Ութն օր Չեկայի բանտում. Հովհաննես Քաջազնունի

5300

Մէկ գեղեցիկ ու տաք օր – Յունուարի երկրորդ կիսին, որքան մտաբերում եմ – զբօոսնում էինք Վ-ի (Սիմոն Վրացեան-խմբ. ԱՆԻի) հետ Նորքի ճամբու վրայ:

Խօսում էինք մեր ցաւերից:

Ես ասի, որ եթէ բոլշեւիկները մի քիչ էլ շարունակեն այս ուղղութամբ, ժողովուրդը ծայր-յուսահատութեան կը հասցնեն, ու արիւնահեղութիւնը անխուսափելի կը դառնայ:

Վ-ը կարծես սպասում էր առիթի, որ բռնի ինձ խօսքի վրայ:

– Ուրեմն, հարցրեց, դու այլեւս հակառակ չե՞ս զինուած ընդդիմադրութեան:

– Վախենում եմ, ասի, որ հակառակ մեր կամքին՝ բանը դրանով վերջանայ:

– Գիտե՞ս որ Երեւանում այնքան քիչ ոյժ ունեն, շարունակեց Վ-ը, որ մի քանի ժամում կարող ենք տիրել քաղաքին:

– Այո՛, ասի, բայց տիրելուց յետոյ պէտք է նաեւ պահել:

– ԱՅդ ճիշդ է, ասաւ Վ-ը ու այլեւս ոչինչ չաւելացրեց:

Ինձ այնպէս թուաց, թէ նա մի բան գիտէ կամ մի բան ունի մտքի մէջ, չի ուզում պարզ արտայայտուել – թերեւս այն պատճառով, որ հետերնիս կար երրորդ անձնաւորութիւն՝ գիւղատնտես Ա. Փ-նը: Յամենայն դէպս, քանի որ ինքը տրամադրութիւն ցոյց չտուեց շարունակելու, ես էլ՝ իմ կողմից իրաւունք չհամարեցի հարցուփորձ անելու:

Նորքից ցած իջնելիս պատահեցինք մի փոքրիկ խմբակի: Հայ զինուորներ էին, 6-7 մարդ: Նստած էին ծալապատիկ ձիւնի վրայ, ճամբի ճիշդ մէջտեղը, մի մեծ շիշ արաղ ու մի քիչ էլ հաց ու պանիր առաջները: Երգում էին, բարձրաձայն վիճում: Երբ մոտեցանք, ոտի ելան,- ճանաչեցին մեզ: Ես բարեւեցի ու շտապեցի անցնել, բայց Վ-ին բռնեցին, ստիպեցին մի արաղ խմել, սիրոյ ու հաւատարմութեան անկապ խօսքեր ասին, ակնարկներ արին.

– Դուք իսկի միք վախենայ… մենք ձեզ հետ ենք… մենք նրանց… դուք հալա մի քիչ սպասէք…

Այդ օրուանից աւելի եւս ամրացաւ մտքումս այն համոզմունքը, թէ մենք արագօրէն եւ անխուսափելիօրէն  գնում ենք դէպի ապստամբութիւն, քաղաքացիական կռիւ ու արիւնահեղութիւն:

Նոյն Յունուար ամսին հրաման տրուեց, որ բոլոր կարգի ինժեներներ ու տեքնիքներ ներկայանան այսինչ տեղարձանագրուելու եւ պետական պաշտօններ ստանձնելու:

Գնացի արձանագրուելու:

Մէկ՝ որ ուզում էի մնալ միանգամայն լոյալ նոր իշխանութեան հանդէպ: Երկրորդ՝ այն տեսակէտին էի որ – անկախ մեր վերաբերմունքից դէպի տիրող կարգերը – բոլորս էլ պարտական ենք աշխատելու երկրի վերաշնութեան համար: Երրորդ՝ ակամայ պարապութիւնը սպանում էր ինձ եւ շատ ուրախ էի, որ պիտի գործի դրուէի – ի հարկէ, ոչ քաղաքական բնոյթ ունեցող գործի:

Արձանագրուողներին բաժանում էին անկետային թերթեր,- մի շարք հարցեր, որոնց պէտք էր պատասխանել գրաւոր կերպով:

Հարցերից մէկն էր. ի՞նչ կուսակցութեան էիք պատկանում մինչեւ Հոկտեմբերեան յեղափոխութիւնը – այսինքն՝ մինչեւ բոլշեւիկների հաստատումը Ռուսաստանում:

Գրեցի. ՀՅ Դաշնակցութեան:

Միւս հարցը. ի՞նչ կուսակցութեան պատկանում էք այժմ:

Գրեցի՝ նոյն կուսակցութեան:

Հետեւեալ հարցի իմաստն այն էր թէ՝ ի՞նչպէս էք վերաբերւում  Խորհրդային իշխանութեան հանդէպ: Բայց խմբագրուած էր այնքան անշնորհք, որ իրաւունք համարեցի պատասխանել. չեմ հասկանում հարցը:

Նկատեմ փակագծի մէջ, որ բոլշեւիկեան տիրապետութան երկու ու կէս ամսուայընթացքում  – առաջին շրջանը – հարկադրուած եմ եղել՝ զանազան առիթներով՝ մի տասը ամգամ պատասխան տալ – գրաւոր կամ բերանացի – այդպիսի կամ նմանօրինակ անկետաների:

Երեք-չորս օր անցած պաշտոն ստացայ. խճուղային վարութեան մէջ օգնական նշանակուեցի վարչութեան պետ՝ ինժեներ Դոլուխանեանցին:

Մօտ մի ամիս – մինչեւ ձերբակալուելս – վարեցի այդ պաշտօնը: Չափազանց բնորոշ դիտողութիւններ ունեմ այդ մի ամսուայ ընթացքում բոլշեւիկների հաստատած վարչական սիստեմի ու գործունէութեան մասին: Բայց չեմ ուզում ծանրանալ այդ նիւթի վրայ,- թողնում եմ ապագային:

***

Փետրուարի առաջի օրերից սկսուեց նկատուել ինչ որ անհանգստութիւն բոլշեւիկեան շարքերի մէջ:

«Կոմունիստ» թերթը շատացրեց ու խստացրեց սպառնական յօդուածները: Հակայեղափոխութիւնը, գրում էր թերթը, բարձրացնում է իր պիղծ գլուխը, դաւադրում էպրոլետարական իշխանութեան դէմ: Ժամանակ է դիմելու վճռական միջոցների:

Քաղաքում խստութիւնները կրկնապատկուել էին, երեկոյեան ժամը 8-ից մինչեւ առաւօտեան 6ը արգելուած էր փողոց դուրս գալ:

Երթեւեկութիւնը շրջակայ գիւղերի հետ դադարեցուած էր. ոչ ոք չէր կարող դուրս գալ քաղաքից կամ քաղաք մտնբել առանց Չեկայի յատուկ թոյլտուութեան:

Բոլշեւիկեան ոյժերը- թէ՛ զինուորական եւ թէ կուսակցական -շարժման մէջ էին դրուած:

Զինուած պատրուլները շատացրած էին, օտոմոբիլները անընդհատ վզվզում էին ետ ու առաջ: Թնդանօթներն ու գնդացիրները տեղից տեղ էին փոխադրւում, կարծես ի ցոյց հանւում:

Ինչ որ խլրտում կար, ինչ որ գաղտնի ու շտապ պատրաստութիւններ էին արւում:

Մի խուլ շշուկ էր տարածուել թէ՝ բոլշեւիկները փախչում են Հայաստանից…:

Մթնոլորտը շատ լարուած էր, յղի անակնկալներով ու սպառնալիքներով:

***

Փետրուարի 9ի առաւօտեան եկաւ պաշտօնատեղս Էս-Էռների լիդեր Ա.-եանը (ենթադրում ենք՝ Արշամ Խոնդկարեանը, վերջին կառավարութեան անդամ, յայտնի հասարակական գործիչ – ծանօթ. Սիմոն Վրացեանի): Անձնական բարեկամութիւն չունէի հետը, ոչ էլ երթուգալ: Ուստի մի քիչ զարմացայ անակնկալ այցելութեանը:

Դոլուխանեանը, որի հետ միեւնոյն սենեակում պարապում էի ես, հասկացաւ կարծեմ թէ հիւրը առանձին բան ունի ասելու ինձ ու դուրս ելաւ:

Երբ մենակ մնացինք, Ա.-եանը բացատրեց այցելութեան նպատակը. ստոյգ տեղեկութիւն ունիմ , ասաւ, որ այս գիշեր կատարուելու են ձերբակալութիւններ եւ որ արդէն վաւերացուած ցուցակի մէջ կայ նաեւ իմ անունը: Խորհուրդ է տալիս հեռանալ անմիջապէս Երեւանից կամ թաքնուել: Եթէ տեղ չունեմ, ինքը կարող է ցոյց տալ:

Ասի, որ վաղուց սպասում եմ այդ բանին ու ոչ փախչելու, ոչ էլ թաքնուելու միտք չունեմ:

Ա.-եանը կրկնեց, որ իր ունեցած տեղեկութիւնը միանգամայն ստոյգ է, վտանգը շատ լուրջ – ձերբակալութիւնը կարող է վերջանալ գնդակահարութիւնով-  ու նորից առաջարկեց թաքցնել ինձ:

Ես էլ կրկնեցի իմ ասածը թէ՝ ոչ մի կասկած չունեմ իր տուած տեղեկութեան վրայ: Բայց վճռել եմ տեղիցս չշարժուել. թող անեն, ինչ որ անելու են…

Ապա հարցրի թէ նախազգուշացուա՞ծ են միւսները: Ասաւ որ ում մասին գիտեցել են՝ տեղեկացրել են արդէն:

Սովորական ժամին վերադարձա տուն ու ասի աղջկանս – այդ ժամանակ ապրում էի Երեւանում մեծ աղջկանս հետ-, որ գիշերը հաւանականօրէին ձերբակալելու են ինձ:

Ճաշից յետոյ մի անգամ էլ աչքի անցկացրի թղթերս, խուզարկեցի սնտուկս ու պայուսակս, ապա մի կողմ դրի մի զոյգ փոխնորդ, մի ծածկոց, մի կտոր սապոն, մի քիչ հաց, ծխախոտ, լուցկի…

Բանտ գնալու պատրաստութիւններս արի ու պառկեցի քնելու, նախատեսելով որ գիշերը անհանգիստ է լինելու:

Երեկոյեան մի քանի ձեռք «Դուռաչքի» խաղացինք աղջկանս հետ, մի քիչ խօսեցինք աստղաբաշխութիւնից, մի քիչ վիճեցինք իոնների ու էլեքտրոնների մասին, մի քիչ լռեցինք…

Կէս գիշեր եղաւ, Չեկայի գործակալները չերեւացին: Պառկեցինք քնելու:

Երբ զարթեցի հետեւեալ օրը առաւօտեան՝ զարմացայ ու մի քիչ էլ կարծես դժգոհեցի, որ դեռ իմ սենեակումն եմ, իմ անկողնի մեջ. սպասողական դրութիւնը շատ էր յոգնեցրել, ուզում էի որ շուտով լինի ինչ լինելու է:

Գնացի պաշտօնիս:

Պաշտօնակիցներս ապշած իրար երես նայեցին երբ հանգիստ ներս մտայ, բարեւեցի, անցայ սենեակս ու հանեցի հերթական «գործերը»:

Երեկոյեանից տարածուել էր արդէն սպասուող ձերբակալութիւնների լուրը ու իմ անունը ամենքի բերանումն էր: Այժմ զարմնացած էին, տեսնելով որ ոչ միայն ազատ եմ, այլեւ եկել եմ պաշտօնի,- կարծես ոչինչ չի պատահել:

Դոլուխանեանը շատ վածեցած էր երեւում, անհանգիստ ու հարցական հայեացքներ էր ձգում վրաս, բայց ոչինչ չէր հարցնում: Ես էլ լուռ էի:

Մի-երկու ժամ անցած, շշուկներ սկսուեցին: Տեղեկութիւններ էին գալիս դրսից ու անցնում ականջից ականջ: Պաշտօնեաները  խմբւում էին, փսփսում, յանկարծ լռում ու ցրւում  տեղերը եւ նորից հաւաքւում, նորից փսփսում, երբ մի նոր մարդ էր գալիս դրսից:

Ստոյգը ոչ ոք չգիտէր, բայց յայտնի էր արդէն, որ ձերբակալութիւններ կատարուել են: Ոմանք տասնեակներից էին խօսում, ոմանք հարիւրներից: Տալիս էին անուններ: Խօսում էին նոյն իսկ գնդակահարութիւնների մասին, որ իբր թէ տեղի են ունեցել արդէն:

Շշուկները հասնում էին ականջիս, բայց ձեւացնում էի թէ չեմ լսում ու շարունակում էի գործս:

Գրասենեակում մի սեւաչեայ, շատ մատաղահաս աղջիկ ունէինք, որ աշխատում էր գրող մեքենայի վրայ – անունը մոռացել եմ, թերեւս այն ժամանակ էլ չգիտէի: – Մի թուղթ ունէի, որ պիտի տայի սրան արտագրելու: Բացատրում էի՝ թուղթը ձեռիս՝ թէ ինչպէս պիտի գրի – մի քիչ երկար էր բացատրութիւնը: Աղջիկը անշարժ էր ու լուռ, լայն բացած սիրուն աչքերը երեսիս բեւեռած. կարծես միտքը ուրիշ տեղ էր, չէր հասկանում ասածս… Ձեռը պարզեց որ թուղթը վերցնի ու յանկարծ, մի արագ շարժումով, փոխանակ թուղթն առնելու, խլեց ձեռս, սեղմեց պինդ-պինդ,- այնքան պինդ, որքան ոյժ ունէր իր մանկական մատիկների մէջ ու շշնջաց հազիւ լսելի ձայնով.

– Օ, որքան ուրախ եմ, որ ձեզ չեն բռնել…

Աչքերում արտասուք կար, մատները դողում էին յուզմունքից: Երբ տեսաւ որ ժպտում եմ, ինքն էլ ժպտաց, ետ քաշեց ձեռը վախեցած չորս կողմը նայեց…

Տուն վերադառնալիս, Աբովեան փողոցի վրայ, պատահեցի բժիշկ Գ-ին: Մոտեցաւ ժպտերես:

– Ձերբակալուած չէ՞ք, ասաւ:

– Ինչպէս տեսնում էք:

– Մենք երէկ ուշ գիշերով միայն իմացանք, որ վերջի րոպէին ձեր անունը դուրս են հանել ցուցակից:

– Չգիտէք՝ ինչո՞ւ:

– Չգիտեմ… ամաչել են երեւի:

Հարցրի թէ ովքե՞ր էին ձերբակալուած: Տուեց մի քանի անուններ, բայց, ստոյգը չգիտէր: Յայտնի էր միայն, որ ձերբակալութիւնները տեւել են ամբողջ գիշեր եւ որ ընդհանուր թիւը շատ մեծ է: Շատերին յաջողուել է պահուել – սրանց թւումն էին Սիմոն Վրացեանը եւ Սիրական Տիգրանեանը:

Ճամբաս ծռեցի, մտայ Նիկոլ Աղբալեանի բնակարանը, ուր ապրում էր նաեւ Լեւոն Շանթը: Լուրը ճիշդ էր, սրանք երկուսն էլ ձերբակալուած էին:

Ապա գնացի տեսնելու Մարտին Շաթիրեանին: Տանը չէր – գիշերը դիտմամբ տուն չէր վերադարձել – բայց ազատ էր:

***

Անցաւ մի օր:

Ձերբակալուածների թիւն ու անունները պարզուեցին մօտաւորապէս: Երեւան քաղաքում ձերբակալուած ու Չեկան էին տարուած մօտ 120 մարդ: Միաժամանակ ձերբակալութիւններ եղել էին նաեւ գիւղերում: Պետական ու կուսակցական անուն ունեցող գործիչներից մենակ ես էի կարծեմ, որ մնացել էի ասպարէզում: Միւսները կամ բանտարկուած էին կամ թաքնուած:

Փետրուարի 11-ին, ճաշից յետոյ գնացի պաշտօնատեղս – պաշտօնի ժամ չէր, բայց մի քանի շտապ թղթեր ունէի գրելու:

Երեկոյեան մութն ընկած, տուն վերադառնալիս, մտայ եղբօրս մօտ, որ ապրում էր Զաւարեան փողոցում:

Եղբօրս կինը, Պաւլան՝ հէնց որ տեսաւ ինձ, սարսափահար, լացով-աղաղակով յարձակուեց վրաս:

Յուզմունքից այնպէս էր խառնում իր կէս-ռուսերէնը կէս հայերէնի հետ, որ հազիւ կարողացայ հասկանալ, որ բոլշեւիկները որոնում են ինձ, ուզում են բռնել, բանտը տանել: Զինուած մարդիկ եկել են եղբօրս տունը, հարցրել են ինձ, չեն հաւատացել որ այնտեղ չեմ, բաւականին մնացել են, դէս ու դէն նայել, ապա՝ եղբորս հետները վերցրած՝ գնացել են իմ տունը… Պաւլան ճարպիկութիւն էր ունեցել իսկոյն ուղարկել Սիրունին – վանեցի մի որբ աղջիկ, որ ապրում էր եղբորս մօտ, որ վազէ-վազ գայ ինձ իմացնի… Այս բոլորը պատահել էր հազիւ 10-15 րոպէ առաջ: Հիմա անշուշտ իմ սենեակումն են, սպասում են որ գնամ, պիտի բռնեն…

– Լաւ, ասի, անհանգստանալու պէտք չկայ:

Ու իսկոյն փոխանակ Աբովեան փողոցը ծռելու՝ գնացի հակառակ կողմը, դէպի Կարճիկեան փողոցը, ուզում էի մի քիչ երկարացնել ճամբաս ու էլի մի անգամ մտածել:

Մինչ այդ ինձ թւում էր, ինչ որ պէտք էր մտածել՝ վաղուց արդէն մտածել պրծել էի, նոր բան չունէի մտածելու: Բայց այս վճռական  րոպէին կասկած ընկաւսիրտս. յանձնուե՞մ, թէ թաքնուեմ:

Տարօրինակ բան. մի օր առաջ, իմ տանը հանգիստ նստած, սպասում էի որ գան բռնեն ու խուզարկելու ոչ մի փորձ չէի մտածում անել: Իսկ այսօր տատանւում էի՝ անձնատուր լինեմ թէ ոչ… Մի նուրբ, դժուար ձեւակերպելի տարբերութիւն կար դրութեան մէջ. Այն օր ես միայն չէի խուսափում, իսկ այսօր ինքս պիտի ընդ առաջ գնայի բանտին, թերեւս եւ մահուան…:

Անցնում էի ամայի, մութ փողոցներով ու մտածում. այս րոպէիս դեռ ազատ եմ, դեռ կարող եմ խոյս տալ բանտից, գուցէ եւ գնդակից: Բայց եթէ տուն գնամ, այլեւս վերադարձի ճամբայ չեմ ունենալ… Գնա՞մ թէ ոչ: Ես դեռ տէր եմ անելիքիս, դեռ ոչ ոք չի բռնել  ձեռիցս, փողոցները բաց են առջեւս: Բայց եթէ մի անգամ ոտս տուն դրի՝ Չեկայումն եմ արդէն… Գնա՞մ թէ չգնամ:

Մի հարց առանձնապէս տանջում էր միտքս: Ինչո՞ւ եկել էին որոնելու ինձ եղբօրս տանը, Չեկան շատ լաւ գիտէր իմ հասցէն, նրա գործակալները եղել էին արդէն մօտս: Ինչո՞ւ չեն եկել ուղղակի իմ բնակարանը, ժամանակ են կորցրել եղբօրս մօտ,- այնքան երկար, որ Սիրունը կարողացել է վազել ինձ նախազգուշացնելու…

Չլինի՞ թէ դիտմամբ այնպէս են արել, որ հնարաւորութիւն տան պահուելու, փախչելու…

Ինչո՞ւ համար ամբողջ երկու օր ազատ ձգեցին ինձ, ժամանակ տուին անելիքս անելու…

Ա—եանը, որը այնքան պնդում էր որ թաքնուեմ, ներշնչուած չէ՞ր արդեօք բոլշեւիկներից, որոնց հետ ունէր ընկերական ու բարեկամական հին կապեր…

Դուրս էի եկել արդէն ռուսաց եղեկեցու հրապարակը:

***

Այստեղ բաժանւում էր ճանապարհս, եթե ուզում էի պահուել, պէտք է գնայի աջ, բազարի կողմը, ուր բարեկամներիցս մէկը ինձ համար տեղ էր պատրաստել եւ վաղուց կանչում էր իր մօտ թաքնուելու: Իսկ եթէ ուզում էի տուն գնալ, ձախ պիտի ծռէի:

Առանց կանգ առնելու՝ ձախ ծռեցի:

***

Իմ տանը սանդուխի գլխին երկու զինուած մարդ էին կանգնած:

– Ո՞ւր, հարցրեց մէկը ռուսերէն ու կտրեց առաջս:

– Տուն, ասի:

Միւսը որ հայ էր անկասկած, մի բան ասաւ ընկերոջ ականջին. ես անցայ:

Անցնելիս, լսեցի ռուսին, որ ցածր ձայնով՝ զարմացած՝ հարցնում էր ընկերոջը.

– Ահա այս ծերո՞ւկը…

Սենեակումս գտայ երկու ուրիշ երիտասարդ, երկուսն էլ հայ: Մէկի դէմքը – սա աւագն էր երեւում – ծանօթ թուաց ինձ, բայց չկարողացայ տեղը բերել, թէ ով է:

Այստեղ էին նաեւ եղբայրս ու աղջիկս:

– Եկել էք ձերբակալելո՞ւ, հարցրի:

– Այո…

-Գրաւոր հրաման ունի՞ք:

Ծանօթ դէմքը հանեց գրպանից հրամանի թուղթը: Չեկայից էր, նախագահ Ամիրեանի ստորագրութեամբ ու պետական կնիքով. ամէն բան կարգին էր:

– Լաւ, ասի վերադարձնելով թուղթը,- կարո՞ղ եմ վերցնել մի բարձ ու ծածկոց:

– Ինչ որ կամենաք, բացի օտար դրամից ու թանկարժէք իրերից:

Կապոցս նախորդ օրուանից հաւաքուած էր արդէն: Երկու րոպէում պատրաստուեցի, ասի՝

– Գնանք:

– Բայց մենք պէտք է նախ խուզարկութիւն անենք, նկատեց աւագը, մի քիչ կմկմալով ու տատանուելով:

– Համեցէք:

-Այո, հրահանգ ունինք… Սրանք ի՞նչ թղթեր են:

– Նայեցէք:

Հին գրութիւններ էին, արտասահմանից բերուած: Թերթեց մի քիչ, մի քանի կտոր զատեց, վերցրեց – չէր կարող հասկնալ ու ընտրութիւն անել, որովհետեւ մեծ մասով անգլիերէն ու ֆրանսերէն էին գրուած:

– Կարծեմ, ուրիշ բան չկայ նայելու…

-Չգիտեմ:

Երիտասարդը ակներեւ քաշւում էր, ամաչում: Աշխատում էր երեսիս չնայել, շատ քաղաքավարի էր, ամէն կերպ խոյս էր տալիս կոշտ ձեւերից ու խօսքերից:

– Այս սնդուկը ձե՞րն է:

-Իմն է, այո՛:

– Երեւի կարեւոր բան չկայ մէջը…

– Ձեր ընկերները, ասի, երկու անգամ խուզարկել են արդէն այդ սնտուկը: Ես էլ առաջի օրը մի լաւ քրքրել եմ, որովհետեւ գիտէի որ պիտի գաք:

– Որ այդպէս է, կարիք չկայ նորից նայելու… գնանք:

«Մնաք բարով» ասի աղջկանս ու եղբօրս, կապոցս առայ, դուրս ելանք:

Ժամը մօտ 8-ը կը լինէր: Փողոցները դատարկ էին, լուռ: Երեք-չորս ուշացած անցորդներ, որ պատահեցին ճամբին, շտապ անցան մօտովս – գլուխները քաշ, աչքերը գետին իջեցրած: Յիշում եմ՝ ճանաչեցի Երուանդ Գ-եանին ու մտածեցի. հիմա ի՞նչ է զգում այս մարդը, որ այնքան ոգեւորուած էր մեր կառավարութեան օրերին, իսկ այժմ տեսնում է, իր վարչապետին Չեկա են տանում…

***

Չեկայում տարան նախ կոմենդանտի սենեակը:

Բաւականին ընդարձակ սրահ էր, շատ կեղտոտ ու լիքը մարդկանցով, որ անդադար ներս ու դուրս էին անում, հարցնում, կարգադրում, աղմկում:

Հեռախօսի առաջ կանգնած՝ գոռում էր լի կոկորդով մի կարճահասակ մարդ, թուխ մազերով ու ածիլուած երեսով՝ զինուորական գորշ վերարկուն ուսերին, մաուզէր ատրճանակը կողքին:

Սա կոմենդանտն էր – կամ նրան փոխարինող մի ուրիշ անձ, լաւ չհասկցայ:

Կոմենդանտը շատ զայրացած էր երեւում: Գոռում էր այնպէս, որ կարծես ուզում էր պայթեցնել հեռախօսային գործիքը:

Ռուսական հոյակապ, երեք յարկանի հայհոյանքը զնգում էր սենեակում ու ծածկում իր ուժգին շեշտերով բոլոր խօսակցութիւններն ու ամբողջ աղմուկը. կոմենդանտը ուղղում էր խօսքն ու երեքյարկանի կենտրոնական կայանի օրիորդին, որ չէր կարողանում կամ չէր շտապում  տալ պահանջուած համարը:

– Քիչ եմ ձեզ բանտը նստեցրել, ես ձեր… Համար այսինչ ասում եմ – խլացե՞լ էք, ինչ է, ես ձեր… իսկոյն եւ ետ, լսո՞ւմ էք… Ընդհատեցէք միւս խօսակցութիւնները… ԱՅո, Չեկայից եմ խօսում, քանի՞ անգամ կրկնեմ, ես ձեր…

Հեռախօսի խողովակը  զարկեց տեղը, ետ դառաւ ու ինձ տեսաւ:

– Դուք ի՞նչ էք ուզում, գոռաց վրաս, արիւնալի աչքերը երեսիս չռելով:

– Ես ոչինչ չեմ ուզում:

– Ինչպէս թէ… ի՞ն չբան ունէք այստեղ, հարցնում եմ:

– Սպասում եմ ձեր հրամաններին:

Ինձ բերող երիտասարդը մօտեցաւ, մի բան ասաւ ականջին:

Կոմենդանտի դէմքը վայրկենապէս փոխուեց, պարզուեց.

-Օ՜օ… Դէ, այսպէս ասէք… շատ ուրախ եմ, շատ ուրախ… ինչպէ՜ս չէ, շատ լաւ գիտեմ… Նստէք, խնդրեմ… Հիւր եղէք…

Հարբած էր, արաղի թանձր հոտը բուրում էր բերանից:

Ռուսերէն էր խօսում, ռուսերէն չգիտցող հային կոշտ շեշտերով ու հայաւարի սխալներով: Ձեռները տրորում էր մի առանձին գոհունակութիւնով – կարծես իրօք ուրախացել էր չգիտեմ՝ ինչին:

-Նստեցէք, նստեցէք… օ՜, հանգիստ եղէք, մենք երկար չենք պահի ձեզ այստեղ… երկյար չենք պահի…

Ու ժպտում էր, ծամածռում երեսը:

– Ես անհանգիստ չեմ:

– Այո, այո, ինչո՞ւ պիտի… բայց ո՞ւր է գրիչս… Գրիչս, ասում եմ, ես ձեր…

_ Ես եմ վերցրել, լսուեց անկիւնից մի ռուս մարդու հանդարտ ձայն,- ի՞նչ ես գոռում… ԱՀա, չկերայ գրիչդ:

Կոմենդանտը իսկոյն հանգստացաւ, հանեց սեղանի արկղից անկետային թերթը ու դպրոցական մանուկի անվարժ, խոշոր տառերով սկսեց գրել իմ պատասխանները:

Յաճախ ընդհատում էր աշխատանքը ու զրոյց անում.

– Դուք Բագու էք եղել… Գիտեմ, ի՞նչպէս չէ… ես էլ Բագուեցի եմ. Բայց պատիւ չեմ ունեցել… ի հարկէ, ի՞նչպես կարելի է, մենք պրոլետար ենք:

Ու դարձեալ գոռաց, ձեռը կուրծքին ծեծելով.

– Այո, պրոլետար եմ… Տեսնո՞ւմ էք ձեռներս… այս ձեռներով աշխատել եմ ես… Իմ արիւն-քրտինքով… աշխատաւոր մարդ եմ ես…

– Մի՛ աղմկիր, լսուեց անկիւնի ռուսի հանդարտ ձայնը:

Կոմենդանտը դարձաւ գործին, բայց մի քիչ անցած վերսկսեց սրամիտ զրոյցը:

– Ամերիկա՞ էիք գնացել:

– Այո, գնացել էի:

– Գիտեմ, գիտեմ… ես ամէն բան գիտեմ… Լա՞ւ կերաք-խմեցիք Ամերիկայում:

Լուռ մնացի, ոչինչ չպատասխանեցի:

– Իհարկէ, լաւ կ՛ուտէիք, կը խմէիք… Բուրժոյները լաւ են ուտում, ես նրանց…

– Կարծեմ անկետը վերջացրիք արդեն, ընդհատեցի խօսքը:

– Վերջացրել եմ, վերջացրել… դուք անհանգիստ միք լինի…

– Ո՞ւր պիտի երթամ այժմ:

– Իսկոյն, իսկոյն…

Ու նորից պոռաց վայրենի ձայնով.

– Ընկեր Վասիլիյ… Հա, դու այստեղ ես եղել… Տար այս պարոն մինիստրին… Սա պարոն մինիստրն է, լսո՞ւմ ես, պարոն մինիստրը…

***

Կարծես Դաշնակցութեան տունն էին բերել ինձ. բոլորն էլ այստեղ էին, վաստակաւորներն ու նորահաս երիտասարդները, իմ վաղեմի ընկեր բարեկամներն ու կէս-ծանօթները, որոնց ով լինելը հազիւ կարողանում էի տեղը բերել:

Այստեղ էին նաեւ Հ. Ժողովրդական կուսակցութեան պարագլուխները,- մեր խեղճ «բուրժուաները»:

Իմ երեւան գալը ողջունուեց բուռն ծափահարութիւններով ու բացագանչութիւններով: Կարծես հարսանիք էին եկել այս մարդիկ ու ես էլ ուշացած հիւր էի, որին սպասում էին անհամբեր՝ խնճոյքն սկսելու համար…

Իսկապէս, իմ տրամադրութիւնն էլ համարեա տօնային էր: Դրութիւնս որոշուած պարզուած էր վերջապէս. բանտումն էի, այլեւս ազատ դրսի հոգսերից: Այլեւս ոչինչ չէր կարելի պահանջել ինձանից, որովհետեւ ոչինչ չէի կարող անել: Յոգնած մարդու համար փրկութիւն է սա, մի տեսակ արտօնեալ դրութիւն – բացարձակ անկարողութեան  դրութիւն – որ դժուար կը հասկանան նրանք, ովքեր երբեք բանտ չեն տեսել:

Իսկոյն տեղ արին, որ նստեմ:

Շատ էլ հեշտ բան չէր այդ: Երեք փոքրիկ սենեակի մէջ այնպիսի բազմութիւն էր լեցուած, որ ոտ դնելու տեղ չէր մնացել… բայց եւ այնպէս՝ էլի մի քիչ նեղուեցին, էլի մի քիչ սեղմուեցին, մի քանի ափ տեղ բաց արին չոր յատակի վրայ:

Ձեռիս կապոցը վար դրի, նստեցի վրան:

Սկսուեց անծայր ու անվերջ հարցուփորձ: Ես դրսի մասին էի պատմում, նրանք՝ ներսի,- կարծես մի ամբողջ տարի էր, որ չէինք տեսնուել:

Այդ գիշեր չկարողացայ աչքս փակել:

12ի ու 13ի ցերեկները անցկացրինք անշարժ, տեղներս նստած շարժուելու հնար չունեինք:

Զրից էինք անում, անեկդոտներ ու հէքեաթներ պատմում, երգ երգում: Երբ բռնում էր չարաճճիութիւնը՝ երգում էինք լիաթոք – բոլշեւիկների ջգրուն – «Մեր Հայրենիքը»:

Ճնշուած դրութիւնը, որ այնքան զգալի էր դրսում, բանտի մէջ գոյութիւն չունէր այդ երկու օրը. մտքերիս մէջ հաշտուել էինք կարծես վատագոյն ելքի հետ ու այլեւս չէինք մտածում:

Շատ մեծ նշանակութիւն ունէր ի հարկէ եւ այն, որ հոծ բազմութիւն էինք, իրար հետ կապուած աւել-պակաս բարեկամական կապերով եւ՝ գլխաւորը՝ դեռ նոր էինք եկել դրսից, դեռ ժամանակ չէինք ունեցել ձանձրացնելու ու զզուեցնելու միմեանց:

Վառարան ու վառելիք չկար: Բայց մեր սեփական շնչառութիւնը այնքան էր տաքացնում սենեակները որ՝ փետրուարեան սառնամանիքներին, պատուհանները բաց՝ խեղդւում էինք շոգից:

Օրական ¾ փունտ հաց պիտի տային, որ ստանում էինք անկանոն ու ոչ լրիւ: Բայց սնունդի պակաս չունէինք. շատերս ստանում էինք դրսից առատ ճաշ – մանաւանդ մեր «բուրժուա» բարեկամները,- որ ի հարկէ բաժանում էինք ընկերների հետ: Զգալի էր միայն տաք կերակուրի պակասը, մանաւանդ որ ոչ թէյ էին տալիս, ոչ էլ տաք ջուր՝ սեփական թէյ պատրաստելու համար:

***

13ի առաւօտեան – կիրակի օր էր, որքան յիշում եմ – պատարագ արինք,- տեղերս անշարժ սեղմուած, ի հարկէ:

Պատարագիչը Նիկոլ Աղբալեանն էր, սարկաւագի ու տիրացուների դերակատարը՝ Խաչուանկեան քահանան: Մնացածներս կամ երգեցիկ խմբի մէջ էինք կամ սոսկ հանդիսականներ: Նիկոլը մեծ աշխոյժով ու շատ շնորհալի կերպով տարաւ ամբողջ պատարագը, սկզբից մինչեւ վերջը: Այնպէս լաւ էր արտասանում, այնպիսի իմաստալից ու զգացուած շեշտեր էր դնում սովորական դարձած խօսքերի մէջ որ կարծես առաջին անգամն էինք լսում ու նոր հասկանում նրանց խոր իմաստը, բարձր գեղեցկութիւնը:

Հետեւեալ օրը՝ փետրուարի 14ը՝ իմ տարեդարձի օրն էր -լրացնում էի 53 տարիս:

Որոշուեց տօնել տարեդարձս: Ընտրուեց մի կարգադրիչ յանձնաժողով ու մշակուեց ծրագիր. Ճառական-երաժշտական-անեկդոտային ցերեկոյթ, ապա՝ ընդհանուր ճաշ: Կանանց բաժինը խոստացաւ ուղարկել մեր սեղանին ծաղիկ ու քաղցրէղններ:

Յանձնաժողովի նախագահն էր Ստեօպա Նաւասարդեանը, որ «հրամանատարն» էր կամ գեներալ -նահանգապետը «Հարեւան սենեակի», ինչպէս մեր սենեակինն էր խմբապետ Շաւարշը: Ստեօպան՝ իր զուարթ ու առոյգ խառնուածքով, իր երգերով ու աղնկալի ծիծաղով՝ շատ էր նպաստում բանտի տրամադրութիւնը բարձր պահելուն: Շաւարշը մասնագէտ էր հէքեաթների ու մանաւանդ ժողովրդական անեկդոտների – այն տեսակներից, որոնք պատմւում են միմիայն տղամարդող հասարակութեան մէջ, այն էլ մեծ զգուշութիւններով ու վերապահումներով:

Տօնս մնաց անկատար. Փետրուար 14ին, ընկերների մեծ մասը փոխադրեոցին Չեկայից կենտրոնական բանտ, ուր պահւում էին առաջի շրջանում ձերբակալուածները – բժ. Օհանջանեանը, Արտ. Չինլինկարեանը, Աւ. Սահակեանը, Համազասպ Սրուանձտեանը, եւ ուրիշ շատերը:

Մեր սենեակը դատարկուեց, կարծես որբացաւ յանկարծ: Մնացել էինք հազիւ 25-30 մարդ:

Տրամադրութիւնս ընկաւ զգալիօրէն: Փորձ էինք անում շարունակել երգն ու կատակը, բայց չէր յաջողւում: Չէինք հասկանում, թէ ինչու են բաժանել մեզ: Ենթադրութիւններ էինք անում, մտքերիս մէջ, մէկը միւսից յոռետես – բայց պարզօրէին արտայայտուելուց խուսափում էինք:

Հաստատը այն էր, որ մնացել էինք փորամասնութեան մէջ:

Այս մեկուսացումը, որ մնացել էինք փոքրամասնութեան մէջ, ճնշել էր հոգիներս. բազմութիւնից անջատուած, կարծէս աւելի եւս անզօր ու անօգնական զգացինք մեզ:

***

Փետրուարի 15ը անցկացրինք շատ մտահոգուած:

Դրսից անորոշ շշուկներ էին հասնում: Ինչ որ պատրաստութիւններ էին արւում դուրսը, ապստամբութեան ու կռիւի  խօսքեր էին լսւում: Հաստատ ոչինչ չգիտեինք, բայց զգում էինք բնազդօրէն, որ ապրում ենք խոշոր դէպքերի նախօրեակին:

Ո՞րտեղից էին գալիս, ո՞վ էր բերում լուրերը:

Հէնց մեր պահակը, մեզ վրայ հսկող զինուորները, որ մեծ մասով պարզ հայ գիւղացիներ էին: Բոլշեւիկները գործի էին դրել, սրանց հրացաններ էին տուել՝ մեզ վրայ պահակ կարգելու: Բայց բարոյական ոչ մի կապ չէին կարողացել հաստատել հետները:

Զինուորները չէին հասկանում, թէ ինչո՞ւ են կանգնած մեր բանտի դռանը, ո՞ւմ վրայ են հսկում, ո՞ւմ են ծառայում  եւ ինչո՞ւ համար: Վախենում էին բոլշեւիկներից ու կատարում նրանց հրամանը, – այսքան միայն:

Մի փոքրիկ զրոյց ունեցայ պահակներից մէկի հետ: Դուրս էի ուզում գնալ, հերթի էի սպասում դրան շէմքի վրայ: Պահակը մի հասակաւոր, տարիքը անցկացրած գիւղացի էր, ոտներին տրեխ, գլխին մի ահագին փափախ: Միայն պատառոտած շինելն էր ու ձեռի սուինաւոր հրացանը, որ զինուորի կերպարանք էր տալիս իրան:

– Փամփուշտ շա՞տ ունես, հարցրի:

– Ինչի՞դ է պէտք:

– Որ իմանամ՝ քանի՞ գնդակ ես արձակելու ետեւից, եթէ փախչեմ…

Մարդը մի անհանգիստ նայուածք ձգեց շուրջը, երեսը մի կողմ դարձրեց – իբր թէ ինձ հետ չէ որ խօսում – ձայնը ցածրացրեց ու ասաւ.

– Ո՞վ է քեզ վրայ կրակողը… թէ կարաս՝ փախի…

Ու իսկոյն աւելացրեց.

– Համա տես՝ դարբասի մօտ ռուսներ են կանգնած, կը խփեն…

Մարդը կարծում էր թէ իրօք ուզում եմ փախչել ու մտահոգուած էր՝ մի գուցէ ռուսները խփեն:

Ծիծաղեցի:

– Որ այդպես է, ասի, ինչի՞ համար կանգել ես այստեղ:

– Ե՞ս եմ կանգնել… կանգնեցնողի տունը Աստուած քանդի…

Յիշեցի, ինչպէս դրանից ճիշդ տասը տարի առաջ նման խօսակցութիւն ունեցել եմ ռուս զինուորի հետ:

Բայիլովի բանտից տանում էին ինձ ժանդարմական վարչութիւնը, քննութեան: Կառքով էի, մի զինուոր կողքիս, երկու ուրիշը դիմացի նստարանի վրայ: Ճանապարհը երկար էր, խօսակցութեան բռնուեցինք:

– Ո՞ւր էք տանում ինձ, հարցրի, ի՞նչ վատ բան եմ արել, ի՞նչ վնաս եմ տուել ձեզ: Ինչո՞ւ ժանդարմների կողմն էք բռնել, որ ձեզ էլ թշնամի են, ինձ էլ…

– Ճիշդ ես ասում, պարոն… Միթէ մենք չե՞նք հասկանում… Հասկանում ենք… Գիտենք, որ լաւ մարս ես, ոչ գող ես, ոչ աւազակ, մեզ համար ես աշխատում, մեզ համար ես բանտը նստել… միթէ չգիտե՞նք…

– Որ գիտէք, էլ ինչո՞ւ համար պահում էք ինձ… Թողէք՝ իջնեմ կառքից, գնամ իմ բանին:

– Չանես, վախեցած վրայ բերեց զինուորը,- չանես, կը կրակեմ… Ախր ինձնից կը պահանջեն… ի՞նչպէս կարող եմ… Չանես:

Այն օրը՝ իբրեւ յեղափոխական՝ ցարի բանտն էի նստած: Այսօր՝ իբրեւ հակայեղափոխական՝ բոլշեւիկների բանտը: Այն օրը՝ ահաբեկուած ռուս մուժիկն էր կանգնած իմ բանտի դրան, այսօր՝ ահաբեկուած հայ գիւղացին…

***

16ին մեծ թիւով նոր կալանաւորներ բերին գաւառներից, ինձ անծանօթ մարդիկ:

Սենեակներս դարձեալ լեցուեցան այնպէս, որ շունչ քաշել չէինք կարողանում, մանաւանդ որ երեք սենեակից մէկը առան մեր ձեռից, ռուս զինուորներ տեղաւորեցին:

Նորեկները լուրեր էին բերել,- անստոյգ, կցկտուր, միմեանց հակասող, բայց եւ այնպէս շատը յուզիչ լուրեր:

Ասում էին՝ գաւառներում անհանգիստ է, տեղ-տեղ սկսուել է արդէն ապստամբութիւնը: Բաշ-Գառնիում, Ախթայի շրջանում, Արագածի կողմերը գիւղացիները կոտորում են բոլշեւիկներին: Քաղաքում զինուած խմբեր են կազմուել, սպասում են հրամանի, այսօր-վաղը կը յարձակուեն բանտերի վրայ…

Լսում էինք, մանրամասնութիւններ հարցնում, նորից պատմել տալիս: Չէինք հաւատում, բայց ինքներս էլ տեսնում էինք, որ մի անսովոր բան է կատարւում մեր իսկ շուրջը, հէնց Չեկայում:

Պահակները շատացել էին, հսկողութիւնը խստացել: Ռուս զինուորներ տեղաւորելը հարեւան սենեակում ուրիշ նպատակ չէր կարող ունենալ, քան ուժեղացնել Չեկան ներսից:

Լուացուելու եւ ուրիշ կարիքների համար դժուարութեամբ էին դուրս թողնում, այն էլ մէկ-մէկ միայն:

Դրսից ճաշ ներս բերելը արգիլեցին: Բակը գնալիս, տեսնում էինք՝ ինչպէս մեր կիները, քոյրերն ու աղջիկները խմբուած մնացել են փողոցում, ձիւնի մէջ, կերակուրների ամանները ձեռներին, տխուր ու յուսահատ: Ժամերով սպասում էին ու չէին ստանում թոյլտուութիւն ուտեստը ներս ուղարկելու:

Դրութիւնը փոխուել էր: Սպասում էինք լարուած, թէ ինչ է լինելու: Շատ անհանգիստ էինք, ջղայնացած:

***

Գիշերը – 16ից լոյս 17ը – հրացանաձգութեան ձայներ լսեցինք: Չէինք կարող որոշել թէ ո՞ր կողմից: Շատ խուլ ու անկանոն մէկ արագանում էին, շատանում, խառնւում իրար, մէկ հատ-հատ լսւում կամ ընդհատւում:

Հրացանաձգութիւնը տեւեց մի ամբողջ ժամ, գուցէ եւ աւելի – գոնէ մեզ այդպէս թուաց:

Առաւօտեան պահակների կցկտուր խօսքերից իմացանք թէ գիշերը «բունտ» – խռովութիւն է եղել կենտրոնական բանտում եւ շատ մարդ կոտորել են:

Պահակները շատ վախեցած էին երեւում, չէին ուզում պարզ խօսել կամ իրենք էլ ստոյգ բան չգիտէին – որ աւելի հաւանական էր: Պաշտօնեաների դէմքերը խոժոռել էին, տեղի-անտեղի գոռում էին բանտարկեալների ու պահակների վրայ, սպառնում:

Կէս օրին եկաւ պահակապետը,- մի հայ երիտասարդ, համակրելի դէմքով, քաղաքավարի ձեւերով:

Պէտք է ստուգէր մեր թիւը, անունները եւ մի ընդհանուր ցուցակ կազմէր: Ռուսերէն պիտի գրէր: Տեսայ որ դժուարանում է, հազիւ կարողանում է նկարել տառերը: Վերցրի ձեռից թուղթն ու մատիտը, ինքս ցուցակագրեցի բոլորիս, անուն-ազգանունով:

Ճիշդ 75 մարդ էինք:

Հարցրինք պահակապետից, թէ թոյլ պիտի տա՞ն այսօր ճաշ ստանալու – անօթի էինք երէկուանից: Ասաւ՝ ո՛չ, մի քանի օր դրսի հետ յարաբերութիւն չպիտի ունենանք:

– Ինչո՞ւ, հարցրինք: Չպատասխանեց:

Կենտրոնական բանտում կատարուած սպանութիւնների մասին շշուկները շարունակւում էին, ծաւալւում: Հրէշային բաներ էին պատմում: Ասում էին, բանտարկեալների կէսը – մի քանի հարիւր մարդ- կոտորուել են մի քանի ժամուայ ընթացքում: Ոչ քննութիւն է եղել, ոչ դատավճիռ: Կոտորել են յանկարծակի, հէնց բանտարկութեան սենեակների մէջ: Վանդակաւոր պատուհաններից «զալպերով» – համազարկերով – կրակ են բաց արել ներս, սպանել անխտիր, անխնայ… Շատերին կոտորել են կացիններով:

Չէինք հաւատում լսածներիս, բայց եւ այնպէս շատ լարուած էինք, անհանգիստ:

Երեկոյեան նոր պատճառ ունեինք անհանգիստ լինելու:

Սենեակներում մի-մի ելեկտրական լամպ ունէինք, որ ամբողջ գիշեր մնում էր վառ: Այդ երեկոյ մութն ընկաւ, լամպերը չվառեցին: Տեսնում էինք լուսամուտներից, որ Չեկայի ամբողջ շէնքը լուսաւորուած է, մենք միայն մնացել ենք մութի մէջ: Պահակների միջոցով պահանջեցինք, որ լոյս տան: Պատասխան ստացանք թէ այդ գիշեր լոյս չի լինելու: Ուզեցինք կարծել թէ մի բան է փչացել: Եւ որովհետեւ մեր մէջն ունէինք ելեկտրօտեքնիքներ, խնդրեցինք, որ թոյլ տան սրանց գիծը նայելու: Արգիլեցին, թէեւ անցեալում մի այդպիսի դէպք եղել էր եւ մեր ելեքտրօտեքնիքները գործի էին դրուել:

Այս խօսակցութիւնների մէջ էինք, երբ պահակ կանգնած զինուորներից մէկը ասաւ ականջներիս.

– Ի՞նչ րեմօնտի (ռուսերեն բառ է, նշանակում է վերանորոգում – ծանոթ. ԱՆԻ) մասին էք խօսում… իմ աչքով տեսայ, որ իրանք զօռով կտրեցին թելը:

Ուրեմն՝ դիտաւորեալ թողել էին մեզ մութի մէջ… Այս գիշեր մի փորձանք է գալու մեր գլխին:

***

Իմ տեղը անմիջապէս լուսամուտի տակն էր, սեղանի վրայ- սա միակ կարասին էր, որ ունէինք սենեակում: Ամսու 14ին, երբ տեղերս լայնացաւ, ընկերներս մի առանձին պատիւ արին ու սեղանը ամբողջովին ինձ յատկացրին: Այժմ խորհուրդ էին տալիս – նոյն իսկ պահանջում –  որ իջնեմ սեղանից, տակը պառկեմ: Ասում էին, եթէ գիշերս պատուհաններից կրակելու լինեն, առաջին գնդակը ինձ է կպչելու…

Հեգնում էի ընկերներիս վախը.

– Դատարկ բան է, ոչինչ չի լինելու: Քնեցէք հանգիստ տեղերդ, ես էլ իմ սեղանից վար չեմ գայ: Իսկ եթէ իրօք կոտորելու են, լաւ է առաջի գնդակից սպանուեմ, քան վերջինից:

Մնացի տեղս:

Մութը այնքան ճնշել էր, որ չէինք կարողանում մի խօսակցութիւն կապել կամ սկսածը շարունակել: Մի-երկու խօսք ասում էինք, արձագանգ չէինք գտնում, նորից լռում:

Մտքերս մի քիչ ցրելու համար սկսեցի պատմել «Մամէ-Զինէ» հէքեաթը, թէ «Սասունցի Դաւիթ»ը, լաւ չեմ յիշում: Երկուսն էլ պատմել եմ, չգիտեմ միայն՝ որը որ գիշեր: Աշխատում էի լաւ պատմել, պահպանելով ու ընդգծելով ժողովրդական բանահիւսութեան գեղեցկութիւնները, հոգեբանութեան հարազատութիւնը, ստեղծագործող երեւակայութեան կորովը, պատկերների թարմութիւնը, ոճի յստակութիւնը… Զգում էի սակայն, որ չեմ կարողանում գրաւել մտքերը: Լսարանս լուռ էր, բայց անուշադիր: Ամէն մարդ իր ծանր մտքերին էր: Երբ այս-այն անկիւնում՝ պապիրոս վառելու համար՝ բռնկում էր յանկարծ լուցկին ու մի քանի վայրկեան լուսաւորում ընկերներիս դէմքերը, տեսնում էի թէ մարդիկ որքան մտագոհուած են, որքան անհանգիստ…

Հէքեաթը վերջացրի: Մի քանի կէս-բերան արտասանուած խօսքեր լսեցի այս-այն տեղից, ապա տիրեց խոր լռութիւն:

Ընկերներս քնած էին կամ քնած ձեւացնում:

Ես էլ պառկեցի սեղանիս ամբողջ երկարութիւնով, վերարկուս վրաս քաշեցի, քնեցի:

***

Քնիս մէջ լսեցի անունս, որ մի քանի անգամ կրկնուեց:

Գլուխս բարձրացրի, տեսայ՝ սենեակի շէմքին կանգնած մի անծանօթ մարդ, սիվիլ հագուստով, վառ մոմը ձեռին: Մարդը չէր կարող ներս գալ, յատակի վրայ ոտ դնելու տեղ չկար,- 35 քառ. արշին – մօտ 18 քառ. մեթր- տարածութեան վրայ խռնուած, իրար վրայ թափուած էինք 30-35 մարդ:

Անծանօթը բարձր պահել էր ձեռքի մոմը, միւս ձեռով ստուեր էր արել աչքերին, աշխատում էր տեսնել ինձ իր մութ անկիւնում:

– Դո՞ւք եք Քաջազնունին, հարցրեց զուսպ ձայնով – կարծէս չէր ուզում զարթնեցնել քնածներին:

– Ես եմ:

– Ի՞նչ պրոֆեսիայի – մասնագիտութեան – մարդ եք:

– Ինժեներ եմ:

-Ինժենե՞ր:

– Այո, քաղաքացիական ինժեներ:

Մարդը մի վայրկեան լռեց, տարակուսեց. կարծես ուզում էր մ ի բան ասել, բայց չգիտէր թէ ինչպէս ասի:

– Իսկ … մինիստր չէ՞ք եղել:

– Եղել եմ:

Մարդը սրտնեղուեց, բարկացաւ յանկարծ.

– Հապա ասում էք՝ ինժեներ եմ…

– Դուք իմ պրոֆեսիան հարցրիք: Մինիստր լինելը պրոֆեսիա չէ:

– Վերջապէս, դո՞ւք էք որ դաշնակների կառավարութեան ժամանակ վարչապետ էք եղել:

– Այո, ես եմ:

– Շատ լաւ, ուրիշ ոչինչ:

Ու հեռացաւ, մոմն էլ հետը:

Սենեակում անհանգիստ շշուկներ լսուեցին. հարեւան հարեւանի ականջին բան էր ասում, բայց ոչ ոք ձայնը չբարձրացրեց:

Ես նորից պառկեցայ ու քնեցի:

***

Չգիտեմ, որքան ժամանակ էր անցել, երբ կրկին լսեցի անունս:

Աչքերս բաց արի, ուղղուեցի, նստեցի տեղս:

Նոյն շէմքի վրայ, դարձեալ մոմը ձեռին, կանգնած էր նոյն անծանօթը, այս անգամ պահակապետը կողքին:

– Ընկեր Քաջազնունի, կանչեց ցածր ձայնով – դուրս արիք:

– Լաւ, ասի ու մութի մէջ սկսեցի հագնել կօշիկներս:

– Շուտ արէք:

– Կարծեմ այնքան ժամանակ կը տաք, որ կարողանամ կօշիկներս հագնել…

Մոմի աղօտ լոյսի տակ՝ քնահարուելով, մարդկանց վրայ կոխելով ու ներողութիւններ խնդրելով՝ դուրս եկայ սենեակից:

Դրան առաջ կանգնած էր ուժեղ պահակ, 8-10 մարդ: Այս հանգամանքը իսկոյն գրաւեց ուշադրութիւնս, որովհետեւ սովորաբար երկու մարդ էին լինում այնտեղ:

Նայեցի պահակապետի երեսին: Պահակապետը աչքերը դարձրեց մի կողմ, խոյս տուեց հարցական հայեացքիցս:

– Բանս վատ է, ասի մտքիս մէջ, սրանք տանում են ինձ սպաննելու…

Մի նեղ բակ ունէինք անցնելու միայն, հազիւ 25-30 քայլ: Բայց շրջապատել էին այնպէս սեղմ, որ կարծես՝ էս է, պիտի փախչեմ… Ո՞ւր: Չեկայի շէնքումն էի, դռները չորս կողմս պինդ կապած ու շէնքն էլ լեցուն զինուած մարդկանցով:

***

Մի սենեակ ներս առին, դուռը վրաս կողպեցին, թողին մենակ:

Շուրջս նայեցի – էլեքտրական լամպը վառ էր այստեղ:

Բոլորովին մերկ ու դատարկ էր սենեակը ու շատ էր ցուրտ, յատակը կեղտոտ, պաստառները պատառոտած: Երկու լուսամուտ ունէր, երկուսի փեղկերն էլ փակ: Մոտեցայ մէկին, զգուշաբար բաց արի փեղկը, ներքի յարկում, մայթին հաւասար, դիմացս ճանաչեցի Աւ. Սահակեանի ապրած տունը: Թարխանեան փողոցն էր, ուրեմն: Լուսամուտը երկաթէ պինդ վանդակ ունէր դրսից: Նայեցի միւսին՝ նոյնը: Տեսայ նաեւ, որ երկու հրացանաւոր զինուոր դանդաղօրէն շրջում են մայթի վրայ, լուսամուտների առաջ:

Փախչելու հնարաւորութիւն չկար: Բայց փախուստի մասին չէի էլ մտածում. ո՞ւր պիտի փախչէի, ի՞նչպէս… Եթէ դիտում էի շուրջս, պարապ հետաքրքրութիւնից էր միայն. ուզում էի հասկանալ դրութիւնը…

Կոռիդորում ոտների ձայն լսեցի, իսկոյն փակեցի փեղկը, կանգնեցի սենեակի մէջտեղը:

Դուռը բացուեց, ներս եկան երկու մարդ: Մկրտիչ Մուսինեանն էր մէկը, միւսը՝ բժիշկ Օ. Տ. Մ.եանը (Օ. Տէր Միքայէլեան):

Իննը մարդ եղանք «ընտրեալներս». ես, Մուսինեանը, բժիշկ Յ. Տ. Մ.-եանը, ուսուցիչ Ա.-եանը, Ալեքսանդրապոլի Վ.-եանը, բանաստեղծի եղբորորդին, մի շօֆեր, որին ճանաչում էի առաջուց, բայց անունը չգիտէի եւ երկու երիտասարդ, որ բոլորովին անծանոթ էին ինձ: Մէկի մասին գիտէի, որ իբրեւ «մաուզերիստ» բռնւած է, իսկ միւսի ով լինելը իմացայ յետագայում միայն:

Հարց էի տալիս ինձ, թէ ինչո՞ւ 75 մարդուց ընտրել են ու «հերթի կանգնեցրել» այս իննիս:

Անձնապէս իմ դէմ բոլշեւիկները հազիւ թէ ունենային ատելութան կամ վրիժառութեան զգացմունք: Առիթ եմ ունեցել լսելու, որ ղեկավարները նոյն իսկ մի փոքր յարգանք ունեն իմ հանդէպ. դաշնակ եմ ի հարկէ, բայց՝ իբրեւ բացառութիւն՝ աւազակ չեմ… ինձ այստեղ բերելու պատճառը  կարող էր լինել նախ՝ իմ «հակայեղափոխականութիւնը», յետոյ՝ պաշտօնական հանգամաքս – սկզբում՝ վարչապետ, վերջը՝ պարլամենտի նախագահ:

Ընկերներիս «մեղքերի» մասին գիտէի – կամ գուշակում էի – մօտաւորապէս… բայց այստեղ յիշատակել աւելորդ եմ համարում: Յամենայն դէպս՝ ընտրութիւնը բաւականին տարօրինակ էր ու խոշոր չափերով պատահական: Տարօրինակ էր, որ նոյն պատի տակ կանգնեցրել էին Մուսինեանին ու շօֆերին, խեղճ ուսուցիչ Ա.-եանին ու սպայ -եանին:

Մօտ երկու ժամ – գուցէ եւ աւելի – մնացինք փակուած այս ցուրտ սենեակում, ամէն րոպէ սպասելով թէ՝ ահա դուռը կը բացուի եւ…

Ինչո՞ւ էին ուշանում, ի՞նչ կարգադրութիւններ ունէին, որ դեռ չէին արած: Մոռացե՞լ էին, թէ՝ դիտմամբ պահում էին այս սպասողական անտանելի վիճակի մէջ:

Բոլորի դէմքերը այլայլուած էին – պէտք է ենթադրել, որ իմը նոյնպէս: Բայց մասնաւորապէս ու միանգամայն անտանելի էին բժիշկ -եանը եւ ուսուցիչ Ա.-եանը: Երբեք չէի տեսած – եւ տայ Աստուած, որ այլեւս չտեսնեմ երբեք մարդիկ որ սարսափահար լինեին այդ աստիճանի…

Նայում էի երեսներին, խորապէս խղճում ու խորապէս զզւում – չգիտեմ, ո՞րն էր աւելի՝ խղճալը թէ զզուելը:

Ուսուցիչը նստած էր պատուհանին, դէմքը քարացած, աչքերը լայն բացած ու անթարթ հայեացքը ուղիղ դիմացի պատին բեւեռած: Ծայրայեղ, անսահման սարսափի կենդանի մարմնացումն էր կարծես: Մեռելի գոյն էր ստացել երեսը, աչքերն ու այտերը փոսն ընկել: Շրթունքները բարակացել ու սպիտակել էին այնպէս, որ կարծես կաւիճախառն մոխիրով ծեփած լինէին…

Մի քանի անգամ փորձ արի մի քիչ սիրտ տալ, խոսակցութեան բռնեցնել, կատակ անել:

Չէր պատասխանում:

Լինում էր որ շարժում էր դողդոջ շրթուքները, բայց ձայն դուրս չէր գալիս բերանից:

Վերջապէս բարկացայ ու ասի կոպտաբար.

– Ի՞նչ էք այդքան վախեցել… Մի անպէտք կեանք ունէք, ուրիշ ի՞նչ… Սպանում են՝ սպանեն…

Շրթունքները դարձեալ դողացին ու շշնջացին հազիւ լսելի ձայնով.

– Ես կին ունեմ, երեխաներ…

Ամաչեցի իմ կոպտութիւնից, էլ բան չասի:

Բոլորովին այլ կերպ էր արտայայտւում բժիշկ -եանի ծայրայեղ յուզումը:

Սա անդադար շարժման մէջ էր, անհանգիստ ետ ու առաջ էր անում սենեակում, մի տեղ ու դիրք չէր գտնում իր համար: Յանկարծ կանգ էր առնում սարսափահար, վազում դրան կամ լուսամուտի մօտ, մի քանի վայրկեան լսում լարուած ուշադրութիւնով դրսից հասնող – իրական կամ երեւակայական – ձայները ու էլի սկսում անհանգիստ, խելառ պտոյտները:

Րոպէ գլուխ՝ ծխախոտ էր խնդրում:

Ծխախոտ չունէինք, վերջացել էր դեռ երէկուանից: Վերարկուիս գրպանում փոշիախառն փշրանքներ էին մնացել: Հաւաքեցի, տուի իրան: Ոլորեց շտապ-շտապ, մի հաստ գլանակ շինեց, ագահօրէն ծխեց: Ապա գտաւ յատակի վրայ մի չվերջացրած պապիրոս, որ ով գիտէ քանի օր ընկած էր այդ տեղ… Այն էլ ծխեց, թանկագին ծուխը ներս քաշելով մինչեւ թոքերի խորքերը:

Ու էլի խնդրեց:

Մոռանում էր, որ ասել էինք թէ չունենք. խնդրում էր նորից ու նորից…

Շարունակ խօսում էր, առանց մէկին կամ միւսին դիմելու,- հէնց այնպէս, ինքն իրան:

Խօսքի նիւթը միշտ նոյնն էր ու շատ կարճ.

– Սպանելու են բերել մեզ, սպանելու… Կը տեսնէք… Դուք չէք ճանաչում սրանց… Ես գիտեմ… Սրանց մեր արիւնն է հարկաւոր…Երէկ բանտում կոտորեցին, այսօր, Չեկայում պիտի կոտորեն…

Շարունակ նոյն բանը: Կարծես մի առանձին պահանջ ունէր անվերջ կրկնելու թէ՝ մեր բանը վերջացած-պրծած է, փրկութիւն չկայ..,

– Դատարկ բան է. բժիշկ, ասում էի ես,- քննութեան ե բերել:

Իսկ Մուսինեանը ուղղում էր իմ սխալը.

– Բերել են այստեղից տուն արձակելու,- տուն են ուղարկում մեզ, բժիշկ:

Բժիշկը մի վայրկեան նայում էր երեսներիս խելագար աչքերով, յոյսի նշոյլ էր որոնում դէմքերիս վրայ ու յանկարծ մի յուսահատ ժեստ անում.

– Ինչե՞ր էք ասում… Այս ժամին ի՞նչ քննութիւն, ո՞վ պիտի քննի… Քննութեան համար ինչո՞ւ պիտի բերէին իննը մարդ միասին, բոլորս էլ տարբեր գործերով… Տուն են ուղարկում… չէի՞ն կարող սպասել մինչեւ առաւօտ… Տուն են ուղարկում… ապա ինչո՞ւ չասին, որ շորերս վերցնէինք… Ասում եմ՝ սպանելու են բերել, սպանելու…

Այնպէս էր վիճում, որ կարծէս ինքներս չէինք հասկանում մեր ասածների բացարձակ անմտութիւնը…

Ամէնից հանգիստ – կամ գոնէ անէնից զուսպ – երեք հասակաւորներս էինք. Ղ.-եանը, Մուսինեանը ու ես:

Ղ-եանը քիչ էր խօսում, մտահոգ էր, տխուր, բայց ջղաձգութեան նշաններ չէր ցոյց տալիս:

Տարօրինակ էր պահում իրան անծանօթ երիտասարդներից մէկը: Յիշում եմ դէմքը. լղար երես, իիստ սեւ մազեր, մռայլ ու կասկածոտ հայեացք: Անշարժ նստած էր անկիւնում, յատակի վրայ, ծնկները գրկած ու ածիլուած կզակը ծնկներին դրած: Բոլորովին մեկուսացած էր, ոչ մի խօսք չարտասանեց, ոչ ոքի երեսը չնայեց: Նստած էր անկիւնում, լուռ ու անշարժ:

Մուսինեանն ու ես աշխատում էինք պնդացնել սրտերս,- թէ մեր եւ թէ մեր բախտակիցների: Խօսում էինք կողմնակի նիւթերի մասին, երգում էինք – երկուսս էլ բաղաձայն, փորձում էինք կատակներ անել…

Սենեակում շատ ցուրտ էր, մենք քնահատ ու անօթի:

– Եթէ «ընկերները», ասի, իսկապէս բերել են մեզ սպանելու, գոնէ այնքան մարդավարութիւն ունենային, որ մի-մի բաժակ տաք թէյ հրամցնէին, շաքարը մէջը:

– Իսկ ի՞նչ կ՛ասէք լիմոնի մասին, հարցրեց Մուսինեանը,- մի լաւ կտոր լիմոն էլ հետը…

– Ու մի հաստ պապիրոս էլ բժշկին, աւելացրի ես:

***

Չգիտեմ, ինչ էին զգում իմ հանգիստ ընկերները, Մուսինեանն ու Ղասաբեանը:

Գիտեմ միայն որ իմ սեփական հոգեկան վիճակը շատ անորոշ էր ու միանգամայն անհամապատասխան իրերի դրութեանը:

Յուզում չունէի: Կամ եթէ ունէի՝ այնպիսի ձեւ էր ստացել, որ այլեւս նման չէր յուզումի:

Հասկանում էի, որ մեզ սպանելու են,- ուրիշ ոչ մի բանական բացատրութիւն չէր կարելի տալ գիշերուայ այս ժամին մեզ այստեղ բերելուն, մանաւանդ որ երէկ գիշեր բանտում կատարուածը – շատ մեծացրած չափերով – յայտնի էր արդէն: Հասկանում էի, բայց.. չէի հաւատում: Տարօրինակ էր թւում այս արտայայտութիւնը, բայց ուրիշ կերպ չեմ կարող բնորոշել իմ հոգեկան կացութիւնը: Գիտէի, բայց գիտակցութիւնը մակերեւոյթումն էր, ուղեղիս մէջը միայն, կարծէս ինձանից դուրս, – չէր անցնում հոգուս խորքերը, չէր կլանում իմ ամբողջ էութիւնը, իմ իսկական «ես»ը: Թերեւս գիտակցութիւն էլ չէր, այլ միայն դատողութիւն, այսինքն՝ բաւականին անարժէք բան:

Դատարկ բան է.- ահա այն երեք բառը, որ ամէնից լաւ կարող էին արտայայտել իմ ներքին ապրումները այդ բացառիկ ժամերում:

Ո՞րն է դատարկ բան եւ ինչո՞ւ է դատարկ,- այդ չէի կարողանում բացատրել. հէնց այնպէս, դատարկ է… թերեւս կեանքն է ու մահը, որ դատարկ բաներ են:

Մի տարօրինակ անփութութիւն էր տարել ինձ:

Միտքս արթուն էր – թմրութեան հետքեր անգամ չկային – բայց կենտրոնանում էր այնպիսի առարկաների վրայ, որ կարծես ամէնից քիչ պիտի զբաղեցնէին ինձ իմ ներկայ դրութեան մէջ:

Խօսում էի դէսից-դէնից ու միաժամանակ մտածում ամէն տեսակ պատահական նիւթերի վրայ:

Մտածում էի. ո՞վ է արդեօք անկիւնում նստած մռայլ երիտասարդը, ի՞նչ արհեստի մարդ է, ինչո՞ւ մեզանից խռոված է երեւում, չի՞ յոգնում այդքան անշարժ մնալուց…

Մտածում էի. արդեօք քանի՞ զաւակ ունի ուսուցիչ -եանը, մա՞նչ թէ աղջիկ, սիրո՞ւն են, թո՞ւխ են թէ շէկ, ո՞րին է աւելի սիրում հայրը: Երեւի ամէնից փոքրին…

Մտածում էի. ինչո՞ւ Իսահակեանի քիթը «հայկական» ենք անուանում: Հայի ցեղային տիպը այնքան բարդ է, այնքան խառն ու այնքան տարբեր ձեւերի քթեր կան հայերի մէջ…

Մտածում էի. «Մայր Արաքսի»ն – որ նոր երգել էինք Մուսինեանի հետ –  իրօ՞ք այդքան գեղեցիկ է, թէ ինձ այդպես է թւում, որովհետեւ  յիշեցնում է մանկութիւնս ու մայրիկիս: Արդեօք ո՞րքան մեծ է պատահական ըմբռնումների մէջ…

Մտածում էի. ինչ կեղտոտ ու պատռոտած են այս սենեակի պաստառները: Երբ պիտի լինի, որ կարողանանք գոնէ պաստառներ բերել, մեր սենեակներին մի քիչ մարդավայել տեսք տալ…

Մտածում էի. եթէ կոտրուի ելեքտրական կայանի հիմնական վալը, որ դեռ  մի տարի առաջ հալից ընկած էր, ի՞նչպէս պիտի լուսաւորուի Երեւանը, ոչ երկաթ ունի վալը փոխելու, ոչ նավթ՝ լամպերը լցնելու…

Ու այսպէս շարունակ:

Մտածում էի ելեքտրական կայանի մասին, բայց չէի մտածում Չեկայի ու բոլշեւիկների մասին, որ հարեւան սենեակում սպառնում էին իմ կեանքին: Հետաքրքրւում էի գիտենալ, թէ ո՞րտեղացի է մռայլ երիտասարդը, բայց չէի հարցնում թէ ի՞նչ պիտի լինի իմ սիրելիների դրութիւնը, երբ սպանեն ինձ:

Թերեւս ինքնապաշտպանութեան բնազդն էր որ չէր թոյլ տալիս կենտրոնանալ վտանգաւոր մտքերի վրայ: Միեւնոյն է, ազատուելու հնար ու միջոց չունէի: Մտածելը մի աւելորդ տանջանք էր պատճառելու միայն,- շատ ծանր, վատ, շատ ամօթալի տանջանք. բժշկի ու վարժապետի օրինակը աչքիս առջեւն էր: Լաւ էր չմտածել ամենեւին. դատարկ բան է…

Թերեւս այդ էր բնազդի թելադրանքը,- գիտակցութիւնիցս դուրս:

Իսկ գիտակցութեանս շրջանակի մէջ՝ արժանապատուութեան, ինքնայարգանքի զգացումն էր, որ իշխանօրէն խօսում էր մէջս ու պահում ինձ: Վախենում էի, չլինի թէ կեանքիս վերջի րոպէներին թուլամորթ ու ողորմելի հանդիսանամ…

Չեմ սխալւում, կարծեմ, այդ երկիւղը խեղդում էր մէջս ամէն ուրիշ զգացմունք:

***

Փակուած էինք այսպէս սենեակի մէջ, պահակները պատուհանների տակ, պահակները դռան ետեւ: Սպասում էինք:

Լսում էինք, ինչպէս մարդիկ գնում էին ու գալիս շտապ քայլերով, դռները անդադար  բացւում ու գոցւում: Լսում էինք յուզուած խօսակցութիւններ, բարկացկոտ բացականչութիւններ, վէճ: Բառերը չէինք կարողանում ջոկել, բայց երբ դրսում բացւում էր այս կամ այն դուռը,- խառն, անհանգիստ ձայներ էին հասնում ականջներիս ու իսկոյն խափանւում, երբ դռները նորից փակւում էին:

Չեկան տենդագին շարժման մէջ էր.. ի՞նչ էր պատահել արդեօք:

Մի քանի անգամ եկան-գնացին բեռնակիր օտոմոբիլներ:

Երբ բեռնակիրը՝ ծանր դղրդիւնով՝ մօտենում էր շէնքին ու կանգ առնում, լուռ իրար երես էին նայում: Չգիտեմ ինչու, համոզուած էինք, թէ Չեկայում չէ, որպիտի սպանեն,- ուրիշ տեղ են տանելու – գուցէ կենտրոնական բանտը: Երբ լսում էինք օտոմոբիլի ձայնը, ասում էինք մտքերումս՝ ահա սա է, որ եկել է մեզ տանելու… եւ երբ շարժւում էր տեղից, նորից հեռանում՝ ազատ շունչ էինք քաշում:

Երբ օտոմոբիլը առաջին անգամ կանգնեց մեր պատի տակ, մի սոսկալի տեսիլ անցաւ աչքերիս առջեւ,- այնքան սոսկալի, որ կամքի մի գերմարդկային ճիգով փարատեցի իսկոյն, անհետացրի – եւ թւում էր ինձ թէ եթէ մի ակնթարթ էլ ուշացնէի, այլեւս չպիտի կարողանայի տանել, շանթահար պիտի գլորուէի գետին… Ահա տեսիլը. իբր թէ պահակները ինձ դուրս են բերում, նստեցնում են օտոմոբիլը որ տանեն այնտեղ, ուր տանելու են: Եւ այն վայրկեանին, երբ դնում եմ ոտս որ բարձրանամ, տեղ բռնեմ ընկերներիս կողքին, տեսնում եմ յանկարծ, որ օտոմոբիլի ղեկի վրայ նստած է իմ որդի Ռուբէնը: Ես տեսնում եմ նրան, նա էլ տեսնում է ինձ, իր սարսափահար աչքերը իմ սարսափահար աչքերի մէջ…

Օ, որքան գոհ էի այդ րոպէին, որ իմ Ռուբէնը շատ հեռու էր, Էրզրումում, Թուրքերին գերի…:

***

Ի-եանը խնդրեց, դուրս գնաց:

Վերադարձին ասաւ, որ տեսել է բակում «անոտանիի» թամբած ձին եւ իրան «անոտանիին», գուտուկծիկ իջնելիս վերեւի յարկից:

Չեկայի բարձրաստիճան պաշտօնեաներից էր «անոտանին», ագանունը կարծեմԿարազօտով, վլադիկաւկազցի հայ: Երկու ոտն էլ կտրուած էին բունից: Ման էր գալիս ձեռների վրայ, գորտի ցատկոցներով, կապիկի պէս արագ ու ճարպիկ:  Շրջում էր ձիով, յատուկ իրան համար յարմարեցրած թամբի վրայ, մաուզեր ատրճանակը միշտ կողքին: Մի առասպելական  արարած էր, միշտ արթուն, միշտ գործի վրայ… Ակամայ հիմացմունք էր ներշնչում – գոնէ ինձ:

«Անոտանիի» թամբած ձին – այս ժամին – շատ նշանակալից թուաց մեզ:

Իսկոյն շոֆերն էլ խնդրեց, դուրս գնաց որ ստուգի: Ոչ ձին էր տեսել բակում, ոչ տէրը: Կարազոտովը գնացել էր, թերեւս փախել – լսեցինք ձիու վազքը:

Անհանգստութիւնը քանի գնում, այնքան աւելանում էր Չեկայում:

Լսեցինք, ինչպէս մի խումբ մարդիկ, զինուորական կանոնաւոր քայլով, հեռացան շէնքից – կարծեմ, ռուս զինուորներ էին, որ մի օր առաջ տեղաւորուել էին մեզ հարեւան սենեակում: Մի քիչ անց՝ ուրիշ մարդիկ եկան, խմբուեցին շէնքի առջեւ: Լուսամուտի փեղկը մի քիչ բաց էին արել, տեսնում էինք արանքից, որ զինուորներ էին դասաւորում մայթի վրայ:

Ղ-եանը դուրս գնաց, վերադարձաւ յուզուած, ասաւ որ հրացանաձգութեան ձայներ են գալիս…

Այժմ ես շտապեցի  դուրս գնալ:

Այո, հրացանաձգութիւն կար, շատ խուլ ու հեռաւոր: Չէր հասկացւում, թէ որտեղից է:

***

Լուսանալու վրայ էր արդէն:

Իրարանցումը Չեկայի մէջ այժմ բացորոշ էր, շատ զգալի: Լսում էինք, ինչպէս մարդիկ ետ ու առաջ էին վազում, բղաւում իրար վրայ, վիճում, հայհոյում: Դռները բացւում ու փակւում էին անդադար: Ինչ որ ծանրութիւններ էին գետին թափում, քարշ տալիս յատակի վրայ, փոխադրում սենեակից սենեակ…

Օտոմոբիլները արագօրէն գալիս էին, գնում:

Արդեօք փախչո՞ւմ էին Չեկայից…

Յանկարծ մէկն ասաւ.

– Թնդանօթ…

Բոլորս լռեցինք, կանգնեցինք, մնացինք անշարժ, լսողութիւններս լարած:

Այո, թնդանօթի որոտ էր,- հեռու, խուլ, բայց անկասկածելի… ի՞նչ թնդանօթներ էին, ո՞ւմ վրայ էին կրակում, ո՞րտեղից…

Չեմ յիշում, ումն էր հերթը դուրս գնալու: Վազեց դուռը, զարկեց, որ բաց անեն: Պահակապետը դռան ետեւից ասաւ, որ հրաման ունի այլեւս ոչ ոքի դուրս չթողնելու:

Եւ իրօք չթողեց, որքան էլ պահանջեցինք ու աղմկեցինք:

Թնդանօթները շարունակում էին որոտալ: Հրացանաձգութիւնը այնքան էր զօրեղացել կամ այնքան մօտեցել, որ արդէն պարզ լսւում էր մեր փակ սենեակում:

Լուսացել էր:

Լուսամուտների փեղկերը բացել էինք. Լրիւ տեսնելու, լսելու, մի բան հասկանալու տենչը այնքան մեծ էր, որ մոռացել էինք ամէն վախ ու զգուշութիւն:

Պատուհաններիս տակ, մայթի վրայ, խռնուած էին անկարգ մի խումբ զինուորներ: Սրանք էլ լսում էին , կարծես սրանք էլ շուարած էին, չէին հասկանում, չգիտէին թէ ինչ պիտի անեն…

Կոռիդորում ոտի ձայներ լսուեցին: Մեր սենեակի դուռը բացուեց մի վայրկեան, երեւաց մի այլալուած, մի կատաղած դէմք, ետեւը՝ մի քանի անորոշ ուրիշ դէմքեր, հազիւ նկատելի կէս մութի մէջ… Մի կարճ վայրկեան էր սա: Դուռը դարձեալ վրայ զարկին, բանալին երկու անգամ դարձրին, քայլերը արագօրէն հեռացան:

– Տեսա՞ք, ասաւ բժիշկը սարսափած ձայնով,- ես որ ասում էի… Հիմա համոզուեցի՞ք… Աթարբէգովի այսինչ ազգականն է այդ արիւնարբու  շունր…

Թէ ինչո՞ւմ պիտի համոզուէինք եւ ինչո՞ւ առանձնապէս պիտի վախենայինք Աթարբէգովի այսինչ ազգականից – չհասկացանք: Հասկանալու ժամանակ էլ չունէինք. մեր ամբողջ միտքն ու ուշադրութիւնը  ուղղուած էր դուրս, քաղաքը:

Ի՞նչ էր կատարւում այնտեղ:

Փողոցում մարդիկ երեւացին: Հատ-հատ, մէկ երեւում էին, մէկ պահւում, անկիւնից անկիւն փախչում: Այստեղ-այնտեղ բացւում էին պատուհաններ, նկատում էինք մի վայրկեան կանանց վախեցած դէմքերը, որ իսկոյն ետ էին քաշւում, շտապ փակում պատուհանները:

Հրացանաձգութիւնը տարածւում էր, ուժեղանում, տարբեր տեղերից լսում էինք ու որոշակի զանազանում գնդացիրների արագ թքթքոցը: Թնդանոթները շարունակում էին որոտալ:

Ի՞նչ էր կատարւում քաղաքում…

Այլեւս չէինք պոկւում պատուհաններից:

Զինուորները, որ բերել էին կէս ժամ առաջ, չէին երեւում մայթի վրայ,- թերեւս անցել էին Կարճիկեան փողոցի կողմը – Չեկայի տունը անկիւնաւոր էր: Մնացել էին մի քանի պահակ միայն: Սրանք տեսնում էին մեզ պատուհաններին կպած, բայց ձայն չէին հանում… Մեր կ՞ողմն էին արդէն թէ պարզապէս կորցրել էին գլուխները,- չգիտեմ:

Նորից երեւացին մի քանի մարդ դիմացի անկիւնում: Պահակները սաստեցին, որ չանցնեն այս կողմը: Մարդիկը անհետացան: Մի քիչ յետոյ էլի երեւացին, էլի ցրուեցին…

Ուշադրութիւնս գրաւեց մի փոքրիկ աղջիկ, հազիւ 13-14 տարեկան: Հեռուից ինչ որ նշաններ էր անում մեզ: Պահակների բղաւոցի վրայ արագ թագնւում էր անկիւնի ետեւ, էլի երեւում, նշաններ անում…

Ու յանկարծ ցատկեց մայթից վար, գնդակի արագութեամբ վազեց դէպի մեզ, մի կողմ հրեց պահակին, կպաւ երեսով պատուհանի ապակիին, ճւաց.

– Մի քիչ էլ սպասէք, հրէս մերոնք գալիս են…

Ու փախաւ, անհետացաւ:

Եւ կարծես այս խիզախ փոքրիկի խօսքը հաստատելու համար լսուեց այդ րոպէին մի հեռաւո՜ր, շատ խուլ, բայց եւ շատ հուժկու ձայն, որ ուրիշ բան չէր կարող լինել քան ապստամբած ամբոխի բարկութեան ու զայրոյթի աղաղակը:

Կասկած չկար այլեւս. ապստամբություն էր, կռիւ:

Իմ անտարբերութիւնը փոխուել էր ծայրայեղ լարուածութեան, որին մարդ կարող է դիմանալ անպատիժ րոպէներ միայն:

Ապստամբութիւն էր, կռիւ…

Այն որ նախատեսում էր վաղուց եւ վախենում այնքան – կատարուած փաստ էր արդէն: Ժողովուրդը զէնքի էր դիմել:

Մահացու վախը ընկել էր սիրտս:

Բոլշեւիկները ունէին կազմակերպուած ոյժ – կարմիր բանակը – հրամանատարութիւն, զէնք, զինամթերք, զրահակիրներ, տեքնիկական բոլոր միջոցներ: Իսկ մերոնք ի՞նչ ունէին…

Ոչինչ չունէին… Բայց հրացանաձգութիւնը – մերոնց կրակն էր սա – աւելի եւ աւելի մօտենում էր, սաստկանում, ըմբոստ ամբոխի ահարկու ձայնը լսւում էր աւելի որոշ, աւելի սպառնական…

Մերոնք էին, գալիս էին…

Ու յանկարծ, բոլորովին մօտ, կարծես ականջներիս տակը՝ լսեցինք գնդացիրի չոր թքթքոցը, կարծես մի շատ շտապ բան ունէր ասելու, թափում էր արագ-արագ իր միավանկ բառերը…

Բոլշեւիկների գնդացիրն էր, որ դրել էին Աբովեան փողոցի անկիւնում Չեկան պաշտպանելու համար:

Գնդացիրին պատասխանում էին մերոնց հրացաններն ու ատրճանակները,- անկանոն, խառնաշփոթ, բայց կատաղօրէն, միշտ սաստկացնելով…

Մեր յուզումը հասել էր անասելի չափերի: Կեանքի ու մահուան տագնապ էինք ապրում:

Ո՞րքան տեւեց գնդացիրի ու հրացանների կատաղի մենամարտը՝ կէ՞ս ժամ արդեօք, հի՞նգ րոպէ թէ տասը վայրկեան միայն – չգիտեմ, ժամանակի չափն ու գիտակցութիւնը կորցրել էի: Գիտեմ միայն, որ գնդացիրը յանկարծ լռեց,- կարծես թրով կտրեցին ձայնը…

Ու հետեւեալ վայրկեանին օդը թնդաց մի ուժգին, երկարաշունչ, յաղթական որոտ-աղաղակով.

– Հուռռա՜ա…Հուռռա՜ա…

Մերոնք էին, յաղթել էին, գալիս էին…

Մենք ջարդել էինք լուսամուտների բոլոր ապակիները, կպել երկաթէ վանդակներին:

Կռիւը մեր փողոցումն էր արդէն: Հարիւրաւոր գնդակներ՝ կատաղած մեղուների պէս՝ վզդզում էին օդի մէջ, փողոցի երկարութեամբ, զարնում էին պատերին, բալկոններին, մայթերին…

– Հեռու պատուհաններից, բղաւեցի,- գնդակ կը կպչի… Պատի ետեեւ անցէք…

Ետ վազեցինք, պատի տակ շարուեցինք:

Բայց երեք երիտասարդներ խօսք չէին ուզում հասկանալ. Ի-եանը մնաց կպած մէկ պատուհանին, շօֆերն ու անծանօթը՝ միւսին:

-եանը պոռում էր, որքան ոյժ ունէր.

-Տղերք ջան, ձեր հոգուն մեռնեմ… Մենք… այստեղ ենք… շուտ հասէք… մենք ենք…

Ու կատաղօրէն ցնցում էր վանդակի երկաթները, ուզում էր պոկել տեղից:

– Հուռռա՜ա… Հուռռա՜ա… Գալիս էր դրսից ու լսում էինք, ինչպէս աղաղակող բազմութիւնը վազում էր մեր կողմը:

– Տղերք ջան… այստեղ ենք… մենք ենք…

Եւ ահա մերոնք – հրացաններով, ատրճանակներով, անդէն – գալիս են վազէ վազ, լցնում են փողոցը…

– Դուռը, յանկարծ գոռաց մեզնից մէկը:

Ո՞վ էր՝ չգիտեմ, չիմացայ: Բայց կարծես այդ հրամանին էինք սպասում, բոլորս միասին, մի անզուսպ շարժումով, յարձակուեցինք վրան: Զարկուեցինք այնքան ուժգին, որ դուռը մէկ ակնթարթում պոկուեց տեղից, շառաչիւնով ետ ընկաւ, լայն բացուեց…

Դուրս ընկանք կոռիդոր – կոռիդորից պաշտգամբ – պատշգամբից բակը…

Ազատ էինք:

***

Չեկայի բակը լեցուն էր զինուած ու անզէն մարդկանցով,- երիտասարդների հետ շատ հասակաւորներ ու պատանիներ, նոյն իսկ երեխաներ:

Մի աննկարագրելի իրարանցում էր, գոռում-գոչում, խելագար ուրախութիւն: Մի քանի անծանօթ դէմքեր նկատեցի, վանեցի իմ հին բարեկամների դէմքերը… բայց մի ակնթարթ էր այդ, շուրջս նայելու ժամանակ չունեցայ, ձեռքից ձեռք էի անցնում, գրկից գիրկ… փաթաթւում էին, գրկում, համբուրում երեսս ու ձեռներս, ինչ որ ասում յուզուած ձայներով ու նորից գրկում…

Դարպասի երկաթէ դուռը լայն բաց էր:

Մղուեցի դուրս, փողոց:

Դիմացի տան պատուհանից  դուրս էր կախուել կէս մարմնով տիկ. Վարեա Սահակեանը, հագուստը անկարգ, մազերը քանդուած, ձեռները մեր կողմը պարզած, ճչում էր ահաբեկ:

– Աւետիքը, Աւետիքը…

– Ազատ է, տիկին, բղաւեցի,- ազատ է, հանգիստ եղէք, իսկոյն կը գայ…

Իրօք՝ ոչինչ տեղեկութիւն չունէի Աւետիքի մասին, կենտրոնական բանտն էր նա: Հնարաւորութիւն էլ չունէի աւելի բան ասելու տիկնոջը, ամբոխը դարձեալ շրջապատել, ձեռից ձեռ էր ձգում ինձ:

– Վերի փողոցով, վերի փողոցով…

Ու տարան Կարճիկեան փողոցով դէպի վեր:

Ինձ հարկաւոր էր ճիշդ հակառակ կողմը գնալ, բայց չէի կարողանում դուրս գալ հոսանքից, ազատուել գրկախառնութիւններից:

Բազմութեան մէջ նկատեցի սպայ Վ. Մ-եանցին: Բղաւեցի, որ լուր տանի աղջկանս, հանգստացնի, ասի որ իսկոյն գալիս եմ…

Կռիւը չէր դադարել. ներքեւից, Վօկզալի կողմից, կատաղի հրացանաձգութեան ձայն էր հասնում: Թերեւս այդ էր պատճառը, որ ինձ վեր էին տանում:

Մի երկու անծանօթ փողոց անցանք:

Կողքիս Մուսինեանն էր մենակ, միւս ընկերներից անջատուած էիքն դեռ Չեկայի բակում:

– Այստեղ, այստեղ, այս կողմը… կանչում էր մի կանացի ձայն:

– Ոչ, ոչ, էլի վերեւ…

– Այստեղ, ասում եմ… ապահով տուն է…

Մի քանի մարդ, աջ ու ձախ հրհրելով, ճամբայ բացին, բազմութիւնից դուրս քաշեցին մեզ – Մուսինեանին ու ինձ:

Էլ չէի հարցնում թէ ո՞ւր են տանում մեզ. այնքան էի ուզում ազատուել ամբոխից ու աղմուկից, որ ուրախ էի մտնելու առաջի պատահած տունը:

Ներս առան, դուռը ետեւներիս պինդ փակեցին:

– Այստեղ, այստեղ… բարեկամի տուն է սա, ձեր տունը… Ապահով էք այստեղ… Համեցէք, մի քիչ հանգստացէք…

Փոքրիկ տուն էր բակի խորքում: Համեստ կահաւորուած, բայց շատ մաքուր սենեակ:

Ո՞վ էր մեզ հիւրընկալողը, մինչեւ այսօր էլ չգիտեմ:

Նստեցինք:

Տանտիրուհին եռանդուն աշխատանքի մէջ էր, ուրախ-ուրախ ելնում մտնում էր, սեղան պատրաստում, պնակ-բաժակ դարսում ու շարունակ խօսում, ծիծաղում… դրսում, պատշգամբի վրայ, մի փոքրիկ աղջիկ, ձեռները ծնկներին յենած ու կարմիր թշերը ուռցրած, փչում էր հա փչում սամավարը…

– Պարոն Մուսինեան, ասի,- աչքդ լոյս, մեզ թէյ են տալու… Որ ասում էի, չէիք հաւատում…

– Լիմոնո՞վ, հարցրեց Մուսինեանը, ժպիտը աչքերում:

– Ոչ, լիմոնից վազ արիք… բայց սիրտս վկայում է, որ շաքարը պիտի լինի:

Այո, շաքար կար: Եւ ոչ միայն շաքար, այլ եւ պանիր, մի քիչ կարագ, սպիտակ հաց…

Աշխարհիս ո՞ր թագաւորն էր, որ այդ առաւօտ մեզնից լաւ էր նախաճաշել:

***

Նախաճաշը արքայական էր, տանտիրուհին՝ աւելի քան սիրալիր: Բայց եւ այնպէս պէտք է գնայինք տեսնէինք թէ ինչ է կատարւում քաղաքում:

Շնորհակալութիւն ասինք, դուրս ելանք փողոց:

Ժամը 8ից անց պիտի լինէր. արեգակը բաւականին բարձրացել էր Նորքի գլխին: Տաք, պայծառ, ժպտուն առաւօտ էր: Քայլում էինք Մուսինեանի հետ, ձւիների միջով, արագ-արագ, սրտներս թեթեւ, ոտներս թեթեւ:

Այս խուլ թաղերը ամայի էին: Բայց երբ դուրս եկանք Աբովեան փողոցը, կարծես մարդկային մի գետի մէջ ընկանք,- գետի, որ վարարել էր գարնանային հեղեղներից ու՝ սեղմուած նեղ ափերի մէջ՝ ուռչում էր, ալեկոծւում, գալարւում դէպի ներքեւ, պարլամենտի հրապարակը:

Երբեք չէի երեւակայել, թէ Երեւանում այդքան մարդ կարող է լինել: Ոչ միայն մայթերի վրայ, այլեւ փողոցի մէջ ասեղ գցելու տեղ չէր մնացել: Ուրախութեան աղաղակներից թնդում էր օդը: Պատշգամբից ու պատուհաններից կախուած էին Հայաստանի եռագոյն դրօշակները: Տեղ-տեղ եռագոյնը ծածանւում էր նաեւ փողոցում, բազմութեան գլխի վերեւ:

Ինձ տեսան, ճանաչեցին: Մէկ ակնթարթում շրջապատուած էի, կալանաւորուած, օդը բարձրացած.

– Կեցցէ՜, կեցցէ՜…

Օդի մէջ էի, մարդկանց ուսերի, գլուխների, ձեռների վրայ… շատ անյարմար դրութեան մէջ, պէտք է ասեմ:

Ներքեւ էին տանում, համարեա վազելով:

Մի վայրկեան տեսայ աղջկանս, որ աշխատում էր ճեղքել ամբոխը, ինձ հասնել… ձայն տուի, բայց հետեւեալ վայրկեաններում արդէն կորցրել էի աչքիցս:

Ինքս էլ մեծ վախի մէջ էի,- ակնոցս ընկնում էր քթիցս. կատակ բան չէր Երեւանում ակնոց կորցնելը. կոյր պիտի մնայի: Աշխատում էի պահել՝ մէկ մի ձեռքով, մէկ միւսով՝ չէր յաջողւում: Խնդրում էի՝ վար իջեցնեն, ակնոցս գրպանս դնեմ: Աղաղակների մեջ չէին լսում ձայնս…

Զաւարեան փողոցի անկիւնում եռանդուն յարձակման ենթարկուեցայ.

– Այստեղ բերէք, այստեղ… ո՞ւր էք տանում:

Ու երկու ձեռք պինդ կպան վերարկուիս փէշերին: Եղբորս կինն էր, Պաւլան: Բռնել էր փէշս, բաց չէր թողնում, քաշում էր ու աղմկում:

Յաղթեց. բազմութւնը ծռեց ընթացքը, մտաւ Զաւարեան փողոցը, հասաւ եղբօրս տան դուռը: Պաւլան խլեց ինձ, ներս քաշեց:

Ազատ շունչ առայ, նստեցի:

Մի պապիրոս ծխեցի եղբօրս թութունից, մի քիչ հարց ու փորձ արի… եղբայրս շատ մտահոգ էր երեւում, անհանգիստ…

Երբ փողոցը հանդարտուեց, ուզեցի գնալ: Պաւլան չէր թողնում. անպատճառ մի բաժակ տաք կակաօ պիտի խմացնէր…կարծում եմ թէ այդ օրը, Երեւանում, ով ինչ լաւ բան ունէր պահած թագստոցներում – շաքար, սուրճ, կակաօ, խտացրած կաթ, պտուղ, քոնեակ, քաղցրաւենի – ամէն բան դուրս էր հանել, դրել սեղանին…

Մինչեւ Պաւլան կակաոյի համար ջուր էր եռացնում, ես դուրս եկայ նախասենեակ լուացուելու:

Փողոցում նորից ուրախ գոռում-գոչում, հուռաներ ու կեցցէներ… լսեցի, որ կառքեր կանգ առան մեր դռան առաջ: Ներս մտան Ս. Վրացեանը, կարծեմ՝ խմբապետ Սմբատը, մի քանի ուրիշ մարդ…

Գրկուեցինք, սապոնը երեսիս ու ձեռներիս:

Կէս ժամ անցած, ես էլ դուրս եկայ:

Ուզում էի աննկատելիօրէն անցնել մի կերպ, տուն ընկնել, համբուրել աղջկանս:

Անկարելի եղաւ: Հէնց որ երեւացի, նորից շրջապատեցին, նորից օդը բարձրացրին:

Առաջին հոգսս եղաւ՝ փրկել ակնոցս, գրպանս կոխել:

Ձեռների վրայ հասցրին Պարլամէնտ, բարձրացրին սանդուխտով, հանեցին դրսի պատշգամբը եւ այստեղ միայն վար իջեցրին:

Ներքեւը, հրապարակի վրայ, խռնուած էին հազարաւոր մարդիկ, դէմքերը ուրախ, աղաղակները սրտանց: Կողքիս մեղմ ծածանւում էր Հանրապետութեան եռագոյնը…

Մի-երկու նախադասութիւն ասի, լաւ չեմ յիշում՝ ինչ:

Ապա շտապեցի գնալ կառավարութեան տուն: Գնում էի արագ, համարեա վազում:

Ճամբին ընկերացաւ զօրաւար Մ. Մ-եանը (Մելիք-Մուրատեան- ծանօթ. Սիմոն Վրացեանի), գաղթականի հնամաշ շորերով, երեսը վաղուց չածիլուած: Հազիւ հասնում էր ետեւիցս, բայց պոկ չէր գալիս: Շնչասպառ, հեւիհեւ, մէկ աջ կողմս էր անցնում, մէկ ձախ, ու խօսում էր, խօսում…

Ինչ որ առաջարկներ էր անում, ծրագրում, ոյժեր դասաւորում. անհրաժեշտ է իսկոյն, անմիջապէս – զօրք դնել այսինչ տեղ, թնդանօթներ ուղարկել այնինչ տեղ, այսինչ կամուրջը բռնել, այնինչ գիծը ամրացնել…

Հարբած էր երեւում, չգիտեմ՝ գինիից թէ յուզմունքից:

Կառավարութեան տան մէջ Հայրենիքի Փրկութեան Կոմիտէն՝ Ս. Վրացեանի գլխաւորութեամբ՝ գործի վրայ էր արդէն, զինուած ոյժերն էր դասաւորում, իշխանութիւն կազմում:

Բայց ներքեւը, կայարանի կողմը, հրացանաձգութիւնը չէր դադարում…

Գրուած է Թեհրանում

1921թ. ամառը

Այս գրությունը հրապարակվել է 1965թ Քաջազնունու «Յետ Մահու. Պատմուածքներ, Յուշեր, Յօդուածներ, նամակներ» հատորում, որը պատրաստել է Սիմոն Վրացյանը (Հրատարակութիւն «Համազգային» Ընկերութեան, Տպարան Մշակ, Պէյրութ, 1965, էջ 66-100):