ հնարավոր չեղավ փոխարինող գտնել: Շուրջ երկու ամիս որեւէ փոխնախարար իր վրա չէր վերցնում ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանատվությունը, գործող դեսպաններից ոչ ոք չէր համաձայնում ԱԳՆ-ն ղեկավարելու առաջարկին:
Արտաքին քաղաքականությունը ինքնահոսի թողած Հայաստանում արտահերթ ընտրություններ էին: Նախընտրական քարոզչության ընթացքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ արտգործնախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ անթաքույց աջակցում էին ընդդիմությանը: Ավելին, գործող դեսպաններ կային, ովքեր իրենց ծառայության մայրաքաղաքները թողած հայտնվում էին ընդդիմության հանրահավաքներին: Որոշ դիվանագետների մոտ վստահություն կար, որ նման ծանր պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանի վերընտրվելն անհնար է լինելու, ուստի փորձ էր արվում տեղավորվել նախկին իշխանության վերադարձի ճամբարում:
Արտահերթ ընտրություններում հաղթելուց հետո գործի դրվեց Փաշինյանի դիվանագիտական գիլյոտինը: Աշխատանքից ազատվեցին փոխնախարարներ, ԱԳՆ գլխավոր քարտուղարը, մի շարք գործող դեսպաններ: Ի դեպ, որոշ դեսպանների դեպքում որոշումը կայացվել է բացարձակ անարդար եւ առանց որեւէ բացատրության: Այդպիսի դեպք է օրինակ արաբերենի բացառիկ իմացությամբ, Մերձավոր Արեւելքին հրաշալի տիրապետող, Արաբական Միացյալ Էմիրություններում մեր նախկին դեսպան Մհեր Մկրտումյանի հեռացումը, ով մինչ օրս չգիտի աշխատանքից ազատվելու իրական պատճառը:
Կայացած պետություններում նախկին դիվանագետներ չեն լինում: Ճգնաժամերի եւ հակասությունների պատճառով աշխատանքից ազատվելուց հետո անգամ, պետությունն իր տարբեր խողովակներով դիվանագետի կարողություններն օգտագործելու ձեւեր պետք է գտնի, հակառակ դեպքում դրա ձեւերը կգտնեն այլ պետություններ: Ինքնահոսի թողնված դիվանագետներից ոմանք ընտրում են ակտիվ քաղականությամբ զբաղվելու ճանապարհը, որոշներն ակադեմիական կամ վերլուծական գործով են զբաղվում, միջազգային կառույցներում եւ բիզնեսի ոլորտում էլ տեղավորվողներ կլինեն, սակայն արդյունքում տուժում է պետությունը:
20 տարուց ավելի փորձով մի քանի տասնյակ դիվանագետ կորցնելու շռայլությունը Հայաստանը չունի: Պետք է չափազանց շրջահայաց լինել կայացած դիվանագիտական կադրերի հարցում, որոշ դեպքերում ներողամտություն դրսեւորելով եւ երկրորդ հնարավորություն տալով, ճիշտ այնպես ինչպես տրվել է կոռուպցիայի մեջ թաթախված 100-ավոր պաշտոնյաների:
Շնորհավոր հայ դիվանագետի օրը: Ակտիվ աշխատանքի մեջ գտնվող ընկեր-գործընկերներին բարի ծառայություն եւ ողջամիտ հանձնարարություններ մայրաքաղաքից: Ճգնաժամերի հետեւանքով կամ իրենց որոշմամբ համակարգից դուրս եկած ընկեր-գործընկերներին քաջ առողջություն` պետությանը ծառայելու վերադարձի մեծ հույսով…
Արսեն Խառատյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/arsen.kharatyan












