Փետրվարի 20-ից Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է ԵՄ մոնիտորինգային առաքելության գործունեությունը: Հայ-ադրբեջանական սահմանային մոնիտորինգով զբաղվող այս առաքելությունը ձեւավորվել է Հայաստանի խնդրանք/առաջարկով: Առաքելության գործունեությունը երկու տարով է, նախնական տվյալներով բաղկացած է լինելու 100 քաղաքացիական անձանցից, կենտրոնակայանը` Եղեգնաձորում է:
Կասկածից վեր է, որ ԵՄ այս առաքելության հաստատումը չափազանց կարեւոր նվաճում է Հայաստանի համար, սակայն սա պետք է դիտարկել որպես գործընթացի սկիզբ, եւ անցնել ինտենսիվ աշխատանքային ռեժիմի երկու հիմնական ուղղություններով.
- Ապահովել եվրոպացի մոնիտորների ընդհանուր ադապտացիան երկրում, սկսած բազային կենսապայմաններից, տեղի բնակչության հետ շփումներից, պետական տարբեր գերատեսչությունների` այդ թվում ՏԻՄ մակարդակով արդյունավետ համագործակցությամբ,
- Ակտիվ քաղաքական, դիվանագիտական եւ քաղաքացիական աշխատանքներ տանել ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքներում, առաքելության կազմը հնարավորինս արագ կերպով ընդլայնելու նպատակով:
Ինչպես գիտենք, հայ-ադրբեջանական սահմանները, իսկ 2020-ի պատերազմից հետո ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ձեւավորված շփման նոր գծերը, 100-ավոր կիլոմետրերի երկարություն ունեն: ԵՄ-ի կողմից Հայաստան եկած 100 մոնիտորներն անգամ ամենամեծ ցանկության դեպքում ֆիզիկապես չեն կարող ամենօրյա ռեժիմով հետեւել սահմանագծի ողջ երկայքին, ուստի անհրաժեշտ է ինտենսիվորեն աշխատել առաքելության թվակազմը հանրավորինս ընդլայնելու ուղղությամբ:
Այն, որ ԵՄ առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է շատ կարեւոր է: Սա նշանակում է, որ մոնիտորները դիտարկելու են նաեւ Նախիջեւանի հետ Հայաստանի սահմանը: Այսուհանդերձ, պակաս կարեւոր չէ եվրոպական ներկայությունը Կապանում (գուցե նաեւ Գորիսում եւ Սիսիանում), Վարդենիսում (գուցե նաեւ Ճամբարակում), Բերդում եւ Նոյեմբերյանում, ինչպես նաեւ Արարատի մարզի` Նախիջեւանի հետ սահմանային հատվածներում:
Այս հարցում լավագույն օրինակը թերեւս Վրաստանինն է, որտեղ ԵՄ համանման առաքելությունը գործում է արդեն շուրջ 15 տարի (2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո): Այնտեղ եւս ի սկբանե առաքելությունը փոքրաթիվ էր, սակայն մի քանի ամսում արագորեն մեծացավ: Վրաց-աբխազական եւ հարավօսական շփման գծերը մոնիտորինգի ենթարկող ԵՄ առաքելության կենտրոնակայանը Թբիլիսիում է, 3 ենթակայաններով` Մցխեթայում, Գորիում եւ Զուգդիդիում: Առաքելության տարեկան բյուջեն հասնում է շուրջ 18 մլն եվրոյի:
Անվտանգային ուղիղ աջակցությունից զատ, ԵՄ առաքելությունը Հայաստանն ու Եվրամիությունը է՛լ ավելի է մոտեցնում միմյանց: Պաշտոնական Երեւանը պետք է ջանք չխնայի առաքելության գործունեության հաջող ընթացքն ապահովելու տեսանկյունից: Որպես սկիզբ, միջգերատեսչական աշխատանքներն ու ԵՄ թիմի հետ կապն արդյունավետ կազմակերպելու նպատակով կառավարության կողմից լայն մանդատով հատուկ ներկայացուցչի նշանակումը կարող է այս տեսանկյունից արդյունավետ որոշում լինել:
Սա լրջագույն հնարավորություն է մեր երկրի անվտանգային վիճակը բարելավելու հարցում, աններելի կլինի այն կորցնելը:
Արսեն Խառատյան, կոնֆլիկտաբան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/arsen.kharatyan












