Արցախ՝ արձանագրություն կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին. 18 փետրվար, 1994թ

11878

     Արձանագրություն կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին

     18 փետրվար, 1994 թվական

Մոսկվա

Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Հայաստանի պաշտպանության նախարարը, Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ, այսուհետ` կողմերը.

ղեկավարվելով զինված հակամարտության մեջ ներգրավված ժողովուրդների արմատական շահերով,

դրսեւորելով վճռականություն` աջակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 882, 853, 874, 884 բանաձևերի ու հայտարարության իրագործմանը և պատրաստակամություն` նպաստելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի շրջանակներում հակամարտության համապարփակ կարգավորմանը,

Ռուսաստանի պաշտպանության նախարարի միջնորդությամբ համաձայնեցին.

  1. ՙԿողմեր՚ եզրի օգտագործումը չի նշանակում որևէ այլ քաղաքական կամ իրավական կարգավիճակի ճանաչում` բացի սույն արձանագրության մեջ նշվածից:
  2. Կողմերը պայմանավորվեցին ապահովել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը 1994թ. մարտի 1-ի 00 ժամ 00 րոպեից, իսկ զորքերի հետքաշումը` 1994թ. մարտի 1-ի ժամը 10.00-ից:

Կրակի դադարեցման և զորքերի հետքաշման վերաբերյալ կողմերի համապատասխան հրամաննները կտրվեն և դրանց կատարման համար պատասխանատու զինվորական կազմավորումների հրամանատարներին (պետերին) կհասցվեն 1994թ. փետրվարի 28-ի ժամը 15.00-ից ոչ ուշ:

  1. Զորքերի հետքաշումն իրականացնել երեք օրվա ընթացքում, կողմերի զորքերի տարանջատման համաձայնեցված բնագծերում` նկատի ունենալով զավթված տարածքների ազատումը կարճագույն ժամկետներում` միմյանց հանդեպ լիակատար վստահությամբ:
  2. Ստեղծել փոխադարձ անվտանգության գոտի` 20-30 կմ լայնությամբ (ընդ որում` ծանր սպառազինության հետքաշումն ու համակենտրոնացումն իրականացնել կողմերի զորքերի շփման գծից ոչ պակաս 20 կմ հեռավորությամբ)` հյուսիսային, կենտրոնական և հարավային ուղղություններով, որոնցում կարգելվի զորքերի որևէ ռազմական գործողություն, ներառյալ օգնական ուժերի տեղափոխումները, զինվորական ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև զինվորական ստորաբաժանումներին զինամթերք ու ռազմահանդերձանք մատակարարող տրանսպորտային միջոցների փոխադրումները, մարտական ինքնաթիռների և մարտական ուղղաթիռների, ինչպես նաև այլ թռչող սարքերի թռիչքները, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով` ներառյալ հետախուզական թռիչքները, բնակավայրերի և ռազմական օբյեկտների շրջափակումը:
  3. Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերահսկողությունն իրագործելու նպատակով կազմավորել անվտանգության (վերահսկողության) գոտի, տեղակայել կողմերի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից բաղկացած խառը կազմի դիտարկման պահակակետեր: Ստեղծել ձեռք բերված պայմանավորվածությունների իրացման վերահսկողության միացյալ շտաբ, որը գլխավորում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Անվտանգության (վերահսկողության) գոտիներում տեղաբաշխել խմբեր միացյալ շտաբի կողմից, որոնք նույնպես գլխավորում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Միացյալ շտաբի աշխատանքի սկիզբն է 1994թ. մարտի 1-ի ժամը 12.00: Միացյալ շտաբի կազմը, լիազորությունները, տեղաբաշխման կետերը, նրա պահպանության և անհրաժեշտ տրանսպորտով, ներառյալ ուղղաթիռներով, ապահովման կարգը, նաև դիտարկման պահակակետերի կոնկրետ կազմը, տեղակայման վայրերն ու դրանց ապահովման կարգը, ինչպես նաև կողմերի զորքերի հետքաշման համաձայնեցված բնագծերը, ծանր սպառազինության համակենտրոնացման շրջանները որոշել աշխատանքային կարգով` կողմերի փորձագետների խմբերին` մինչև1994թ. մարտի 1-ը, միջազգային իրավունքի գործող նորմերի համաձայն:

Միացյալ շտաբի, դիտարկման պահակակետերի անձնակազմերի գործունության, դրանց պահպանման և ապահովման ծախսերի ֆինանսավորումն իրականացնում են կողմերը` հավասար նպատակային հիմունքներով:

  1. Վերացնել կողմերի վերահսկած տարածքների անվտանգության (վերահսկողության) գոտիներում բոլոր զինված խմբերի գործունեությունը, թույլ չտալ հրադադարի ռեժիմի խախտումներ:
  2. Կողմերն իրավունք են վերապահում միջնորդին անվտանգության (վերահսկողության) գոտիներում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման դեպքում կիրառել ներգործության բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու միջոցները, ընդհուպ ռազմական, սույն արձանագրության պայմանները խախտող զինված կազմավորումների նկատմամբ:

Հանդիպման մասնակցիները վստահություն են հայտնում, որ սույն արձանագրության դրույթների կատարումը բարենպաստ պայմաններ կստեղծի հակամարտության քաղաքական կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերի բարձրագույն ղեկավարների հանդիպման համար:

Ադրբեջանի պաշտպանության նախարար` Մամեդռաֆի Մամեդով,

     Հայաստանի պաշտպանության նախարար` Սերժ Սարգսյան,

     Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լիազոր ներկայացուցիչ` Բակո Սահակյան,

     Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար` Պավել Գրաչով:

Աղբյուրը՝ Թաթուլ Հակոբյան, ԿԱՆԱՉ ու ՍԵԻ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ, երրորդ հրատարակություն, 2011թ., էջ 482-483