Հարգարժան պարոն Վարդանյան:
Այս հրապարակային նամակը Ձեզ գրում եմ ոչ որպես պետնախարարի, այլ հաջողված գործարարի, ներդրողի և բազմաթիվ հաջողված ծրագրերի հեղինակի, ինչպիսիք են Տաթևի ճոպանուղին (որ փոխեց Գորիսի շրջանի կյանքը) և Դիլիջանի դպրոցը, Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխությունը և բազմաթիվ այլ նախագծեր:
Շարունակում եմ հետևել Ձեր գործունեությանը Արցախում, դիտում եմ Ձեր բոլոր ուղիղ եթերները, կարդում հարցազրույցներն ու միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում Ձեր խոսքը:
Այս գրությունը Ձեզ կարող էի ուղարկել անձանպես, բայց քանի որ մտել եք հրապարակային դաշտ, որոշեցի հրապարակավ գրել:
Հաջողություն մաղթելով Ձեզ Արցախում ծանր և պատասխանատու դերակատարություն ստանձնելու գործում (Ձեր հաջողությունը Արցախի և նրա ժողովրդի հաջողությունն է նախ և առաջ), ցանկանում եմ Ձեր ուշադրությունը գրավել հետևյալ իրողությունը, որը, կարծում եմ, աշխատում է Ձեր դեմ:
Ձեր թիմի PR իրականացնողները, առաջին հերթին լրատվամիջոցներն ու խմբագիրները, ամենայն նվիրումով ջախջախում են բոլոր նրանց, ովքեր Ձեզ առողջ քննադատում են և քննադատելով փորձում օգտակար լինել: Մասնավորապես, անընդունելի է և վիրավորական, երբ նրանք Ձեզ քննադատողներին ուղղակի կամ անուղղակի դասում են Ադրբեջանի խոսնակների շարքում:
Այս ամոթալի, անբարո և պրիմիտիվ հնարքը ժամանակին գործի էր դրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի PR թիմը: Հատկանշական է նաև, որ այսօր Ձեր PR իրականացնողների մի հատված, նկատի ունեմ լրագրողական մասը հատկապես, ժամանակին նվիրումով ծառայել է երկրորդ նախագահին:
Դուք արջի ծառայության կարիք, թվում է, չունեք, որքան էլ շլացնող լինեն PR թիմերի ֆինանսական հոսքերը: Դուք ունեք խորհուրդների և ոչ քծնանքի կարիք, թվում է:
Հարգարժան պարոն Վարդանյան:
Բնական է և տրամաբանական, որ այդ խմբագիրներն ու լրատվամիջոցները, պետք է Ձեր PR-ը անեն (հատուկ չեմ օգտագործում քարոզչություն բառը, որովհետև դա ինձ տանում է տխրահռչակ խորհրդային ժամանակներ), բայց նույնքան անբնական ու անտրամաբանական է, երբ նրանք թիրախավորում են իրենց գործընկերներին:
Իմ լսարանն ու հետևողներին հարգելով՝ ես իմ գործընկերների դեմ չեմ գրում՝ ելենելով համերաշխության չգրված սկզբունքից և լրագրողական պարզ էթիկայի կանոններից: Հատկապես աղաղակող է այն փաստը, որ այդ լրատվամիջոցներն ու խմբագիրները աջակցություն են ստանում արևմտյան աշխարհից, որտեղ լրագրողական էթիկան առաջին տեղում է:
Հարգարժան պարոն Վարդանյան,
կրկին առանց անուններ տալու Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մեկ այլ անհեթեթ մեղադրանք, որ արդեն հնչում են Ձեր քաղաքական թիմի որոշ անդամների շուրթերից:
Բավական է, որ Ձեր հասցեին հնչի առողջ քննադատություն, նրանց տեղավորում են “նիկոլական” դասակարգման տակ: Զավեշտն այն է, որ Ձեր քաղաքական թիմի մի լայն հատված բոլորովին վերջերս եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմում:
Հարգարժան պարոն Վարդանյան,
ես բարի ու դրական եմ հիշում մեր միակ հանդիպումը (դա հավաքական հանդիպում էր, որի մասնակիցներից մեկը լինելու պատիվը ունեցա), որ տեղի ունեցավ 2022-ի օգոստոսին և իմ նեղ շրջապատում պատմում Ձեր մասին, ով ինձ հաճելիորեն զարմացրել էր իր խորը և համապարփակ գիտելիքներով՝ լինի դա Հայոց պատմությունը, ավանդույթները, համաշխարհային դիվանագիտությանը, էլ չասած տնտեսությունն ու բանկային ոլորտը:
Հնարավորության դեպքում, անշուշտ, կցանկանայի Ձեզ հատ հարցազրույց ունենալ, քանի որ ունեմ Ձեզ ուղղելիք դժվար հարցեր, այդ թվում՝ ԱմերիաԲանկի՝ Ստեփանակերտի մասնաճյուղը 2020թ 44-օրյա պատերազմից հետո փակելու որոշման մասին:
Հարգանքներով և բարեկամաբար՝
Թաթուլ Հակոբյան












