Ամբողջությամբ հրապարակելով ներքո գրությունը, որ տարածել է Արցախի հերոս, Արցախի ՊԲ նախկին և 1991-1994թթ Ղարաբաղյան պատերազմի ամենահայտնի հրամանատարներից Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը, հարկ ենք համարում ընդգծել.
ա/ այն բանից հետո, երբ ՍիվիլՆեթը դրսևորեց պրոֆեսիոնալ և պատասխանատու որոշում՝ հեռացնելով հարգարժան Բաբայանի հարցազրույցի՝ իմ ֆիզիոնոմիան ծաղրելու, իբր իմ անունը չհիշելով ծանակելու և ինձ սատկացնելու կոչի հատվածը,
բ/ հաշվի առնելով, որ երեկ հայ հանրությունը իմ, ՍիվիլՆեթի և պարոն Բաբայանի դատն ու դատավճիռը կայացրել սոցիալական ցանցերում, իսկ նոր դատական գործընթացը կդառնա անհամություն և ժամանակի անիմաստ վատնում,
գ/ հաշվի առնելով, որ մի շարք հայ հեղինակավոր անձանց կեցվածքը միջադեպի առիթով և բազմաթիվ զանգերն ու նամակները, որ ստացել եմ Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների և կառույցների կողմից,
դ/ հաշվի առնելով, որ պարոն Բաբայանի գործունեությունը իմ գրություններում և գրքերում լուսաբանել եմ չեզոք և նույնն անելու եմ նաև ապագայում,
ե/ հաշվի առնելով, որ ես, հավանաբար նաև՝ ՍիվիլՆեթը և պարոն Բաբայանը իրավական մաշող գործընթացի մաս կազմելու ոչ ժամանակ, ոչ ցանկություն ունեն, իսկ մեր առաջ այլ մարտահրավերներ կան,
ես բավարարված եմ ՍիվիլՆեթի պրոֆեսիոնալ և պատասխանատու որոշումով, այն է՝ կտրել հարցազրույցի՝ սպանության կոչ պարունակող հատվածը, որը, ի դեպ, դիվիդենտներ է բերում ոչ թե ինձ, ինչը կարիքը չունեմ բացարձակապես, այլ առաջին հերթին ՍիվիլՆեթին ու պարոն Բաբայանին:
—
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների
Հայաստանյան մեդիադաշտում ոչ անհայտ անուն Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան օգտահաշվի գրառմամբ հայտարարել է, որ իրավական գործընթաց է սկսելու «Սիվիլնեթ»-ի և «Սիվիլնեթ»-ի եթերում իբր իր նկատմամբ բռնության կոչով հանդես եկած Սամվել Բաբայանի նկատմամբ։
Ի պատասխան ԶԼՄ-ների և շահագրգիռ շրջանակների հարցումների, մեկնաբանում ենք, որ Ս․ Բաբայանը մշտապես պատասխանատվությամբ է մոտեցել հրապարակայնորեն արտահայտած իր մտքերին և արտահայտություններին։
Խրախուսելով ՀՀ քաղաքացի Թ․ Հակոբյանի՝ իր իրավունքների պաշտպանության պատասխանատվությունն ու նախաձեռնությունը, նկատենք, որ վերջինս Ս․ Բաբայանի կողմից «Սիվիլնեթ»-ի եթերում հիշատակվել է ի պատասխան նրա կողմից «Հ1»-ի եթերում (Տես՝ Հարցազրույց Թաթուլ Հակոբյանի հետ, 23․09․2022, 6։50 րոպեից, URL: https://www.youtube.com/watch?v=4CY7NMYIFio) հնչեցված ծանրագույն մեղադրանքի։
Հարցազրույցի ընթացքում Թ․ Հակոբյանը մասնավորապես անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ս․ Բաբայանի (և այլոց) հասցեին՝ որակելով «քաղաքական հանցագործ»։
Թ․ Հակոբյանը իբրև լրագրող և վավերագրող, ինչ խոսք, ունի իր կայուն լսարանն ու վստահությունը որոշակի շրջանակներում, սակայն նրա անպատասխանատու և չփաստարկված հանրային խոսքով ստվեր է նետվել Ս․ Բաբայանի բարի համբավի և ԼՂՀ-ի պաշտպանության և անվտանգության գործում նրա անուրանալի ռազմաքաղաքական ավանդի վրա։
Լրագրողների գործառույթը փաստերը ստուգելն ու հանրության համար դրանք հասանելի դարձնելն է, ոչ թե պատմական իրողություններն աղավաղելն ու հանրությանը մոլորեցնելը։ Սակայն ըմբռնումով ենք մոտենում Թ․ Հակոբյանի կողմից արտահայտված մտքերին, որոնք սահմանափակվում են բացառապես լրագրողական դիտարկումներով՝ առանց թափանցելու երևույթների ռազմավարական-մարտավարական խորքը։
Ինչ վերաբերում է «Սիվիլնեթ»-ի կողմից իր յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութում Ս․ Բաբայանի հարցազրույցի «խնդրահարույց հատվածը» ատելության և բռնության խոսքի հիմքով հեղինակի հետ չհամաձայնեցված հեռացնելուն, ապա այն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես արտահայտելու ազատության իրավունքի կոպիտ խախտում է։
Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն
31 դեկտեմբեր, 2022թ












